Դովեղում նշվել է Ադրբեջանից հողերը ազատագրելու օրը. «Առավոտ»

1031

2017թ. հոկտեմբերի 24-ին Դովեղում նշվել է գյուղի տոնը:

1984թ. հոկտեմբերի 24-ին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը սահմանամերձ Դովեղի սահմանագոտի էր ժամանել Ադրբեջանի հետ սահմանները գծելու հետ աշխատանքները կատարելու համար: Սակայն Մովսիսյանին և Դովեղի ղեկավարներին սահմանամերձ անտառից ադրբեջանական խաժամուժը մահվան սպառնալիքով տարել է Ղազախի շրջանի Քամառլու գյուղ, ստիպել, որպեսզի նրանք ստորագրեն Դովեղի սահմանագոտու ավելի քան 1800 հեկտար տարածքն Ադրբեջանին պատկանելու փաստաթղթի տակ, սակայն Մովսիսյանը չի ընկրկել ադրբեջանցիների սպառնալիքների տակ:

Արդյունքում Դովեղի սահմանին կատարված սահմանագծման աշխատանքների արդյունքում Դովեղին է վերադարձվել 1800 հեկտար, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանին՝ ավելի քան 14 հազար հեկտար տարածք:

Գյուղի վարչական ղեկավար Սամվել Գորգինյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է նշվում գյուղի տոնը, հաջորդ անգամ այն ավելի շուքով կնշվի:

Դովեղի տոնը նշելու համար ժամանել էին խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Վլադիմիր Մովսիսյանի որդի Վարդան Մովսիսյանը, այլք:

Գյուղի նախկին ղեկավար, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ամբիոնի վարիչ Հայկ Ղազարյանը նշեց, որ դովեղցիները դեռեւս 1960-ական թվականների վերջերին տարիներին պայքարում էին իրենց հողերը Ադրբեջանից վերադարձնելու համար:

Գյուղի կենտրոնում ազգային, հայրենասիրական ոգով գեղարվեստական գեղեցիկ ծրագիր ցուցադրվեց: Տոնական միջոցառման ավարտին Ադրբեջանի սահմանագոտում տոնական հրավառություն կայացավ:

Ոսկան Սարգսյան

Առավոտ