Զավեն Հարությունյան. 1965 թ. ապրիլ 24-ի ցույցի ժամանակ փողոց ելած բազմության առաջին շարքերում

2137

Ծանոթ. – 1966 թ ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը): ԽՍՀՄ տարածքում Հայաստանը դարձավ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն: Ներկայացնում ենք հատված խորհրդահայ այլախոհ, 8 տարի անազատություն կրած Վարդան Հարությունյանի ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ արժեքավոր հատորից: Հատորը ամբողջությամբ հասանելի է ԱՆԻ-ի կայքում, այս հասցեով՝ https://www.aniarc.am/2017/02/15/vardan-harutyunyan-book-ani-whole-pdf/

download

 

1964 թվականի օգոստոսից մինչեւ 1967-ի մայիսը Հայաստանում քաղաքական դատավարություններ գրեթե չեն ընթացել: Պատճառը, թերեւս, այն էր, որ ընդհատակյա և կիսաընդհատակյա զարգացումները տեղավորվում էին իշխանությունների նախանշած թույլատրելիության սահմաններում: Դրանք, որպես կանոն, կրում էին ընդգծված հայրենասիրական բնույթ եւ չէին հակադրվում խորհրդային իշխանություններին: Սակայն 1965 թ. ապրիլ 24-ին կայացած ցույցը գլխիվայր շրջեց ամեն ինչ, ջարդեց բազմաթիվ տաբուներ: Այդ ցույցից հետո հանրությունը, հատկապես քաղաքական այլախոհական պայքարի մեջ ընդգրկված մարդիկ սկսում են գիտակցել, որ կարելի է եւ կարող են հակադրվել գործող կարգերին, որ հազարավոր մարդիկ պատրաստ են դուրս գալ փողոց եւ իշխանություններին ստիպել նահանջել:

Այլախոհների շրջանում սկսում է ձեւավորվել այն համոզմունքը, որ հայ ժողովրդի կորուստների համար մեղավոր է նաեւ Խորհրդային  Միությունը: 1967 թ. մայիս 10-ին տեղի է ունենում Ֆրունզիկ Աբրահամի Մկրտչյանի եւ Սերգեյ Անդրանիկի Մելքոնյանի դատավարությունը: Յուրաքանչյուրը 10 ամիս ազատազրկման է դատապարտվում: Պատիժը մեղմ էր, որովհետեւ նրանց դեռ չէր հաջողվել շատ բան անել: Մկրտչյանը եւ Մելքոնյանը մեղադրվում են երիտասարդներից բաղկացած ազգայնական-հայրենասիրական խումբ ստեղծելու, ԽՍՀՄ-ում տարվող ազգային քաղաքականությունը քննադատելու, ինքնուրույն Հայաստան ունենալու ծրագիր մշակելու համար:

Այս գործով կայացված դատավճիռը Ազգային անվտանգության ծառայության արխիվից մեզ ստանալ չհաջողվեց: ԱԱԾ-ն մերժեց նրանց դատավճիռը մեզ տրամադրելու խնդրանքը՝ պատճառաբանելով, որ չունենք դատապարտվածների կամ նրանց ժառանգների համաձայնությունը: Ցավոք, Մկրտչյանին, Մելքոնյանին կամ նրանց ժառանգներին գտնելու մեր փորձերն արդյունք չտվեցին:

Զավեն Հարությունյան

Ֆրունզիկ Մկրտչյանի եւ Սերգեյ Մելքոնյանի դատավարությունից չորս ամիս անց՝ 1967-ի սեպտեմբերի 4-15-ը տեղի է ունենում Զավեն Հարությունյանի դատավարությունը:

1965 թ. ապրիլ 24-ի ցույցի ժամանակ Զավեն Հարությունյանը փողոց ելած բազմության առաջին շարքերում էր: Նաեւ այդ երթն է ելակետ դարձել, որ Մատենադարանի գիտաշխատող Հարությունյանը սկսի զբաղվել ազգային-հայրենասիրական բնույթի գրականության պատրաստմամբ, հայթայթմամբ ու տարածմամբ: 1966-ի սկզբներին՝ արդեն պաշտոնապես նա հրավիրվում է Պետանվտանգության կոմիտե ու նախազգուշացվում իր հակաօրինական գործողության համար: ՊԱԿ-ին հաջողվել էր տեղեկություններ հայթայթել այն մասին, որ նա զբաղվում է «քաղաքականապես վտանգավոր բովանդակությամբ» գրականության տարածմամբ: Սակայն, հենց նույն թվականի մարտ ամսին, այսինքն՝ ՊԱԿ-ի նախազգուշացումից կարճ ժամանակ անց, նա ստեղծում է բարձր դասարանի դպրոցականներից կազմված պատանեկան հայրենասիրական խմբակ՝ «Հայոց պատանիների միություն» անվամբ, իր ծրագրով ու կանոնադրությամբ: Խմբակի ծրագրային դրույթները չէին հակադրվում կոմունիստական գաղափարախոսությանն ու սոցիալիզմի դրույթներին: Գլխավոր խնդիրներն էին՝ Ղարաբաղի ու Նախիջեւանի վերամիավորումը Սովետական Հայաստանին եւ հայոց լեզվի անաղարտության պահպանումը:

Կազմակերպությունը հիմնականում զբաղվում էր հայրենասիրական բովանդակությամբ թռուցիկների տարածմամբ: Նույնիսկ Զավեն Հարությունյանի նկատմամբ կայացված դատավճիռն է արձանագրում, որ «նշված թռուցիկներն իրենց բովանդակությամբ բացահայտ հակասովետական բնույթ չեն կրում, բայց այդ թռուցիկները կազմելու եւ տարածման անթույլատրելի երեւույթը ըստ էության հակապետական են, խորթ եւ անընդունելի մեր հասարակության համար»: Ինքը՝ Հարությունյանը, դատարանի դահլիճում հայտարարում է, որ իրեն հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի համար դատապարտելը սխալ է, որովհետեւ ինքը չի հակադրվել ու չի հակադրվում սովետական իշխանությանը եւ կարգերին: Միայն մեկ անգամ է Զավեն Հարությունյանը հստակ հակադրվում ԽՍՀՄ-ի հայտարարած քաղաքական կուրսին՝ երբ 1966 թ. դեկտեմբերի 22-ին «Սովետական Հայաստան» թերթում հրապարակվում է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի հայտարարությունը՝ Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու մասին: Դրան ի պատասխան՝ Զավեն Հարությունյանը կազմում է նոր թռուցիկ՝ «Ամանորյա կոչ հայ ժողովրդին», որտեղ կոչ է արվում հայ ժողովրդին՝ պայքարի դուրս գալ իր ոտնահարված իրավունքների վերականգման համար: Այդ թռուցիկներից ավելի քան 1000 օրինակ՝ իր ստեղծած պատանեկան խմբակի տղաների միջոցով, նա հաջողում է դեկտեմբերի 31-ի գիշերը տարածել Երեւան ու Վանաձոր քաղաքներում:

Բացի «Հայոց պատանիների միություն» կազմակերպության անունից հրապարակված եւ «ՀՊՄ» ստորագրված թռուցիկներից, Զավեն Հարությունյանի առաջարկով՝ պատանիների միության անդամները տարածել են նաեւ «Բոլոր հայերին» վերնագրով թռուցիկ՝ «Հայաստանի վերամիավորման շարժման կենտրոնական խորհուրդ» ստորագրությամբ:

Զ. Հարությունյանը, դատելով դատավճռից եւ ի մի բերելով նրա ծանոթների եւ այդ շրջանում նրան առնչվող մարդկանց հուշերը, բացի «Հայոց պատանիների միության» անդամներից, կապ է ունեցել նաեւ այլ մարդկանց ու խմբակների հետ, բայց նրանց ով լինելը քննությունը պարզել չի կարողացել՝ նախաքննության ընթացքում Հարությունյանի դրսեւորած ճիշտ կեցվածքի շնորհիվ: Այսպես, իր թռուցիկներից մեկը, որը տվել էր բազմացման ու տարածման նպատակով, ստորագրված էր «Հայաստանի վերամիավորման շարժումը», որի գործունեությանը մասնակցելու համար մեղադրվել են ավելի ուշ դատապարտված Մարտին Նալբանդյանը եւ նրա համախոհները:

Այս կազմակերպության հետ առնչություններ է ունեցել նաեւ «Հանուն Հայրենիքի» ամսագրի գործով 1969 թ. դատապարտված Գեւորգ Հեքիմանը: Քննության սկզբում Հարությունյանը հրաժարվել է նաեւ «Հայոց պատանիների միության» հետ իր առնչությունից՝ հուսալով, որ Պետանվտանգության կոմիտե տարված պատանիները կասեն, որ ոչնչից տեղյակ չեն: Սակայն, չեկիստների եւ ծնողների ճնշման տակ նրանք տալիս են Զավեն Հարությունյանի դեմ պահանջվող ցուցմունքներ, եւ վերջինս ստիպված է լինում ընդունել, որ կապ է ունեցել այդ պատանեկան կազմակերպության հետ: Եվ նախաքննության, եւ դատաքննության ընթացքում Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ հայտարարում է, որ հակօրինական ոչ մի քայլ չի արել:

Զավեն Եղիշի Հարությունյանը ծնվել է 1936 թ. Երեւան քաղաքում: Կրթությունը՝ բարձրագույն: Մասնագիտությամբ՝ պատմաբան: Մինչեւ կալանավորվելն աշխատել է Մատենադարանում: Գրել է ազգային-հայրենասիրական բովանդակությամբ թռուցիկներ, կազմակերպել է դրանց տպագրման, բազմացման ու տարածման աշխատանքները: Բազմացրել ու տարածել է արգելված գրականություն: Կալանավորվել է 1967-ի հունվարի 8-ին: Մեղադրվել է Խորհրդային Հայաստանի քր. օրենսգրքի 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը): Դատապարտվել է ազատազրկման երեք տարի ժամկետով: Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան, եղել է ոստիկանական հսկողության տակ: Արգելել են աշխատել Մատենադարանում: Աշխատանքի է տեղավորվել Հանրագիտարանի խմբագրությունում: 1984 թ. մեկնել է ԱՄՆ՝ մշտական բնակության: Այնտեղ էլ հիվանդացել է քաղցկեղով: 1986-ին՝ արդեն քայքայված առողջությամբ այցելում է Հայաստան ու վախճանվում Երեւանում: