Ժողովուրդը՝ ընկած բոլշևիկյան դժոխքի մեջ, Դաշնակցության հետ է կապում փրկության հույսը

1658

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից։ Այս հատորը պատասխանն է Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923 թ. խորհրդաժողովին հղած զեկուցման։

—–

Քաջազնունին կարծում է, որ Դաշնակցությունը «գաղութներում գործ չունի»: Ո՞վ գործ ունի հապա գաղութներում: Ասենք թե, ինչ որ մոգական գավազանի զորությամբ հնարավոր եղավ Քաջազնունու բաղձանքը իրագործել և Դաշնակցությունը մեջտեղից վերցնել, ո՞վ պիտի շարունակի նրա պաշտոնը, քանի որ «գործը» մնում է: Քաջազնունին հենց ինքն էլ ընդունում է, որ գաղութների արժեքը «մեծապես կախված կլինի նրանցից, թե որքան ընդունակ կլինինք կազմակերպելու, ազգային կապն ու գիտակցութիւնը կենդանի պահելու գաղութների մեջ»: Գաղութների կազմակերպությունն, ուրեմն, անհրաժեշտ է, բայց Քաջազնունին չի ուզում, որ Դաշնակցությունը զբաղվի դրանով: Բայց ո՞վ պիտի զբաղվի:

Երկրի համար հասկանալի է, կան «մեր ժառանգորդները»՝ բոլշևիկները, իսկ ովքե՞ր են Քաջազնունու կարծիքով Դաշնակցության ժառանգները արտասահմանում: Բոլշևիկնե՞րը. բայց հայ բոլշևիկներ գոյություն չունեն գաղութներում: Ռամկավարնե՞րը. սրանք էլ ունեն իրենց գաղափարները, որոնք շատ հեռու են Քաջազնունու ջատագոված գաղափարներից: Բացի այդ, դեռ նոր էր, որ հայ բոլշևիկների փորթ փարոլ Ա. Մյասնիկյանը հայտարարեց, որ Դաշնակցությունից հետո անմիջապես պետք է ոչնչացնել և ռամկավարներին, «թոթափել ոտքից ռամկավարական փոշին»: Եվ գաղութների հայ աշխատավորությունն էլ չի ախորժում ռամկավարներից ու չի գնում նրանց հետևից:  Հնչակյանների մասին խոսելը, իհարկե, ավելորդ է, թեև իրենց վերջին այլափոխությամբ նրանք բավական մոտեցել են Քաջազնունու երազած դրությանը: Ուրեմն, ո՞վ է մնում գաղութների համար: Պատասխան չկա: Եղած կազմակերպությունը հարկավոր է լուծել, այս պարզ է, բայց թե լուծելուց հետո ի՞նչ պետք է անել, մնում է անհայտ: Երևի կլինի, ինչ-որ ճակատին է գրված…

Որ «գաղութային հայությունը… մնալու է իբրև օժանդակող ուժ» Հայաստանի համար, ընդհանուր առմամբ, իհարկե, անվիճելի է: Այլևս ընդհանուր տեղիք է դարձել, որ «հայ քաղաքական մտքի անմիջական հոգատարության առարկան պիտի լինի գոյություն ունեցող հանրապետությունը»: Այդ գյուտը Քաջազնունուն չի պատկանում, Դաշնակցության հիմնական դավանանքն է: Եվ գլխավորապես Դաշնակցության թափած ճիգերի հետևանքով է, որ այսօր այդ գաղափարն այլևս ընդհանուրի սեփականությունն է: Բայց, ունենալով հանդերձ այս համոզումը, չի կարելի համաձայնվել այն արհամարհական վերաբերումի հետ, որ Քաջազնունին ցույց է տալիս դեպի գաղութահայությունը: Այսօրվա «գաղութային հայությունը» մի քիչ տարբեր է երեկվա գաղութահայությունից: Երեկ մեր գաղութները կազմված էին, ընդհանրապես, պանդուխտներից, աշխատանքի համար օտարություն գնացած անհատներից և, չնչին բացառությամբ, տեղավորված լինելով ավելի կամ պակաս ժամանակի համար, սկսել էին ուծանալ մայր երկրից, համակվել ուրույն հոգեբանությամբ, որ շատ հաճախ չէր համապատասխանում երկրի ժողովրդի հոգեբանությանը:

Այսօրվա գաղթականության մեծ մասի բնույթը բոլորովին տարբեր է: Հունաստան, Սիրիա, Միջագետք, Բալկաններ, Ֆրանսիա ապաստանած հայ զանգվածների ճնշիչ մեծամասնությունը բնավ ցանկություն չունի տևականորեն հաստատվելու այդ երկրներում և ամեն րոպե պատրաստ է վերադառնալ իր ծննդավայրը կամ տեղափոխվել Հայաստան: Հակառակ Քաջազնունու պնդումի, այս զանգվածների մեծ մասը աշխատավոր տարրեր են՝ երկրագործ, բանվոր, արհեստավոր, մասնագետ-մտավորական, որոնք կարող են օգտակար ուժ դառնալ Հայաստանի համար:

Սրանք արդեն երեկվա գաղթականներն ու պանդուխտները չեն, այլ պատերազմի հետևանքով տեղահանվածները: Եվ ինչպես ուրիշ երկրների տեղահանվածները վերադարձան իրենց  տեղերը կամ վերջնականապես հաստատվեցին նոր վայրերում, սրանք էլ ձգտում են վերադառնալ իրենց տեղերըկամ գնալ Հայաստան: Սրանց կապը Հայաստանի հետ օրգանական է և շատ ուժեղ: Ասել, թե սրանք «պետական տարր չեն» ու անցնել, չափազանց թեթև վերաբերում է: Հայ ժողովրդի մեկ երրորդ մասի հետ այդպես վարվել չի կարելի, մանավանդ , որ Հայաստանը իր ապագա զարգացման համար մեծապես կարիք ունի նրան: Եվ դրությունն այժմ այնպես է, որ ո՛չ թե այս գաղթականներն են «օժանդակող ուժ» Հայաստանի համար, այլ Հայաստանը ինքը պետք է օգնի նրանց, պետք է տեղ տա իր ծոցում, գուրգուրի նրանց՝ ամուր կապերով կապի իր հետ: Որովհետև նրանք Հայաստանի քաղաքացիներ են և Հայաստանի ուժեղացման էական պայմաններից մեկը:

Այսպիսի հանգամանքներում այսօրվա մեր «գաղութային քաղաքականությունը» մի քիչ այլ պետք է լինի, քան առաջ էր: Մենք ոչ միայն չպիտի թուլացնենք գաղութների կազմակերպական կարողությունը, այլ պիտի աշխատենք էլ ավելի զորացնել: Եվ Դաշնակցությունը այդ է անում: Չպետք է չափազանցնել, բայց և չպետք է նսեմացնել մեր գաղութների նշանակությունը:

Սրանք են, ընդհանուր առմամբ, Քաջազնունու հիշած առարկայական պատճառները, որոնք ավելորդ են դարձնում Դաշնակցության գոյությունը: Ուշադիր ընթերցողը, անշուշտ, նկատեց, թե ի՜նչ հեղհեղուկ ավազի վրա են կառուցված Քաջազնունու առաջ բերած փաստերն ու դատողությունները: Այդ դատողությունների մեջ ավելի զգացմունքն է խոսում: Այդ պատճառով, Քաջազնունու բանավարությունները դառնում են արհեստական, ներքին անկեղծությունից զուրկ և անհամոզեցուցիչ:

Պակաս խախուտ չեն և Քաջազնունու ենթակայական փաստարկությունները: Այստեղ, զգացմունքից զատ, գործում է և երևակայությունը: Եվ ո՞վ կարող էր ենթադրել, որ Քաջազնունին այդպես հարուստ, գրեթե բանաստեղծական երևակայություն ունի:

Ահա Քաջազնունու երևակայություններից առաջինը. «Կուսակցություն չկա այլևս», «չկա գործ, չկա հավատ ու ոգևորություն»: «Իներցիա՛». այսպես է ներկայանում Քաջազնունուն Դաշնակցությունը: «Մի՞թե մենք ապրում ենք…»

Պարապ աշխատանք կլիներ, իհարկե, Քաջազնունուն փաստեր ու թվեր բերելը, միևնույն է. նա չպիտի հավատա: Նա իր հավատին ավելի է հավատում, քան փաստերին ու թվերին: «Դաշնակցությունը չկա այլևս». ո՞վ կա հապա նրա տեղը: «Բոլշևիկները», շտապում է պատասխանել Քաջազնունին, «բոլշևիկները, որովհետև ես հավատում եմ»… Հայտնի է, թե ինչի է հավատում Քաջազնունին: Իսկ փաստերն ու թվե՞րը ինչ են ասում:

Փաստերն ասում են, որ Հայաստանում, հակառակ բոլշևիկյան հալածանքների, Դաշնակցության հմայքը ժողովրդի աչքին շարունակում է մնալ բարձր: Ժողովուրդը՝ ընկած բոլշևիկյան դժոխքի մեջ, ճիշտ թե սխալ,Դաշնակցության հետ է կապում իր փրկության հույսը: Այս պարագան հաստատում են ոչ միայն կուսակցական աղբյուրները, այլև Կովկասում եղած անաչառ մարդիկ՝ հայ թե օտար: Ժողովրդական տարերքը «Դաշնակցական» է: Սա անվիճելի է: Եվ որքան վճռական է Քաջազնունին իր հավատի մեջ, նույնքան վճռականությամբ պիտի հայտարարեմ, որ Դաշնակցությունը երկրում ոչ միայն կենդանի է, այլև ժողովրդական լայն խավարի սեփականությունն ու գուրգուրանքի առարկան:

Եվ եթե այդպես չլիներ, ինչո՞ւ բոլշևիկները այդքան եռանդ ու դրամ պիտի վատնեին, գոյություն չունեցող կուսակցության դեմ պայքարելու համար: Նայեցեք բոլշևիկյան թերթերը. ահա երեք տարի է օրը օրին անընդհատ գրում են, որ Դաշնակցությունը մեռել է, և հայ ժողովուրդը երես է դարձրել նրանից: Երեք տարի է, մի հանրահավաք չի անցնում Հայաստանում, ուր Դաշնակցության գլխին հայոյանքներ չթափվեն: Երեք տարի է՝ հայ բոլշևիկներին հանգիստ չի տալիս Դաշնակցության ուրվականը: Ինչո՞ւ այդքան մտահոգություն… չէ՞ որ «Դաշնակցությունը այլևս չկա, մեռել է»:

Իսկ հիմա տեսեք հայ բոլշևիկները ինչո՞վ են զբաղված: Խումբ-խումբ և առանձին-առանձին Դաշնակցականներին կանչում են իրենց մոտ, դնում են առջևը նախօրոք պատրաստված դեկլարացիան Դաշնակցությունից հրաժարվելու մասին և պահանջում են ստորագրել: Ով չի ստորագրում, պաշտոնից են հեռացնում կամ աքսորում են: Եվ ապա այս ձևով հավաքված դեկլարացիաները տպում են թերթերում և ծափ են տալիս, թե Դաշնակցությունը քայքայվում է: Եթե «Դաշնակցությունը այլևս չկա», ինչո՞ւ են այս հիմար արարքները, ինչո՞ւ է այս հրճվանքը:

Ավելին ևս. ահա մի տարի է բոլշևիկները պատրաստում են «նախկին դաշնակցականների» համագումարը: Վերջապես, գլուխ են բերել: Դեսից-դենից հայտնի է՝ ինչ միջոցներով: Երևան են հավաքել հարյուր-երկու հարյուր մարդ, մեծ մասը՝ կոմունիստներ, անունը դրել են «Դաշնակցության Ընդհանուր ժողով» և այդ ժողովի անունից հայտարարում են Դաշնակցության լուծումը: Ո՞վքեր են մասնակցել այդ կատակերգությանը: Կարո՞ղ էք մի պարկեշտ գործչի անուն ցույց տալ: Կարո՞ղ եք ասել, թե ժողովրդի մեջ մազաչափ իսկ համակրանք ունի այդ զավեշտը: Եթե «Դաշնակցությունը այլևս չկա», ինչո՞ւ են բոլշևիկները իրենց այդքա՜ն ծիծաղելի դրության մեջ դնում, ինչու են կաշվից դուրս գալիս…

Ահա իմ ձեռքին է «Խորհրդային Հայաստան» թերթի 1923թ. նոյեմբերի 29-ի համարը՝ 14 մեծադիր էջեր՝ նվիրված բոլշևիկյան իշխանության եռամյա տարեդարձին: Թերթի ճակատը զարդարած են հավուր պատշաճի նշանաբաններ, որոնց մեջ ահագին տեղ է տրված «մեր հակառակորդներին»՝ Դաշնակցությանը: Քիչ վարը դրված է կոմունիստների շինարանությունը ներկայացնող մի նկար, որի կեսը ուղղված է Դաշնակցության դեմ: Առաջնորդող հոդվածը գրեթե ամբողջապես վերաբերվում է Դաշնակցությանը: Ալ. Մարտունու (Ա. Մյասնիկյան) «Եռամյա Սոցիալիստական Հայաստանի առօրյա խնդիրները» ընդարձակ հոդվածը սկսում է և վերջանում հայհոյանքներով Դաշնակցության դեմ: Աշոտ Հովհաննիսյանի, Ա. Մռավյանի, Սուրխաթի և մի շարք ուրիշների գրվածքները ծայրից ծայր հայհոյանքներ են Դաշնակցության ու դաշնակցական գործիչների [դեմ]: Ահագին տեղ է տրվում մեր կուսակցությանը և թերթի մյուս բաժիններում: Եթե Դաշնակցությունը մեռած է, ինչո՞ւ համար «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթը սկզբից մինչև վերջ զբաղվում է նրանով: Մի՞թե «բանվորա-գյուղացիական հայրենիքում» ուրիշ, ավելի կենդանի գործ չկա՞, քան «մեռելի» միս ծամելը:

Չէ՛, եթե մարդիկ այդքան հոգնում են, աշխատում են համոզելու աշխարհին, որ Դաշնակցությունը մեռած է, նշանակում է մի բան կա…

Իսկ թե ինչ կա, կարող է ցույց տալ հետևյալ երկու թիվը: Համառուսական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի պաշտոնաթերթ «Պրավդա»-ն իր 1923թ. համարներից մեկում տալիս է խորհրդային բոլոր հանրապետություններում գտնվող կոմունիստների վերջին վիճակագրության աղյուսակը: Ըստ այդ աղյուսակի, առ մեկը սեպտեմբերի, բոլոր խորհրդային երկրներում եղել է 3,828 հայ կոմունիստ: Նմանապես Անդրկովկասյան Խորհուրդների պաշտոնաթերթ «Զարյա Վաստոկա»-ն (թիվ 239) տալիս է Անդրկովկասի վիճակագրության արդյունքը, որի համաձայն Հայաստանում կա 1692 կոմունիստ: Ահա այս երկու չոր ու ցամաք թվերը անհամեմատ ավելի պերճախոս են, քան բոլշևիկների արած բոլոր հայտարարությունները, հանրահավաքները, ընդհանուր ժողովներն ու բանաձևերը, քան Քաջազնունու բոլոր փաստաբանություններն ու հավատը: Երեք տարի լինել պետական կուսակցություն Հայաստանում, ստանալ, Քաջազնունու ասելով, Դաշնակցության հսկա ժառանգությունը, ունենալ իր հետևը Ռուսաստանի նյութական ու բարոյական աջակցությունը և ունենալ միայն 1692 անդամ… Այս թվից է բխում բոլշևիկների անսահման կատաղությունը Դաշնակցության դեմ, որովհետև նրանք զգում են իրենց ոչնչությունը երկրում, տեսնում են, որ ժողովուրդը ոչ թե իրենց հետ է, այլ Դաշնակցության: Իսկ Քաջազնունին իր սենյակում նստած, հալած յուղի տեղ է դնում բոլշևիկների բոլոր գրածներն ու խոսածները, չի հավատում մեզ, չի հավատում թվերին ու փաստերին և երանելի ներշնչումով կրկնում է բոլշևիկների խոսքը. «Դաշնակցություն չկա այլևս»… Եթե «Դաշնակցություն չկա», հապա ի՞նչ են եղել այն բազմահազար դաշնակցականները, որոնք դեռ երեկ կենդանի էին. ո՞ւր է հայ մտավորականությունը, հայ գյուղացիությունն ու բանվորությունը. միթե 1692 կոմունիստով ամեն բան վերջացա՞վ: Այս 1692 կոմունիստնե՞րն են դաշնակցականները՝ «միակ դաշնակցականները այսօր…» Կարիք կա՞ հերքելու այսքան բաց անհեթեթությունը…

«Չկա հավատ ու ոգևորութիւն», ասում է Քաջազնունին: Ավելի ճիշտ ասած կլիներ, եթե գրեր՝ նախկին հավատն ու ոգևորությունը, որովհետև, իրոք որ, այն հավատն ու ոգևորությունը, որ համակել էր ամենքին, օրինակ, երեք-չորս տարի առաջ, այսօր գոյություն չունի: Շատ ենք տրորվել ու հիասթափվել և այդ պատճառով դարձել ենք կասկածոտ ու պաղարյուն: Բայց նախկին միամիտ, անառագաստ հավատին այժմ հաջորդել է զգաստ իրասեսությունը, գործնական հավատը, եթե կարելի է այսպես ասել: Սխալ է պնդել, թե հայ ժողովրդի, ուրեմն և Դաշնակցության մեջ հավատ չի մնացել. Քաջազնունին իր հոգեբանությամբ է կշռում երևույթները: Նա ավելի անկեղծ կերպով արտահայտված կլինէր, եթե գրեր. «Չկա հավատ ու ոգևորություն իմ մեջ»: Ինքը թուլացել ու վհատվել է, իր հոգու մեջ հանգել է հույսի կայծը, և կարծում է, թե ուրիշներն էլ են անհավատ դարձել: Հասարակական երևույթների չափազանց մակերեսային և անձնական գնահատություն է այս: Հավատն ու ոգևորությունը գործի մեջ են երևան գալիս, իսկ որովհետև Քաջազնունին գործ չի տեսնում, հասկանալի է, որ նրա համար հավատ ու ոգևորություն էլ չկա: Բայց այս գետնի վրա Քաջազնունու հետ վիճելը դժվար է, որուհետև, ինչպես ասացինք, նրա համար ավելի արժեք ունի իր ներքին համոզումը, քան արտաքին փաստերն ու թվերը:

«Այն օրվանից, շարունակում է Քաջազնունին, երբ մենք իշխանության գլուխն անցանք, կուսակցության մթնոլորտը թունավորվեց»: Միանգամայն ճիշտ է. իշխանությունը մեր վրա շատ թանկ նստեց: Դժվար էր խուսափել սխալներից և չենթարկվել իշխանության թույնին, մանավանդ մեզ պես համեստ կարողությունների ու պետական քիչ փորձառություն ունեցող մարդկանց համար: Երեկվա ճարտարապետը, որի մասնագիտությունը տուն ու եկեղեցի շինելն էր, երեկվա լրագրողը, որ մինչև այդ թերթ էր խմբագրել և երեկվա վարժապետը, բժիշկը, քիմիկոսը, բանաստեղծը, հաշվապահը, նավթահանքերի ծառայողը, խմբապետը, հանկարծ, մի հրաշքով, դարձան պետական մարդիկ՝ նախարար, դեսպան, նահանգապետ, խորհրդարանի անդամ, զինվորական, քաղաքային ու գավառային գործիչ, մի խոսքով՝ Հայաստանի իշխանություն: Եվ իհարկե, տեղի ունեցան և՛ սխալներ, և՛ գայթակղություններ և ո՞վ գիտի դեռ ինչեր. «Կուսակցության մթնոլորտը թունավորվեց»:

Բայց Քաջազնունին գիտի, թե ի՜նչ ողբերգություն էր ամեն մի դաշնակցականի համար, երբ նրան ստիպում էին այս կամ այն պետական պաշտոնը ընդունելու: Այդ միայն հայ իրականությանը անիրազեկ արտասահմանի լղրճուկ մթնոլորտում է, որ համարձակվում են ամբաստանել մեզ ինչ որ իշխանատենչության, նախարարական «փափուկ»  աթոռների հետևից վազելու մեջ: Քաջազնունին գիտի, թե ի՜նչ էր մեզ համար այդ իշխանությունը և, օ՜, ինչքա՜ն երջանիկ կլինեինք մենք, եթե ամեն մեկս թողնվեր իր վարժապետի, բժշկի, լրագրողի ու ճարտարապետի դերի մեջ: Դաշնակցությունը մտավ իշխանութեան մեջ, որովհետև չէր կարող չմտնել: Այդ դերին հարմար ուրիշ ուժ, ինչպես Քաջազնունին էլ է պնդում , հայ ժողովրդի մեջ, դժբախտաբար, չկար: Մտավ, հաստատ գիտենալով, որ իր այդ քայլը պիտի «թունավորի կուսակցության մթնոլորտը»: Գիտեր, որովհետև առաջին անգամը չէր, որ դրվում էր նման դրության մեջ:

Քաջազնունուն հայտնի է, որ ուրիշ անգամներ էլ Դաշնակցությունը եղել է իշխանություն: Հիշենք, թեկուզ, եկեղեցական կալվածների և հայ-թաթարական ընդհարումների շրջանը և նրա հետևանքները: Այդ ժամանակ էլ «թունավորվեց կուսակցության մթնոլորտը» և այն  էլ ի՜նչ չափով: Քաջազնունուն հայտնի է նույնպես, թե այն օրերին որպիսի ծանր տագնապ ապրեցինք մենք: Քի՜չ գտնվեցին և այն ժամանակ մարդիկ, որոնք Դաշնակցությունը հայտարարեցին մեռած: Հիշեք Միհրանական շարժումը, «Մշակ»-ի անբարոյական պայքարը, անջատականությունը, թուրքահայ-ռուսահայի վեճը, շանտաժներն ու բռնությունները… Բայց, հակառակ բոլոր մարգարեությունների, Դաշնակցությունը շատ շուտով սթափվեց, ուղղեց մեջքը և, ի զարմանս բոլոր հակառակորդների, շարունակեց իր ճամբան: Նոր, կենարար օդ մտավ և մաքրեց կուսակցության թունավորված մթնոլորտը: Նույնը կինի և այժմ: Հոգնածները, փոքրոգիները, հավատը կորցրածները կամ իսպառ «թունավորվածները» կմեռնեն կամ կհեռանան մեզանից: Կյանքը կստեղծի օդի նոր հոսանք, կմաքրի և արդեն իսկ մաքրում է, մեր մթնոլորտը, և «մեռած» հայտարարված Դաշնակցությունը անհողդողդ կշարունակի իր ճամբան…

«Երիտասարդությունը, նոր սերունդը մեզ հետ չէ այլևս», գանգատվում է Քաջազնունին: Ո՞ւմ հետ է հապա այդ նոր սերունդը. միգուցե բոլշևիկների՞: Բայց բոլշևիկներն էլ նույն գանգատն են անում: Կոմունիստական թերթերում ամեն քայլափոխի կպատահեք լուրերի, որոնք ապացուցում են, որ նոր սերունդը բոլշևիկների հետ չէ: Երեք ամիս առաջ, «Խորհրդային Հայաստան» թերթում դառը դժգոհություններ էին տպված Երևանի ուսանողության դեմ. համալսարանի շուրջ 1000 ուսանողներից հազիվ 20 հոգին է կոմունիստ արձանագրվել, բայց նրանք էլ ժողովի չեն գալիս և կոմբջիջը քայքայվել է: Նույն բողոքը լսվում է և Ալեքսանդրապոլում, և որբանոցներում, ուր մի քանի հազարից ավելի չափահաս որբ կա և մի քանի հատ կոմունիստ միայն: Նույն է դրությունը և միջնակարգ դպրոցներում: Նոր սերունդը համառ կերպով չի համաձայնվում կոմունիստ դառնալ: Ո՞ւր է գնում, ի՞նչ է անում հապա այդ նոր սերունդը. գուցե դարձել է ապաքաղաքայի՞ն, չի՞ հետաքրքրվում կուսակցական հարցերով: Բայց  ե՞րբ է տեսնված, որ երիտասարդությունը, այն էլ հեղափոխական շրջանում, չհետաքրքրվի քաղաքական խնդիրներով: Անշուշտ, հետաքրքրվում է, բայց կոմունիստ չէ: Ի՞նչ է հապա:

Սակայն, գուցե, գաղութների՞ «նոր սերունդը մեզ հետ չէ այլևս»: Այդ հո բոլորովին չի կարելի ասել: Ամեն տեղ, ուր կա երիտասարդություն, կան և դաշնակցական ուսանողական ու պատանեկան միություններ՝ Եվրոպա, Եգիպտոս, Սիրիա: Եթե գաղութներում վիճակագրություն կազմվեր, կպարզվեր, որ ամենից շատ երիտասարդ անդամներ Դաշնակցությունը ունի: Եթե հետաքրքրվենք, թե ի՞նչ է կարդում նոր սերունդը, կհամոզվենք, որ առաջին տեղը բռնում է դաշնակցական գրականույունն ու մամուլը: Եթե վերցնենք գաղութների հայկական դպրոցները, կերևա, որ կուսակցական ուսուցիչների մեծ մասը դաշնակցական է, ասել է՝ դպրոցական սերունդը դաստիարակվում է դաշնակցական գաղափարների մթնոլորտում: Ո՞րտեղից է հանել Քաջազնունին, թե «նոր սերունդը մեզ հետ չէ», ի՞նչ տվյալներից է ստացել իր այդ եզրակացությունը: Մնում է անհասկանալի: Քաջազնունուն թվում է, թե «նոր սերունդը մեզ հետ չէ». երբ հարցը Դաշնակցությանն է գալիս, Քաջազնունուն, տարաբախտաբար, շատ բան է թվում: Եվ թվում է բոլորովին անհիմն ու անտեղի կերպով:

Հակառակը, նա, ով որ կյանքը տեսնում է այնպես, ինչպես նա կա, չի կարող չխոստովանել, որ երիտասարդության, նոր սերնդի խոշոր մեծամասնությունը երկրում թե գաղութներում դաշնակցական է կամ ապրում է Դաշնակցության գաղափարներով: Եվ սա ևս մեր կուսակցության կենսունակության նշաններից մեկն է: