Հայաստանը պիտի դաշնակցի Խորհրդային Ռուսաստանի հետ, ուրիշ ելք չունի այլևս. Քաջազնունու նամակը Վրացյանին

1499

Այս նամակը Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին վերջին վարչապետ Սիմոն Վրացյանին գրել է 1923-ին:

_______

Սիրելի NN

Ստացա հունիս 2 թվակիրդ:

Մխիթարական է ինձ համար, որ դու, ինչպես գրում ես, չես հետևել ուրիշների օրինակին և իմ զեկուցմանը չես տվել ad hominem մեկնություններ:

Գլխի եմ ընկնում, թե որոնք են այդ մեկնությունները…

Ո՞վ գիտի, գուցեև իրավացի են մեկնաբանողները. չէ՞ որ homo sum et humani nihil… մնացածը գիտես (շատ էլ վստահ չեմ իմ լատիներենի վրա):

Դու ինքդ բավականացել ես նրանով միայն, որ կասկածել ես իմ մտավոր առողջության մասին:

Գուցե դու էլ իրավունք ունես, ինչպես կասեր այդպիսի դեպքերում Նասրեդդին Հոջան. մեր ապրումներից հետո ո՞վ հանդգնություն կունենա պարծենալու, թե պահել է անխախտ իր մտքի կատարյալ հավասարակշռությունը:

Բայց, բարոյական սնանկություն, թե մտքի տկարություն, մի՞թե արգումնետներ են սրանք իմ թեզերի դեմ:

Գրում ես, թե իմ «դամբանականը» կազմված է «այնպիսի խնամքով ու այնքան տրամաբանական հիմնավորումներով»…

Գիտե՞ս ինչն է պատճառը:

Այն, որ «պարապ վախտի խաղալիք» չի եղել իմ զեկուցումը, «взгляд и ничто», որ այդ երկար գրության մեջ չկա մի միտք, որ տասն անգամ վերաքննած չլինեմ և չկա մի խոսք, որ տասն անգամ կշռած չլինեմ գրելուց առաջ:

Համաձայնիր, որ, ինչպես ասում էր խորիմաստ Պոլոնիուսը Համլետի մասին՝ եթե սա խելագարություն է, համենայն դեպս, այստեղ կա ինչ որ սիստեմ…

Իրավունք չունե՞ի սպասելու, որ իմ «տրամաբանական հիմնավորումներին» հակադրվեն նույնպես տրամաբանական կամ, առհասարակ, որևէ կարգի հիմնավորումներ և ո՛չ սոսկ գուշակություններ իմ բարոյական ու մտավոր վիճակի մասին:

Բայց դու գրում ես, որ «խորհրդաժողովում ոչ ոք չփորձեց գնահատության ենթարկել» իմ տեսակետները:

Ինչո՞ւ:

……………………….

Ես մի քիչ ավելի լավ կարծիք ունեմ իմ ընկերների մասին, քան նրանք՝ իմ մասին, և չեմ ուզում ենթադրել ոչ թուլություններ ad hominem, ոչ իսկ մտային վատառողջություն, բայց կարծում եմ, որ շատ էլ հեռու չեմ լինի ճշմարտությունից, եթե մտածեմ, թե ժողովի անդամները տարված են եղել կուսակցական նեղսրտությամբ և նեղմտությամբ:

Անհամեստություն մի համարի, եթե ասեմ, որ ինքս ազատ եմ այդ կարգի թուլություններից:

Ես կուսակցական մարդ չեմ (բառի նեղ իմաստով) ու երբեք էլ չեմ եղել: Եվ այդ է պատճառը, որ այնքան տարի մեկուսի եմ մնացել կուսակցության մեջ: Պարզապես մի հայ մարդ եմ եղել ես, հայ հայրենասեր… Ահա մի վարկաբեկված բառ, որ ենթարկված է եղել ա՛յնքան անարգանքի, ա՛յնքան ծաղրանքի: բայց ճշմարտությունն այն է, որ այդ է իմ էությունը: Ես սիրում եմ հայ-հայրենիքն ու հայ-ժողովուրդը՝ այդ աղքատ, ավեր, անհամբույր, դաժան երկիրն ու այդ տգետ, կեղտոտ, ծածկամիտ, եսամոլ ու շահասեր ժողովուրդը: Սիրում եմ ոչ թե առաքինությունների համար, այլ իր արատներով ու ախտերով հանդերձ:

C’est plus fort que moi, կասեր ֆրանսիացին:

Սիրում եմ, որովհետև ինքս նրա անբաժան մասն եմ զգում ինձ՝ ոսկրը. ոսկրից և արյունը՝ արյունից, կապել եմ իմ անձնական բախտը նրա հավաքական բախտի հետ:

Հիշո՞ւմ ես մի խոսակցություն, որ ունեցանք դու ու ես մեր երկար ճամբին:

Դու աս[աց]իր, որ քո կապակցությունը հայ ժողովրդի հետ զուտ ուղեղային է, որ գիտակցությունն է ու պարտաճանաչությունը, որ լծել են քեզ՝ նախ կուսակցական, ապա և պետական աշխատանքին: Իսկ ես, դրան հակառակ, աս[աց]ի, որ իմ կապը օրգանական է:

Չգիտեմ, թե դու ո՞րքան ճիշտ ես վերլուծել քո հոգին, բայց իմ վերաբերմամբ՝ ճիշտ է իմ ասածը:

Հայ մարդն է, որ խոսում է իմ մեջ. ահա ամբողջ բացատրությունը իմ մտքի ուղղության, ուրիշ գաղտնիք մի որոնի, կսխալվեք: Հայ մարդն է, որ դատում է իմ մեջ, կշռում, համեմատում ու ընտրություն անում:

Կուսակցությունըինձ համար արժեք է ունեցել այնչափ միայն, որչափ ընդունակ է եղել վարելու մի որոշ դատ՝ ո՛չ ավելին: Ինքնըստինքյան, իմ պաշտամունքի առարկա չի եղել կուսակցությունը:  Ես միշտ այն համոզմունքն եմ ունեցել, որ շաբաթն է հիմնադրված մարդու համար և ո՛չ մարդը՝ ստեղծված շաբաթի համար:

Շատ banal խոսք է ասածս ու ոչ ոք հակառակը չի ասի, իհարկե: Չի ասի, այո՛, բայց արդյո՞ք չի անի (անգիտակցորեն ու ակամայից):

Այնքան էլ հեշտ բան չէ ազատ մնալ կուսակցական կաշկանդումներից: Երկարամյա կուսակցական կյանքը կաղապարում է մարդու հոգին կուսակցական կաղապարով, մարդ կուսակցորեն է մոտենում, կուսակցորեն ըմբռնում ու կուսակցորեն լուծում բոլոր խնդիրները:

Ավելին ևս՝ կուսակցությունը սոսկ միջոց լինելու փոխարեն կամակ-կամաց դառնում է ինքնանպատակ, դատը ստորադրվում է իրեն ծառայելու կոչված օրգանին ու կուսակցական գործունեությունը դառնում է կուսակցականի համար մի տեսակ փեշակ (ներիր այս կոպիտ արտահայտությունը, ուրիշ բառ չեմ գտնում):

Հիշում եմ մի խոսակցություն, որ տարիներ առաջ ունեցել եմ լուսահոգի Ռոստոմի հետ: Պարսկական հեղափոխության սկզբներին էր: Խոսում էինք մեր մասնակցության մասին այդ հեղափոխության մեջ: Եվ պնդում էի, որ Պարսկաստանում Դաշնակցությունը բան չունի անելու և որ մեր հրապարակ գալն այնտեղ պարզ ավանյուրա է…

– Լա՛վ, վրա բերեց հանկարծ Ռոստոմը, Ռուսաստանում հեղափոխությունը խեղդված է, Թուրքիայում համաձայնության ենք եկել Իթթիհատականների հետ, Պարսկաստանում էլ՝ ասում ես, չպիտի խառնվենք կռիվներին… Հապա մենք ի՞նչ անենք:

Հարցը դրեց կատակի ձևով, իրեն հատուկ անուշ ժպիտը երեսին: Բայց դու հասկանում ես, որ այդ կատակի տակ թաքնված էր մի խոր հոգեբանական իմաստ և որ Ռոստոմը, գերազանցապես կուսակցական մարդ, իր հոգու անթափանցելի խորքերում իրոք ուներ այդ անհանգստացուցիչ հարցը:

Անհատապես, ինձ համար այդպիսի [հարց] երբեք գոյություն չի ունեցել ու այսօր էլ չունի: Հռոմը ինձ համար շատ ավելի թանկ է, քան Կեսարը, ավելի ճիշտ՝ Կեսարը թանկ է այնչափ միայն, որչափ նա պետք է Հռոմին:

Երբ ես տեսնում եմ, որ տվյալ պայմաններում Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք ունեն բոլշևիկներին, ես ասում եմ առանց տատանումների. տե՛ղ տանք բոլշևիկներին, այսօր նրանց է պատկանում իրավունքը, որովհետև նրանք միայն կարող են փրկել դրությունը:

Խորհրդաժողովը չի ուզեցել նույնիսկ քննության առնել այդ առաջարկը:

Ինչո՞ւ:

Որովհետև, սիրելի NN, ժողովականները, ամեն մեկը առանձին, լռելյայն ու թերևս անգիտակցորեն, հարց են տվել հոգիների խորքերում. հապա մե՞նք ինչ անենք…

Այդ զահրումար «մենքն» է, որ, ըստ իս, կաշկանդել է խորհրդաժողովի միտքը:

Եվ ովքեր ենք «մենք», այսինքն նրանք, որոնք իրոք ապրել են անցյալում կուսակցական կյանքով և այժմ իրոք բան չեն ունենա անելու…

Վերջին հաշվով՝ մի քանի տասնյակ, առ ավելին՝ մի քանի հարյուր մարդ:

Ինչու համար եմ գրում այս նամակը:

Եթե իմ ախտորոշումը ճիշտ է, ապա ուրեմն ոչ մի կոչ, ոչ մի դատողություն չեն կարող հաղթել ինքնագոյությունը պաշտպանելու անխորտակելի բնազդին: Ես չեմ կարող համոզել քեզ, քանի որ այստեղ համոզումները չեն, որ բախվել են իրար, այլ մի ուրիշ, ավելի զորեղ բան:

Եվ համոզելու համար չէ, որ գրում եմ, այլ պարզապես ուզում եմ, որ ճիշտ հասկացած լինես ինձ:

Իհարկե, կարելի է հարցնել դարձյալ, թե ո՞ւմ կամ ինչի՞ համար հարկավոր է, որ դու ինձ ճիշտ հասկացած լինես և ի՞նչ վնաս, եթե սխալ մեկնություններ տված լինես զեկուցագրիս… Ահա այ դեպքում տեղին կլիներ հիշել ad hominem շարժառիթները. այն խիստ-ընկերական ու խիստ-բարեկամական կապերը, որ կապում են ինձ քեզ հետ, բացատրելու պահանջ են առաջադրում: Իմ այս գրությունը նույնքան «աննպատակ» է, որքան և քո հունիսի 2-ի նամակը: Նպատակ չկա, կա միայն որոշ հոգեկան պահանջ…

Գուցեև մի ուրիշ բան. գրելով քեզ, ես այն զգացումն ունեմ, որ կարծես դիմում եմ՝ քո գլխի վրայով, մի բազմամարդ լսարանի, որ կարիք ունի լուսաբանությունների:

——

Նորից եմ կարդում նամակդ:

Հասկանում եմ, որ մի նամակում չէիր կարող սպառել այն բոլոր խնդիրները, որ ես շոշափել եմ իմ ընդարձակ զեկուցագրում: Հասկանում եմ նաև, որ գրածդ քիչ բանն էլ չէիր կարող պատճառաբանել հանգամանորեն:

Բայց չէ՞ որ գլխավորը, էականը ասել ես արդեն, գործի ես դրել ամենից զորավոր արգումանտացիադ իմ հիմնական թեզի դեմ…

Եվ ահա մտածում եմ տարակուսած. միթե այդ մարդը չի՞ տեսնում, թե որքան խախուտ, որքան թույլ ու անհամոզեցուցիչ են իր արգումնետները:

Դու համաձայն չես ինձ հետ, թե Հ. Յ. Դաշնակցությունը «որոշ քաղաքական վիճակ ստեղծելու համար ծնված մի կազմակերպություն է և ոչ հեռավոր սոցիալական ձգտումների տեր կուսակցություն», բայց, կանգնելով նույնիսկ իմ տեսակետի վրա, հարց ես տալիս ինձ. ի՞նչ հիմքեր ունեմ պնդելու, թե Դաշնակցությունը վերջացրել է արդեն իր առաքելությունը. չէ՞ որ Հայաստանն այսօր էլ անկախ պետություն չէ:

Հարցդ ցույց է տալիս, որ հարկավոր ուշադրությամբ չես լսել զեկուցումս կամ ես չեմ կարողացել լրիվ արտահայտվել: Քո հարցը ես դրել եմ ու պատասխանն էլ տվել (ճիշտ է, որ զեկուցագիրս խորհրդաժողովում ընթերցանելի անելու համար հարկադրված եմ եղել առհասարակ կարճ կտրել, սեղմ արտահայտվել):

Ասեմ նորից:

Դաշնակցությունը սպառել է իր անելիքը ո՛չ այն մտքով, որ հասել է արդեն նպատակին, իրականացրել է իրեն ծնունդ տվող իդեալը (իդեալը, ինչպես և մաթեմատիկական «սահմանը» փոփոխական մեծությունների համար, միշտ մնում է առաջը. նրան կարելի է մոտենալ, բայց երբեք՝ հասնել), այլ այն մտքով, որ Դաշնակցությունը անցել է մի որոշ ճամբա, բերել է իր կյանքի դատը մինչև մի որոշ կայան, որից այն կողմ ինքն անզոր է առաջնորդելու:

Թույլ տուր մի պատկերավոր լուսաբանություն:

Սասունի լեռներից ու Վարագի բարձունքներից մենք իջել ենք Արարտյան դաշտը: Մենք անցել ենք այնպիսի ճամբաներ, ուր կարող էր մագլցել միայն լեռնեցու «վըռըշիկը», անցել ենք հայդուկային փոքրիկ խմբերով, գիշերային խորհրդավոր մթության մեջ, թաքնվելով ձյուների մեջ ու ժայռերի տակ, նահատակվել ենք այդ դաժան ճամբու վրա, նահատակել ենք մեզ հետ և հայ ժողովուրդը, բայց միշտ առաջ ենք գնացել՝ սերմանելով մեր շուրջը ազատության կենսարար ferment-ը:

Արյունաքամ և ուժասպառ, բայց վերջապես իջել ենք լայն դաշտը ու նոր հորիզոններ ենք տեսել մեր առջև:

Արարատյան դաշտը առաջին մեծ կայանն է մեր երկար ճանապարհին:

Բայց այստեղ բախվում ենք նոր կարգի ուժերի հետ և պայքարի պայմանները միանգամայն տարբեր են այստեղ:

Հետևակի «վըռըշիկը», հայդուկների «խումբը» և մեր տղաների «տասնոցը» անզոր են այնտեղ, ուր բանում է երկաթուղին, շարժվում են բանակներ ու խոսում է արագաձիգ թնդանոթը: Ուրիշ է обстановка-ն, ուրիշ է մասշտաբը, ուրիշ պիտի լինեն և կռվի մեթոդները:

Մի կարծիր, թե մենք, իբրև կուսակցություն, կարող ենք հարմարվել նոր պայմաններին ու փոխել հին մեթոդները: Պետություն վարելու մեր երկուսուկես տարվա փորձը ցույց տվեց, թե որքան կաշկանդված ենք անցյալով և որքան անզոր ենք մեր իսկ դեմ: Երեսուն տարվա կուսակցական կյանքը դրել էր մեր վրա իր անջնջելի դրոշմը, հաստատել է ավանդների սովորություններ, մտածելու ու գորխելու եղանակներ, որոնցից մենք չենք կարող ազատվել:

Իսկ ամենից գլխավորն այն է, որ այսօր մենք գործ ունենք Խորհրդային Ռուսաստանի հետ: Սա ամենամեծ ու վճռական ուժն է մեր հանդեպ կամ մեր կողքին:

Անցյալում մենք մի րոպե միամտություն ունեցանք կարծելու, թե կարող ենք ազատագրվել ռուսական հեգեմոնիայից ու հենարան գտնել Արևմուտքում: Այսօր այդպիսի հույսերով տարվելու իրավունք չունենք այլևս: Մեր միակ հենարանն այսօր Խորհրդային Ռուսաստանն է: Կռվել նրա դեմ չենք կարող ու, եթե կարողանայինք էլ, չպիտի կռվեինք, որովհետև նա պետք է մեզ, պետք է ո՛չ իբրև սոցիալական կամ պետական ռեժիմ (կոմունիզմ ու դասակարգային դիկտատուրա), այլ իբրև քաղաքական ուժ:

Հայաստանը պիտի դաշնակցի Խորհրդային Ռուսաստանի հետ, ուրիշ ելք չունի այլևս:

Իսկ դու գիտե, որ մեր կուսակցությունը չի կարող դաշնակցել բոլշևիկյան իշխանության հետ, թեկուզ այն մի հատիկ պատճառով, որ բոլշևիկները չեն ուզում ճանաչել մեզ, իսկ մենք կարողություն չունենք ճնշում գործ դնելու նրանց վրա՝ ճանաչել տալու մեր արժեքը, որոնել տալու մեր բարեկամությունը:

Հայ բոլշևիկներն են, որ պիտի դաշնակցեն Ռուսաստանի հետ, իսկ Հ. Յ. Դաշնակցությունը պետք չէ այլևս Հայաստանին:

Ահա թե ինչ մտքով մեր կուսակցությունը վերջացրել է իր առաքելությունը, անելիք չունի այլևս ու վերջ պիտի դնի իր գոյությանը:

Ծիծաղելի է թվում  քեզ իմ այն խոսքը, թե հայ բոլշևիկները մեր ժառանգներն են (անշուշտ, իրենք բոլշևիկները էլ ավելի կծիծաղեն, եթե լսեն այդ խոսքը):

Իսկ ինձ, չեմ ասում ծիծաղեցնում է, այլ զարմացնում է ձեր երկուսի անհասկացողությունը, որովհետև մի պարզ ճշմարտություն է իմ ասածը:

– Հրաժարիմք ի սատանայե,- բացականչում է դաշնակցականը՝ լսելով բոլշևիկի անունը:

– Հրաժարիմք ի սատանայե,- բացականչում է բոլշևիկը՝ լսելով դաշնակցականի անունը:

Զո՜ւր բացականչություններ, ընկերնե՛ր, հրաժարվել չեք կարող, դա ձեր ցանկության կամ ընտրության խնդիրը չէ:

Դաշնակցությունը վարել է հայ քաղաքական դատը ու բերել է քաղաքականապես ազատագրվող հայ ժողովուրդը, հասցրել մինչև մի որոշ տեղ: Այստեղ իրեն փոխարինելու է, մինչև հետևյալ կայանը, հայ բոլշևիկը:

Այս է պատմության ընթացքը:

Հասկացի՛ր ինձ. դաշնակցական կազմակերպությունն է, որ դատապարտված է մահվան (ավելի ճիշտը՝ մեռած է արդեն), բայց գործը մնում է կենդանի: