«Հնչակ»-ի առաջին խմբագրականը. 1887

2623

Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան կեդրոնական օրգան ՀՆՉԱԿ-ի առաջին թիւի խմբագրականը

Երբ որ տեսնում ենք, ծանոթացած թուրքի անարգ շղթաներով, աշխարհիս մէկ անկիւնում՝ մենակ ու որբացած, հայ ժողովրդային մասսան, ընդհանրութիւնը դարերի ընթացքում ողբում, ճնշւում, հարստահարւում, հալածւում. մի բուռն ցանկութիւն, մէկ անկեղծ միտք ծագում է մեր մէջ այդ ժամանակ, առաջացնել հայ ժողովրդի փրկութեան խնդիրը, փաստաբանել ու պաշտպանել այդ խնդիրը եւ պատերազմիլ այդ խնդրի համար:

Ունենալ ազատ խօսք, իբրև միջոց ազատաբար դիտելու ու քննելու թիւրքահայ ժողովրդային ընդանրության կեանքի կողմները, հրապարակ հանելու այն բոլոր թշուառութիւնները, որ վաղուց դարձել են նրա միակ բաժինը եւ մատնանիշ անելու այդ ժողովրդի կոչումը, որոշելու այն միջոցներն ու նպատակները, որոնք պիտի տանին նրան դէպի մէկ ապահով կեանք, դէպի մի կեանք, որ միջոց կ’ունենայ ազատ կերպով զարգանալու եւ ծաղկելու. ահա ընդհանուր խօսքերով, այս հրատարակութեան շարժառիթները:

Լինել միշտ ճնշուածի կողմը եւ դէմ ճնշողին, արդարութեան պաշտպանութեան տակ անցնել, մարտնչելով անարդարութեան դէմ, ազատութեան անձնուէր եւ բռնութիւնն հալածող լսող խելքի ձայնին եւ թշնամի նախապաշարմունքներին, լինել զարգացող ժողովուրդների կողմը եւ դէմ՝ փտած կառավարութիւնների, ահա մեր նշանաբանը, ուղղությունը ու պարտականութիւնը:

Թիւրքա-Հայաստանի հայ ժողովուրդի վերաբերութեամբ մենք այն խորին համոզումն ունինք, որ պէտք, որ է անպատճառ շուտով ջարդուին նրան առաջադիմել արգիլող ամրապինդ շղթաները եւ նա ունենայ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ, իբրեւ անհրաժեշտ պայման նրա կյանքի ապահովության եւ նրա բազմադիմի զարգացման համար:

Սակայն ասելով քաղաքական անկախութիւն, մենք դա չենք համարում այնպիսի վերջնական կէտ, որը կարող կը լինի բաւարարութիւն տալ նրա կեանքի բոլոր պահանջներին, որից աւելին իւր ողջ գոյութեան ժամանակ նա էլ պէտք չունենայ: Ո՛չ, քաղաքական անկախութիւնը հայ ժողովրդի համար պիտի համարուի լոկ այն անհրաժեշտ պայմաններից մէկը, որի իրագործումից յետոյ միայն բացւում է ասպարեզ հայ ժողովրդի քաղաքական ու սոցեալ-տնտեսական կեանքի մէջ մտնելու համար մի երկայն շարք հիմնաւոր, արմատական վերանորոգումներ: Քաղաքական անկախութեան իրագործումից յետոյ հայ ժողովուրդը պէտք է դիմէ դէպի կեանքի այնպիսի կերպերը, որոնց գոյութեամբ ամէնքը եւ իւրաքանչիւրը ազատ լինի, ամէնքն իրար հաւասար ու եղբայր ճանաչեն, որոնց գոյութեամբ ճշմարիտ ուղի բացուէ եւ հաստատ հիմք լինի ընդհանրութեան մտաւոր, բարոյական ու աֆֆեկդական լիակողմանի զարգացման համար:

Թիւրքահայերի անկախութեան իրագործումը լոկ ԴՐՍԻՑ չէ կարող լինէր՝ այլ լոկ ՆԵՐՍԻՑ է նա կարող յաջողութիւն ունենալ: Եթէ եւրոպական տէրութիւնների միջամտութիւնը ապահովենք եւ մեր ձեռքերը ծալենք, հայ ժողովուրդը առաւել անտանելի թշվառութիւնների մէջ կը խորասուզուէ: Ճիշտ է, որ կարող են առաջանալ քաղաքական մեքենաների այնպիսի իրարանցումներ, որ եւրոպական այս կամ այն տէրութեան համար նոյն ժամանակին շահավէտ կը լինի բարձրացնել հայկական խնդիրը եւ նրա բաւարար իրագործումն ուղղակի կամ անուղղակի կերպով պահանջել, սակայն այդպիսի առիթները մեզ աւելի կը հասկացնեն՝ ինչպէս արդէն եղել է, որ պէտք էր կանխապէս պատրաստ լինենք՝ դրանից օգտուելու համար: Եւ այդու ամենայնիւ աւելացնում ենք, որ այժմեան քաղաքականութիւնը, դիպլոմատիան, նմանում է քամու ջրաղացին. այսօր այն կողմն է նա շրջւում, որ կողմ որ քամին է իր շունչն ուղղում, իսկ վաղը ջաղացը կարող է նոյն քամու քմհաճոյքով եւ հակառակ կողմը պտտուել:

Image_4235

Այսպիսի խարխուլ հողի վրայ մենք չենք կարող դնել այնպիսի սուրբ ու ծանրակշիռ գործի առողջութեա հիմքը, որպիսին ժողովրդական գործն է: Այդ գործին հարկաւոր է մի հիմք, որ յենուած լինի հաստատ ու ամուր հողի վրայ. այդպիսի հող նոյն ինքը թիւրքահայ ընդհանրութիւնն է, նոյն ինքը թիւրքահայ ժողովուրդն է: ԹԻՒՐՔԱՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴՐՈՒԹԵԱՆ ՀԻՄԱԿՈՒԱՅ ԾԱՆՐ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒՄ ՄԱՍՍԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ, ԲՌՆԻ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ, ԱՊՍՏԱՄԲԱԿԱՆ, ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԹՈՒՐՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԴԷՄ, ՆՊԱՏԱԿԱՅԱՐՄԱՐ ԵՆ ԵՒ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ, եթէ միայն միլիոնաւոր ժողովրդի մօտալուտ կորուստը սարսափ չէ ազդում նոյն իրեն կոչող հայ ընդհանրութեան եւ գլխաւորապէս հայ կրթուած ու հասկացող դասակարգի վրայ: Եւ ահա դէպի այդ դասակարգն ենք մենք դիմում եւ առաւելապէս դէպի այդ դասակարգի երիտասարդութիւնը, լինի նա ռուսահայ, թիւրքահայ, պարսկահայ՝ ողջ մէկ է. դրանք ամէնքը եղբայր են եւ մենք դրանց մէջ ոչ մի զանազանութիւն չենք դնում ժողովրդական գործի վերաբերմամբ. դիմում ենք դէպի այդ դասակարգը, յայտնելով որ ժողովուրդն առանց նրա աջակցութեան՝ թէ կաղ, թէ կոյր եւ թէ տհաս է իր վսեմ դատը պաշտպանելու համար. դիմում ենք դէպի նրան, կոչելով որ լոկ նրա եռանդը, նրա խօսքը, նրա ոյժը կարող են բարձրացնել թիւրքահայ ընդհանրութեան խեղդուած ոգին եւ ժողովրդի ոտների տակ պատրաստել հաստատուն հող կարեւոր յեղափոխական գործի յաջողութեան համար: Այդ պատճառով իւրաքանչիւր մտածող, ազնիւ ու ժողովրդին սիրող հայի նշանաբանն ու գործունեութիւնը մենք համարում ենք՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԷՋ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԵՏ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ:

Այս նշանաբանն ունեցող հայերի օրգանը պէտք է լինի սոյն հրատարակութիւնը, որի պարտքն է եւ որոշ ծրագիրը բացատրել ու հաստատել, որ հայ ժողովրդական գործը լոկ յեղափոխականութեամբ է կարող աջող ելք ունենալ, ընտրել գործնական միջոցներ յեղափոխութիւն անելու համար եւ որոշել նրա մօտակայ նպատակները:

Ընդհանրապէս հայերիս այժմեան դրութեան մէջ ազատ խօսքը մէկ անհրաժեշտութիւն, մի պահանջ է եւ միեւնոյն ժամանակ նպատակայարմար, միայն թէ այդ խօսքն ունենայ կենդանութիւն, թարմութիւն ու լրջութիւն: Մասնաւորապէս ազատ խօսքը մի պահանջ է այն հայերի համար, որոնց կեանքի նպատակը չէ ամենեւին բաւականանալ անձնական կամ մի նեղ շրջանի շահերով ու ապահով կացութեամբ, այլ որոնց սրտում կայ մէկ ուրիշ իղձ, մէկ ուրիշ յափշտակութիւն, այն է՝ գործել ու բանել ժողովրդի տանջանքով ու չարչարանքով եւ ազատ խօսքը շրթներին՝ պահանջել ժողովրդի բարին, բողոքելով չարի դէմ:

Այո՛, չարչարուած ու հալածուած զաւակներ, չարչարուած ու հալածուած հայեր՝ մենք, հայերս, ծարաւն ունինք ազատ խօսելու, ազատ մտածելու, որ դեռ մանկութիւնից յանուն բռնակալի օրէնքին, արգելել են մեզ, աշխատելով զրկել մեզ ինքնուրույութիւնից և դարձնել բռնաւորների ու ճնշողների ոտ լզողներ: Դժբախտ է այն հայը, որ հասել է այն վիճակին, բայց նրանք, որոնք այսպէս կամ այնպէս կարողացել են խուսափիլ այդ թունավոր պատուաստից, նրանք, որոնք զգալով հայ ճողովրդի ընկճուած դրութիւնը, միանգամայն մտածել են այդ դրութիւնը յեղաշրջելու անհրաժեշտութեան վրայ, դրանք, իբրեւ արթուն, առողջ տարր հայութեան, թող բարձրացնեն իրենց ձայնը եւ խառնեն մերինի հետ, եթէ նրանց ուղղութիւնն ու հայեացքները տարբեր չեն մերանցից. սոյն հրատարակութեան թերթերը բաց են այդպիսիների համար:

Հայերիս այսօր հարկաւոր են գործ եւ անկեղծ խօսքի մարտիկներ եւ այդպիսիներին ասպարէզ հանելու համար պէտք է նպաստէ սոյն հրատարակութիւնը:

Մենք գիտենք թէ ո՛րպիսի մեծ դժուարութիւններ ու խոչընդոտներ կան եւ դեռ կ’առաջանան մեր հանդէպ այսպիսի հրատարակութեան ձեռք զարնելով. այդ դժուարութիւններից գլխաւորն այն է, որ ազատ խօսք ունենալու համար մենք պատրաստուած ենք հեռու երկրում ձայն տալու եւ այդպիսով այս թերթն իր ազատ ոգու պատճառով ոչ մի բացարձակ մուտք չէ կարող ունենալ ոչ ռուսահայերի եւ ոչ թիւրքահայերի մէջ: Բայց մեր հայրենակիցների ցանկութեամբ ու եռանդով, լիայոյս ենք, այդ խոչընդոտը կ’անհետանայ, որը եւ անհրաժեշտ է:

Թող «ՀՆՉԱԿ»ն անդադար հնչէ եւ կոչէ՝ եղբայրը եղբօրը ձեռք տայ եւ թո՛ղ նրա հնչիւնը թշնամու ականջին հասցնէ եւ նրան դողացնէ. թո՛ղ նա հնչէ բացարձակ ու խրոխտ կերպով օտար տեղերից, եւ թո՛ղ նա հնչէ, թէպէտ գաղտնաբար, բայց միշտ արդար բարբառով, նոյնիսկ հայրենի երկրում, մինչեւ որ հայ ժողովրդի վրայ տիրած խաւարը վառ արշալոյսին տեղ կտայ»:

1887 Նոյեմբեր, Ժընեւ