«Փարոս». այլախոհական առաջին թերթը Խորհրդային Հայաստանում

2097

Ծանոթ. – 1966 թ ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը): ԽՍՀՄ տարածքում Հայաստանը դարձավ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն: ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է հատված խորհրդահայ այլախոհ, 8 տարի անազատություն կրած Վարդան Հարությունյանի ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ արժեքավոր հատորից:

download

1967 թ. ապրիլին, Ցեղասպանության օրվա կապակցությամբ, Ազգային Միացյալ կուսակցությունը (ԱՄԿ) տարածում է «Փարոս» վերնագրով առաջին թռուցիկը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 19-20-ին տարածում է նաեւ չորս էջից բաղկացած «Փարոս» թերթը՝ հետեւյալ ութ հոդվածներով. «Ելնում են նորերը», «Հայ ժողովրդին», «Հայաստանը լծի տակ», «Հայկական հարցը», «Միջազգային դրությունը այսօր», «Փաստերն անողոք են», «Ինչ է ազգի լեզուն», «Երկու խոսք»:

1950-ականների վերջերից սկսած՝ Հայաստանում գործող շատ խմբեր ու խմբակներ են զբաղվել թռուցիկների ու թերթիկների տարածմամբ, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ են կալանավորվել ու դատապարտվել: Բայց «Փարոսը» էապես տարբերվում էր իրենից առաջ եղած թռուցիկներից: Սա նոր երեւույթ էր ոչ միայն Պետանվտանգության կոմիտեի ու խորհրդային իշխանությունների, այլեւ այդ շրջանում գործող այլախոհների համար:

Նախ՝ դա թերթ էր եւ այդ թերթում խոսվում էր այն մասին, որ Հայաստանը պետք է դուրս գա ԽՍՀՄ կազմից եւ անկախ պետություն դառնա, ասվում էր, որ Հայաստանը բռնակցվել է Ռուսաստանին եւ ըստ էության՝ գաղութ է, քննադատվում էր մարքս-լենինյան ուսմունքը, հեղինակները հանդես էին գալիս հակախորհրդային ու հակակոմունիստական դիրքերից: Սա խորհրդային պետությանն ուղղված մարտահրավեր էր:

Այդ ժամանակաշրջանի համար այս ամենը դժվարամարս նորույթ էր եւ մերժելի էր ոչ միայն հասարակության մեծամասնության, այլեւ հրապարակում գործող այլախոհների համար: Առաջին անգամ 1958-ին՝ իրենց տարածած թռուցիկով սովետներին նման մարտահրավեր էր նետել Աշոտ Ղազարյանն իր խմբակով: Դրանից հետո տասը տարի Խորհրդային Հայաստանում գրավոր նման կոչ չէր հնչել, եւ այդ կարգի խնդիրներ չէին քննարկվել: Հայկական հարցի լուծման ամենաակտիվ ջատագովներն անգամ՝ հարցի լուծման հույսը կապում էին Ռուսաստանի բարյացակամության հետ եւ ԽՍՀՄ շրջանակներում էին պատկերացնում Ղարաբաղի ու Նախիջեւանի խնդիրների լուծումը:

Անկախության հարցը կամ ընդհանրապես չէր քննարկվում կամ էլ քննարկվում էր որպես վերացական, ցանկալի, բայց անհասանելի մի բան: Ահա այս մտայնության պայմաններում էր, որ ասպարեզ ելավ «Փարոսը» եւ այդ շրջանի հայ հասարակական-քաղաքական մտածողության մեջ հեղափոխական դեր կատարեց՝ ջարդեց բազմաթիվ տաբուներ, քննարկելի դարձրեց այնպիսի արգելված թեմաներ, ինչպիսիք էին անկախությունը եւ կոմունիզմի գաղափարախոսության սխալ լինելու հնարավորությունը:

Ի դեմս «Փարոսը» տարածողների՝ խորհրդային պետությունը տեսնում էր արդեն ոչ թե պարզ այլախոհների, այլ՝ վտանգավոր գաղափարական թշնամիների:

Պետանվտանգության կոմիտեին հանձնարարված էր հնարավորինս շուտ բացահայտել ու կալանավորել նրանց, բայց լայնածավալ որոնողական աշխատանքները ցանկալի արդյունք չեն տալիս:

Անգամ այլախոհական շրջանակներում ներդրված եւ այդ շրջանակներում հեղինակություն վայելող գործակալի միջոցով չեն կարողանում «Փարոսի» հեղինակների մասին լիարժեք ու վերջնական տեղեկություններ հավաքել: Տենդագին փնտրտուքների ընթացքում ՊԱԿ-ը 1967-1968 թթ. ընթացքում ձերբակալում է բազմաթիվ այլախոհների ու նրանց առնչվող մարդկանց եւ դատապարտում տարբեր պատժաչափերի: Ձերբակալվածներից մեկը հարցաքննության ժամանակ հայտնում է, որ իր մոտ հայտնաբերված «Փարոս» թերթը ստացել է Շահեն Հարությունյանից: Հետեւելով Շահեն Հարությունյանին եւ համադրելով այլ աղբյուրներից ստացած տեղեկությունները՝ ՊԱԿ-ը բացահայտում է ԱՄԿ եռյակին: 1968-ի հուլիսի 9-ից սկսվում են ձերբակալությունները:

Հայկազ Խաչատրյանի առաջին հարցաքննության արձանագրությունը կազմվել է 1968 թ. հուլիսի 9-ին: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Խաչատրյանը հայտարարում է, որ միշտ տարված է եղել հայրենասիրական գաղափարներով եւ Ստեփան Զատիկյանի ու Շահեն Հարությունյանի հետ հենց ինքն է պատրաստել եւ տարածել «Փարոսը»:

Նույն օրվա՝ հուլիսի 9-ի հարցաքննության ընթացքում Ստեփան Զատիկյանը հայտարարում է, որ ունի հայրենասիրական գաղափարներ, որոնք երբեք չի թաքցրել, բայց հրաժարվում է «Փարոսից» եւ չի տալիս իր ընկերների անունները:

Հուլիսի 10-ի հարցաքննության ժամանակ Ստեփան Զատիկյանը քննիչին տեղեկացնում է, որ հացադուլ է սկսել: