44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գրավել է բարձունքներ Մեղրիում

1674

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը բարձունքներ է գրավել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Զանգելան-Մեղրի հատվածում:

Այդ մասին առաջինը իր ժողովրդին տեղեկացրել է նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարությունից ժամեր առաջ:

Զանգելան-Մեղրի հատվածում որոշ բարձունքներ և տարածքներ կորցնելու մասին ամիսներ անց գրել են Հայաստանի այդ օրերի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և մի շարք հայկական լրատվամիջոցներ:

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի նախագահը ամենօրյա ռեժիմով անդրադառնում էր իր երկրի ռազմական հաջողություններին՝ մեկ առ մեկ նշելով այն բնակավայրերն ու տեղանքները, որոնք անցնում էին ադրբեջանական բանակի վերահսկողության տակ:

Նոյեմբերի 9-ի թվիթերյան իր գրառման մեջ Ալիևը նշում է 48 գյուղի, 1 ավանի և ռազմավարական նշանակության 8 բարձունքներ վերահսկողության տակ վերցնելու մասին: Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, նշում է Բարթազ, Շյուքյուրաթազ, Սըղըրթ և անանուն ևս 5 բարձունքների «ազատագրման» մասին:

Բարթազը, որ հայկական աղբյուրներում հանդիպում է Բարդութաղք անունով, 2269,5 մետր բարձրությամբ գագաթ է Մեղրի-Զանգելան սահմանային հատվածում՝ Մեղրիի լեռների հարավարևելյան մասում, Նռնաձոր գյուղից 7 կմ հյուսիս-արևելք:

1978 թվականի Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզում հստակ երևում է, որ այդ գագաթի մոտ երեք քառորդը Խորհրդային Հայաստանի տարածքում է:

Սըղըրթ կամ Սղերթը 1371 մետր բարձրություն ունի, գագաթի մեծ մասը Ադրբեջանի տարածքում է, փոքր մասը՝ Հայաստանի: Այն գտնվում է Բարթազից հարավ: Քանի որ այս գագաթները ամբողջությամբ անցել են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ և այնտեղ դիրքավորվել են նրանք, հայկական բանակը հետ է քաշվել մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր և դիրքավորվել նոր բնագծերում, որի արդյունքում չեզոք գոտին ձևավորվել է Հայաստանի ինքիշխան տարածքի հաշվին:

Շյուքյուրաթազը, որ հայկական աղբյուրներում հանդիպում է Լուսնթագ անունով, 2006 մետր բարձրությամբ գագաթ է, գտնվում է Բարթազից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս՝ Շիկահողի արգելոցի և Զանգելանի շրջանի սահմանին:

Բարթազ, Շյուքյուրաթազ, Սըղըրթ և մյուս 5 բարձունքների գրավումը պայմաններ ստեղծեց, որ Ադրբեջանը 2021-2022 թվականներին տարածքներ գրավի Ներքին Հանդ-Ծավ հատվածում:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գրավել է Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, այդ թվում՝ 20.66 քառակուսի կիլոմետր Ներքին Հանդ-Ծավ հատվածում: Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ Շիկահողի արգելոցի մոտ մեկ վեցերորդ մասը, երեք կողմերից մոտեցել Ներքին Հանդ գյուղին՝ զավթելով գյուղի մի շարք տարածքներ:

Գեղարքունիքի մարզում Ադրբեջանն օկուպացրել է 64,15 քառակուսի կիլոմետր տարածք, Վայոց Ձորում՝ 64,6 քառակուսի կիլոմետր, Սյունիքի հյուսիսում՝ 47,02, իսկ Կապան-Մեղրի հատվածում՝ 20,66 քառակուսի կիլոմետր, ընդանուր՝ 196,47 քառակուսի կիլոմետր: (Աղբյուրը՝ https://hetq.am/hy/article/184980):