Մադրիդ և աղավաղված Մադրիդ. ի՞նչ փաստաթուղթ է դրված սեղանին

1007

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնի լրագրողների մամուլի ակումբում նախօրեին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական կետերը, որոնք, ըստ Հոգլանդի, հիմնված են Մադրիդյան սկզբունքների վրա:

Մադրիդյան առաջարկները հակամարտության կողմերին ներկայացվել են 2007թ․ նոյեմբերի 29-ին Իսպանիայի մայրաքաղաքում՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպման ընթացքում:

Առանց մեկնաբանությունների և վերլուծության՝ համեմատենք, կողք-կողքի դնենք Հոգլանդի ներկայացրած 6 կետերը Մադրիդյան փաստաթղթի համապատասխան 6 հատվածների հետ: Այստեղ պետք է հաշվի առնենք, որ Մադրիդյանը պաշտոնական առաջարկ է, իսկ այն, ինչ ներկայացրել է Հոգլանդը, աշխատանքային տարբերակ: Բնականաբար, Հոգլանդը ներկայացրել է 6 հիմնական կետերի էությունը, մինչդեռ Մադրիդյանից ներկայացվածը հատվածներ են փաստաթղթից:

1.Արցախի կարգավիճակ

Ըստ Հոգլանդի՝ «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ»:

Մադրիդյան փաստաթղթում գրված է. «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:

2. Արցախի միջանկյալ կարգավիճակ

Ըստ Հոգլանդի. «Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ»։

Մադրիդյան փաստաթղթում գրված է. «Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ, որոնք պետք է շարադրվեն Խաղաղության Համաձայնագրում՝ համաձայն ներքոշարադրյալ սկզբունքների.

– ԼՂ բնակչությունը/բնակիչները ունենալու են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք, որը հետևում է օրենքի նորմերին: Նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվելու են:

ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու իշխանության մարմիններ`միջանկյալ շրջանում ԼՂ-ն կառավարելու համար: Իշխանության այդ մարմինները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն ԼՂ-ի ներքին հարցերում, ինչպես նաև կհիմնեն դատարաններ՝ արդարադատություն իրականացնելու նպատակով: Պաշտոնյաները նաև լիազորություններ կունենան արտաքին շփումներ ունենալ այն ոլորտներում, որոնք սահմանվելու են Խաղաղության Համաձայնագրով:

ԼՂ միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:

ԼՂ-ն իրավունք է ունենալու ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը»:

3. Տարածքներ

Ըստ Հոգլանդի. «Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որևէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»:

Մադրիդյան փաստաթղթում գրված է. «ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության Համաձայնագրով:

– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:

– Քելբաջարի շրջանը գտնվելու է  միջազգային անցումային  հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:

– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց»:

4. Արցախը Հայաստանին կապող միջանցք

Ըստ Հոգլանդի. «Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը»:

Մադրիդյան փաստաթղթում գրված է. «Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը»:

5. Փախստականներ և տեղահանվածներ

Ըստ Հոգլանդի. «Հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր»:

Մադրիդյան փաստաթղթում գրված է. «Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունը ապահովված է՝ համաձայն այն դրույթների, որոնք կշարադրվեն Խաղաղության Համաձայնագրում: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք, առանց խտրականության, օգտվելու են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից առանց որևէ խտրականության: Համակեցությանը պետք է նպաստեն կողմերը կամ միջազգային հանրությունը, նպատակ  ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաև՝ կարգավորել հայերի և ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական և սոցիալական կենսագործունեությունը»:

6. Միջազգային խաղաղապահներ

Ըստ Հոգլանդի. «Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:

Մադրիդյան փաստաթղթում գրված է. «Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը իրականացվելու է անմիջապես այն բանից հետո, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: Պետությունները խաղաղապահ ուժերի շրջանակում ստորաբաժանումները կտրամադրեն կամավոր հիմունքներով: Խաղաղապահ կոնտինգենտի ընտրությունը իրականացվելու է երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ և սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ՝ բացառությամբ քաղաքացիական բնակչությանը համաչափ հարաբերակցությամբ ոստիկանական ստորաբաժանումների` ինչպես Ադրբեջանի այլ շրջաններում, և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի՝ իրենց սպառազինություններով և տեխնիկայով հանդերձ (ադրբեջանա-իրանական սահմանի արևելյան հատվածում ներկայումս յուրաքաչյուր կիլոմետրի վրա պահպանվող համաչափության սահմաններում)։ Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել թե՛ Լեռնային Ղարաբաղում, և թե՛ նրա շուրջը։ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակելու են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ»։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ