Մեղրիի տարբերակը. ԳԱԼԱ-ի զրույցը Թաթուլ Հակոբյանի հետ

1962

Եթե մեղադրում են Տեր-Պետրոսյանին՝ ասելով, որ նա հող հանձնող դավաճան է, ինչո՞ւ նույնը չեն ասում Քոչարյանի և Սարգսյանի մասին

«Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» և «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքերի հեղինակ Թաթուլ Հակոբյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձել է արցախյան խնդրի կարգավորմանն առնչվող բանակցային փաստաթղթերին, Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին, մասնավորապես Քի-Ուեսթին առնչվող, համաձայն որի Քի-Ուեսթում քննարկվել է Մեղրին հանձնելու տարբերակը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն այս հայտարարությունը համարեց սուտ և կեղծիք՝ նշելով. «Ոչ Քի-Ուեսթում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում»:

Մեղրին փոխանակելու գաղափարը եղել է շատ վաղուց

Թաթուլ Հակոբյանը Մեղրիի վերաբերյալ պատմական որոշ փաստեր է ներկայացնում.

Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյան

«Արցախի հարցի լուծման տարբերակներից մեկն, այո, եղել է տարածքներ փոխանակելու տարբերակը: Առաջին անգամ նման առաջարկությամբ հանդես է եկել Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը, ով համարվում է հայ ժողովրդի մեծ բարեկամ: Նա դեռ պատերազմը չսկսած ժամանակ մի ելույթում առաջարկել էր, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի տարածքային փոխանակման տարբերակով: Մեկ այլ պատմական փաստ ևս արձանագրեմ: 1940-ական թվականներին, երբ որ Խորհրդային Հայաստանի առաջնորդը Գրիգոր Հարությունովն էր, պահպանվել է նրա մի նամակն՝ ուղղված Ստալինին, խորհրդային իշխանություններին, որտեղ նա պարզաբանում է, որ Ղարաբաղը հայկական է և այն ցանկալի կլինի միացվի Խորհրդային Հայաստանին: Այդ նամակից հետո արխիվում պահպանվել է Խորհրդային Ադրբեջանի այդ ժամանակվա առաջնորդ Միրջաֆար Բաղիրովի նամակը՝ դարձյալ ուղղված Մոսկվային, որտեղ նա առաջարկում էր, որ եթե հայերը պատճառաբանում են, որ Ղարաբաղում բնակվում են հայեր, և նրանք ուզում են միանալ Խորհրդային Հայաստանին, ապա իրենք էլ ցանկություն էին հայտնել, որ Խորհրդային Հայաստանի այն տարածքը, որտեղ բնակվում են ադրբեջանցիներ, միացվի Խորհրդային Ադրբեջանին: Այնպես որ, տարածքային փոխանակման գաղափարը կամ այս ցանկությունները եղել են բավականին վաղուց:

1992 թվականին ԱՄՆ պետքարտուղարության աշխատակից Փոլ Գոբլը դարձյալ առաջարկեց Ղարաբաղի խնդրի կարգավորման տարածքների փոխանակման տարբերակ. այն է՝ Ղարաբաղը Լաչինով միացվում է Հայաստանին, իսկ Մեղրին Ադրբեջանին է տրվում, և Ադրբեջանն այսպիսով ցամաքային կապ է հաստատում Նախիջևանի հետ: Հետագայում Գոբլն այս տարբերակը նորացրեց, բայց արդեն ոչ որպես պետքարտուղարության աշխատակից, այլ որպես վերլուծաբան: Եվ պատահական չէ, որ տարածքների փոխանակման այդ տարբերակը, որը հետագա տարիներին անընդհատ պետք է մամուլի, բանակցությունների, շահարկումների և քննարկումների առարկա դառնար, կիրառվում էր «Գոբլի տարբերակ» ձևակերպումը:

1999 թվականին այդ տարբերակը կրկին դրվեց շրջանառության մեջ: Դժվար է պնդել, որովհետև մենք չունենք համապատասխան տեղեկատվությունը, որ համանախագահները հենց Մեղրիի տարբերակն են դրել բանակցությունների սեղանին՝ որպես կարգավորման տարբերակ: Բայց փաստ է, որ 1999-2001թթ. ընթացքում, մինչև Քի-Ուեսթի այդ հայտնի տարբերակը, հիմնված էր տարածքների փոխանակման փիլիսոփայության վրա: Փաստացի մենք կարող ենք ասել, որ այո, այսպիսի տարբերակ գոյություն ունեցել է: Արդյո՞ք Մեղրիի տարբերակը ներկայացվել է կողմերին որպես լուծում, թե՞ դա եղել է պարզապես համանախագահողների և կոնկրետ ամերիկացիների մտորումներն ու ցանկությունները: Սրա պատասխանը պետք է տան այն մարդիկ, ովքեր այդ տարիներին բանակցել են: Մենք հիշում ենք նաև, որ 2007 թվականի հոկտեմբերին, երբ Տեր-Պետրոսյանը եկել էր քաղաքականություն, իր ձեռքում թափահարում էր մի թուղթ, որից մի հատված կարդաց, որտեղ ասում էր, որ ահա այս տարբերակն է առաջադրվել, որով պետք է Մեղրին տրվեր Ադրբեջանին, և Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերով՝ այդ դավաճանական ծրագիրը հնարավոր է եղել կանխել, և մենք դրա համար պարտական ենք երկու մարդու՝ Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին: Այսպիսով, Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ակնարկում էր, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կապ ունի հենց այդ Մեղրիի տարբերակի հետ»:

Ո՞վ է կեղծում պատմական փաստերը և ինչո՞ւ

Արդյո՞ք իսկապես Քի-Ուեսթում բանակցողների սեղանին դրվել է Մեղրին հանձնելու տարբերակը: Թաթուլ Հակոբյանի կարծիքով այս մասին կարող են միայն խոսել մարդիկ, ովքեր ուղղակիորեն ներգրավված են եղել բանակցային գործընթացում:

«Ես միայն կարող եմ ասել, որ 2005 կամ 2006 թվականին որպես լրագրող հնարավորություն եմ ունեցել արտգործնախարարությունում, այն ժամանակ արտգործնախարարը Վարդան Օսկանյանն էր, շատ կարճ ժամանակամիջոցում կարդալ մի փաստաթուղթ, որի անունն է Քի-Ուեսթյան փաստաթուղթ (այն մինչև այսօր չի հրապարակվել մամուլում): Համաձայն այդ տարբերակի՝ Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանին, և դրա փոխարեն Ադրբեջանը Մեղրիի միջանցքով միանում էր Նախիջևանին: Այստեղ ես ուզում եմ հստակ նշել մեկ բան. երբ խոսք էր գնում Ադրբեջանից Նախիջևան Մեղրու վրայով տարածքի մասին, օգտագործված էր հետևյալ ձևակերպումը՝ Sovereign Passage, որ թարգմանաբար նշանակում է սուվերեն միջանցք։

Այսինքն, խոսք է գնացել միջանցքի մասին և ոչ թե տարածքի մասին, ինչպես պնդում է Տեր-Պետրոսյանը: Բայց կրկնում եմ՝ գուցե դրանից առաջ եղել է մեկ այլ փաստաթուղթ, որտեղ խոսք է գնացել Մեղրիի տարբերակի մասին: Հիշեցնեմ նաև մեկ բան. երբ Ազատության հրապարակում 2007-ին Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին, վերջինս նրան պատասխանեց, որ այն թուղթը, որը թափահարում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ մի կապ չունի իրականության հետ, և դա համանախագահող երկրներից մեկը որպես գաղափար պարզապես մեկ անգամ ինչ-որ հանդիպման ընթացքում հնչեցրել է, և որ Մեղրիի տարբերակը լուրջ քննարկման առարկա չի դարձել»:

Փաստ է մեկ բան. ՀՀ բոլոր երեք նախագահները կողմ են եղել տարածքների հանձնմանը, նրանք նստել են բանակցային սեղանների շուրջ, քննարկել խնդրի կարգավորման այդ տարբերակը, հետևաբար, այսօր ինչո՞ւ է «դավաճանի», «հող հանձնողի» սլաքներն ուղղվում միայն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ:

«Եթե որևէ մեկն ասում է, որ չի կարելի տարածքներ հետ տալ, և մեղադրում է միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա արդար չի վարվում, որովհետև իրավամբ, սկսած 1997 թվականից, կողմերին ներկայացված բոլոր 6 առաջարկներում (դրանցից միայն մեկն է, որ չի հրապարակվել, դա Քի-Ուեսթի փաստաթուղթն է) խոսք է գնում, որ հայկական կողմը վերադարձնում է առնվազն 6-6,5 շրջան: Սա փաստ է: Եթե մարդիկ մեղադրում են Տեր-Պետրոսյանին՝ ասելով, որ նա հող հանձնողն է կամ դավաճան է, ապա ինչո՞ւ նույն բանը չեն ասում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին: Ես չգիտեմ՝ ինչու չեն ասում: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խորապես համոզված է, որ Ղարաբաղի հարցը պետք է շուտափույթ լուծել և հարցի կարգավորման գինը տարածքներ վերադարձնելն է: Միգուցե այն հռետորաբանությունը, որ օգտագործում է Լևոն Տեր-Պետրոսյանը չեն օգտագործել Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ ընդամենն ամիսներ առաջ ռուս լրագրողին տված իր հայտնի հարցազրույցում Սերժ Սարգսյանը բացահայտ ասաց, որ Կազանում 2011 թվականին կոնկրետ ինքը պատրաստ է եղել 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին, բայց Իլհամ Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել: Այստեղ նորից տեսնում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատները մոռացության են տալիս Սերժ Սարգսյանի ասածները»:

Հետևաբար, երբ որ խոսք է գնում տարածքներ զիջելու մասին, անմիջապես պետք է խոսել այն զիջումների մասին, որոնք պետք է անի Ադրբեջանը

Երբ հայտարարվում է, որ տարածքներ հանձնելով խնդիրը կստանա լուծում, ինչո՞ւ հաշվի չի առնվում հենց Սերժ Սարգսյանի վերոհիշյալ հայտարարությունը, որ վերջին պահին Իլհամ Ալիևը նոր պահանջներ է առաջ քաշել: Հետևաբար, ո՞րն է երաշխիքը, որ ցանկացած պահի, երբ հայկական կողմը պատրաստ կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակին, Ադրբեջանը չի հրաժարվի և չի մեծացնի իր հավակնությունները: Անդրադառնալով այս հարցին՝ լրագրող Թաթուլ Հակոբյանը նշում է.

«Տեղին հարցադրում է, ավելին ասեմ, այս հարցադրումը շատ ավելի տեղին է դառնում, երբ մենք հաշվի ենք առնում ապրիլյան պատերազմը, որով Ադրբեջանը փորձում էր ռազմական ճանապարհով խնդիրը լուծել: Մենք պետք է հաշվի առնենք այն իրողությունը, որ Իլհամ Ալիևն անընդհատ խոսում է ոչ միայն տարածքներ հետ ստանալու, այլ նաև հոխորտում է, որ ադրբեջանական դրոշը պետք է ծածանվի Ստեփանակերտի և Շուշիի վրա: Ավելին, երբեմն էլ ասում է, որ Զանգեզուրն ու Երևանն էլ ադրբեջանական տարածք են: Իլհամ Ալիևի ծավալապաշտությունն աննախադեպ հանդգնությունների է հասել, երբ որ նա ուզում է անգամ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը:

Բայց պետք է հաշվի առնել հետևյալը. այդ տարածքների հանձնումը, իհարկե, գին ունի: Միջազգային հանրությունն, իհարկե, հասկանում է, որ եթե հայկական կողմը, ղարաբաղյան, գնում են տարածքային զիջումների, ապա դրա դիմաց Ադրբեջանը ևս պետք է գնա լրջագույն զիջումների, և դրա համար է, որ օգտագործվում է «փոխզիջում» տերմինը, և ղարաբաղյան կողմից տարածքների հնարավոր զիջման դիմաց որպես ադրբեջանական զիջում միշտ էլ ընկալվել է Լեռնային Ղարաբաղի չվերադառնալն Ադրբեջանի կազմ՝ որևէ կարգավիճակով: Ահա սա այն գինն է, որ առաջարկել են միջնորդները որպես ղարաբաղյան կարգավորման փոխզիջումային տարբերակ: Այսինքն, տարածքներ՝ կարգավիճակի դիմաց: Քննարկման թեմա է՝ արդյոք հայկական կողմը պետք է ընդունի, թե ոչ, արդյոք տարածքներ պետք է տանք, եթե տանք, ապա ինչքան: Միգուցե ընդհանրապես չպետք է տանք, իսկ եթե չտանք, հնարավո՞ր է նոր պատերազմ լինի և այլն: Սա խնդիրների մի ամբողջ համալիր է, որը վերաբերում է Հայաստանի և Արցախի ապագային, նրանց անվտանգությանը: Հետևաբար, երբ որ խոսք է գնում տարածքներ զիջելու մասին, անմիջապես պետք է խոսել այն զիջումների մասին, որոնք պետք է անի Ադրբեջանը, այսինքն, ընդունել, որ Ղարաբաղն իրավունք ունի այլևս չլինել որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում, և այդ փաստը պետք է ընդունվի Ադրբեջանի կողմից: Ես այսպես եմ հասկացել փոխզիջումների տրամաբանությունը: Բայց կրկնում եմ՝ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչ փոխզիջումների է պատրաստ գնալու, ինչ է շահելու այդ փոխզիջումներից և սրա հետ ածանցյալ բազմաթիվ հարցեր»,- եզրափակեց Թաթուլ Հակոբյանը:

Արմենուհի Վարդանյան