«Ազատ դեմոկրատներ»-ի նախընտրական տնտեսական ծրագիրը

1557
«Մրցունակ Հայաստան» տնտեսական ծրագիրը բոլորովին նոր մոդել է, որ առաջ է քաշում Խաչատուր Քոքոբելյանի, Հրանտ Բագրատյանի և Ստեփան Սաֆարյանի գլխավորությամբ հանդես եկող Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը։ Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել տնտեսական աճի բարձր տեմպեր ՀՆԱ-ում կուտակման ու ներդրումների, ՓՄՁ տեսակարար կշռի, պետական պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժնի, համայնքների տնտեսական իրավունքների ու ռեսուրսների շեշտակի ավելացման, արտագաղթի կասեցման, կառավարման ազատականացման, կոռուպցիայի անկման և սոցիալական համերաշխոթյան հաշվին։ Ծրագիրը հեղինակել է Հ.Բագրատյանի ղեկավարած տնտեսագիտական լաբորատորիան։

Ծրագրի մակրոտնտեսական նպատակները
cucanishner

Հարկային և մաքսային քաղաքականություն

1. Հարկային բեռի վերաբաշխում միջին եւ փոքր բիզնեսից դեպի խոշոր բիզնես։ ՓՄՁ հետագա զարգացումը հնարավոր է միայն այնպիսի հարկային համակարգի առկայության դեպքում, երբ հարկերի դրույքաչափերը չեզոքացնում են մասշտաբի էֆեկտի ազդեցությունը խոշոր բիզնեսի համար։

2. Եռաստիճան հարկային համակարգ։ 2016-ի սեպտեմբերին ընդունած հարկային օրենսգիրքն ամբողջությամբ կվերանայվի։ Կմտցվի (1) գործունեության որոշ տեսակների (գյուղատնտեսություն, հանրային սնունդ, առևտուր, խաղեր), ինչպես նաև մշտապես վարձու աշխատանք չկիրառող անհատ ձեռներեցների ու մենատնտեսների (միկրոբիզնես) հարկում միանվագ կամ հաստատագրված վճարների տեսքով։ Այս խումբ ձեռներեցները պետությանը վճարում են նշված հաստատագրված վճարը, ինչպես նաև նվազագույն վճարումներ պարտադիր (աշխատանքային) պետական կենսաթոշակային հիմնադրամին իրենց իսկ կենսաթոշակը ֆինանսավորելու և դրա հետ կապված աշխատանքային ստաժը համալրելու կապակցությամբ։ (2) Վարձու աշխատանքի վրա հիմնված ձեռներեցությունը (ՓՄՁ, խոշոր բիզնես) մինչև 150 մլն դրամ տարեկան շրջանառության դեպքում վճարում է շրջանառության հարկ (ՇՀ) և եկամտահարկ (ներառյալ պարտադիր սոցիալական-կենսաթոշակային վճարները)։ (3) 150 մլն դրամից ավել շրջանառության դեպքում բոլորը վճարում են ԱԱՀ և շահութահարկ, եկամտահարկ (ներառյալ պարտադիր սոցիալական-կենսաթոշակային վճարները)։

3. ՇՀ դրույքները և շեմը։ Արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար՝ 5%, ծառայությոնների ոլորտի համար 6% և առևտրի ոլորտի համար՝ 7%։ Սահմանամերձ բնակավայրերում ՇՀ գործող արտոնությունները պահպանվում են։ ՇՀ շեմը (տարեկան մինչև 150 մլն դրամ) 3-5 տարին մեկ կվերանայվի։

4. Գյուղատնտեսական մթերքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները (չշփոթել գյուղացիական տնտեսությունների՝ մենատնտեսների հետ) վճարում են ՇՀ 3%-ի չափով՝ 150 մլն դրամի շեմի դապքում։

5. Գյուղատնտեսական ձեռնարկությունները 150 մլն դրամ շեմից վերև հարկվում են սովորական կարգով։

6. Ներդրումների ազատումը հարկումից։ Հիմնական կապիտալի տարրերի վրա կատարած բոլոր ծախսերը կմտցվեն ինքնարժեքի մեջ ու կազատվեն հարկումից։

7. Հողի հարկը։ Գյուղացիական տնտեսությունների, ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական ձեռնարկություններիի համար կկիրառվի հողի հարկի համակարգը՝ ելնելով հողի կադաստրային արժեքից։

8. Պրոգրեսիվ եկամտահարկի սանդղակի կիրարկում։ Առաջիկա 10-15 տարիների համար եկամտահարկի տոկոսադրույքը մի փոքր ավելի բարձր պետք է սահմանել, քան շահութահարկինը (գործի պետք է դնել, այսպես կոչված, հարկային խաչի մեխանիզմը)։ Ընդ որում եկամտահարկի միջին դրույքաչափը պետք է լինի 22%։ Այն պետք է ունենա 5 դրույքաչափ. սկսվի 20%-ից և ավարտվի 35%-ով (առանց սոցիալական հարկի և հաշվի չառած չհարկվող շեմը)։ Հարկման նման համակարգը պետք է պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ չի հաստատվել խոշոր բիզնեսի ու ՓՄՁ-ի տեսակարար կշիռների լավագույն և արդյունավետ հարաբերակցությունը։

9. Պատերազմի դեպքում եկամտահարկի և շահութահարկի դրույքները կարող են բարձրացվել։

10. Նվազագույն աշխատավարձը 5 տարում կկրկնապատկվի՝ դառնալով 111 հազ. դրամ։ Ընդ որում 60 հազ դրամից հետո հավելաճը կհարկվի նվազագույն դրույքով։

11. Եկամուտների ու ծախսերի (պաշտոնյաների համար նաև գույքի) համընդհանուր հայտարարագրում։ 2017-2018թթ. երկրում ամբողջովին պետք է ներդված լինեն բոլոր չափահաս քաղաքացիների` ինչպես եկամուտների, այնպես էլ` ծախսերի համատարած հայտարարագրում։ Ընդ որում, սննդի ու դեղորայքի որոշակի չափաքանակի ծախսեր անելու պարագայում (նկատի ունենալով այս ապրանքների տեսակարար կշիռը քաղաքացու եկամուտների մեջ), քաղաքացին կստանա հարկային զեղչի իրավունք։ Սա թույլ կտա առևտուրը, ծառայությունների զգալի մասը դուրս հանել ստվերից։

12. Շինարարության ոլորտում կապիտալի սառեցման կանխում: Պետք է խստացնել անավարտ շինարարության հարկումը, կառուցապատողների նկատմամբ առաջ քաշել միջոցների պահուստավորման պահանջ՝ այդ ամենը տարբերակելով ըստ ռեգիոնների։ Այս ամենը թույլ կտա կանխել կապիտալի սառեցումը ոլորտում, շինարարությունը դուրս բերել Երևանից և բացառել հետագայում այս ոլորտի պատճառով համապետական ճգնաժամը։ Շինարարության հարկման նոր մեխանիզմները թույլ կտան հարկային բեռը հավասարաչափ բաշխել, խոշոր ձեռներեցներին ամբողջությամբ հարկային դաշտ բերել։

13. Հարկային կանխավճարների արգելում։ Պետք է բացառել շահութահարկի գծով, ինչպես նաև` այլ հարկատեսակներով, կանխավճարներ տալու արատավոր պրակտիկան։ Հարկատուն պարտավոր չէ վարկավորել պետությանը։ Մանավանդ, որ այդ սկզբունքը երբեք չի գործել խոշոր հարկատուների նկատմամբ, որոնք, հաճախ, պետական խոշոր պաշտոնյաներ են։

14. Հարկային տարաժամկետ վճարումներ իննովացիոն բիզնեսի համար։ Պետք է սահմանել իննովացիոն բիզնեսի, ՏՏ հստակ չափորոշիչներ և դրանց հիման վրա այդ ձեռնարկություններն ազատել շահութահարկից գործունեության առաջին 7 տարիների համար։ Նույն ժամկետով պետք է սահմանել եկամտահարկի զեղչված դրույք։

15. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների խրախուսում։ Պետությունը պետք է երաշխավորի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեությունը և թույլ տա եկամուտների մինչև 5 տոկոսը (ինչպես` աշխատողների, այնպես էլ` գործատուների համար), առանց հարկումի, փոխանցել նշված հիմնադրամներին։ Այդ միջոցներն ամբողջությամբ կհաշվառվեն արտադրանքի ու ծառայությունների ինքնարժեքի մեջ։ Պարտադիր կուտակայինի ներկա համակարգը կփոխվի՝ միջոցների կուտակման ժամկետը կսահմանափակվի 10 տարով, դրանք 100%-ով կներդրվեն ՀՀ պետական արժեթղթերի մեջ։ Առանց պետական երաշխիքների կուտակային ներդրումային ֆոնդերի գործառույթները չեն սահմանափակվի։

16. Թունդ խմիչքների ակցիզների բարձրացում։ Պետք է բարձրացվեն օղու, լիկյորների վրա դրվող ակցիզները, գինու ակցիզն իջեցնել։ Գինենյութի վրա դրված ակցիզը պետք է հաշվանցել։ Մյուս ակցիզային հարկերը պետք է խմբագրել այն հաշվով, որպեսզի ներքին արտադրողները չգտնվեն ավելի վատ պայմաններում, քան` ներկրողները։ Միավոր բացարձակ լիտրի հաշվարկով գինու և գինենյութի ակցիզը պետք է ցածր լինի թունդ սպիրտային խմիչքների ակցիզից։

17. Գյուղմթերքների թափոնների պետական հաշվառում։ Գյուղմթերքներ մթերող ձեռնարկություններն իրենց թափոնները հաշվառման պետք է հանձնեն հարկային մարմիններին։ Թափոնների միջոցով արտադրության իրական ծավալները հարկային մարմինների կողմից պետք է վերահսկվեն նաև հանքա-հումքային ձեռնարկություններում։

18. Ընդերքի գույքագրում և օգտագործման քվոտավորում։ ՀՀ ընդերքը պետք է գույքագրվի՝ նկատի ունենալով հետազոտված պաշարների ծավալները և հումքատեսակների համաշխարհային գները։ Յուրաքանչյուր տարի բյուջեի հետ միասին ԱԺ կողմից պետք է հաստատվի ընդերքի օգտագործման (արդյունահանման) քվոտա` ըստ հանքատեսակների և շահագործման թույլտվություն ստացած տնտեսվարող սուբյեկտների։

19. Ընդերքի հանրային տնօրինում: Հանքա-հումքային արդյունաբերության մեջ (մոլիբդեն, պղինձ, պեռլիտ, տուֆ, բազալտ, երկաթ, ոսկի և այլն) պետք է վերացնել բնության պաշարների, բնության վերականգման համար վճարները կամ 2012թ. մտցված ռոյալթիի թերի մեխանիզմը։ Դրա փոխարեն ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել բուն հանքի (ընդերքի) գինը, որով շահագործողն այն գնում է հասարակությունից։ Այդ կերպ հնարավոր կլինի հարկման մեխանիզմն այստեղ կապակցել հումքի համաշխարհային գների փոփոխության հետ։

20. Խոշոր գույքի հարկի բարձրացում։ Էականորեն պետք է բարձրացնել գույքահարկի դերը` այն տարբերակելով ըստ գույքի չափերի և գոտիականության (տարածքային գործոն)։ Առանձին գույքային համալիրների նկատմամբ (ավելի քան 500-1000 քառ մետր) գույքահարկի դրույքը կարելի է սահմանել մինչև դրա արժեքի 1%-ը։

21. Ներմուծման գների սահմանման կամայական համակարգի վերացում, այլընտրանքային և էլեկտրոնային մաքսազերծում ։ Պետք է ներմուծվող ապրանքների արտադրանքների նկատմամբ մաքսատուրքերը սահմանել բացառապես գործարքի գնով։ Նույն ապրանքներն արտադրող ներքին արտադրողի շահերը պետք է պաշտպանել համալիր հարկային քաղաքականության միջոցով, այն հաշվով, որ ներքին արտադրողի շահերն առնվազն հավասարեցվեն ներմուծողի շահերին։ Մաքսային աշխատողներն ընդհանրապես պետք է զրկվեն գին սահմանելու իրավունքից։ Անհրաժեշտության դեպքում պետք է բացել նաև այլընտրանքային, ոչ պետական մաքսատուն, էլեկտրոնային մաքսազերծում։

22. Խաղային բիզնեսում պետության վերահսկողության հաստատում: Պետք է բացառել ոչ պետական լոտոների, վիճակախաղերի, զառերի գոյությունը։ Նման ինստիտուտների շահագործման բացառիկ իրավունքը պետք է տրվի ՀՀ Ֆինանսների նախարարությանը։ Գործող տոտալիզատորները, խաղային (մշակութային) դրույքներ կատարելու հաստատությունները պետք է գործեն պետության ներկայացուցչի հսկողության տակ։ երևանից դուրս խաղատաների գրանցման թույլտվության վճարները կիջեցվեն 10 անգամ։

23. Ապաքրեականացնել որոշակի ծառայությունների համար քրեական օրենսգրքի հոդվածները արտասահմանյան զբոսաշրջիկների մասով։ Երևանում, Գյումրիում և Վանաձորում զբոսաշրջինկների համար նախատեսել ժամանցի և զվարճանքի առանձնացված թաղամասեր։

24. Հարկային արտոնությունների բացառում: Տնտեսվարող որևէ սուբյեկտ (հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, տարատեսակ բարեգործություն) հարկային արտոնություն չպետք է ունենա։ Կառավարությանը և ԿԲ-ին պետք է զրկել հարկային արտոնություններ տալու հնարավորությունից։

25. Հարկային ամնիստիա։ Ծրագրով առաջարկվող հարկային համակարգի ձևավորմանը զուգահեռ կհայտարարվի հարկային ամնիստիա. այն բոլոր տնտեսվարող սուբյեկտները, ովքեր մինչև նոր հարկային քաղաքականության սկիզբը կվճարեն վերջին 10 տարիներին (չհաշված 2014-2016թթ) կուտակված պարտքերի կեսը, կազատվեն մյուս կեսը վճարելու պարտականությունից։

26. Մաքսային քաղաքականության կատարելագո՚ծումն ուղղված կլինի ՀՀ տնտեսության զարգացման համար օպտիմալ մաքսատուրքերի կիրառմանը։ Դրանց միջին մեծությունը պետք է լինի 0-2% միջակայքում, ինչը երկրի համար արտաքին տնտեսական կապերի առումով կստեղծի հավասար հնարավորություններ ինչպես ՌԴ, այնպես էլ ԵՄ երկրների, ԱՄՆ, Իրանի ու Վրաստանի հետ առևտրում։ Սրա բացակայության դեպքում ՀՀ չպետք է անդամակցի ԵԱՏՄ-ին կամ որևէ այլ տնտեսական միության։

Բյուջետային քաղաքականություն

27. Բյուջեի եկամուտների ավելացում, ստվերի և կոռուպցիայի կրճատում։ Հարկային պարզ և առանց արտոնությունների համակարգը թույլ կտա էապես կրճատել կոռուպցիան, հիմքեր կստեղծի հարկային վարչարարության համար։

28. Պետության կողմից ակտիվ ներդրումային քաղաքականության իրականացում: Կառավարությունն իր մասնակցությունը պետք է բերի ոչ պետական ներդրումային հիմնադրամներին, որոնք իրականացնում են ժողովրդատնտեսական համընդհանուր նշանակության օբյեկտների շինարարությունը երկարաժամկետ (ավելի քան 7 տարի) ներդրումների տեսքով` արժեթղթերի թողարկման, հանրապետություն մտնող տրանսֆերտների ստերիլիզացիայի, սփյուռքահայության և այլոց միջոցների հաշվին։ Այս գործառույթներն իրականացնելու համար կստեղծվի Հայաստան սուվերեն ներդրումային հիմնադրամը։

29. Համայնքային ինքնաբավ բյուջեների մեխանիզմների ներդնում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը բարձրացնելու, համայնքների տնտեսական զարգացման հետամնացությունը բացառելու նպատակով շահութահարկի և եկամտահարկի 50%-ը կթողնվի համայնքներին։ Սա թույլ կտա վերացնել ներկայիս արատավոր պրակտիկան, երբ ամբողջ փողը գնում է պետական բյուջե, ֆիննախ (Երևան), իսկ այնտեղից դոտացիաների ու սուսբսիդիաների ձևով վերադարձվում է համայնքներին։ Ի վերջո, այսօր համայնքները իրենց կողմից ծախսվող միջոցների ¾-ը ստանում են ֆիննախից։ Սա թույլ է տալիս նաև կենտրոնին քաղաքական կախվածության մեջ պահել համայնքները։ Այսքանից հետո ի՞նչ ինքնակառավարման, մարզային ու համայնքային զարգացում կարող է լինել։ Միջոցների վերաբաշխումը հօգուտ համայնքների, պահպանելով դրանց փաստացի ծախսման գանձապետական մեխանիզմները, թույլ կտա վերջ տալ ամբողջ տնտեսական կյանքը մայրաքաղաքում կենտրոնացնելու պրակտիկան, նվազեցնել կենտրոնի կողմից փողի վերաբաշխման հետ կապված միջամտությունը։

30. Պետական ապարատի կրճատում։ Կկրճատվի պետական ապարատը. կառավարության, նախարարությունների, կառավարման հանրապետական մյուս մարմինների (ծառայությունների, հանձնաժողովների), պետական հիմնադրամների, մարզպետարանների, քաղաքապետարանների և գյուղապետարանների աշխատակազմը կկրճատվի 1.3-1.7 անգամ, աշխատավարձերը կավելանան 2.0-2.2 անգամ (անմիջապես)։ Ծառայողական մեքենաների թիվը կկրճատվի 2.1 անգամ։ Կբացառվի գործառույթների կրկնությունը, պատվիրատուի և կատարողի գործառույթների համատեղումը։

31. Ֆինանսների նախարարության դերի բարձրացում։ Ֆինանսների նախարարությանը պետք է վերադարձնել ապահովագրական գործունեության կարգավորումը, ԿԲ-ի (կամ համատեղ` ԿԲ-ի և ֆիննախի) իրավասությանը թողնելով նմանատիպ կառույցների համար գործունեության կանոնակարգման տնտեսական նորմատիվների սահմանումը։

32. Պետական հիմնարկների կողմից բանկային ավանդների արգելում։ Պետք է արգելել պետական ու համայնքային կառավարման մարմինների կողմից բանկերում ավանդներ բացելու պրակտիկան։ Հավելյալ եկամուտների պարագայում միջոցները պետք է տրվեն ԿԲ ժամանակավոր տնօրինությանը։

33. Պետական գույքի վարձակալության կարգավորում։ Պետական, համայնքային գույքը վարձակալության հիմունքներով տնօրինող ցանկացած կազմակերպություն վարձավճարը պետք է մուծի համապատասխան բյուջե` ՀՀ կառավարության կողմից սահմանված վարձավճարրի նորմատիվներով։ Պետական կազմակերպությունները նույնպես պետք է այդ նույն նորմատիվներին համապատասխան վարձավճար մուծեն։ Այս կերպ կբացառվի պետական չինովնիկների կողմից պետական գույքի վարձակալության հաշվին հարստանալը։

34. Պետական բյուջեի շեշտակի աճ։ Թվարկած հարկային և բյուջետային միջոցառուների իրականացման դեպքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը 5 տարվա ընթացքում 1120 մլրդ դրամից կաճեն մինչև 1976 մլրդ դրամի։

35. Բյուջետային ծախսերի մեխանիզմի արմատական փոփոխություն։ Բյուջեից անմիջականորեն կֆինանսավորվեն ծառայություններ ստացողները, այլ ոչ թե մատուցողները։ Սա, մասնավորապես, կհանգեցնի լուրջ բարեփոխումների կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում։

36. Արտաբյուջետային միջոցների սահմանափակում։ ՀՀ-ում արտաբյուջետային միջոցներն ու ֆոնդերը կգործեն միայն համաֆինանսավորման մեխանիզմներով դրսից դրամական միջոցներ ներգրավելու պարագայում՝ միջազգային կամ միջպետական պայմանագրերի առկայության դեպքում։

Սոցիալական համերաշխության մոդելը

37. Սոցիալական արդարության մոդելի հիմքը բնակչության ազատ տեղաշարժի հնարավորությունն է սոցիալական մի խմբից մյուսը։ Խնդիրն այն է, որ ցանկացած չունևոր իրավունք ունի հասարակությունից ակնկալելու իր սոցիալական կարգավիճակը փոխելու գործողությունների ազատություն։ Ցանկացած չունևոր իրավունք ունի համապատասխան ջանքերի պարագայում անցնելու միջին կամ հարուստ խավ։ Ցանկացած հարուստ իր հարստության ավելացման ճանապարհին պարտավոր է թույլ չտալ չունևորների վիճակի վատացում։ Մակրոտնտեսական կառավարման մոդելը պետք է այնպիսին լինի, որ չքավորները պետք է ազատորեն մուտք գործեն միջին, իսկ ապա նաև հարուստ խավի սոցիալական տիրույթ։ Տնտեսական քաղաքականությունը պետք է բացառի կամ նվազագույնի հասցնի մեկի հարստացումը մյուսի հաշվին։

38. Հարստության կուտակումը հնարավոր պետք է լինի միայն ազատ մրցակցության պայմաններում։ «Տնտեսական էլիտաների բնականոն փոփոխությունը» առավելագույնը 2-2,5 տասնամյակի ընթացքում սոցիալական համերաշխության հիմքերից մեկն է։

39. Սոցիալական արդարության (համերաշխության) մոդելի մյուս բաղադրիչը եկամուտների տարբեր տեսակների միջև նորմատիվային կապի պահպանումն է։ Այսպես, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նվազագույն աշխատավարձը պետք է կազմի միջին աշխատավարձի 38-48%-ը, միջին կենսաթոշակը` միջին աշխատավարձի 30-35%-ը, Ջինիի գործակցով անհավասարությունները սպառման և եկամուտների մասերով պետք է կազմեն համապատասխանաբար` 0.235 և 0.315։ Նման մոտեցումը թույլ կտա, որպեսզի թոշակառուները կամ ցածր վարձատրվողները երբեք չունենան կենսամակարդակի հարաբերական վատթարացում։ Կենսամակարդակի բացարձակ չափը դրանով իսկ կախված կլինի տնտեսական աճից։ Ընդ որում շատ կարևոր է հետևյալ անհավասարության պահպանումը. միջին աշխատավարձ, նվազագույն աշխատավարձ, միջին կենսաթոշակ։

40. Սոցիալական արդարության մոդելի մյուս բնութագրիչը ինքնազբաղվածության աճն է. ոչ թե աշխատատեղ են ստեղծում մարդկանց համար, այլ, նախևառաջ, նրանց հնարավորություն է տրվում ստեղծել սեփական նախասիրություններին համապատասխան զբաղվածություն (աշխատատեղ)։ Պետությունը կվճարի ցանկացած նոր (առաջին անգամ բացվող) փոքր ձեռնարկություն նախաձեռնելու հետ կապված վարկերի տոկոսները։ Բացի այդ, պետական կարևորագույն ծրագրերի շուրջ կլաստերային աշխատատեղերի ստեղծումը, բնականաբար, պետք է նպաստի զբաղվածության աճին։

41. Սոցիալական արդարության մոդելի իրականացման հիմնական գործիքակազմն են. պրոգրեսիվ հարկային քաղաքականությունը (ինչքան շատ ես վաստակում, այնքան շատ ես վճարում), գործարարության մատչելի և հարմար շեմը, վարկերի հասանելիությունն ու պետական աջակցության մասշտաբները։ Ընդ որում առկա է եկամուտների հարկման պրոգրեսիվ սանդղակ։ Որոշակի սահմանից սկսած այս կամ այն գործունեության (բիզնեսի) ընդլայնումը պետք է տնտեսապես նպատակարհարմար չլինի (բացառությամբ, եթե ապրանքներն ու ծառայություններն արտահանվում են), տրոհվի կամ իր տեղը զիջի փոքր ու միջին բիզնեսին։

42. Սոցիալական մոդելի մյուս բաղադրիչը սերունդների միջև համերաշխությունն է։ Խնդիրը սերունդների միջև եկամուտների վերաբաշխման օպտիմալ համամասնությունների կիրարկումն է։ Մասնավորապես, միջսերնդային խնամքի, օգնության ծավալները չպետք է ապախրախուսեն տնտեսության զարգացումը։ Միևնույն ժամանակ ավագ սերունդը պետք է ապահով ծերության հնարավորություն ունենա։ Հավասարապես անընդունելի են ինչպես սեփական ծերությունը սեփական խնայողություններով ապահովելու, այնպես էլ` եկամուտների վերաբաշխումը բացառապես պետական լծակների հաշվին լուծելու մեխանիզմների կիրարկումը։ Այսինքն, թոշակառուն պետք է ստանա ոչ միայն երիտասարդ տարիներին խնայածը, այլև պետության ընթացիկ բյուջետային օգնությունը։

43. Սոցիալական արդարության մոդելի գոյության պարտադիր պայմանն է տարբեր մասնագիտությունների հավասար գնահատումը։ Չպետք է թույլ տալ մասնագիտական դիսկրիմինացիա։ Օրինակ, աշխատավարձը ֆինանսական ծառայությունների ոլորտում 3 անգամ բարձր է, քան տնտեսության մյուս ճյուղերում։ Միևնույն ժամանակ, այս ոլորտի մասնագետներ պատրաստելը շատ ավելի էժան է։ Պետությունը պետական ոլորտի ֆինանսական մասնագետներին վճարում է 6 անգամ ավելի, քան մյուս ոլորտների մասնագետներին։ Սա ապահավասարակշռում է աշխատանքային շուկան, հանգեցնում կրթական ռեսուրսների փոշիացմանը, նպաստում արտագաղթին։

44. Սոցիալական արդարության մոդելի վերջին բաղադրիչը երկրի ներսում մարզերի համեմատաբար հավասարաչափ զարգացումն է։ Մարդը պետք է հնարավորություն ունենա վաստակելու ու բարեկեցիկ կյանք ունենալու` անկախ նրա բնակության վայրից։ Պետք է հասկանալ. «Հայաստանը միայն Երևանը չէ, իսկ Երեւանն էլ միայն Կենտրոնը չէ»։ Անհամաչափ զարգացումը այս փոքր երկրում հանգեցրել է նրան, որ մարզերի մակարդակով հաշվարկած համախառն մարզային արդյունքը մեկ շնչի հաշվով մինչև 5 անգամ (Տավուշի մարզ) տարբերություն է տալիս Երևանի համեմատությամբ։ Արդյունքում՝ առկա է ահռելի ներքին միգրացիա։ Ամեն տարի վերանում է 15-20 գյուղ։ Գյուղատնտեսական հողահանդակները չեն օգտագործվում։ Դրան զուգահեռ Երևանում գերծանրաբեռնված են ենթակառուցվածքները, ինչը թանկացնում և անմրցունակ է դարձնում այստեղ արտադրվող՚ ապրանքներն ու ծառայությունները։ Արդեն 5 տարի հետո իրավիճակը կշտկվի։ Այդ ընթացքում ներքին միգրացիան կկրճատվի 3 անգամ։ Այդ ամենին զուգահեռ առանձին աջակցություն է պետք ԼՂՀ և հարակից տարածքների բնակեցմանը։ Պետք է բարձրացնել սիրիահայության խնդիրը, նրանց բոլորին (շուրջ 200 հազ. մարդ) և Ադրբեջանից գաղթած հայերին ապահովելով բնակարանով ու աշխատանքով նշված տարածքներում ։ Ամեն մի վերաբնակեցված ընտանիքին տրամադրել 50 000 դոլար նշված տարածքներում` առնվազն 5 ու 120000 դոլար` 10 տարի ապրելու և աշխատելու համար։

Բնակչության եկամուտներ, զբաղվածություն, ծնելիություն, հանրային և սոցիալական ծառայությունների ոլորտ

45. Կենսաթոշակների արագացված բարձրացում: 2008-2016թթ., սկզբնական եկամուտների բաշխման դինամիկան ունեցել է բացասական միտում. միջին կենսաթոշակը (2016թ.) կազմել է միջին աշխատավարձի ընդամենը 24 տոկոսը (1996թ. եղել է 33 տոկոս), Անհրաժեշտ է կենսաթոշակների արագացված (մինչև 1.5 անգամ) բարձրացում միջին աշխատավարձի նկատմամբ։ 2021թ կենսաթոշակները կկազմեն միջին աշխատավարձի 30%-ը։

46. Կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխում։ Կառավարության կողմից ներդրած կուտակային կենսաթոշակային համակարգը կենթարկվի լուրջ փոփոխությունների։ Միջոցներն ամբողջությամբ կներդրվեն հանրապետության ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ թողարկելով ողջամիտ եկամտաբերությամբ երկարաժամկետ պետական պարտատոմսեր։ Երկրորդ` կարգելվի այդ միջոցները իբրև ավանդ օգտագործելը։ Երրորդ, դրանց կապիտալիզացիայի ժամկետը կսահմանափակվի 10 տարով։

47. Փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացում: 2016թ. սկզբներին Հայաստանի տնտեսության սոսկ 27%-ն է գտնվում ՓՄՁ-երի ձեռքում։ ԵՄ երկրներում այս թիվը կազմում է 70%։ ՓՄՁ-երում զբաղված է աշխատողների 24.7%-ը (ԵՄ երկրներում 74%-ը)։ Ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում ՓՄՁ-երում աշխատանքի արտադրողականությունն ավելի բարձր է, քան ԵՄ երկրներում։ Հետևապես, հարստության ցրումը, փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշռի բարձրացումը, հանրապետության բոլոր քաղաքացիներին ձեռնարկատիրությամբ զբաղվելու և բարեկեցիկ կյանք ունենալու հնարավորություն ապահովելը երկրի անվտանգության աճի հիմնական գրավականներն են։ Ընդամենը մեկ տարում հարկային դաշտի փոփոխության արդյունքում կսկսվի ՓՄՁ-երի բումը։

48. Տնտեսական ռեսուրսների ապակենտրոնացում: Պետությունը միջոցներ պետք է ձեռնարկի հարստության գերկենտրոնացումը մեղմելու ուղղությամբ։ Հարստության նման կենտրոնացումը պարզապես անհնարին է դարձնում Հայաստանի հետագա գոյությունը։ Ավելորդ է դառնում խոսել ընտրական համակարգի գոյության մասին. իշխանությունները հասկանում են, որ նախընտրական կաշառքները «գործուն» մեխանիզմ են դառնում միայն բնակչության ծայրահեղ աղքատության և սոցիալական բևեռացման պայմաններում։ Ակնհայտ է, որ առկա է ուղղակի կապ աղքատության բարձր մակարդակի և կոռուպցիայի ու ստվերային տնտեսության միջեւ։ Պրոգրեսիվ հարկային համակարգի ներդրմամբ աստիճանաբար պետք է էականորեն մեղմացնել հարստության նման կենտրոնացման մասշտաբները։ Դրա շնորհիվ արդեն 2017-2021թթ. ընդհանուր աղքատության ցուցանիշը 30%-ից կիջնի առնվազն 15-ի, իսկ ծայրահեղ աղքատները` ոչ ավելի քան 2%։ Շուրջ 2.5 անգամ կպակասեն աղքատության խորությունն ու սրությունը։

49. Նոր աշխատանքային օրենսգրքի ընդունում, աշխատողների իրավունքների ամրապնդում։ 2005թ. ընդունած աշխատանքային օրենսգիրքը ոչ մի աղերս չունի աշխատավորների շահերի պաշտպանության խնդրի հետ։ Գործատուներն աշխատանքից ազատում են ում ուզում են և երբ ուզում են։ Նոր աշխատանքային օրենսգրքի ընդունմամբ պետք է էականորեն կրճատել գործատուների` մարդկանց աշխատանքից ազատելու իրավունքները։ Մասնավորապես, պետք է արգելել աշխատանքային որակավորման պատճառաբանությամբ մարդուն աշխատանքից ազատելը։ Գործատուն աշխատողի որակավորման մակարդակը որոշելիս պետք է կիրարկի պետության կողմից սահմանած հստակ չափորոշիչներ, ներգրավի արհմիություններին։

50. Աշխատանքային պայմանագրերի կարգավորում: Մարդուն աշխատանքի պետք է ընդունել աշխատանքային պայմանագրով, որտեղ պարտադիր պետք է թվարկված լինեն նրա աշխատանքային պարտականությունները։ Յուրաքանչյուր աշխատողի համար պարտադիր կարգով աշխատանքային պայմանագրին պետք է կցել երկկողմանի ստորագրած աշխատանքային մանրամասն նկարագրությունը։ Հրամանով մարդուն աշխատանքի ընդունելու և ազատելու պրակտիկան պետք է վերացնել։

51. Գործազրկության նպաստի տեւողության երկարացում։ Աշխատանքից ազատելու դեպքում գործատուի կողմից վճարվող նպաստի նվազագույն տևողությունը պետք է սահմանել առնվազն 3 ամիս, իսկ որոշ աշխատանքների համար՝ 6 ամիս։

52. Զբաղվածության կառուցվածքի փոփոխություն։ Ներկայումս պետական ապարատը ավել է նախկինից (1996թ) ուղղակիորեն 2,2 անգամ, իսկ հաշվի առած ուռճացած ՊՈԱԿ-երը (1920 հատ) և ԾԻԳ-երը՝ 3 անգամ։ Սա այն դեպքում, երբ 1997-2016թթ արտագաղթի հետևանքով (380 հազ մարդ) ՀՀ բնակչութչունը պակասել է 15%-ով։ Նկատի ունենալով թոշակառուների տեսակարար կշռի ու բացարձակ թվի, ինչպես նաև պետական ծառայողների թվի ավելացումը ստացվում է, որ մեկ աշխատողը կերակրում է 2 չաշխատողի (պետական աշխատողներին դիտարկում ենք իբրև անարտադրողական ոլորտ)։ Նման կերպ տնտեսություն հնարավոր չէ զարգացնել։ Չնայած 17% գործազրկությանը, երկրում չկան արհեստավորներ, հողի աշխատողներ, բանվորական մասնագիտություններին տիրապետող քաղաքացիներ։ Շատ ձեռներեցներ հասարակ աշխատողներ չեն գտնում։ Դրա հետ մեկտեղ այդ ահռելի պետական ապարատը լավ ընտրազանգված է իշխող հանրապետականի համար, միաժամանակ պարտադիր կարգով լրացնելով ՀՀԿ շարքերը։ Իրավիճակը պետք է փոխել։ Պետք է կտրուկ պակասեցնել պետական ապարատը, խնայված միջոցները ներդնել տնտեսության մեջ, ստեղծել աշխատատեղեր, պետական աշխատանքից ազատվածներին փոխադրել նոր աշխատանքի։

53. Ծնելիության խրախուսում: Երեխաների ծնունդի միանվագ նպաստը պետք է սահմանել 1.5 մլն դրամ։ Երրորդ-չորրորդ երեխաների համար՝ պետք է վճարել 2 մլն, իսկ 5-րդից սկսած` 3 մլն. դրամ։ 30-50 տոկոսով պետք է ավելացնել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը, նման հնարավորություն նախատեսել հայրերի համար։

54. Առողջապահության բնագավառում անցում հավաստագրային ֆինանսավորման։ Պետությունը առողջապահության պետական հաստատված ծրագրի շրջանակներում պետք է անցնի հավաստագրային ֆինանսավորման։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե առողջապահական հիմնա՚րկություններն ու ձեռնարկությունները, այլ առողջապահական խնդիրներ ունցող քաղաքացիները։ Ներկայումս այս մեթոդը կիրառվում է միայն ծննդօգնության ու ծննդաբերության դեպքում։ Մոտեցման համատարած կիրառման դեպքում կբարձրանա բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը, կբարելավվի ֆինանսական հոսքերի կառավարելիությունը, կնվազի կոռուպցիան։ Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 2.75%-ը (ներկայումս 2.2%)։ Արդյունքում, նկատի ունենալով նաև մասնավոր տրանսֆերտները, առողջապահության ֆինանսավորումը պետք է կազմի ՀՆԱ-ի առնվազն 5-5.5%-ը։

55. Առողջապահության ոլորտում պետական պատվերի համավճարների ձևով իրացում։ Պետության հաշվին բուժօգնություն ստանալու միակ մեխանիզմը համավճարների ձևով ֆինանսավորումն է։ Նույնիսկ չնչին, օրինակ, պետական պատվերի դեպքում բուժման ընդհանուր ծախսերի մեջ քաղաքացիների կողմից 5%-ի չափով համաֆինանսավորման պարագայում, կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազում են, իսկ առողջապահության ֆինանսական արդյունավետությունը շեշտակիորեն աճում է։

56. Առողջապահության ոլորտում պետական պատվերի մրցութային տեղաբաշխում: Միայն մրցույթում հաղթած կազմակերպություններին պետք է իրավունք տալ հավաստագիր ընդունել քաղաքացիներից։

57. Կրթության հավաստագրային ֆինանսավորում: Պետական հաստատված ծրագրի շրջանակներում պետք է իրականացնել կրթության (տարրական և միջնակարգ) հավաստագրային ֆինանսավորում։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե դպրոցներն ու կրթօջախները, այլ քաղաքացիները, որոնք էլ կընտրեն համապատասխան կրթօջախը։ Երեխաների ծնողները 2018-2019թթ. ուսումնական տարվա հավաստագրերը կստանան արդեն 2017թ.-ի հունիսին։ Դրանից հետո նրանք ի վիճակի կլինեն մինչև սեպտեմբեր որոշել, թե որ դպրոցում կամ կրթօջախում պետք է ուսանի իրենց երեխան։ Տարածքային սկզբունքով երեխաների ամրագրումը դպրոցներին կվերացվի։

58. Գիտելիքների չեզոք գնահատման սկզբունքի կիրարկում։ Կրթության բնագավառում (դպրոցներ և բուհեր) պետք է արգելել տվյալ առարկայի գծով գիտելիքների գնահատումը այն ուսուցիչների (քննությունների մասով), դասախոսների կողմից, որոնք դասավանդել են այն։ Գնահատումը պետք է իրականացնեն ուրիշները, որոնք տվյալ աշակերտին կամ ուսանողին չեն դասավանդել։ Ավելի նպատակահարմար է, հնարավորության դեպքում, բոլոր տեսակի քննությունների ֆորմալիզացիան և համակարգչայնացումը։ Աշակերտը պետք է սովորի մի դպրոցում, բայց տարեվերջի ու ավարտական քննությունները հանձնի մասնագիտացված թեսթային կենտրոններում։

59. Կրթական ծախսերի շեշտակի աճ: Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը պետք է սահմանել ՀՆԱ-ի 3.2%-ի չափով՝ առաջիկայում 4 տոկոսին անցնելու հեռանկարով (ներկայումս 2.8%՝ 105 մլրդ դրամ)։

60. Բարձրագույն կրթության ծախսերի շեշտակի աճ։ Օրենքով կսահմանենք բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի առնվազն 0.8 տոկոսի չափով (այդ թվում` կրթության ոլորտի ընդհանուր ծախսերի մեջ)։ Խնդիրը կլուծենք երեք տարում՝ 2018թ.` 0.4%, 2019թ.` 0.6%, 2020թ.` 0.8%։

61. Բարձրագույն կրթության ոլորտում պետական պատվերի կամ հանրային ռեսուրսների (հիմնադրամների) հաշվին ֆինանսավոման պետական կամ հանրային վարկավորման մեխանիզմների կիրառում։ Ներկայումս բարձրագույն կրթության ոլորտում պետական պատվերը կանոնակարգված չլինելու արդյունքում շրջանավարտների զգալի մասը կրթության վկայականը ստանալուց հետո արտագաղթում է։ Դրանով իսկ պետությունը՝ պետպատվերի միջոցով, հանրային ռեսուրսներ օգտագործող հիմնադրամները պարզապես ֆինանսավորում են արտագաղթը։ Հետայսու պետական պատվերը կիրականացվի սիմվոլիկ տոկոսադրույքով վարկերի միջոցով։ Շահառուն (ուսանողը) ըստ այդմ պարտավորված կլինի ուսման ավարտից հետո առնվազն 10 տարի աշխատել ՀՀ-ում։ Նա կարող է արտագաղթել, նախօրոք փոխհատուցելով իր վրա կատարած հանրային ծախսերը։

62. Գիտության տեղափոխում համալսարաններ եւ ֆինանսավորման գրանտային համակարգի հաստատում: Գիտությունն ամբողջությամբ պետք է տեղափոխել համալսարաններ. գիտությամբ պետք է զբաղվել ուսանողական տարիներից։ Բյուջեի միջոցների հաշվին պետք է ստեղծվի գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման պետական գրանտային համակարգ` թեմատիկ ֆինանսավորման հիմքերով։ Գիտության զարգացմանը պետք է հատկացվի ՀՆԱ առնվազն 1 տոկոսը (2016թ. գիտությանը հատկացված էր 14 մլրդ դրամ կամ ՀՆԱ շուրջ 0.25 տոկոսը)։ Ընդ որում բազային ֆինանսավորումը չի կարող գերազանցել ֆինանսավորման ընդհանուր ծավալի 20%-ը (ներկայումս 80 տոկոսն է)։ Թեմաների ընտրությունը կարվի անկախ տեղական և արտասահմանյան փորձաքննության, հիմնադրամների, պետության կողմից ֆինանսավորվող գիտական խորհուրդների միջոցով։ ։

63. Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի ներկայացվող վճարների վերահսկում: Պետք է սահմանվեն բնակչությանը մատուցվող՚ ծառայությունների հստակ ստանդարտներ։ Այսպես, գազ, ջուր, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները պետք է զրկվեն միայնակորեն հաշվիչներն ու ցուցիչները բացելու ու կնքելու իրավունքներից։ Վերջիններիս վրա պետք է լինի 2 կնիք. ընկերությանն ու սպառողինը։ Նրանք առանց մեկը մյուսին թույլ տալու չեն կարող ինքնուրույնաբար բացել հաշվիչների կապարակնիքները։

Բանկային ոլորտ, վարկային կազմակերպություններ, ներդրումային հիմնադրամներ, արժեթղթերի շուկա

64. Դրամի արհեստական արժևորման արգելում։ Անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ` ինչով ԿԲ-ի գործառույթները չեն կենտրոնանա միայն սղաճի տեմպերը պահպանելու մեջ։ Պետք է բացառվի այդ նպատակով ազգային արժույթը արհեստականորեն արժևորելու հանցավոր պրակտիկան տրանսֆերտների հաշվին։ Այս քայլը հետևո՚ղականորեն կիրականացվի 2017-2021թթ. ընթացքում։

65. Դրամը և սփյուռքը։ Աշխարհասփյուռ հայությունը այսօր տնօրինում է 440-450 մլրդ դոլար կապիտալի։ ՀՀ ԿԲ-ն, ինդպես նաև այլ սուվերեն ներդրումային ֆոնդեր ըստ մեր հայրենակիցների տարաբնակեցման տեղում նրանց կառաջարկեն դրամական և արժույթային սերտիֆիկատներ, ՀՀ պետական և կառավարական ներդրումային արժեթղթեր, դեպոզիտային հաշիվներ և այլն։

66. Տրանսֆերտների օգտագործում տնտեսության զարգացման համար։ Արժույթային այլ (արտահանմամբ չպայմանավորված) տրանսֆերտների պարագայում ԿԲ-ը պետք է ստերիլիզացնի արժութային հոսքերը հանրապետություն` միջոցները փոխանցելով զարգացման ու կայունության պետական սուվերեն հիմնադրամ։ Վերջինիս միջոցներն իբրև վարկային ռեսուրս պետք է օգտագործել հանրապետության տնտեսությունը ֆինանսավորելու նպատակներով։

67. Սահմանադրության փոփոխություն և ԿԲ կողմից գնաճի զսպման քաղաքականության կարգավորում։ Գործող, ինչպես նաև 2005թ. Սահմանադրությունը ԿԲ հիմնական գործառույթը գների կայունությունն է։ Այս խնդիրը ՀՀ ԿԲ-ն լուծում է դրամի զանգվածի արհեստական մանիպուլյացիաների հաշվին։ Մինչդեռ ապրանքների և ծառայությունների գները պայմանավորված են նաև դրանց առաջարկով (արտադրությամբ), ֆիսկալ քաղաքականությամբ։ Այս ամենն անտեսելու և գնաճի հսկողությամբ պայմանավորված դրամի զանգվածի արհեստական կարգավորման արդյունքում ազգային արժույթը հարաբերականորեն արժևորվում է, դոլարային գները թանկանում են, ներդրումների ներհոսքը դադարում է, բնակչությունն արտագաղթում է։

68. ԿԲ-ի քաղաքականության խորհրդարանական վերահսկում: Ամեն տարի բյուջեից զատ ԱԺ-ում պետք է քննարկվեն և հաստատվեն ԿԲ կողմից տարվող դրամավարկային քաղաքականության հիմնական պարամետրերը։

69. Տնտեսական նորմատիվների սահմանում բոլոր ֆինանսական հաստատությունների նկատմամբ: ԿԲ-ին պետք է իրավունք տրվի առևտրային բանկերից բացի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվները տարածել բոլոր ֆինանսական հաստատությունների նկատմամբ։ Եթե հաստատության գործունեությունը կարգավորվում է ՀՀ կառավարության (ֆիննախի) կողմից, ապա նորմատիվները պետք է հաստատվեն համատեղ։

70. Բանկերի գրանցման պահանջների թուլացում: Զգալիորեն պետք է թուլացվեն նոր բանկերի գրանցման պահանջները։ Մասնավորապես, դրանց հիմնական կապիտալի նկատմամբ պահանջները կսահմանափակվեն 5 մլրդ դրամով (ներկայումս 30 մլրդ դրամ է)։ Քայլը կիրականացնենք 3 տարվա ընթացքում։

71. ԿԲ-ի որոշումների բողոքարկման ընձեռում: Ամբողջովին պետք է վերափոխել բանկային գործունեության մասին օրենսդրությունն այն հաշվով, որպեսզի այս կամ այն հարցով ԿԲ նախագահի կամ խորհրդի որոշումները, առանց բացառության, հնարավոր լինի բողոքարկել դատարանում։

72. ԿԲ-ում հակակշիռների ստեղծում։ Պետք է ավելացնել ԿԲ խորհրդի իրավասությունները որոշումներ ընդունելիս։ ԿԲ տնօրենի և խորհրդի նախագահի պաշտոնները պետք է առանձնացնել։

73. Վերավարկավորման սահմանափակում: Վերավարկավորումը կամ վարկերի դուրս գրումը պետք է թույլատրել միմիայն ԱԺ կողմից օրենք ընդունելու պարագայում։ Օրենսդրական այս փոփոխությունները կարվեն արդեն 2017թ.։ Բացի այդ բանկային ու ֆինանսական ոլորտի հարկումը միավոր եկամուտի հաշվով տոկոսներով կհավասարեցվի տնտեսության մյուս ոլորտների հարկման մակարդակին։

74. Բանկային վարկերի վեղաժամկետ մարում վարկառուների կողմից առանց տոկոսավճարների և տույժերի։

75. Բանկերը` բաց բաժնետիրական ընկերություններ։ Բոլոր առևտրային բանկերը պետք է վերագրանցել որպես բաց բաժնետիրական ընկերություններ, օրենսդրորեն պետք է ընդլայնել մինորիտար բաժնետերերի իրավունքները։

76. Բանկերի կողմից ներդրումների դադարեցում, դրամի ուժեղացում։ Պետք է արգելվի ներդրումային նոմատիվների գործունեությունը (բանկային կարգավորման տնտեսական նորմատիվների 4-րդ խումբ)։

77. Մասնագիտացված բանկերի գործունեության թույլատրում։ Անցում պետք է կատարվի երկդաշտյա կամ էլ բազմադաշտյա նորմատիվների համակարգի (այսպես կոչված` ճկուն տնտեսական նորմատիվներ), ինչը թույլ կտա տարանջատել ներդրումային բանկինգը և առևտրային (ընթացիկ) բանկինգը, զարգացնել մասնագիտացված բանկերը։

78. Ավանդների ապահովագրման ընդլայնում։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից պետք է ապահովագրել դրանց մինչև միջին հաշվով 60%-ը։ Ապահովագրության չափը պետք է կապ ունենա ավանդի չափի հետ (նվազող պրոգրեսիայով)։ Դա պետք է վերաբերի ինչպես` ֆիզիկական, այնպես էլ` իրավաբանական անձանց։

79. ԿԲ-ից բանկային վերահսկողության գործառույթների զգալի մասի դուրս բերում։ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պետք է հանվի ԿԲ-ի ենթակայությունից։ Բանկային վերահսկողությունը մեծ մասով պետք է տրվի այս հիմնադրամին՝ ԿԲ-ին հիմնականում թողնելով կարգավորումը։

80. Բանկերում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրում։ Բանկերը կարճ ժամկետում պետք է անցնեն կորպորատիվ կառավարման նորագույն համակարգերին։ Օրենսդրորեն սահմանազատումներ պետք է մտցվեն դրանց սեփականատերերի և կառավարիչների գործառույթների տարանջատման, բոլոր բաժնետերերի շահերը հաշվի առնող կառավարիչների ինստիտուտի ներդրման ուղղությամբ։

81. Բանկային ակտիվների աճի խրախուսում։ Թվարկված խնդիրների լուծմամբ 2021թ. առևտրական բանկերի ընդհանուր ակտիվները կարող են կազմել ոչ պակաս քան 14 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի շուրջ 85%-ը։ Պետությունը քայլեր պետք է իրականացնի առևտրային բանկերի վարկային ռեսուրները համալրելու ուղղությամբ։

82. Ֆինանսական շուկայի համալիր զարգացում։ Իրական քայլեր պետք է ձեռնարկվեն դեռևս 1992թ. մայիսին հռչակած Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական շուկա դարձնելու նպատակով ծրագրի դրույթներն իրագործելու ուղղությամբ։ Պետք է զարկ տալ կապիտալի շուկան և ֆինանսական միջնորդության ոչ բանկային ինստիտուտների ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գործունեությանը։ ԿԲ-ն դրամի պահանջարկը պետք է կարգավորի ելնելով դրա նկատմամբ համայն հայության պահանջից՝ ֆիննախի հետ համատեղ առաջարկելով վարկանշված արժեթղթեր։

83. Ֆոնդային բորսայի դերի շեշտակի բարձրացում։ Էական դեր պետք է ունենա հայկական անկախ ֆոնդային բորսան։ 1998-2016թթ. այս ինստիտուտի հնարավոր գործունեությունը մշտապես խափանվել է. տնտեսության առկա կենտրոնացվածության և իշխանությունների կողմից մենաշնորհների տիրապետման պայմաններում ֆոնդային բորսայի մասին խոսելն ավելորդ է։ Միայն տնտեսության մեջ անմիջական դերակատարում չունեցող իշխանավորների պարագայում է հնարավոր արժեթղթերի շուկայի գործունեությունը։ Այդ պարագայում ոչ միայն առևտրային բանկերը, այլև գերիշխող կամ մենաշնորհային դիրք ստացած ընկերությունները, ինչպես նաև տնտեսության զարգացման մեջ առանցքային նշանակություն ունեցող առևտրական կազմակերպությունները (մասնավորապես` արտադրական ենթակառուցվածքի ձեռնարկությունները), օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է գրանցվեն որպես բաց բաժնետիրական ընկերություններ, դրանց արժեթղթերը պարտադիր կարգով ենթակա լինեն հրապարակային սակարկությունների ֆոնդային բորսայում։ Այս միջոցառումների իրականացմամբ 2021թ. շուկայի կապիտալիզացիան կարող է կազմել ՀՆԱ-ի առնվազն 40%-ը (ներկայումս` 0,5-1%)։

84. Արժեթղթերի շուկան պետք է դուրս բերել ՀՀ ԿԲ-ի գործառույթներից։

85. Ֆինանսական համակարգի գերլիկվիդայնության բացառում։ Էականորեն պետք է թուլացվեն ԿԲ կողմից հաստատվող հաշվարկային, բանկային, լոմբարդային տոկոսադրույքները և տնտեսական նորմատիվները (բացառությամբ` կապիտալի համարժեքայնության նորմատիվի). բանկային ոլորտում առկա հսկայական ռեզերվներն ու գերլիկվիդայնությունը պարզապես վատնում են հասարակության ֆինանսական ռեսուրսները։ Այս միջոցառումների շնորհիվ կտրուկ կբարձրանա նաև վարկային ռեսուրսների մատչելիությունը։

86. «Հայաստան» սուվերեն ներդրումային հիմնադրամը։ Այս հիմնադրամի միջոցները գոյանալու են կարևոր պետական ենթակառուցվածքային նախագծերն փայերի վաճառքից, բյուջետային միջոցներից (մասնակի համաֆինանսավորում), ԿԲ կողմից տրանսֆերտների լրիվ կամ մասնակի ստերիլիզացիայից, ներդրումային արժեթղթերի էմիսիայից։ Փայերի նվազագույն եկամտաբերությունը կերաշխավորվի պետության կողմից։

Գործարարության խրախուսում, փոքր և միջին բիզնեսի զարգացում

87. Իշխանության և սեփականության տարանջատում։ Պետք է իրականացվեն որոշակի և հստակ քայլեր որպեսզի. ա) գործարարությունը տարանջատվի պետական կառավարումից (եթե գործարարը որոշում է զբաղվել քաղաքականությամբ, դառնալ պատգամավոր կամ նախարար, ապա նա իր ունեցվածքը պետք է հանձնի պետական գույքի կառավարման գործակալությանը կամ պետության կողմից լիազորված այլ մարմնի), բ) իշխանության ղեկին հայտնված գործիչը պետք է ունենա չեզոք կառավարչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները։

88. Իննովացիոն կենտրոնների, տեխնոպարկերի և լաբորատորիաների հիմնում: 2017-2021թթ. Հայաստանում և ԼՂՀ-ում պետք է հիմնել առնվազն երկու տասնյակ իննովացիոն կենտրոններ, տեխնոպարկեր և լաբորատորիաներ։ Բոլոր մարզային կենտրոններում պետք է բացել գործարարության աջակցության պետական կենտրոններ։ Այս կառույցներում ֆիզիկական և իրավաբանական անձինք 2 տարի առանց որևէ վճարման պետք է հնարավորություն ունենան զարգացնելու իրենց իննովացիոն ձեռնարկչատիրական ծրագրերը։ Հետագայում այդ միջոցները պետք է փոխհատուցվեն արագացված վճարումների միջոցով։

89. Պետական դիսկրիմինացիոն հովանավորչության դադարեցում, օրենքի խախտումներով կատարված գույքի վերադարձ։ Բոլոր գործարարները պետք է ունենան հավասար իրավունքներ և պարտականություններ օրենքի և հասարակության առջև։ Պետք է բացառվի երկրի նախագահի կամ վարչապետի կաբինետում այս կամ այն գործարարի հարկային պարտավորությունների մասին որոշումներ կայացնելը. դրա համար կա օրենք և դատական իշխանություն։ Միաժամանակ պետք է հրապարակել սեփականաշնորհված, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած ձեռնարկությունների ցանկը` օրենքով միջոցառումներ նախատեսել դրանց կրկնակի օտարման կամ լրացուցիչ հարկման ուղղությամբ։ Օրինախախտումներով իրականացված գործարքները պետք է վերականգնվեն։

90. Արտադրության ոլորտում տնտեսական նորմատիվների սահմանում և վերահսկում: Օրենքով պետք է հաստատվեն գործունեության որոշակի տնտեսական նորմատիվներ, որոնց կատարման վերահսկողությունը պետք է տրվի կառավարությանը։ Մասնավորապես, համակարգային նշանակության ձեռնարկություններում պարտադիր պահանջներ պետք է դրվեն միջոցների ռեզերվներ ունենալու նկատմամբ։

91. Փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանություն առևտրի ոլորտում: Պետությունը պետք է խստորեն կանոնակարգի հիպերմարկետների և որոշ սուպերմարկետների գործունեությունը։ Յուրաքանչյուր ծրագրային ժամանակահատվածի համար պետք է սահմանվեն դրանց ցանցային կետերի ստեղծման նորմատիվներ, առաջ քաշվեն որոշակի վայրերում դրանց տեղադրման պահանջներ։ Նման նորմատիվների առաջադրումը (ապրանքների ու ծառայությունների տեսականու քանակի հաստատման, աշխատանքի ժամերի սահմանափակման, ավտոմեքենաների կայանավորման հրապարակների մակերեսի և այլն) պետք է արհեստականորեն սահմանափակի հիպերմարկետների ընդլայնումը, կասեցնի փոքր առևտրի կետերի քայքայումը։ Անհրաժեշտության դեպքում պետք է գնալ կտրուկ քայլերի՝ օրինակ, կասեցնել սիգարետի վաճառքը հիպերմարկետներում, այստեղ արգելել խմիչքի վաճառքը գիշերային ժամերին։

92. Խոշոր քաղաքներում պարբերաբար պետք է անցկացվեն պարենամթերքի վաճառքի մոբիլ տոնավաճառներ` հարկումների կամ պարտադիր վճարոււմների ցածր մակարդակով։ Դա անհրաժեշտ է փոքր խանութների կենսագործունեությունն ապահովելու համար։

93. Գործարարության տուրքերի վերացում, գործունեության թույլտվությունների կրճատում։ Քայլ առ քայլ սահմանափակվել են տնտեսական ազատությունները երկրում։ Այսպես, մտցված են անհասկանալի բարձր տուրքեր կոնյակի (15 մլն դրամ), ցորենի օղու (15 մլն դրամ), հանքային ջրերի (5 մլն դրամ), մետաղների (15 մլն դրամ), քարերի (1 մլն դրամ) արտադրությանների և մշակման կազմակերպման գործում։ Նշված քաղաքականությունը թույլ է տալիս արգելափակել այլ ձեռներեցների մուտքը բիզնես։ Անհրաժեշտ է անմիջապես չեղյալ հայտարարել այսօրինակ սահմանափակող որոշումները, իջեցնել միանվագ տուրքերը, դրանք կապել արտադրության ծավալների հետ և տարրալուծել ժամանակի մեջ։ Պետք է առնվազն 3 անգամ կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը` շուրջ հարյուրից հասցնելով մի քանի տասնյակի։ Անհասկանալի է, օրինակ, թե ինչու՞ կրպակում առևտուր կատարելու, տաքսի վարելու կամ չափագրում կատարելու համար մարդը պետք է թույլտվություն ստանա ու դրա համար ահռելի գումար վճարի։

94. Ինքնազբաղվածության աճ, գործազրկության կրճատում։ ՀՀ-ում հիմնախնդիրը ոչ թե աշխատատեղերի, այլ արդյունավետ աշխատատեղերի ստեղծումն է։ 1998-2016թթ ստեղծվել է 340 հազ աշխատատեղ (ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների խոստումները)։ Բայց փակվել է 710 հազ աշխատատեղ, այդ թվում նոր ստեղծած աշխատատեղերի մեծ մասը։ Ուրեմն արդյունավետ ու մրցունակ աշխատատեղ է պետք ստեղծել։ Պետք է հիմնական ուշադրություն դարձնել ինքնազբաղվածներին, ՓՄՁ-երին։ Այս քաղաքականության շնորհիվ 2017-2021թթ գործազրկության մակարդակը 2016թ 16.9%-ից 2021 կիջնի 10,4 տոկոսի, ինչը հավասար է 140 հազար աշխատատեղ ստեղծելուն։

95. Հակամենաշնորհային քաղաքականության փոփոխություն։ Պետք է վերջ տալ մենաշնորհներին և օլիգոպոլիաներին։ Անհրաժեշտ է արմատապես փոխել հակամենաշնորհային օրենսդրությունը։ Պետական բյուջե պետք է մուտքագրել մենաշնորհային շահույթի ոչ թե 2, այլ 30, 50 կամ 90 տոկոսը։ 350 մլն դրամի տուգանքի շեմը պետք է վերացնել։

96. Տնտեսվարող սուբյեկտների իրավունքների ամրապնդում: Օրենքով սահմանված կարգով տնտեսվարող սուբյեկտները երաշխիքներ պետք է ստանան առ այն, որ պետական մարմինների գործունեությունը դատարաններում բողոքարկելու պարագայում նրանք հետագայում հետապնդումների չեն ենթարկվի։

Կառավարման բարելավում և ստվերի կրճատում

97. Պետք է զգալիորեն կրճատել նախարարությունների և գերատեսչությունների թիվը և բացառել շահագործման ու տեսչական ֆունկցիաների համատեղումը։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կան 18 նախարարություններ, կառավարությանն առընթեր 7 կոմիտե ու վարչություն։ Բացի այդ կային օրենքներով բնորոշվող ևս 6 տեսչություն, հանձնաժողով ու ծառայություն։ Սրանց թիվը պետք է կրճատել, բացառել շահագործման ու տեսչական ֆունկցիաների համատեղումը. օրինակ, պետշինը չպետք է շիննախի կազմում լինի, անտառտնտեսությունը` գյուղնախի, ընդերքի գործերը չպետք է տնօրինի էներգոնախը և այլն։ Պետք է վերստին ձևավորել Միասնական գործադիր համակարգ։ Շուրջ 1.5 տասնյակ գերատեսչությունների իրավասություններ ունեցող մարմիններ (հանձնաժողովներ, գործակալություններ և այլն) անհասկանալի օրենքների կիրարկման արդյունքում հայտնվել են ՀՀ Նախագահի գործառույթների տիրույթում։ Պետք է շտապ կարգով գործադիր իշխանության բոլոր մարմիններն անցնեն (վերադարձվեն) կառավարության ենթակայությանը։

98. Վիճակագրական մարմիննեիի վրա պետական ճնշման բացառում։ Խնդրահարույց է կանոնավոր վիճակագրության և հաշվառման բնագավառը։ Փորձելով ընդգծել իրենց կառավարման շրջանի կարևորությունը իշխանությունները պարզապես խաղում են մակրոտնտեսական թվերի հետ։ Այսպես. 2016թ., ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՆԱ-ն կազմել է 1990թ. 180.3-տոկոսը, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 223.4, իրական եկամուտները` 26.8, մանրածախ ապրանքաշրջանառությունը` 95.5, ծառայությունները` 110.5 տոկոս։ Սրանք բոլորն էլ պաշտոնական ցուցանիշներ են։ Նման պարադիգմ աշխարհի որևէ այլ երկրում գոյություն չունի։ Դրա հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշների բազայի ճշտումը, թվերի «ինվենտարիզացիան» անխուսափելի են։

99. Ստվերի դեմ իրական պայքար։ 2016թ. պետական բյուջեով, օրինակ, ինչը եկամուտներով ու տուրքերով շուրջ 1,1 տրլն դրամ է, ակնհայտ է դառնում, որ ավելի քան 400 մլրդ դրամ թաքցված է։ Այսպես, օրինակ, ազգային հաշիվների եկամուտների ձևավորման հաշվով թվերը քննելիս, պարզվում է, որ շահութահարկը և եկամտահարկը (նկատի ունենալով համախառը շահույթի և համախառն խառը եկամուտների թվերը ու բացառելով օրենքով տարբեր ոլորտներին սահմանած հարկային արտոնությունները) միասին ավելի քան 250 մլրդ դրամ պակաս են հաշվարկված։

100. Պետական գույքը օտարելիս տարաժամկետ վճարման պարագայում պետք է մտցվի տոկոս` նվազագույն վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով։

101. Օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին գործունեության թույլտվությունների, պետական գույքի սեփականաշնորման, պատվերների տեղադրման և գնումների մասնակցության բացառում, ինչպես նաև հանքարդյունաբերությամբ զբաղվելու արգելում։ Արդեն գրանցված և գործող օֆշորային ընկերություններին ժամանակ կտրվի պարտադիր կարգով վերագրանցվելու և «բաց» կարգավիճակով գործունեությունը շարունակելու համար։

Գյուղատնտեսություն

102. Օրենսդրորեն կսահմանվեն գյուղացիական, ֆերմերային տնտեսությունները, գյուղատնտեսական ձեռնարկությունները։ Առաջինները կստանան միկրոբիզնեսի (ընտանեկան ֆերմայի, մենատնտեսի) կարգավիճակ։ Սրանց բնորոշ գիծը, որպես կանոն, վարձու աշխատանքի բացակայությունն է, հարկումը սահմանափակված է հողի հարկով, մշակվող հողատարածությունը սահմանափակ է։ ֆերմերային տնտեսությունները ՓՄՁ կարգավիճակ ունեցող գյուղատնտեսական ձեռնարկություններ են, առկա է վարձու աշխատանք, հողի հարկից բացի վճարում են ՇՀ, մշակում են մեծ հողատարածքներ և ունեն մինչև 150 մլն դրամի շրջանառություն։ Գյուղատնտեսական ձեռնարկությունները նման են ֆերմերային տնտեսություններին, բայց 150 մլն դրամի շրջանառությունից վերև վճարում են նաև շահութահարկ։

103. Գյուղատնտեսական մթերքների արտադրության սուբսիդավորում: Գյուղատնտեսության հետագա զարգացումը, մշակվող հողերի տեսակարար կշռի բարձրացումը կապված է գյուղատնտեսական արտադրանքի մի մասի պետական միջնաժամկետ սուբսիդավորման և գյուղմթերքների արտահանման խրախուսման հետ։ Պետք է պետական աջակցություն ցույց տալ գյուղատնտեսությանը։ Մասնավորապես, ամեն տարի ՀՀ բյուջեում պետք է առանձին հավելվածով նշվեն այն մթերքների և գյուղական բնակավայրերի (հատկապես լեռնային ու ծայրամասային գյուղերի) անունները, որոնց նկատմամբ տվյալ բյուջետային տարում սուբսիդիաներ են նախատեսվում։ Մթերման համապատասխան փաստի դիմաց գյուղացին պետք է ստանա սուբսիդիա յուրաքանչյուր միավոր արտադրված մթերքի հաշվով։ Սուբսիդիաների քաղաքականությունն առանձին դեպքերում (լեռնային գյուղական բնակավայրեր) պետք է զուգակցել երաշխավորված մթերման գների քաղաքականության հետ։ Այս քաղաքականությունը նպատակահարմար է կիրառել միամյա բույսերի արտադրության, վաճառքի ու արտահանման պարագայում։

104. Բազմամյա տնկարկների, խոշոր եղջերավոր անասնապահության պարագայում նպատակահարմար է կիրառել արտադրված մթերքների վերամշակման հզորությունների (արտադրամասերի) աջակցության պրակտիկան։ Այս դեպքում պետությունն իր մասնակցությունն է բերում այդ հզորությունների մտեղծմանը՝ սեփականության իրավունքը փոխանցելով կոոպերատիվի անդամ գյուղացիներին։

105. Փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում։ Գյուղատնտեսության ոլորտում ստեղծված ծայրագույն վատ վիճակը ստիպում է այս ոլորտում տարվող տնտեսական քաղաքականությանը վերաբերվել հրատապ կարգով։ Իշխանությունների տվյալներով 1990-2016թթ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 2.35 անգամ։ Վերջին տարիներին, սակայն, իրադարձությունները զարգանում են այնպես, որ գյուղացին հողազրկվում է, բատրակ դառնում։ Այդ պայմաններում ՀՀ-ում անկախ, իր հողի վրա աշխատող, բարեկեցիկ ֆերմերների կամ գյուղացիների դաս չի կարող ձևավորվել, ինչը կատարված ռեֆորմի հիմնական նպատակն էր։ Այսպես. վերլուծությունը ցույց է տալիս, որ 2001թ. նոր հողային օրենսգրքի ընդունմամբ իշխանությունները նպատակ դրեցին ոչ թե շարունակել սկսած բարեփոխումները, այլ հողը հանձնել խոշոր օլիգարխներին, բյուրոկրատներին, բարձրաստիճան պետական պաշտոնյաներին և նրանց թիկնապահներին։ Մասնավորապես, սրանց հասան այդ շրջանում սեփականաշնորհված 20% պահուստային հողերը։ Բացի դա նրանք զանգվածաբար չնչին գներով գյուղացիներից գնում են սեփականաշնորհված հողակտորները։ Հողի նկատմամբ սեփականության գյուղական համայնքի անդամների առաջնային իրավունքի անտեսումը հանգեցրեց քաղաքից եկած խոշոր հողատերերի գերիշխանությանը։ Գյուղում արագորեն ձևավորվել է դասակարգային հակամարտություն։ Խոշոր հողատերերին է ուղղված իշխանությունների ուշադրությունը (մեծ հաշվով իշխանության ներկայացուցիչներն են այդ հողատերերը), նրանց գործունեությունը օրեցօր սնանկացնում ու տնտեսապես անիմաստ է դարձնում գյուղացիական տնտեսությունների գոյությունը։ Ավելին, վերջին շրջանի օրենսդրության մեջ գյուղացիական տնտեսությունը որպես իրավունքի օբյեկտ ու սուբյեկտ բացակայում է։ Գյուղացիները զանգվածաբար լքում են իրենց հողակտորները, հնարավորության դեպքում վաճառում դրանք, դառնում բատրակներ, գալիս են քաղաքներ կամ էլ լքում են հանրապետությունը։ 2007-2016թթ. առավել ցայտուն դրսևորում ստացան վարելահողերի մշակումից հրաժարվելու դեպքերը։ Հետևապես, խոշոր հողատիրության դեմ պայքարը, օրենսդրորեն և գործնականում մանր գյուղացիական տնտեսությունների խրախուսումը, վարելահողերի սեփականության նկատմամբ տվյալ համայնքի գյուղացիների առաջնային իրավունքների վերականգնումը գյուղում տնտեսական քաղաքականության առանցքային խնդիր է։

106. Մեծածախ շուկաների ստեղծում։ 1998թ. ՀՀ իշխանությունները հրաժարվեցին մեծածախ շուկաների ծրագրից։ Վերջինս Եվրոբանկի միջոցների հաշվին իրականացվող մի ծրագիր էր, որի համաձայն հանրապետության մի քանի վայրերում պետք է պետության մասնակցությամբ շուկաներ ստեղծվեին, ուր գյուղացին հնարավորություն կունենար իրացնելու արտադրած բարիքները։ Վերջերս խնդիր էր դարձել (և` է) ոչխարների արտահանումը. կառավարության ներկայացուցիչները փորձում են արդարանալ. ի՞նչ կարող ենք անել, եթե գյուղացիներն ինքնակամ վաճառում են իրենց ոչխարները օտարներին։ Եթե մեծածախ շուկաների ծրագիրը չձախողվեր, գյուղացիներն ու հանրապետությունը նման վիճակում չէին հայտնվի։ Այդ ժամանակ յուրաքանչյուր մթերքի գծով պահանջարկն ու առաջարկը կհավասարակշռվեին այն կետում, երբ կարտահանվեր միայն ավելցուկային արտադրանքը։ Այսպիսով, պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ շուկաների ծրագիրը անհետաձգելի խնդիր է։ Դրանց բացակայության պայմաններում գյուղացիները չեն կարողանում մրցակցել խոշոր տնտեսությունների հետ պետական գնումների հարցում։ Գյուղացիական մթերքների «դաշտային» ու մանրածախ գների միջև տարբերությունը ավելի քան 3 անգամ է, մեծածախ ու մանրածախ գների միջև եղած տարբերությունը` ավելի քան 2 անգամ։ Այսինքն, աղքատ գյուղը սուբսիդավորում է քաղաքը, գյուղացին չի կարող ունենալ ընդլայնված վերարտադրության ռեսուրսներ և արտադրության ապրանքայնության բավարար մակարդակ։

107. Գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնում։ 1999-2005թթ. իշխանություններն առանց իրենց հաշիվ տալու օտարեցին Երևանի կոլտնտեսային շուկաները։ Զավեշտալին այն է, որ դրանք երբեք պետական չէին էլ եղել։ Դրանք պատկանում էին կոլտնտեսություններին։ Պետությունը պետք է փոխեր դրանց կազմա-իրավական ձևը և ստեղծեր մանրածախ շուկաներ գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ։ Ի վերջո, այդ շուկաներն անցան գյուղի հետ կապ չունեցող մարդկանց ձեռքը։ Շուտով դա հանգեցրեց նրան, որ գյուղմթերքների մանրածախ գինը բարձրացավ, մեծածախը` ոչ։ Ներկայումս մթերքների ճնշող մեծամասնության նկատմամբ մեծածախ գինը կազմում է մանրածախի միայն 25-30%-ը։ Նման բան աշխարհում չկա։ Գյուղացու աշխատանքի 70-80%-ը հասնում է շուկաների տերերին։ Քաղաքներում գյուղացիական տնտեսությունների կողմից հիմնած շուկաների վերականգնումն ու նորերի բացումը գյուղատնտեսությունն այս ծանր վիճակից դուրս բերելու հիմնական ուղիներից է։

108. Ոռոգման, ագրոսերվիսի, գյուղմթերքների իրացման ու գյուղատնտեսական աշխատանքների ֆինանսավորման ոլորտներում գյուղատնտեսական փոխօգնության կոոպերատիվների ստեղծում: Գյուղատնտեսությունը հայտնվել է ծանրագույն իրավիճակում։ Հողային բարեփոխումներից հետո գյուղացու համար նոր ոչինչ չի արվել։ Գյուղատնտեսությունում իրերի վիճակը փրկելու համար անհրաժեշտ է լայնորեն ծավալել կոոպերացիան ու գյուղփոխօգնությունը` ստեղծելով կոոպերատիվներ ու փոխօգնության միավորներ (ՓԿ) ոռոգման, ագրոսերվիսի և գյուղմթերքների նախնական մշակման ու իրացման գործում։

109. Ոռոգման համակարգի բարեփոխում։ Մնալով իր հողի տերը գյուղացին, օրինակ, կստանա փայ ոռոգման համակարգից, որը կտրվի այդ համակարգը կառավարող գյուղացիական կոոպերատիվին։ Վերջինիս մասնակիցները պետք է լինեն միայն գյուղացիները, ում հողերը այդ համակարգից պետք է ոռոգվեն։ ՓԿ-ները կնշանակեն ոռոգման ջրի գինը։ ՓԿ-ի անդամ գյուղացիները աշխատանքային մասնակցություն հանդես կբերեն ոռոգման գործում։ Գյուղացին պետք է եկամուտ ստանա ինչպես իր հողից, այնպես էլ ոռոգման ՓԿ-ում մասնակցություն հադես բերելուց։

110. Փոխօգնության կոոպերատիվների տարածում։ ՓԿ-ներում օրենքով պետք է արգելվի գյուղացիական տնտեսություն չունեցող քաղաքացիների մասնակցությունը։ Ոռոգման համակարգերի կոոպերատիվներին բնորոշ մեխանիզմը պետք է կիրարկվի նաև արտադրանքի նախնական մշակման ու վաճառքի ագրոսպասարկման և փոխօգնության հիմնադրամների ստեղծման պարագայում։ Հանրապետությունով մեկ պետք է ստեղծվեն 1200-1500 նման ՓԿ-ներ, ուր իրենց աշխատանքային մասնակցությունը կբերեն մինչև 150000 գյուղացիական տնտեսություններ։ Այս խնդիրը կարելի լուծել 10 տարվա ընթացքում։ Արդեն 2017-2021թթ. ընթացքում գյուղացիական տնտեսությունների 50 տոկոսը ներգրավված կլինեն նման ՓԿՆ-երի մեջ:

111. Փոքր ու միջին, էլիտար ու էկոլոգիապես մաքուր մթերքներ արտադրող գյուղացիական տնտեսությունների գործունեության պետական աջակցություն։ Նշված միջոցառումները թույլ կտան նոր շունչ տալ փոքր գյուղացիական տնտեսություններին` հիմնված ընտանեկան ու փոխօգնության միջոցով ներգրավված աշխատանքային ռեսուրսների վրա։ Ի վերջո, գերակշռող կլինեն 5-10 հա (առավելագույնը) չափեր ունեցող և առավելապես ընտանեկան աշխատուժն ու փոխօգնությամբ մյուս գյուղացիների աշխատանքն օգտագործող տնտեսությունները։ Կարճ ժամկետում հանրապետության գյուղատնտեսությունը կարող է մասնագիտանալ էլիտար, էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրության և արտահանման գործում։

112. Գյուղացիների համար մասնագիտական պետական դասընթացների կազմակերպում։ Հանրապետությունում պետք է բացվեն տասնյակ դպրոցներ, ուր գյուղացիները պետության հաշվին կստանան հիմնական գյուղատնտեսական ու տնտեսագիտական գիտելիքներ։

113. Գյուղացիական տնտեսության վարկային պարտքերի դուրսգրում կամ մասնակի մարում։ Գյուղատնտեսական վարկերը Հայաստանում 2016թ. կազմել են եղել են ընդհանուր վարկային ներդրումների (2320 մլրդ դրամ) շուրջ 5%-ը։ Մինչդեռ գյուղատնտեսությունը կազմում է ՀՀ ՀՆԱ 19.9%-ը (2015թ.)։ Բանկերի վարկային պլատֆորմում դրանք գտնվում են 6-րդ տեղում` արդյունաբերության, շինարարական, առևտրային, սպառողական և հիպոթեքային վարկերից հետո։ Այսպիսով, լինելով տնտեսության 20%-ը գյուղատնտեսությունը սպառում է վարկերի սոսկ 5 տոկոսը։ Սա նշանակում է, որ գյուղատնտեսության վիճակը շարունակելու է վատանալ (այդպես արդեն պլանավորված է)։ Հետաքրքիր է այն փաստը, որ ժամկետանց վարկերի ամենաբարձր տեսակարար կշիռը հենց գյուղատնտեսական վարկերինն է։ Առանձնակի խնդիրներ կան ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ, որին բաժին է ընկնում գյուղատնտեսական վարկերի գրեթե կեսը։ Մենք գտնում ենք, որ գյուղատնտեսության վարկավորման խնդրին համակողմանի լուծում պետք է տալ։ Նախ, պետք է հրաժարվել ունիվերսալ բանկային համակարգից և անցնել մասնագիտացված համակարգի։ Երկրորդ` գյուղատնտեսական վարկերի գծով կարգավորման տնտեսական նորմատիվները պետք է ցածր լինեն, ինչը թույլ կտա մինչև 50% էժանացնել վարկերի տոկոսադրույքը։ Առավել ևս, որ դրանք փոքր ու սեպարատ վարկեր են և լուրջ ճգնաժամ, չվճարումների շղթա չեն կարող առաջացնել։ Երրորդ` ԿԲ-ը պետք է հետևի առևտրային բանկերի քաղաքականությանը. վարկի մնացորդի նկատմամբ պահանջները, վարկային քարտերի գները, գումարների կանխիկացման անտրամաբանական տոկոսները նույնիսկ կառավարության կողմից վարկերի սուբսիդավորման պարագայում անհնարին են դարձնում դրանց օգտակարությունը գյուղացիների համար։ Չորրորդ` առկա վարկային պարտքերի մարումը, որոնց մեծ մասը գոյացել է վարկատու բանկերի կողմից վաշխառուական անընդունելի պայմանների պատճառով, պետք է կատարվի հետևյալ սխեմայով. առ 01.03.2017 բոլոր վարկերի (74 մլրդ դրամ) տոկոսադրույքները սառեցվում են, գյուղացիները մարում են մայր գումարը առանց տոկոսի, տոկոսադրույքների մարումը կիսով չափ իր վրա է վերցնում ՀՀ կառավարությունը, իսկ մյուս կեսը դուրս է գրվում ի հաշիվ գյուղատնտեսական վարկերի նկատմամբ կիրառվող ցածրացված տնտեսական նորմատիվների։

114. Օրենսդրորեն կարգավորել հայկական կոնյակի նույնականացման հիմնախնդիրը։ Արգելել ներմուծված սպիրտների հաշվին հայկական կոնյակի ապրանքանշանի տակ շշալցումը, արտահանումն ու վաճառքը։ Ուժեղացնել տեղական խաղողի դերն ու նշանակությունը կոնյակագործության մեջ։

Պաշտպանության և բանակի վերակազմակերպում

115. Պարտադիր զինվորական ծառայությունը կմնա, սակայն զինվորները կստանան աշխատավարձ՝ ժողովրդական տնտեսության մեջ արձանագրված միջին աշխատավարձի չափով։ Գործընթացը կսկսվի 2018-ի գարնային զորակոչից և կավարտվի 2019-ի աշնանային զորակոչով։

116. Վճարովի հիմունքներով բանակում ծառայելու հնարավորություն կտրվի նաև կանանց ու աղջիկներին։ Այդ նպատակով կստեղծվեն հատուկ գնդեր։

117. ՀՀ և ԼՂՀ “հարևանների” հետ սահմանների երկարությամբ կստեղծվեն ռազմականացված բնակավայրեր։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները, սովորական քաղաքացիները (թե տղամարդիկ, թե կանայք) հնարավորություն կունենան համատեղության կարգով (պահպանելով հիմնական աշխատանքը) պարբերաբար զորահավաքների մասնակցել, զենք կրել, անհրաժեշտության դեպքում դիրքեր մեկնել։ Նրանք կստանան աշխատավարձ՝ ամսեկան 30 հազ. դրամ։

118. Ռազմականացված բնակավայրում ապրելն ու աշխատելը սահմանամերձ գյյուղերի բնակիչների, ինչպես նաև հարապետության այլ բնակավայրերից այստեղ տեղափոխված քաղաքացիների համար համարվում է զինվորական ծառայություն։ Ընդ որում ռազմականացված բնակավայրում 10 տարի ապրելն, աշխատելն ու ծառայելը հավասարեցվում է 2 տարվա զինվորական ծառայությանը, տալիս զինվորական թոշակ ստանալու հնարավորություն։

119. Ամբողջությամբ պետք է վերակառուցել ՀՀ զինված ուժերի սպառազինության դոկտրինը։ Հայաստանը պետք է զարգացնի ստրատեգիական զինատեսակներ։ Այլ պարագաներում մեր հակառակորդների հետ սովորական զենքերի մրցակցության մեջ մտնելն անիմաստ է։

120. ՀՀ Սահմանադրության մեջ կկատարվեն փոփոխությունններ։ Ըստ այդմ, բացի ընտրովի մարմիններից, պետական բարձրագույն պաշտոն ստանալու իրավունք կունենան միայն բանակում ծառայած քաղաքացիները (նկատի ունենք արական բնակչությունը)։

121. ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը պետք է դուրս բերել ՊՆ ենթակայությունից և փոխանցել Կառավարությանը։

122. Կվերակազմակերպվի գնումների համակարգը ՊՆ համար։ ՊՆ-ն ՀՀ ամենախոշոր սպառողն է։ Այս համակարգը կլանում է բյուջետային միջոցների 20%-ը։ Հետևաբար, նման ահռելի միջոցների ծախսը պետք է կազմակերպել այնպես, որպեսզի միաժամանակ այն խրախուսի տեղական արտադրությունը։ Հայ մայրերն ու աղջիկները պետք հնարավորություն ունենան արտադրելու հայկական բանակին անհրաժեշտ հագուստը, սպիտակեղենը, գյուղացիները պետք է ի վիճակի լինեն լուծելու բանակի պարենավորման խնդիրները և այդպես շարունակ։ Այստեղից, բանակի գնումները պետք է կազմակերպել այնպես, որ նշված ապրանքների ներքին գները համեմատվեն դրանց ներմուծման գների հետ՝ նկատի ունենալով այն, որ ներքին շուկայում կատարած գնումների արդյունքում բյուջեն եկամուտներ է ստանում, մարդիկ աշխատավարձ։ Նկատի ունենալով բանակի ֆինանսական շահերը, ներքին գնումներից ՊՆ-ն պետք է ստանա բյուջետային բոնուս։

Տնտեսության զարգացման ուղղությունները

123. Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքում կլինի ենթակառուցվածքների զարգացումը։ (1) 2017-2021թթ 3 մլրդ դոլարի ներդրումներ կարվեն ճանապարհային շինարարության մեջ։ Գումարները կներդրվեն “Հայաստան” սուվերեն ներդրումային հիմնադրամի (շուրջ 1,5 մլրդ դոլար, որից 500-ը ՀՀ կառավարության և ԿԲ կողմից), պետական վարկային միջոցների (300 մլն դոլար), երաշխիքների (600 մլն դոլար) և մասնավոր ներդրողների (600 մլն դոլար) կողմից։

124. Շարք կմտնեն (ամբողջությամբ ո մասնակիորեն) կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներ. Հյուսիս-Հարավ ճանապարհի Սիսիան-Մեղրի հատվածը (32 կամուրջով և 8 թունելով), կսկսվի Կիրանց-Ջուջևան և Իջևան-Նավուր թունելների շինարարությունը։

125. 2017-2021թթ կկառուցվի Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգիծը, ինչը թույլ կտա 300-500 կմ-ով կրճատել ՀՀ հիմնական կայարաններից դեպի Բաթումի երկաթուղային ճանապարհը, իսկ ԼՂՀ տանող նոր ճանապարհի գործարկմամբ Արցախի տնտեսվարող սուբյեկտները 160 կմ ավտոճանապարհից հետո ՀՀ և արտերկրի տատեսվարող սուբյեկտների հետ երկաթուղային կապ կստանան։

126. 2017-2018թթ կգործարկվի շուրջ 200 մեգավատ հզորության ոչ ավանդական (արև և քամի) էներգահզորություն։ Այս նպատակով կառավարության երաշխիքներով կներգրավվի շուրջ 400 լն դոլար։

127. 2018թ կսկսվի Հայկական ԱԷԿ-ի 600 մեգավատանոց էնարգաբլոկի շինարարությունը։

128. 2017-2021թթ կշարունակվի ՏՏ ոլորտի պետական օժանդակությունը՝ կերկարաձգվեն այս ոլորտի հարկային արտոնությունները, որոնք հանված են «նոր» հարկային օրենսգրքով։

129.Պետության արտահանման խրախուսման, հարկային արտոնոթյունների, արտադրանքի սուբսիդավորման քաղաքականությունը, նախևառաջ, ուղղված կլինի (ՏՏ ոլորտից բացի) դեղագործության, իննովացիոն տնաշինարարության, բարձր տեխնոլոգիական արտադրանքների, ռազմական տեխնիկայի, ոչ ավանդական էներգետիկայի բազային տարրերի, գյուղմթերքների ու սննդարդյունաբերության և այլն արտադրանքի արտադրությանն ու արտահանմանը։

Հայաստան-ԼՂՀ տնտեսական ինտեգրացիա

130.Հայաստան-ԼՂՀ տնտեսական ինտեգրացիան ուղղված կլինի համատեղ ձեռնարկությունների, արդյունաբերական, գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտներում կոոպերացիայի, արտադրանքի համատեղ մարկետինգի, գովազդի, վաճառքների ու լոգիստիկայի ստաղծմանը և իրականացմանը։

131.ՀՀ պետական պատվերի և պետական գնումների ծրագրերում ԼՂՀ տնտեսվարող սուբյեկտների համար պարտադիր քվոտա կսահմանվի։

132.Կրթական որոշ հաստատություններ (համալսարաններ, ԳԱԱ) իրենց գլխամասային գրասենյակները կտեղափոխեն ԼՂՀ։

133.Պետությունը կխրախուսի ներքին տուրիզմը՝ հատկապես կսուբսիդավորվեն աճող սերնդի տուրիստական ճամփորդությունները ՀՀ սահմանամերձ բնակավայրեր և ԼՂՀ։