«Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին կենսական և անփոխարինելի կարևորություն ունի»

1013

Հատվածներ Սերժ Սարգսյանի՝ Բանակի օրվա՝ Հայաստանի զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձից 

Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության վերականգնմանը զուգընթաց: Սակայն բանակի կազմավորումը սկսվել էր ավելի վաղ: Այն սկսվել էր ոչ թե վերևից, այլ ներքևից՝ ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերարթնացրին մեր պատմական հիշողությունը՝ կոտորածների և գաղթի ճանապարհների սահմռկեցուցիչ տեսարաններով: Տարերայնորեն ձևավորվող, բայց խորապես գիտակցված կամավորական շարժումը և կամավորների առաջին ջոկատները դարձան այն խարիսխը, որի վրա պիտի բարձրանար փառավոր ու հաղթական մի բռունցք՝ Հայկական բանակը:

Մենք որպես ազգ համախմբվեցինք: Այդպես վերջին անգամ համախմբվել էինք Սարդարապատում: Մեզ չվախեցրին հակառակորդի գերազանցող ռեսուրսները: Ավելին, այդ հանգամանքը մեզ ստիպեց լրջանալ, հավաքվել և կենտրոնանալ:

Մեր բանակը ձևավորվեց կռվի դաշտում: Իսկ թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մեջ:

Հիշեմ մի եղելություն. մարդը կռվում է զենքը ձեռքին իր տան պատերից ներս: Պատշգամբից նահանջում է խոհանոց, ապա, կռվելով, նահանջում է ճաշասենյակ, հետո նորից հետ է գրավում, ազատագրում իր խոհանոցն ու պատշգամբը: Սա փոխաբերություն չէ: Սա կոնկրետ օրինակ է Քարինտակի հերոսամարտից:

Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ: Սա է իրականությունը:

Մյուս կողմից՝ մենք կարիք ունեինք արհեստավարժ, փորձառու և ռազմարվեստին խորապես տիրապետող կադրային սպաների: Մեզ հաջողվեց անցնցում կերպով, ներդաշնակորեն միահյուսել զինվորականների մասնագիտական հմտություններն ու աշխարհազորի բարձր մարտական ոգին: Մենք գիտակցում էինք, որ ֆիդայությունը, իր ողջ հերոսականությամբ հանդերձ, այլևս հեռանկար չուներ: Եկել էր կանոնավոր բանակ ձևավորելու ժամանակը: Եվ Խորհրդային Միության ողջ տարածքից հայրենիքի կանչով վերադարձած զինվորականները իրականացրեցին այդ բարդ աշխատանքը:

Քառորդ դար առաջ, Վազգեն Սարգսյանի հրամանով մեր բանակը դարձավ պետական հաստատություն: Այդ օրվանից ի վեր մենք արդեն ինքնապաշտպանական պատերազմ էինք վարում պետականորեն: Այդ օրից սկսած գրվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր և փառավոր տարեգրությունը:

Այդ տարեգրության բազմաթիվ էջեր և հերոսներ արդեն իսկ դասագրքերում են: Ավելին, այդ տարեգրությունը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անքակտելի մասը: Այդ տարեգրությունը մեր արժանապատվությունն է, մարդկային ու ազգային ինքնասիրությունը, մեր ազատության վավերագիրը:

Բազմիցս շեշտել եմ, որ ռազմական որևէ գործողություն, առավել ևս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման: Ավելին, նոր պատերազմը կդառնա առանց այդ էլ բարդ խնդրի նոր, ծանր բաղկացուցիչ և ո՛չ խնդրի լուծում:

Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ:

Այդ իրադարձությունները նաև ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կենսական և անփոխարինելի կարևորություն ունի Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին: Մենք չենք պատրաստվում ևս մի տևական պատերազմ վարել մեր սեփական տան պատշգամբում և խոհանոցում: Մենք դա արդեն արել ենք:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/11/24/serzh-sargsyan-kiselev-interview-7-occupied-territories/

Սերժ Սարգսյանը պատրաստ էր և պատրաստ է վերադարձնել յոթ շրջան. ՍիվիլՆեթ