Ադրբեջանը, բանակցային գործընթացում հույսը կորցրած, վերադառնում է դիվերսիոն պատերազմի մեթոդներին

993

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում այսօր առավոտյան տեղի ունեցած դիվերսիոն փորձը կարող է նշանակել, որ Ադրբեջանը կրկին վերադառնում է դիվերսիոն պատերազմի մեթոդներին, ինչը կիրառել է հատկապես 2014-ի ամռանը: Այդ մասին «Հայ Ձայն»-ի թղցթակցի հետ զրույցում ասաց արցախյան պատերազմի թեմաներով գրող լրագրող Թաթուլ Հակոբյանը:

«Կարող ենք ասել, որ Արդբեջանը հույս չունենալով բանակցային գործընթացում իր համար ցանկալի տարբերակի հնարավորությանը հասնելու հարցում, կրկին փորձում է իրավիճակը սրել այս անգամ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- հավելեց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո ակտիվ դարձած փոխզիջումների մասին խոսակցություններին, Հակոբյանը նկատեց. «Ընդհանրապես, այսպիսի խոսք կա՝ խաղաղության մասին հիմնականում խոսում են պատերազմի օրերին: Խաղաղության մասին, իհարկե, պետք է միշտ խոսել, բայց այլ բան է, թե ինչքան է հնարավոր այդ խաղաղությունը բերել տարածաշրջան՝ Հայաստան, Ադրբեջան, Արցախ:

Մենք շատ ենք կենտրոնանում առաջին նախագահի ելույթի վրա, բայց մոռանում ենք նշել, որ ապրիլյան պատերազմից հետո սկսվեց դիվանագիտության ինտենսիվ փուլը, որ նախագահների մակարդակով Եվրոպայում և ՌԴ-ում տեղի ունեցան երկու կարևորագույն հանդիպումներ, որոնց ժամանակ խոսվում էր նոր հնարավորությունների մասին: Այսինքն՝ մենք կենտրոնանում ենք առաջին նախագահի քաղաքական տեքստի վրա, բայց իրականության մեջ չենք նշում, որ գործող նախագահն է հենց ներգրավված եղել խաղաղ բանակցություններում այն ժամանակ, երբ ապրիլյան պատերազմում զոհված տղաների քառասունքը չէր լրացել»:

Նրա խոսքով, այս պայմաններում հնարավոր չէ խոսել խաղաղության հասնելու մասին և դրա համար կան պատճառներ:

«Հայերն ու ադրբեջանցիները՝ հասարակ ժողովուրդները, կարծես թե պատրաստ չեն խաղաղության, Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն փոխզիջումներով արժանապատիվ խաղաղություն գտնելու և բացի այս ամենը, չկա որևէ շահագրգռություն միջազգային խաղացողների՝ ՌԴ, ԱՄՆ և Եվրոպա, կողմից այս խնդիրը լուծելու հարցում: Այնպես որ, այս երեք հարթություններում որևէ մերձեցում չի երևում, որ մենք կարողանանք խոսել խաղաղության մասին»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հրապարակման աղբյուրը՝ այստեղ