Գյուլխանդանյան, Սևր, Ալեքսանդրապոլ. նահանգապետ Ղորղանյանի հուշերից

1880

Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը առաջին անգամ բոլորովին վերջերս հրատարակել է Մոդուս Վիվենդի կենտրոնը՝ աշխատասիրությամբ Վլադիմիր Հարությունյանի («Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր», «Մոդուս Վիվենդի», 2016): Առաջիկայում ԱՆԻ կենտրոնը կներկայացնի որոշ հատվածներ՝ այն վերածելով աբեղյանական ուղղագրության, օգտագործված ռուսաբանությունների փոխարեն դնելով հայերեն համարժեքը: Ղորղանյանը Ալեքսանդր Խատիսյանի պատվիրակության կազմում մասնակցել է 1920 թվականի Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններին, որոնք ավարտվեցին կամ կիսավարտ մնացին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդրապոլի դաշնագրի ստորագրումով:

_____________________________

Նախորդ հատվածը կարդալ այստեղ

Կոնֆերանսը բացվեց նոյեմբերի 26-ին ժամը 4-ին, մեր բնակարանի դահլիճում: Թուրքական պատվիրակության կազմում էին պատվիրակության նախագահ Քյազիմ Կարաբեքիրը, Էրզրումի նահանգապետ Համիդ բեյը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մի անդամ:

Երբ կոնֆերանսի անդամները բռնեցին իրենց տեղերը, թուրք հրամանատարը և Ալեքսանդր Խատիսյանը նստում էին դեմ դիմաց, իրենց աջ և ձախ կողմերում ունենալով իրենց պատգամավորության անդամներին, Անկարայի ներկայացուցիչը  ֆրանսերենով ողջունեց հայկական պատվիրակությանը և կոնֆերանսին հաջողություն մաղթելով, խնդրեց նախագահ ընտրել: Նրան պատասխանեց, նույնպես ֆրանսերեն, Խատիսյանը…

Շոպենի գուրգուրալից վալսի ալիքները  հմայեցին մթնոլորտը… Նվագախումբը կատարեց ինտերնացիոնալը, և երաժշտապետը հանդարտ պատիվ տվեց առ կոնֆերանսի դահլիճը և հեռացավ:

Խորհրդակցությունը այդ օրը զբաղվեց միայն հավատարմաթղթերի ստույգությամբ, և նախագահը փակելով նիստը, խնդրեց մյուս օրը, ժամը 10-ին, վերսկսել կոնֆերանսը:

Մյուս օրը նիստը բացվեց նշանակված ժամին: Նախագահը, լուրջ և վճռական տոնով, ասաց.

-Համաձայն Թուրքիայի Ազգային ժողովից մեր ստացած հրահանգի, մենք կոնֆերանսի հետագա աշխատանքները պայմանավորում ենք հետևյալ պահանջով՝ հայկական պատվիրակությունը պարտավոր է վաղը, մինչև ժամը 12, գրավոր հայտարարություն ներկայացնել կոնֆերանսին, որ այն, ի դիմաց հայկական կառավարության, հրաժարվում է Սևրի դաշնագրից՝ Հայկական խնդրի մասին Թուրքիայի հետ բանակցելով Անտանտից և նրա որոշումը արտահայտող Սևրի դաշնագրից անջատ:

Բավարարելով մեր այդ պահանջը, ավելացրեց Կարաբեքիրը, մենք կարող ենք խոսել հաշտության մասին, [այլապես] ես ստիպված կլինեմ խախտել զինադադարը…

Մի քանի րոպե տիրեց շատ հասկանալի ներքին խռովություն, և բոլորը ջղայնալից լուռ էին: Ապա Խատիսյանը մի ընդարձակ ճառով առարկեց, որ հայկական կառավարությունը, իր պատվիրակությունը ուղարկելով Թուրքիայի ազգային մեծ ժողովի հրամանատարության հետ բանակցելու և հաշտություն կնքելու համար, ինքնըստինքյան անտես էր առնում Սևրի դաշնագիրը, և մենք, զինադադարից հետո բարեկամական հաշտություն կնքելով Թուրքիայի հետ, բնականաբար, չէինք կարող հաշվի առնել Սևրի դաշնագիրը և միայ անջատ նրանից կարող ենք հանգել բարեկամական համաձայնության…

Թուրքերի հրամանատարը պատասխանեց, որ թուրքերը միանգամայն հավատում էին մեր անկեղծ ցանկությանը՝ հաշտվել առանց միջնորդի, Սևրից անջատ, բայց և այնպես Անկարայի ներկայացուցիչը պարտավոր է կատարել նրան տված հրահանգը, և Քյազիմ Կարաբեքիրը շատ է ցավում, որ իր այդ նախնական պահանջը, իրենից անկախ միտումներով, կրում է վերջնագրի բնույթ…

Այդ հայտարարությունից հետո նախագահը փակեց ժողովը և ավելացրեց, որ նա այդ առիթով կսպասի հայկական պատվիրակության գրավոր հայտարարությանը մինչև վաղվա ժամը 12 և հետո միայն կորոշիհետևյալ նիստի ժամանակամիջոցը:

ՀԱԱ, ֆ. 477, ց. 1, գ. 13, թթ. 1-2, բնագիր, ձեռագիր, «Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր», «Մոդուս Վիվենդի», 2016, էջ 423-424:

Էքսպանսիվ Աբրահամ Գյուլխանդանյանը դարձյալ բողոքում էր մեր չափավոր քաղաքականության դեմ: Նա պահանջում էր Հայաստանը այն սահմաններում, որ պետք է գծեր նախագահ Վիլսոնը: Խոսում էր Կիլիկիայի, Միջերկրական ծովի մասին… Երբ խորհրդակցության անդամներից մեկը նկատեց, որ ոչ միայն Միջերկրական ծով, այլև Մուշ մենք ստիպված չենք պահանջել, Գյուլխանդանյանը միանգամից հուզվեց և մոտենալով քարտեզին՝ ինքնամոռաց սկսեց խոսել Մշո դաշտի մասին, տալիս էր «Արծիվ Վասպուրականի» անունը, կոչ էր անում Մշո սուլթան սուրբ Կարապետին…

Մենք գծեցինք մեր պահանջած Հայաստանի հետևյալ քարտեզը՝ Երևանի և Կարսի նահանգները, Վանի վիլայեթը, Ալաշկերտ և ելք դեպի Սև ծով՝ Ռիզայի և Բաթումի միջև: Այդ քարտեզին մենք գրավոր կցեցինք հուշագիր և անհրաժեշտ վիճակագրական տվյալներ: Այդ հուշագրի մեջ մենք նորից ընդգծեցինք, որ մենք էֆիմիր պահանջներից շատ հեռու ենք, մենք կցանկանայինք ունենալ այնպիսի մի տարածք, որը կարող կլիներ պարփակել այսօրցիրուցան եղած հայ ժողովուրդը և որտեղ նա հնարավորություն կունենար զարգացնելու իր տնտեսական և քաղաքակրթական պահանջները: Եվ այդ միտումներով, ասված էր մեր հուշագրի վերջում, մենք պահանջում ենք և ելք դեպի ծով:

ՀԱԱ, ֆ. 477, ց. 1, գ. 12, թթ. 1-48, բնագիր, ձեռագիր, «Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր», «Մոդուս Վիվենդի», 2016, էջ 400-402:

Ծայրահեղ ջղայնացում արտահայտեց այդ խորհրդածության տասնհինգ ժամվա ընթացքում պատվիրակության անդամ Աբրահամ Գյուլխանդանյան: Նա անընդհատ ծխում էր ջցայնալից, անդադար շրջում սենյակում: Նա ոչ միայն դիմում էր մեզ, իր բացատրությունները տալիս, նա խոսում էր ինքը իր հետ և երբեմն զառանցում…

Եռանդուն քայլելով սենյակում՝ նա կանգ էր առնում մեր պատմության զանազան շերտավորումներում և դառնալով Սևրին, Գյուլխանդանյանը բռունցքալից բողոքում էր և հառաչում…

Ես մեծ ուշադրությամբ դիտում էի Դաշնակցության այդ ցայտուն ներկայացուցչին և շատ լավ հասկանում էի, թե ինչու այդ վաստակավոր հայրենասերը այդչափ կրքոտ և այդչափ ջերմ անդրադառնում է իր մեջ այս պատմական պահը: Եվ իմ առաջ կանգնում է մեր ամբողջ ազատագրությունը: Իսրայել Օրի, Խամսայի Մելիքություններ, Դավիթ Բեկ, Ներսես 5-րդ, Հայոց Հայրիկը, Գրիգոր Արծրունի և վերջապես մրրկահույզ Դաշնակցությունը մեր ազատագրության այն մեծ օղակներն են, որ բերել, հասցրել են մեր դատը մինչև այսօր: Իսկ Դաշնակցությունը, վերջին 30 տարվա ընթացքում տիրելով կռվի հրապարակը, արտոնված էր պաշտպանելու մեր ազգային գաղափարը: Բոլոր հաշիվները մի կողմ թողած, մենք պետք է խոստովանենք, որ Դաշնակցությանը վիճակ էր ընկել դեմք ու կերպարանք տալ Հայկական խնդրին և Դաշնակցության ձեռքից էինք մենք ստանում այն ժառանգությունը, որ այսօր հայոց հանրապետության անունն էր կրում:

Եվ երբ Գյուլխանդանյանը, որ Դաշնակցության շարքերում մեկն էր նրա անկեղծ մոլեռանդներից, չէր կարող, իհարկե, երես դարձնել Սևրից, որի ճանապարհին Դաշնակցությունը այնքան մարտնչել ու այնչափ արյուն է թափել:

ՀԱԱ, ֆ. 477, ց. 1, գ. 14, թթ. 1-45, բնագիր, ձեռագիր, «Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր», «Մոդուս Վիվենդի», 2016, էջ 403-404: