Վարչապետ Խատիսյանի կոթողային հատորը փնտրում է մեկենասի

1428

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստել Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը կոթողային աշխատությունը:

Խատիսյանը եղել է 20-րդ դարի առաջին տասնամյակների ամենանշանավոր հայերից, զբաղեցրել է Թիֆլիսի և Ալեքսանդրապոլի քաղաքապետների պաշտոնը, 1918-ի հունիսի 4-ին Հովհաննես Քաջազնունու և Միքայել Պապաջանյանի հետ ստորագրել Բաթումի Հաշտության դաշնագիրը Օսմանյան կայսերական կառավարության ներկայացուցիչների հետ, որով Օսմանյան Թուրքիան դարձավ առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, առաջին վարչապետ Քաջազնունու կառավարությունում զբաղեցրել արտգործնախարարի աթոռը, ապա և փոխարինել Քաջանունուն՝ վարչապետի՝ երկրի առաջնորդի պաշտոնում:

Առաջին Հանրապետության շրջանում դժվար է նշել մեկ այլ հայ պաշտոնյայի, պետական գործչի, ով այնքան շատ ներկա եղած լինի հայ ժողովրդի համար ճակատագրական քննարկումների, բանակցած ու ստորագրած լինի այնքան կարևոր փաստաթղթեր:

Խատիսյանը 1918-ի գարնանը մասնակցել է Տրապիզոնի բանակցություններին, ամռանը և աշնանը եղել է Հայաստանի այն պատվիրակության կազմում, որը Պոլսում բանակցել է Էնվերի ու Թալեաթի հետ, իսկ 1920-ի նոյեմբեր-դեկտեմբերին՝ Քյազիմ Կարաբեքիրի հետ ստորագրել Ալեքսանդրապոլի դաշնագիրը: Այս ու բազմաթիվ այլ հետաքրքրական իրադարձությունների մասին գրում է ինքը՝ Խատիսյանը, գրում է ամենայն անկեղծությամբ ու սառնասրտությամբ:

Խատիսյանի Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը հաստափոր հատորը նախ մաս-մաս տպագրվել է Բոստոնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրում, ապա առաջին անգամ լույս տեսել Աթենքում 1930-ին՝ դասական ուղղագրությամբ և արևմտահայերենով:

Այդ հատորի առաջաբանում Խատիսյանը գրում է. “Իմ գրուածքը, որ առաջին անգամ տպուեցաւ Հայրենիք ամսագրի մէջ, պատմութիւն չէ անշուշտ, այլ՝ պատմական նիւթ, յուշերու ձեւով: Եւ հասկնալի է, որ իմ գրութեան մէջ տեղ գտած են գերազանցապէս այն դէպքերն ու դէմքերը, որոնց հետ շփման մէջ եմ եղած ես, ինչպէս նաեւ յայտնուած են կարծիքներ, որոնց միակ պատասխանատու ես եմ անհատաբար: Տարօրինակ չպէտք է թւայ նոյնպէս եւ այն, որ իրերու բերումով կամ պատահաբար, այս կամ այն փաստերն ու փաստաթուղթերը չեն արձանագրուած: Իմ դերը եղած է գրի առնել իմ՝ իբրեւ քաղաքական գործիչի մի յուշերը՝ յիշատակելով միաժամանակ յարակից դէպքերը: Աւելին՝ գործն է պատմաբանի”:

ԱՆԻ կենտրոնը այս արժեքավոր հատորը վերածել է արևելահայերնի և աբեղյանական ուղղագրության ու, այդպիսով՝ Խատիսյանի գիրքը առաջին անգամ կտպագրվի Հայաստանում, առաջին անգամ՝ արևելահայերենով:

Նրանք, ովքեր ցանկանում են մեկենաս դառնալ այս կարևոր հատորի հրատարակության, կարող են դիմել մեզ: Այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք կցանկանան ֆինանսապես աջակցել Խատիսյանի հատորի վերահրատարակության տպագրական ծախսերին, կարող են գրել հետևյալ հասցեներով՝aniarcf@gmail.com, info@aniarc.am:

Դուք կարող եք Խատիսյանի կոթողայի այս հատորի վերահրատարակությունը նվիրել Ձեզ համար նվիրական մարդու հիշատակին: Այդ մասին պատշաճ կերպով կգրվի գրքի սկզբնահատվածում:

Խատիսյանի Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը հաստափոր հատորը արևմտահայերենից/դասական ուղղագրությունից՝ աբեղյանական ուղղագրության/արևելահայերեն է վերածել լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարում՝ Սարիղամիշի երկաթուղային կայարանում հայկական զորքը պատիվ է տալիս Խատիսյանին և Նազարբեկյանին