Ադրբեջանից սնվող ԵԽԽՎ պատգամավորների մասին նոր զեկույց

1202

«Կայունության եվրոպական նախաձեռնությունը» (European Stability Initiative) դեկտեմբերի 17-ին հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն» իր հետաքննության երկրորդ մասը, որը կոչվում է «Եվրոպական ճահիճ»։ Զեկույցում շարունակում են բացահայտվել Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն այն սխեմաները, որոնցում ներգրավված են եվրոպացի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Առաջին զեկույցը հրապարակվել էր 2012թ․ և կրում էր «Խավիարային դիվանագիտություն․ ինչպես է Ադրբեջանը լռեցրել Եվրոպայի Խորհրդին» խորագիրը, որը, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, ահազանգ էր և որի արդյունքում շրջանառության մեջ էր դրվել «խավիարային դիվանագիտություն» ձևակերպումը։

Հեղինակները նշում են, որ զեկույցի շարունակության մեջ չորս տարի անց «ավելի ուշադիր զննության է ենթարկվում կոռուպցիոն ճահճի մեջ Եվրոպայի խորհրդի ընկղմումը»։

«Այս անգամ մենք հրապարակում ենք Խորհրդարանական վեհաժողովի՝ կաշառքներ բաժանած անդամների անունները, որոնց թվում Էլխան Սուլեյմանովն է՝ Ստրասբուրգում այս քաղաքականության ղեկավարը։ Մենք մանրամասն նկարագրում ենք, թե ինչպես է պատգամավորների կոռումպացվածությունը առաջընթաց ապրել՝ սկսած թանկարժեք նվերներով նախնական այցելություններից, որոնց նպատակն էր շոշափել շահառուների տրամադրվածությունը, մինչև երկարաժամկետ՝ հսկայական գումարների հասնող գործարքներ»,- ասված է նոր զեկույցում։

Բաքվի շահերի լոբբիստների թվում նշվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի անունը, որն Իտալիայի դատախազության կողմից պատասխանատվության է ենթարկվել։ Լուկա Վոլոնտեն, համագործակցելով քննության հետ, մատնանշել է Ադրբեջանից գումարներ ստացած եվրոպացի մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին։

Ըստ հետաքննության՝ Վոլոնտեն հրապարակայնորեն ընդունել է, որ ստացել է 2,3 մլն եվրո ԵԽԽՎ-ի մյուս անդամներից, և այս փոխանցումները սկսվել են Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ կարևոր քվեարկության նախաշեմին։

Հարցաքննությունների ժամանակ Լուկա Վոլոնտեն հաստատել է, որ տարբեր երկրներում իր հաշիվներին Ադրբեջանից փոխանցվել են հետևյալ գումարները․

17 դեկտեմբերի  2012 – 100,000 եվրո,

27 դեկտեմբերի  –  220,000 եվրո,

19 մարտի, 2013 – 180,000 եվրո,

10 հուլիսի –  31 դեկտեմբերի –  630,000 եվրո,

23 հունվարի – 31 դեկտեմբերի, 2014 – 1,260,000 եվրո։

Վերոհիշյալ գումարներով կաշառվել են Եվրոպայի տարբեր երկրներից պատգամավորներ, որոնք դեմ են քվեարկել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող ԵԽ բանաձևերին և զեկույցներին, մասնավորապես, հենց այդ արշավի արդյունքում է ձախողվել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Քրիստոֆ Շտրասերի զեկույցը։

Ստելլա Մեհրաբեկյան

ՍիվիլՆեթ