Տեղական, սփյուռքյան և միջազգային դիտորդները՝ 2017-ի ընտրություններում

1276

Ընտրությունները` ժողովրդավարության հենք

Արմեն Գրիգորյան, Քաղաքագետ, ԹԻՀԿ-ի ընտրական ծրագրերի համակարգող

Ազատ և արդար ընտրությունների կազմակերպումն ավելի կարևոր է, քան ընտրությունների արդյունքները: 

Ֆաթոս Նանո

Ընտրությունները ժողովրդավարության ամենակարևոր և առանցքային ինստիտուտն են, առանց որոնց ցանկացած ժողովրդավարություն չի կարող գործել և գոյություն ունենալ: Այդ իսկ պատճառով ցանկացած պետության ժողովրդավարացման ամենակարևոր նախապայմանն ընտրական համակարգի կայացումն է: Ազատ և արդար ընտրությունները կենսունակ ժողովրդավարության հիմնական նախապայմանն են: Ժողովրդավարություն բառացիորեն նշանակում է ժողովրդի իշխանություն, ով իր իշխանությունն իրականացնում է հենց ընտրությունների միջոցով: Ժողովրդի իշխանության իրականացման մնացած գործիքներն ածանցյալ են ընտրություններին:

Այսօր աշխարհի տարբեր մասերում ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրների կարևոր մարտահրավերներից մեկը կեղծված ընտրություններն են: Հայաստանը ևս ունի այդ խնդիրը, դեռ ավելին՝ դա ժողովրդավարացման հիմնական խոչընդոտն է:

1995թ. Ազգային ժողովի ընտրություններից սկսած Հայաստանի բոլոր համապետական ընտրությունների արդյունքները կասկածի տակ են դրվել լայնամասշտաբ կեղծիքների պատճառով: 20 տարուց ավելի ժողովուրդը հնարավորություն չի ունեցել ձևավորել իր իշխանությունը:

Հայաստանի զարգացման համար այսօր լուրջ նախապայման է ժողովրդավարացման խնդիրը: Վերջինիս առջև ծառացած անվտանգության, տնտեսական զարգացման, աղքատության կրճատման և այլ խնդիրների լուծման ամենաարդյունավետ համակարգը ժողովրդավարական մոդելն է: Օրինակ, անվտանգության ապահովման ամբողջ գործընթացին երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը մասնակցում է, և կարևոր է, որ իշխանությունը ձևավորված լինի բնակչության կողմից, որն էլ պատասխանատվություն կունենա քաղաքացիների նկատմամբ: Քաղաքացիների խնդիրների նկատմամբ պատասխանատու և բնակչության մեծամասնության կամքի ազատ արտահայտման միջոցով ձևավորված իշխանությունը հավասարապես կարևոր է նաև տնտեսական զարգացման և աղքատության հարցերում:

Հենց դա է պատճառը, որ ազատ և արդար ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և երկարաժամկետ զարգացման համար ինստիտուցիոնալ հիմքի ստեղծման հարցում:

Հայաստանում ընտրական համակարգի կայացման վրա մի շարք գործոններ են ազդում, որոնցից կարևոր դեր ունի միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների գործունեությունը: Հայաստանի ընտրություններում միջազգային դիտորդական առաքելություններից կարևոր դերակատարություն ունի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, որը Հայաստանում դիտորդական առաքելություն է իրականացնում՝ սկսած 1996թ. նախագահական ընտրություններից (Armenia, Presidential Election, 22 September 1996: Final Report): Չնայած մասնագետներն ակադեմիական ոլորտում միջազգային դիտորդության ազդեցությունը հաճախ ցածր են գնահատում, սակայն կա մասնագետների մի ստվար զանգված, ով կարծում է, որ միջազգային դիտորդական առաքելություններն ազդում են ընտրախախտումների դինամիկայի վրա` նվազեցնելով այն: Նրանց մասնակցությունն ընտրական գործընթացին 20-րդ դարի վերջում միջազգային սովորութային նորմ է դարձել: Միջազգային դիտորդներ հրավիրելու առաջին փորձերից մեկը կատարել է Կուբայի բռնապետ Ֆուլգենսիո Բատիստան, ով միջազգային հանրության լեգիտիմ աջակցությունը ստանալու նպատակով 1958թ. ընտրություններին հրավիրել է միջազգային դիտորդների, սակայն միջազգային կազմակերպությունները հրաժարվել են մասնակցել, իսկ այդ ընտրությունների արդյունքում Բատիստան հրաժարական է տվել ու հեռացել երկրից, որի արդյունքում Ֆիդել Կաստրոն եկել է իշխանության (Kelley 2012):

Ներկայիս աշխարհակարգի պայմաններում, որտեղ առաջատար պետություններն արևմտյան ժողովրդավարական պետություններն են, ժողովրդավարության տարածումը դարձել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն: Հենց դա է պատճառը, որ պետություններն աշխատում են միջազգային դիտորդներ հրավիրել Արևմտյան երկրների կողմից ընտրությունների լեգիտիմության ճանաչման համար: Անգամ բռնապետներն են դիմում նման պրակտիկայի: 1990-2006թթ. բոլոր ընտրություններում, որոնց արդյունքում (չհաշված ժողովրդավարական երկրները) փոխվել է երկրի ղեկավարը կամ գործող իշխանությունը, դրանց 75 տոկոսը դիտարկվել է միջազգային դիտորդների կողմից (215-ից 161-ը): Այն ընտրությունների 70 տոկոսում, որտեղ ձայների հաշվարկը հանգեցրել է ընդդիմության հաջողության, ներկա են եղել միջազգային դիտորդներ (368-ից 258-ում) (Kelley 2012):

Միջազգային դիտորդական առաքելությունը մեծ դերակատարություն ունի ընտրական համակարգի կայացման համար, սակայն այն միևնույն ազդեցությունը չի ունենում բոլոր երկրներում: Վերջին շրջանում տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների գործունեությունները սկսել են փոխլրացնել միմյանց: Տեղական դիտորդների պահանջները վերածվել են նաև միջազգային դիտորդների պահանջների և լուծում ստացել: Օրինակ, Հայաստանում ընտրության մասնակիցների ստորագրած ցուցակների հրապարակման պահանջն օրենսդրական լուծում ստացավ, ինչպես նաև օրենքից հանվեց ԿԸՀ-ին ստուգարք հանձնելու՝ տեղական դիտորդներին ներկայացվող  պահանջը:

Հայաստանում տեղական դիտորդական առաքելությունները հիմնականում սկսել են ձևավորվել 2000-ականներին: Ինչպես հետխորհրդային երկրներում, Հայաստանում ևս կեղծ տեղական դիտորդական առաքելություններ են եղել, որոնց ազդեցությունը ժամանակի ընթացքում սկսել է նվազել, քանի որ իրական դիտորդական առաքելությունների ազդեցությունը ստվերել է նրանց գործունեությունը:

2007թ-ից սկսած բազմաթիվ հասարակական կազմակերպություններ տեղական դիտորդական առաքելություն են իրականացնում: 2007թ. ԱԺ-ի ընտրությունների ընթացքում 53 կազմակերպություն 13.798 դիտորդներով ընտրական գործընթացի վերահսկողություն են իրականացրել, իսկ 2012թ. ԱԺ-ի ընտրություններին եղել են 53 տեղական կազմակերպություններ՝ 31.451 դիտորդներով: 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել 39 կազմակերպություն՝ 15.103 դիտորդներով, իսկ 2013թ. նախագահական ընտրություններին՝ 26 կազմակերպություն՝ 6.251 դիտորդներով: 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին որպես դիտորդ հավատարմագրվել է 18 կազմակերպություն՝ 2.789 դիտորդներով (Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաձողով): Սակայն հանրությունը նրանց դիտորդական գործունեության մասին  հաճախ տեղեկություն չի ունեցել: Տեղական կազմակերպություններից շատերն առանց հաշվետվություն ներկայացնելու կեղծ դիտորդություն են իրականացրել:

Տեղական դիտորդական առաքելության ֆենոմենը 20-րդ դարի վերջին ժողովրդավարացման գործընթաց անցնող երկրների առանձնահատկությունն է: Արևմտյան ժողովրդավարությունները նման գործընթաց չեն անցել: Այսօր անցումային երկրներում դիտորդական առաքելություններն ազդեցություն են ունենում ընտրական համակարգի կայացման վրա: Ճիշտ է՝ դիտորդական առաքելություններն ընտրական համակարգի բոլոր խնդիրները չեն կարող լուծել, սակայն նրանց մասնակցությունը գործընթացին զգալի ազդեցություն է ունենում:

Այսպես, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության՝ սահմանադրական հանրաքվեի դիտարկումները ցույց են տալիս, որ դիտորդները զգալի ազդեցություն են ունեցել 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը: «Քաղաքացի դիտորդը» ներկայացուցիչներ է ունեցել 1.998 ընտրատեղամասերից 526-ում, որոնք բաշխված են եղել ՀՀ բոլոր մարզերում: Կարելի է համադրել քվեարկության պատկերը դիտորդների կողմից դիտարկված և  առանց դիտարկման տեղամասերում՝ ըստ ստորև բերված աղյուսակների (Դիտորդների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա):

Նկար 1.

Նկար 2.

Այն տեղամասերում, որտեղ չեն եղել դիտորդներ, մասնակցությունն ընդհանուր առմամբ 5%-ով բարձր է եղել, միևնույն ժամանակ «այո»-ի քվեները շատ են եղել 7%-ով, իսկ «ոչ»-ի քվեները քիչ՝ 6,5%-ով՝ ի հակադրություն դիտորդներով տեղամասերի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիտարկված և առանց դիտարկման տեղամասերը հավասար են բաշխված եղել հանրապետության ողջ տարածքում՝ կարելի է պնդել, որ տարբերությունը կարող է բացատրվել բացառապես դիտորդների կողմից վերահսկվող տեղամասերում խախտումների կանխարգելմամբ և առանց վերահսկողության տեղամասերում խախտումների առավել առատությամբ (Դիտորդների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա):

Ստորև նշված երկսապատ հիստոգրամները ևս ցույց են տալիս դիտորդների ազդեցությունն ընտրական գործընթացի վրա:

Երկսապատ հիստոգրամ 1.

Երկսապատ հիստոգրամ 2.

 

Այն տեղամասերում, որտեղ եղել են դիտորդներ, «այո»-ի քվեների ամենահավանական արդյունքը եղել է 30%-ի մոտ, իսկ այն տեղամասերում, որտեղ չեն եղել դիտորդներ՝ 80%-ի մոտ (Դիտորդների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա):

Այս երկու երկսապատ հիստոգրամները ցույց են տալիս, որ դիտորդների բացակայության դեպքում համատարած ընտրակեղծարարություն է եղել: Եթե հնարավոր լիներ ապահովել դիտորդների առկայություն բոլոր ընտրատեղամասերում, ընտրությունների արդյունքը լրիվ այլ կլիներ: Դիտորդների վերահսկողությունը կարևոր ազդեցություն է ունենում ընտրակեղծիքների կանխման և թափանցիկ ընտրական համակարգի կայացման վրա:

Տեղական դիտորդական առաքելությունները կարևորվում են նաև նրանով, որ միջազգային դիտորդական առաքելությունները հաճախ հիմնվում են տեղական դիտորդական կազմակերպությունների աշխատանքի վրա: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ տեղական դիտորդների աշխատանքի և հաղորդած ընտրախախտումների հիման վրա իրենց հայտարարություններն են տարածել ԱՄՆ-ի և Եվրոպական Միության դեսպանատները:

ԱՄՆ-ի դեսպանատունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված իր հայտարարությունում նշել է. «Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ» (Դեսպանատան Նորություններ 2015 | ԱՄՆ դեսպանություն): ԵՄ-ի պատվիրակությունը Երևանում նշել է. «Մենք միաժամանակ ի գիտություն ենք ընդունում մի շարք ընդդիմադիր քաղաքական առաջնորդների և անկախ դիտորդների մտահոգություններն ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ և լիարժեք քննություն» (ԵՄ տեղական հայտարարությունը Հայաստանում դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ): ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, որն ընտրություններում որոշակի առաջընթացի մասին իր վերջնական զեկույցում հաճախ նշում է, այս անգամ չի խոսել ու հիմնականում բարձրաձայնել է խնդիրների մասին, որոնք վերաբերում են նաև դիտորդական առաքելության կողմից բարձրացված հարցերին (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանրաքվեի մասին վերջնական զեկույց է հրապարակել):

Դիտորդական առաքելության հաջողված փորձը կարևոր ազդեցություն է ունեցել նաև ընտրական օրենսդրության փոփոխությունների վրա: Մասնավորապես, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ կազմակերպությունները սկսեցին ակտիվորեն մասնակցել և ազդեցություն ունենալ ընտրական օրենսգրքի մշակման գործընթացի վրա: Նոր ընտրական օրենսգրքի մշակումը մի շարք խնդիրներ է ունեցել, որի մասին մանրամասն հայտարարությամբ հանդես է եկել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (Կարծիք ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի դրույթների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ):

Դիտորդական առաքելության անդամ կազմակերպությունները նաև  մասնակցում էին օրենքի մշակման շուրջ ընթացող «4+4+4» բանակցությունների ֆորմատին, որտեղ իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը սկսեցին բանակցել նոր ընտրական օրենսգրքի դրույթների շուրջ (Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով առաջին քննարկման օրը հայտնի է):

Իշխանության կողմից առաջարկված ընտրական օրենսգրքի նախագիծը մի շարք հետընթացներ էր պարունակում: Դրանք նաև պայմանավորված էին դիտորդական առաքելության գրանցած արդյունքներով: Ընտրակեղծիքների կատարման գործում դիտորդների կողմից սահմանափակումների հանդիպելուց հետո իշխանությունը որոշեց դժվարացնել դիտորդական առաքելությունների աշխատանքը:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ԶԼՄ-ների կողմից ընտրությունները լուսաբանելու համար օրենսգրքով սահմանվել է ԶԼՄ-ի հավատարմագրման ինստիտուտը: Ըստ ընտրական օրենսգրքի՝ դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների քանակը սահմանափակվում է ընտրատեղամասում: Ընտրական հանձնաժողովի ձայների 2/3-ով կայացված որոշմամբ նրանց թիվը կարող է լինել 15: Հանձնաժողովի 2/3-ի համաձայնության դեպքում դիտորդը կամ ԶԼՄ ներկայացուցիչը կարող է դուրս հանվել ընտրատեղամասից: Նոր օրենսգիրքը դիտորդին այլևս իրավունք չի տալիս ընտրախախտումը վերացնելու պահանջ կամ առաջարկություն ներկայացնել հանձնաժողովի նախագահին, նրա ուշադրությունը հրավիրել խախտումների վրա, ինչպես նաև հարցեր տալ (Հայտարարություն ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծում տեղական դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության սահմանափակումների վերաբերյալ):

Սակայն ընտրական օրենսգրքում եղել է նաև առաջընթաց՝ կապված դիտորդների կողմից հանձնվող ստուգարքների հետ: Հավատարմագրվելու համար դիտորդներն այլևս չեն հանձնի ԿԸՀ-ի կողմից պահանջվող քննությունը: Ընդդիմության և քաղաքացիական հասարակության գլխավոր պահանջ հանդիսացող քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը ևս օրենսդրական նորմ է դարձել, սակայն քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել այն քաղաքացին, ով այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ ահազանգ կհնչեցնի: Վերջինս ոչ միայն  հետընթացի տարրեր է պարունակում, այլև պատժի սպառնալիքով ստիպելու է մարդկանց լռել և ձեռնպահ մնալ ուրիշի փոխարեն քվեարկության մասին իրեն հայտնի դարձած տեղեկությունները հրապարակելուց: Ընտրատեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք ուղիղ հեռարձակելու են ընտրական գործընթացը, որը ևս առաջընթաց է:

Հենց այս օրենսգրքով են անցկացվելու 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները, որոնց ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը պլանավորում է ունենալ 3.500-4.000 դիտորդ, որի արդյունքում երկուական դիտորդ՝ Հայաստանի մոտ 2.000 ընտրատեղամասերում: Ամբողջական վերահսկողությունն առավելագույն ազդեցություն կունենա՝ հնարավոր դարձնելով ընտրակեղծիքների մեծամասնության կանխումը: Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ընտրական ցուցակների հրապարակումը ևս հնարավորություն կտա բացահայտել ընտրակեղծիքների մի մասը: Սերժ Թանկյանը մի շարք սփյուռքահայերի հետ հայտարարել է Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու իր մտադրության մասին։ Սա իր հերթին կարևոր ազդեցություն կունենա դիտորդական առաքելության վրա, որովհետև ավելի շատ մարդու կոգևորի՝ մասնակցելու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին, ինչպես նաև սփյուռքին ներգրավելու այդ գործընթացում։

Միջազգային դիտորդական առաքելությունները տեղամասում ընթացող խախտումների վրա մեծ ազդեցություն չեն ունենում, որովհետև քիչ ժամանակով են տեղամասում լինում: Մինչդեռ գործընթացի վրա մեծ ազդեցություն են ունենում տեղական դիտորդները: Սակայն միջազգային և տեղական դիտորդների ընդհանուր ունակությունների ներդրումը Հայաստանի ընտրական համակարգի կայացման գործընթացում կարևոր ազդեցություն կունենա համակարգի կայացման վրա։ Տեղական և միջազգային դիտորդական առաքելությունները միմյանց կփոխլրացնեն տարբեր հարցերում։

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում»  ծրագիր   (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ

http://aiisa.am/arm/ourexperts/publication/202

Դիտել նաև՝ 

Արմեն Գրիգորյան. Հայաստանում «Սասնա ծռերի» դուռը փակված չէ