Հայ Արիւնը Թուրքին Հալալ

977

ԿԵՂԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ.- Թիւրքիան կեղծ հեղինակութիւնների մի տնկարան է. շատ սովորական է տեսնել մարդիկ, զանազան ասպարէզների մէջ, որոնք ահագին ազդեցութիւն ունին, բայց մի քիչ խորը թափանցելով, կը տեսնէք, որ իրական եւ ո՛չ մի արժանիք ունին, ու այդ բոլորը հիմնուած է եղել կեղծիքի, խաբեութեան, բիւզանդական այն յատկութիւնների վրայ, որ դեռ Կ. Պոլսոյ ազգաբնակչութեան, անխտիր, ուղն ու ծուծն է կազմում: Ոչ ոք մեզ այնքան չի վնասել, որքան մեր փարիսեցիները, որոնք բարեգործութեան, հայրենասիրութեան քօղը երեսին առած՝ թէ՛ ժողովրդին են շահագործել եւ թէ՛ նրա սրտացաւ զաւակներին բամբասել, հայհոյել, հալածել եւ ժողովրդից ուծացնելու պատճառներից մէկը եղել:

Մի-երկու նմոյշ:

Կ. Պոլիս ենք, 1910. մեր անզուգական ընկեր՝ «Փոքր Մուրատը» հանգանակութեան թերթը բերեց՝ ետ տուեց, սաստիկ բարկացած, ասելով որ ինքը այլեւս չի շարունակիլ, տեսնելով այն բարոյական վիրաւորանքները, որին ենթարկւում է հայ գործիչը, յեղափոխականը: «Հայ վաճառականը, աղան դեռ ինքնաբերաբար չի հասկանում իր պարտականութիւնը, հարկաւոր է նրան հասկացնել տալ. ուստի կա՛մ լիազօրական իրաւունք, կա՛մ ձեռնթափութիւն, ուրիշ կերպ չի կարելի, քան որ թուրքերին հազարներ տուող վաճառականը չի ամաչում մեզ 4-5 ոսկի առաջարկելուց»: Մուրատի զայրացումը աւելի քան հիմնաւոր, սուրբ էր:

Թիւրքիայի բոլոր գլխաւոր քաղաքների մէջ՝ 40 մեծ մթերանոցներ ունեցող Ի.-եանը մեր հանգանակութեանը ուզել էր մասնակցել 5 ոսկով.- մարդը՝ որ նրանից առաջ «Իտտիհատ»ին մի քանի հազար ոսկի էր տուել. մարդը՝ որի բոլոր մթերանոցները մի մի որջեր էին հակայեղափոխականութեան եւ «Իտտիհատ»ամոլութեան:

-«Բայց կարելի է, որ նա հասարակական ուրիշ պարտականութիւններ է կատարում, որ մենք չգիտենք. քանի որ մեր դասակարգին չէ պատկանում, մեզ հակադիր սկզբունքների եւ շահերի հետեւող է, կարող է պատահել, որ ազգային ուրիշ պարտականութիւններ է կատարում, իր դասակարգի տեսաբանութեանը համեմատ, հետեւաբար շատ ծանրանալու իրաւունք չունինք. եղածը ինքնաբուխ պիտի լինի, ուրիշ իրաւունք չունինք». ասացի: Ընկեր Մուրատը լռեց, բայց առանց բացայայտ կերպով համոզուելու:

Ամասիա ենք. Ի.-եանը այնտեղ մեծ բարերարի անուն ունի. որովհետեւ տարեկան 1000 ոսկի ծախսելով, վաճառականական միջնակարգ դպրոց, Լիկէօն է պահում: Տեղական հայ հասարակութիւնը «Հաճիի» մէկ խօսքը երկուք անողը չէ. նրա բարձր հեղինակութիւնը, անվիճելի ազդեցութիւնը ճանչուած է բոլոր շրջաններից եւ խաւերից, ամէնքն էլ երկրպագութիւն են տալիս: Հնչակեանները միայն գաղջ, վարանոտ, կասկածոտ, անհամակիր ընթացք ունին: «Հաճին» էլ շատ չի սիրում նրանց, իրենց «դիք-գլուխ» լինելուն համար:

Դպրոցը այցելելուց յետոյ, չի կարելի ասել, որ «Հաճին» մի բան չի արել ազգի համար.- միջնակարգ դպրոց, ուսումը, կրթութիւնը, դպրոցական պիտոյքները՝ բոլորը ձրի: Համոզումիս մէջ ամրապնդուեցայ, որ «մարդը» ուրիշ կերպ ազգային պարտականութիւն կատարում է, եթէ յեղափոխականներին հալածում, չի սիրում, նրանց դրամ չի տալիս:

Շատ չանցաւ. հիասթափութիւնը եկաւ՝ իր բոլոր դառնութիւններով:

«Հաճի»ի շատ չսիրուած գործակատարներից մէկը առանձին տեսակցութիւն խնդրեց. առանց դժուարութիւն քաշելու, թուանշաններով եւ վաճառագրերով ցոյց տուաւ, որ «Հաճին» այդ ձրի դպրոցի երեսից՝ տարեկան մի քանի հազար ոսկի է շահում: Հայ պատրիարքարան, առաջնորդարան, քաղաքական ժողով հաստատած, վկայած ունին, որ Ի.-եանը ձրի հայ դպրոց է պահում, նա բարեբար է: Նա ամէն ճիգ թափում է՝ մանաւանդ օտար այցելուներից գովասանական, դրուատական գրաւոր հաւաստիացումներ ձեռքին ունենալ: Արդ, չէ՞ որ Եւրոպայի մէջ սովորութիւն կայ, գործարանական եւ վաճառականական հաստատութիւնների մէջ, բարենպատակ, հասարակական հաստատութիւնների համար՝ որոշեալ նպաստներ տալ՝ զիջումի, զեղջի ձեւով, եւ ահա՛ դրանից օգտուելով մեր ազգային բարերար «Հաճի»ն հազարներ է շահում այդ ձրի դպրոցի երեսից: Վաճառքը լրանալուց յետոյ, վաճառադիրը ներկայացնելիս՝ «Հաճի» աղան կամացուկ առաջ է քշում իր վաւերաթղթերը, ձրի վաճառանական դպրոց պահելու իր բարերար տիտղոսն ու հանգամանքը, եւ տիրող սովորութեան համաձայն, ամենայն ուրախութեամբ յառաջ է գալիս զիջումի գումարը: Այդ կերպով, միայն Մանչեստրից՝ բարերարը վաստակել էր 4000 ոսկի, 1000ի դէմ:

Դեռ մի կողմ թողնենք այն տխուր հանգամանքը, որ դպրոցից դուրս եկած պատանիները, որպէս բարերարեալներ, «Հաճի»ի յաւիտենական աշխատաւոր ծառաները, ճորտերը, ստրուկներն են մնում: Նրանք ամսական 1 ոսկուց սկսում են, 5-6ով վերջացնում, դժոխային աշխատանք կատարելով: Ուրիշ վաճառականի 5-10 տուածի փոխարէն, «Հաճին» տալիս է 1-5, էն էլ շատ երկար տարիներից յետոյ,- ձրի դպրոցը ուրեմն, իրեն շատ արժանագին պաշտօնեայ հայթայթելու մի միջոց է:

Դրա նման մի ուրիշը:

Կեսարիայի շրջանի մէջ՝ Մ.-եանը յայտնի է, որպէս ազգային բարերար. նա դպրոցներին օգնում է՝ տարեկան 200-300 ոսկի ուղարկելով: Մատեանները, հաստատութեանց ներկայացուցիչները այդ բանը հաստատում են. իրողութիւնը աներկրբայ է. նա կայ. մենք ո՛չ միայն ականջալուր եղանք, այլ ականատես վկայ՝ բարերարութեան այդ եզակի ասպարէզին:

Գահիրէ ենք. խօսք է բացւում Մ.-եանի բարերարութեան մասին. բերանը բաց է անում իր գիտակից գործաւորներից Հ.-եանը եւ ասում. «Ճիշդ է, այդ բարերարութիւնը կայ, բայց դրամ տուողը մենք՝ գործաւորներս ենք՝ անխտիր. նա մեր արիւն-քրտինքի արդիւնքն է՝ հայերի եւ Ֆէլլահների. տուողը գործաւոր դասակարգն է, բարերարի անուն վայելողը՝ գործարանատէրը: Մեր շաբաթականները, ամսականները վճարելիս՝ գործարանատէրը իւրաքանչիւրից մի որոշ գումար վար է դնում՝ Կեսարիայի Հայ Ազգային դպրոցների անունով. եթէ գործավարների թիւը, նրանցից կտրուած գումարները աչքի առաջ ունենանք, կը տեսնէք որ գործարանատէր-բարերարը մեր կաշիից, մեր թիկունքից հանում է՝ ո՛չ թէ 500-600 ոսկի, այլ աւելի՝ քան հազար. ասել՝ թէ բարերարութիւն է անում եւ թէ՛ այդ բարերարութեամբ վաստակում»:

Կեղծ հեղինակութիւնները, շպարուած, քողարկուած՝ կարծեցեալ անհատ-արժէքները յաճախ, նախածնող, պատճառ են ընկերային մեծամեծ չարիքների. նրանց ծորեցրած թոյնը կամաց կամաց հասարակական խաւերի մէջ է մտնում եւ ստեղծում մի խորթ, անբնական դրութիւն. յառաջացնում երեւոյթներ, հետեւանքներ, որ իրենց էութեան մէջ, տրամագծօրէն հակառակ են ժողովրդի շահերին. թէեւ անգիտակցաբար՝ նոյն այդ ժողովուրդը միաժամանակ գործաւորը, պրոպագանդիստն է հանդիսանում ա՛յն անձերի, որոնց ճիգը եւ միտումը ուղղակի իր դէմ է ուղղուած: Դեռ մութ ուժերը կարողանում են խաղալու հասարակութեան հետ, առանց որ սա թափանցելու կարողութիւնը ունենար նրանց նպատակների մէջ:

Հասարակական դիրք ունին, հեղինակութեան, ազդեցութեան տէր են,- թող տակը պարապ լինի, կեղծ հիմունքների վրայ դրուած. բայց մինչեւ այդ պարապութիւնը ցոյց տալը, կեղծիքը երեւան բերելը՝ չարիքը իր աւերնները գործում է:

Տեղական շուկայի տէրը, հրամանատարը, ամենաազդեցիկը, իր բոլոր մեծ ու փոքր պաշտօնեաներով, իրենից կախումն ունեցող խանութպաններով,  վաճառականներով միասին «Իտտիհատ»ասէր են եւ Հնչակեանահալած.- «փողոցի մարդը» էլ ո՜րտեղից չշուարի, իր գլուխը չկորցնի:

Մեր ժողովուրդը մեռած չէ, եթէ նրա գիտակցութիւնը երբեմն մթնում է, եւ իր ցաւերին կարեկից, իր տանջանքների համար կեանք տուող Յեղափոխականի խօսքը մնում է «Ձայն բարբառոյ յանապատի» եւ չի կարողանում ստեղծել, յառաջացնել ա՛յն, ինչ որ հրամայական է եւ անհրաժեշտութիւն,- դա իր խորին եւ հեռաւոր պատճառներն ունի:

Ահա թէ ինչու չկարողացանք «Իտտիհատ»ականութիւնը իր սաղմի մէջ խեղդել, տկարացնել, արմատախիլ անել: Խնդիրն այն է թէ խեղդելու, արմատահան անելու միսիան իր վրան առնող Կուսակցութիւնը պէտք եղած օգնութիւնը, ձեռնտութիւնը, օժանդակութիւնը ստացա՞ւ իր ժամանակին. թէ՞, ընդհակառակը, նրա դէմ ամէն արգելքը յարուցին եւ խափանողները իրենք՝ դարձան՝ իրենց շղթաների պրկումի պատճառը: Զոհերը իրենց ձեռքով սնուցին, մեծացրին հրէշին:

Սա մի աղէխարշ տրամա է եւ մասնակի կերպով գալիս բացատրում է, թէ ինչու միջոց չունեցանք պահանջուած ուժը մթերել եւ Ինքնապաշտպանութիւնը զօրեղ հիմքերի վրայ դնէլ՝ ի հարկին գործելու, ընդդիմադրելու համար:

Ուրիշ օրինակ:

Ազգային մի նշանաւոր հաստատութեան ներկայացուցիչ է Վ.-եանը. նրա ձեռքի, հրամանի տակն է աշխատում Թ.-եանը, բազմանդամ ըմտանիքով ծանրաբեռնուած մի հին Յեղափոխական, անկեղծ, ժողովրդանուէր. կենաքի դառն պայմաններն են միայն, որ նրան ստիպել են գործօն մասնակցութիւնից հեռու մնալ, եւ պաշտօնեայ դառնալ, փոխանակ իր կեանքի իտէալի գործաւարութիւնը շարունակելու:

Ինքնապաշտպանութեան նորագոյն գործիքների պատրաստութեան համար՝ Փոքր-Հայքի շրջանի համար բացարձակապէս անհրաժեշտութիւն է Թ.-եանի ներկայութիւնը՝ գէթ 3-4 անսուայ համար: Դիմում ենք Վ.-եանին, բացատրում ենք՝ մասամբ՝ խնդրի մեծ կարեւորութիւնը եւ առաջարկում, որ Թ.եանին մի որոշ ժամանակով արձակուրդ տայ եւ այդ ժամանակամիջոցի ռոճիկը մեզանից ստանայ: Ժողովրդի անունը, նրա շահը շանունակ իր բերանին ունեցող Վ.-եանը, երբ կռահեց Թ.-եանի ինչ միսիայով երթալը, ո՛չ միայն չյօժարեց նրան արձակուրդ տալ, այլ սպառնաց նրան իսպառ արտաքսել իր պաշտօնից, եթէ այդպիսի յանձնառութիւնների մէջ մտնէր:

-Բայց ժողովրդի կեանքը վտանգի տակ է, ասում ենք:

-«Ի՜նձ ինչ. դա ինձ չի վերաբերում. մենք հակառակ ենք այդպիսի ձեռնարկների», պատասխանեց, հանգիստ սրտով, ժողովրդի սրտացաւ բարեկամ ճանչցուած՝ «բարձր մտաւորական», «ազգային գործերը մենաշնորհ դարձնելու ձգտումով վարակուած»՝ Վ.-եանը, իր ուսերը թոթուելով, ժպտալով:

-Այս տեսակ մտածողների թիւը ո՞ւր, ո՞ր շրջանի մէջ սահմանափակ է եղել:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՂԲԵՐԳՈՒԹԵՆ ՄԻ ԴՐՈՒԱԳԸ.- Ամբողջ հայութեան վրայից անձկութեան, վշտի, դառնութեան եթէ ոչ յուսախաբութեան, ծանր սարսուռ անցաւ, երբ Զէյթունի եւ իր շրջանակների տեղահանութեան բօթն առաւ: Ամէնքը շանթահարուած, շուարած էին մնացել, ո՛չ ոք չէր ուզում հաւատալ. կասկածը ընդհանուր էր, բոլորի շրթունքներից կախ, Զէյթո՜ւն եւ ընդդիմադրութի՜ւն.- դրանք հոմանիշ էին դարձել. երկու գաղափարները զուգորդուել, մի ամբողջութիւն, մի մտապատկեր էին կազմել: Զէյթունը կարող էր սպառիլ, ջաղջախուիլ, փշրուիլ, բնաջնջուիլ. բայց լռիկ մնջիկ անձնատուր լինել, տեղահանութեան ճանապարհը բռնել.-դրան ո՛չ մէկի հաւատալը կարող էր գալ. որովհետեւ դարերի իր պատմութիւնը դրա դէմ պիտի բողոքէր: Ու դեռ կենդանի էր այն սերունդը, որ 1895-1896-ին՝ Հայ Պատմութեան էջերն էր անմահացրել՝ իր գերընտիր քաջագործութիւններով: Ուրեմն ի՞նչպէս նա կարող էր անձնատուր լինել՝ առանց զէնք բարձրացնելու, ինչքան էլ որ խաբեբայական միջոցներ, սադրանքներ, հնարիմացութիւներ լարուած, սպառնալիքներ գործադրուած, թափուած լինէին զանազան աշխարհական եւ կրօնական պատուիրակութիւնների ներկայացուցիչների կողմից: Անկարելի էր. եւ առաջին անգամ ոչ ոք հաւատաց, որ Զէյթունը, առանց կռուի, անձնատուր էր եղել: Սիւրիայից եկած լուրը ասում էին, որ նա հերոսաբար ընդդիմադրում է. եւ բոլորն էլ աւելի այդ էին գտնում իրականութեան համապատասխան:

Հետզհետէ երեւութական, մակերեսային պատմութիւնը եկաւ ասելու, որ բացի լեռները ապաստանող մի բուռն կտրիճներից, մեծամասնութիւնը՝ թաղապետարանի եւ յայտնի գերդաստանների, իշխանների հետ միասին՝ զանազան լեզուների անսալով, ենթարկուելով բարոյական ճնշումների՝ անձնատուր էր եղել, որպէսզի դրանով առաջն առնէր շրջակայ հայերի, ամբողջ Կլինիկայի շրջանի կոտորածներին. ինչպէս որ Տաճիկ կառավարութիւնը սպառնացել էր անել՝ մերժումի պարագային: Դրանք բոլորը շա՜տ լաւ՝ ոչպէս պատրուակներ. բայց այդ տեսակի բացատրութիւնները չէին քօղարկում բուն իրականութիւնը:

Զէյթունը անձնատուր եղաւ. սակայն ո՞վ կարող է ասել՝ առանց ճշմարտութեան դէմ մեղանչելու, որ նա անձնատուութիւնից առաջ չէր կշռել, չէր քննել իր ընդդիմադրական ուժը: Մի՞թէ դեռ իր վերջին խօսքը չասած՝ նա խորհրդակցութիւն չէր կազմել, մեծ ու փոքրով միասին ժողովներ չէր արել, իր վաղեմի սովորութեան համեմատ: Անշուշտ եկած առաջարկների առթիւ Զէյթունի պատասխանատու եւ ղեկաւար անձերը խորհրդածութիւններ էին ունեցել… Եւ նրանք, այդ քաջարի լեռնակները չէին, որ ազգային եւ ինքնապաշտպանութեան դաս պիտի առնէին՝ տուած րոպէի համար: Ու երբ անկարելին են տեսած, համոզում են գոյացրել, որ չեն կարող ընդդիմադրել, որովհետեւ բաւականաչափ զէնք, ռազմամթերք, ուտեստի պաշար չունին, եւ դժուար թէ դրսից էլ օգնութիւն կարողանային ստանալ,- միայն այն ժամանակն է, որ որոշել են, ուրիշ ճար, այլ միջոց չգտնելով, տեղահանութեան ճանապարհը բռնել եւ թուրք կառավարութեան հրամանները կատարել: Նրանք ո՛չ կառավարութեան խօսքը մտիկ անող էին, ո՛չ էլ որեւէ պաշտօնեայի կամ կրօնականի. բայց իրականութեան դառնութիւնը, ճակատագրային անյաջող պայմանները աչքի առաջ ունէին:

Ու դարեր շարունակ թուրք բանակների սարսափը համարուող Զէյթունը անձնատուր եղաւ, բայց լալով, մորմոքելով, ո՛չ թէ թշնամու հարուածից, այլ իր սեպհական վէրքից:

Դեռ 1913-ի աշնանը, նոյն այդ Զէյթունը, իրեն յատուկ պատմական կորովամտութեամբ գլխին գալիքը կանխագուշակելով, Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան Զէյթունի Մասնաճիւղի միջոցով՝ դիմել էր օտար երկրներում, մասնաւրապէս Եգիպտոսում բնակութիւն հաստատող իր հարուստ եւ ունեւոր հայրենակիցներին ու նրանց ուշադրութիւնը իրենց ապագայի վրայ հրաւիրելով՝ խնդրել էր զէնք, ռազմամթերք, օգնութիւն՝ պատմական րոպէի համար: Իր լիազօր պատուիրակ՝ ընկեր Յակոբը, վերին աստիճանի մի ազմիւ, կտրիճ երիտասարդ, երկար ժամանակ դեգերեց Եգիպտոսի հայաշատ երկու քաղաքների մէջ, պէտք եղած բոլոր դիմումները կատարեց, անձերը տեսաւ՝ միշտ իր վաւերաթղթերը ձեռքին,- բայց ո՞վ լսեց, ո՞վ կատարեց, ո՞ր անհատը, ազգային ո՞ր հաստատութիւնը աճապարեց պարտականութիւն տալ:- Պատասխանը եղաւ սառն անտարբերութիւն, պատմական կուրութիւն, րոպէի համրութիւն: Ռայական հոգին Զէյթունին չհասկացաւ:

Պատուիրակը ճարահատած, աղաչեց, պաղատեց, իր «խնդրանքները» նուազագոյնի վերածեց,- դարձեալ ոչի՛նչ:

Նա առաջարկեց միջոցներ տալ՝ գէթ անհարժեշտ գործիքները գնել, զէնքեր պատրաստել կարենալու համար՝ տեղին վրայ:

-Այդ էլ չեղաւ: Թախանձեց, որ եթէ անկարելի է եւ «վտանգաւոր» զինագործութեան գործիքները Եգիպտոսից ուղարկելու, գոնէ անհրաժեշտ դրամը տային՝ երկրից ձեռք բերելու, քանի որ այնտեղ՝ որոշ տեղերում կար, գոյութիւն ունէր: Անվստահութեան խնդիր էլ չէր կարող լինել, քանի որ պատուիրակը առաջարկում էր նուիրատուներին, հաստատութեանց ներկայացուցիչներին՝ դրամը ուղարկել երկիր եղող իրենց բոլորովին վստահելի կրօնական կամ աշխարհական անձերին, կամ ուզած հաստատութիւններին, նրանց պարտադրելով, որ ուղարկուած գումարը բացառապէս ծախսուէր, նրանով գնուէր այն գործիքները, որոնց անունը պիտի տրուէր, եւ ամենանհրաժեշտներն էին նկատուել՝ զինագործութեան համար՝ պէտքերին բաւականութիւն տալու նպատակով:- Քար անտարբերութիւն: Հետաքրքրուող, լսող, գործ կատարող չեղաւ: – Ամէնքն էլ մի մի խուսափողական պատասխան տուին: Ոմանք էլ ասացին, որ նոր տեսակի զէնքեր ունենալով՝ Զէյթունցիները աւելի մեծ ծաւալով աւազակութիւններ կ’անեն, եւ ազգի գլխին փորձանք կը բերեն, խայտառակութիւներ կը հանեն, ազդը կ’անպատուեն, եւ նորանոր գրգռումների, խռովութիւնների պատճառ կը տան, – «հազիւ անդորութիւնը տիրել էր»:

Ի՞նչ պիտի խորհէր Զէյթունիցին՝ բոլորովին ձեռնունայն տեսնելով իր պատուիրակին: Դառնութեան, յուսախաբութեան բաժակը դրանից աւելի խիստ տարրեր իր մէջ կարո՞ղ էր բովանդակել:

Քանի որ պարզ էր, իր սեպհական միջոցներով միայն անկարող պիտի լինէր պահանջուած ընդդիմադրական ուժը երեւան բերել, սրտի անհուն կսկիծով է, որ նա ստիպուել է տեղահանութեան ուղին բռնեկ, մեղադրանքի հայեացքներ ուզզելով դէպի այն ուժերը եւ հաստատութիւնները, որնք կարող էին իրեն օգնութեան հասնիլ, եւ սակայն չարեցին, պարտականութիւն չկատարեցին ա՛յն շրջանի մէջ, երբ ներկայ դառն օրերի շղթան էր կոփւում, պատրաստւում թուրք իշխանութիւնների կողմից,- չէ՞ որ Զէյթունիցին դրան գիտակ էր եղած եւ հէնց դրա համար էլ ուզել էր պատրաստուիլ, ուժ մթերել, որպէսզի մէկ էլ իր բազուկների ուժը ցոյց տար: Եւ ո՞վ կտրատեց այդ անզուգական կտրիճների թեւքերը: Հիմա լալ, ողբալ, ափսոսալ կարելի է. բայց երէ՞կը:

Այստեղ, ահա, ծանր պատասխանատութիւն կայ, ո՞ւր է նա.- անշուշտ՝ ո՛չ Զէյթունցու մօտ:

Թուրք կառավարութիւնը կախաղան բարձրացրեց Յակոբին, այդ առիւծասիրտ երիտասարդին: Նա Ս. Դ. Հնչակեան զինուոր էր. նա պատուոյ դաշտի վարն էր երկար տարիներից ի վեր. ամէն րոպէ նա պատրաստ էր մահ ընդգրկել, եւ դա բղխում էր հարազատ կուսակցութեան քարոզած բարոյագիտական սկզբունքներից: Բայց իր սիգաճեմ քայլուածքին ատեն, մահուան սիւնը արհամարողի իր գաղափարաբանութեամբ, արդեօք ինչե՞ր չանցաւ իր մտքից՝ երբ արծուի բոյնի կործանումը տեսաւ իր աչքերով:

Նրա ճօճուող դիակի առաջ չե՞ն դողում նրանք, որոնք իրենց տասնեակ հազարաւոր ոսկիների կոյտերից փոքրիկ բաժին հանելով, կարող էին այդ անլուր աղէտի առաջն առնել եւ թոյ չտալ, որ խաւարի ուժի դէմ դարեր շարունակ յաղթական պայքար մղող Զէյթունը քարուքանդ լինէր եւ նրա զաւակների դիակներն էլ մահուան սիւներից ճօճուէին:

Սա ընդհանուր ողբերգութեան միայն մի դրուագն է, սակայն:

Սուէտիացիների կենդանի օրինակը աչքերիս առաջն է: Երեւակայեցէք, որ այդ արիասիրտ լեռնականները տարիներ առաջ պէտք եղածին պէս նորագոյն զէնքերով զինուած լինէին,-դժուար չէ գուշակել հետեւանքը ամբողջ Կիլիկիայի փրկութեան տեսակէտից: Մի քանի հարիւր հրացա՜ն, մանաւանդ նոր տեսակի, եւ ամենայն դիւրութեամբ մինչեւ  Անտիոք եւ իր շրջանակները քշած, տիրած կը լինէին, աւելի հեռուները յառաջխաղալու ամէն դիւրութիւններով լեցուն: Սուէտիացի ո՛չ մի մարտիկ կայ, որ խորը հառաչանք չարձակէ եւ զէնքի պակասութիւնը պատճառ չբռնէ՝ ազգային պարտականութիւն աւելի մեծ չափով կատարել չկարողանալու համար.- թշնամու կորագլուխ պարտութեան վրայ՝ նրանք կատարելապէս համոզուած են: – Եւ այդ կարելի էր անել, նրանց այդ դիրքի մէջ հնար էր դնել, եթէ նախապէս պարտազանցութիւն եղած չլինէր եւ պէտք եղածը խորհուէր:

Եւ ինչո՞ւ չեղաւ: Ովքե՞ր են այս ընդհանուր ողբերգութեան պատասխանատուները:- Անշուշտ՝ ո՛չ Հայ Յեղափոխականները:

ԳԼՈՒԽ Գ.

ԱՆԲԱՐՈՅԱՑՄԱՆ ԵՒ ՅՈՒՍԱԼՔՄԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԸ

ՀԱՅ ԱՐԻՒՆԸ ԹՈՒՐՔԻՆ ՀԱԼԱԼ.- Անհատական, դասակարգային, ազգային պայքարների մէջ՝ սեւեռուն գաղափարի, իտէալի գոյութիւնը բացարձակ է. նա առաջնորդող աստղն է, յուսատու խթանը, մղիչ ազդակը՝ կեանքի բոլոր տեսակ ելեւէջների, փորձութիւնների եւ անյաջողութիւնների ժամանակ: Առանց որոշ սկզբունքների, հաստատուն նպատակակէտների՝ մարտնչումը միշտ կարող է երերումների, անստուգութեան ալիքների ենթարկուել, եւ յաճախ էլ՝ ցաւալի շեղումների տեղի տալ: Տոկուն կամք, դիմացկուն ջիղ, սրտի, զգացմունքների տաքութիւն, գաղափարի ջերմութիւն՝ սրանք հրամայական անհրաժեշտութիւններ են պատմական Մեծ Պայքարների մէջ, մինչ այն ժամանակ՝ որքան որ պայքարի գոյութեան պատճառը վերացուած չէ եւ կռիւը իր նպատակին չի հասած:

Մեր պայքարամարտի օրերում, սակայն, դա օրէնք չեղաւ ամէնքի համար. եղան շատ անձեր, ընկերային յայտնի խաւերի ներկայացուցիչներ, պատասխանատու դիրք ունեցողներ, որոնք ճիշդ դրա հակառակը գործեցին. փոխանակ Հայ Յեղափոխութեան առաջադրած նպատակներին ուժ տալու, նրանք աջ ու ձախ, ամէն պատեհ առթիւ, թուրք ժողովուրդի ամէն տեսակ հաւաքոյթների եւ ղեկաւար շրջանների, մանաւանդ մեծ ու փոքր պաշտօնակալների առաջ սկսեցին յայտարարել թէ՝ «Գանըմըզ սիզէ հալալ օլսուն», «մեր արիւնը ձեզ հալալ լինի»:

Երեսուն, երեսուն ու վեց տարուց աւելի էր, որ Հայը ծոր ծոր արիւն էր թափել. աւելի քան քսան եւ երկու տարի էր, որ նա Յեղափոխական Շարժման մէջ էր մտել եւ տուել էր նահատակների, մարտիրոսների անծայր շարաններ. երբ Հայաստանի լեռը, ձորը, դաշտը, մեծ ու փոքր գիւղերը, քաղաքները ներկուել էին յորդառատ արիւնով. եւ անկիւն չէր մնացել, առանց ողբի եւ արտասուքի վկայ լինելու. ու մեր երեք հարիւր հազար կոտորածի մղձաւանջը դեռ շարունակում էր ճնշել այն բոլոր սրտերը, որոնք նորագոյն պատմութեան էջերն էին թերթում. երբ մենք ստեղծել էինք պատմական հոյակապ դրուագներ՝ մեր հերոսական գործերով. ու երբ «Հայկական կոտորած»ի տխուր հերոսները մեր աչքի առաջ կանգնած, չորս կողմերինս վխտում էին, կոկոզավիզ կեցուցքով, պարտականութիւն կատարողի գիտակցութեամբ.-ահա՝ այդ ժամանակ, խանութպանի գրագրութիւնից հրապարակախօսութեան բարձրացող լրագրողներ, յանպատրաստից վեր թռչող ամէն կարգի բեմբասացներ, հացկատակ գրչակներ, անարժան եկեղեցականներ, ուսուցիչներ, վաճառականներ իրարու հետ մրցելով՝ ճնշում, աղաղակում էին, որ այլեւս ամէն բան վերջացած, մոռացուած է. թուրքե՛ր, համերկրացինե՛ր, օսմանցի եղբայրնե՛ր, «մեր թափած արիւնը ձեզ հալալ»: Դա վատութեան, անյիշաչարութեան խելագարութիւնն էր:

Եւ Հայ եկեղեցու բեմն անգամ այդ խելայեղութեան քարոզավայրը դարձաւ. իսկ երեւալու, դիւրին ժողովրդականութիւն վաստակելու մարմաջից բռնուող գրողներ՝ իրենց կապերը պղտոր ջրի մէջ լուացող ամէն տեսակ շուկայամիտներ, այդ նշանաբանը մի տեսակ կարգախօս էին դարձրել. եւ այս՝ ո՛չ միայն մայրաքաղաքի, այլ գաւառների մէջ անգամ:

Թուրքերն իսկ իրենց լսածներին դժուարութեամբ էին հաւատում, նրանք ուղղակի զարմացած էին մնացել. եւ յաճախ, թաթարական ժպիտով «էֆէրըմ Հայեր» էին ասում ու հերոսներին խրախուսում իրենց պրոպագանդայի մէջ: Յոյները ապշած ամենասուր հեգնանք էին ուղղում:

Բայց այդ ներողամտութիւնը, այդ անյիշաչաւոթիւնը չէր բղխում մեծահոգութիւնից, արդարութեան իրաւունքի յաղթանակից, թոյլին՝ տկարին վեր բարձրացնելու զգացումից.- ո՛չ. դա վատութեան, գետնաքարշ կեանքի բացայայտ  մի նշան էր. ապացոյց իտէալի բացակայութեան, սրտի հոգու չորութեան:

Սոկրատեսը իր թշնամիներին ներեց. բայց նրանց հետ գործակցել չուզեց, ո՛չ ինքը, ո՛չ էլ իր աշակերտները: – Դրա համար պէտք էր որ թշնամութեան իրողութիւնը յառաջ բերող ազգականները ջնջուէին, մէջտեղից վերցուէին:

Եւ անհատը, էլ աւելին՝ մի որոշ խաւի արտայայտիչ բերանը, ո՛չ մի իրաւունք ունէր ամբողջ մի ազգի թափած արեան պատասխանատուներին ներել, նրանց ձեռք մեկնել, եղբայրներ, հարազատներ կոչել եւ «հալալ» անել այն՝ ինչ որ իսկապէս իրենցը չէր, ինչ որ հակաբնական էր:

Վայրենիութեան օրէնքը դեռ Թիւրքիայի մէջ գործում է, այնտեղ կայ «արեան գին»: Սպաննուող կողմին սպանողը մահագին է տալիս, եւ հարցը փակւում:

Բայց ի՞նչ էր եղած Հայի ստացած մահագինը: Իր ազգային ճիգի, տուած կոտորածների փոխարէն ի՞նչ էր նա ձեռք բերել. – «Միհատեան Սահմանադրութիւնը», «օսմանականութիւնը». այսինքն հայաջնջութեան մի ա՛յլ նոր տեսակի գործիք: Դրա համար էր, որ մեր 300 հազար նահատակները մոռանում էին, մտահան անում մեր Յեղափոխական Պայքարի նպատակը. ջնջում էին Սասունի, Զէյթունի սխրագործութիւնները եւ ջարդարանքներին, հայսպաններին պարզապէս ասում էին, որ՝ դուք իսկապէս ձեր պարտականութիւնն էք կատարել եւ ձեր իրաւունքի մէջն էք եղել. ուրեմն, «մեր արիւնը ձեզ հալալ»:

Դա անարգ հոգու մի ակնյայտ նշան էր. անբարոյացուցիչ մի ազդակ՝ որ գործում էր, դժբախտաբար, հայկական բոլոր խաւերի մէջ: Հայ ծածուկ եւ յայտնի «Իտտիհատ»ականները, մանաւանդ, այդ թէզի Դեմոսթենէսները էին դարձել: Քաղաք, շրջան չկար, մանաւանդ մայրաքաղաքը եւ ծովեզերեայ վայրերը, որ այդ գաղափարի պրոպագանդիստները չունենար. դեռ մի կողմ թողնենք բեմերը, դահլիճները, շուկաների ժողովավայրերը, հրապարակների հաւաքատեղիները, ուր, սովորութիւն էր դարձել, մի քանի թուրք միատեղ տեսածնին պէս՝ առաջ նետուիլ եւ անբարոյութեան այդ գլուխը գործոցը շաղփաղփել:

Քրքրեցէ՛ք խնդիրների ծալքերը, մտէ՛ք իրականութեան մանր շերտերի, ստորին խաւերի մէջ, կը տեսնէք որ՝ «մեր արիւնը ձեզ հալալ լինի»ի տեսութիւնը ահագին բարոյալքում է յառաջ բերել, ժողովուրդի ընդդիմադրական ոգու մարելուն է նպաստել եւ մեր թուլութեան, տկարութեան ազդակներից մէկն է հանդիսացել: Սրանք չարիքներ էին, որ անհետեւանք չմնացին:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՎԻԺԵԼԸ. – Պատմութեան տւիքների վրայ կեցած՝ Յեղափոխականը, Ս. Դ. Հնչակեանը, քարոզում, ասում, գրում, բացատրում էր, որ Հայ Յեղափոխութիւնը մտած էր պատրաստութեան, բեղմնաւորումի, թխսումի մի ա՛յլ շրջանի մէջ. որ նա լրիւ պահել էր իր կենսունակութիւնը, քանի որ իր մտաւօր նպատակին անգամ չէր հասել, Հայ Ազգային մասնաւոր գոյութեան պայմաններ չէր ապահովել, նրա համար ձեռք չէր բերել քաղաքական այն առանձնայատուկ դրութիւնը, որ բացարձակօրէն անհրաժեշտ էր նրա աճման, զարգացման եւ յառադիմութեան համար: Հայ Յեղափոխութիւնը ո՛չ կանգ էր առել, ո՛չ էլ վիժել. այլ իր կատարեալ կենսունակութեան մէջն էր. նա շարունակում էր իր եղանելու, լինելու վիճակը եւ մտել էր մի նոր փուլի մէջ, գործում էր իր ունեած նորագոյն պայմանների համեմատ:

Եւ մի՞թէ «Միտհատեան Սահմանադրութեան» երկրորդ կիրառութիւնը, որպէս պարզ դիւանագիտական խաղ, հետեւանք չէր Հայ Յեղափոխութեան բարձրացրած ալիքներին. եւ դա մի՞թէ պատմական պարզ ճշմարտութիւն չէր. կարո՞ղ էր տարակուսանք վերցնել:

Յետագայ փաստերը եկան հաստատելու, որ Օսմանեան պետութիւնը վերահաս վտանգից ժամանակաւորապէս գէթ փրկելու, նրա անկումը յապաղեցնելու համար՝ Սուլթան Համիտին շրջապատող դիւանագէտ քաղաքագէտների մի ստուար մասը բոլորովին համակարծիք էր 1908ի պետական հարուածին:

Սուլթան Համիտին շրջապատող թուրք դիւանագէտներից մէկը թերթերի մէջ խոստովանեց, որ Կարմիր Սուլթանը՝ ինքը՝ համոզուած էր, որ Օսմանեան Կայսրութիւնը վաղ՝ ուշ, անպատճառ պիտի ընկնէր. խնդիրը, ճարպիկութիւնը, ուրեմն, կայանում էր միայն՝ յապաղեցնելու, յետաձգելու, քաշկռտելու հնարիմացութիւների մէջ:

Բայց այդ խօսքերը «սահմանադրական շրջանի» արբեցողների համար չէին:

Այդ ժամանակի մեր հերոսները, Հայ Յեղափոխութեան երդուեալ թշնամիները, իրենց ամէն կարգի տեսաբաններով, լայն ասպարէզ էին գտել մեզ հարուածելու եւ ամէն առթիւ պոռալու, որ Հայ Յեղափոխութիւնը այլեւս վիժել էր: Ու տեսնելու էր «վիժել» բառը արտասանելիս՝ նրանց չարանենգ ժպիտը, ներքին հրճուանքը. կարծէք թէ թշնամին էր, որ ցնծին էր տալիս իր տարած յաղթութեան համար:

Եւ դա մեղսալիր անմեղութեան մի դժոխատիպ պատկեր էր:

Այլեւս ո՛չ Հայ Ազգ կար, ո՛չ Հայաստան: Հայ ազգը Օսմանեան ազգութեան մի տարնն էր դարձել, Հայաստանն էլ՝ լոկ աշխարհագրական արտայայտութիւն՝ անցեալից մնացած: Եղածը, իրականը, ճշգրիտը՝ «Օսմանցիութիւնը», «Օսմանականութիւնը», «Օսամնեան հայրենիքն» էր: Ահա՝ թէզերը, որ ոչ միայն թեթեւ հրապարակախօսութեան նիւթերն էին կազմում, այլ ժողովրդական բանախօսնէր, հայ եկեղեցու բեմերից անգամ արձակուող քարոզների բնաբանները, առօրեայ զրուցատրութիւնների, խօսակցութիւնների, հակաճառութիւնների գլխաւոր առարկան:

Սրանք անբարոյացուցիչ գաղափարներ, յուսահատութիւն բերող ազդակներ չէի՞ն, մանաւանդ այդ օրերի մէջ, երբ «համեմատական», «պայմանական» ազատութիւն կար՝ եթէ ոչ ամբողջ ճշմարտութիւնը, գէթ նրա մի մասը ասելու, տիրող խաւարը քօղամերկելու, լուսաւորելու:

Թիւրքիայի մէջ կար, գործում էր «ազատութիւնը», «հաւասարութիւնը», «եղբայրութիւնը» եւ «արդարութիւնը».  հայ Յեղափոխութիւնն էլ վիժել էր, էլ ի՛նչ էր պակաս մնացել: – Եւ դրանք մի՞թէ շանթահարիչ ազդեցութիւն չպիտի գործէին այն ժողովուրդի վրայ, որ քաղաքական հասուն դաստիրակութիւն չունէր, դեռ շատ հեռու էր պատմական հոսանքները ուղիղ կերպով ըմբռնելուց եւ ըստ այնմ էլ կտրուկ դիրք բռնելուց: Շփոթութիւն, Խառնաշփոթութիւն, մտքի քաոսութիւն կարո՞ղ էր տեղի չունենալ. եւ մի՞-թէ դրանք անհետեւանք պիտի մնային, արձագանգ չպիտի ունենային ապագայի նկատմամբ:

Այսօրը քննադատողը երէկուան այդ հոգին էլ աչքի առաջ պիտի ունենայ, ներկայի իր վերլուծման, գնահատման գործի մէջ: Հայ Յեղափոխականին դատելուց, քարեր շպրտելուց առաջ, նրան պէտք է ուսումնասիրել, ճանաչել փաստացի կերպով: