Հովհաննես Քաջազնունի. Թաթուլ Հակոբյանի ներկայացումը Բեյրութի Հայկազյանում

2580

Նոյեմբերի 1-ի երեկոյան Բեյրութում Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը և Երևանի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը կազմակերպել էին դասախոսական երեկո, որը կրում էր “Ժամանակակից հայ պատմության քննական ներկայացումը” խորագիրը: Զեկուցողը լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանն էր:

Երեկոն բացեց Հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Տաքեսեանը: Նա կարևորեց հայոց պատմության վիճահարույց դրվագների շուրջ բաց, անկաշկանդ քննարկումները:

Թաթուլ Հակոբյանը հակիրճ պատմեց ԱՆԻ կենտրոնի գործունեության մասին, ներկայացրեց կենտրոնի հրատարակությունները, որոնցից վերջինը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու “Ազգ և հայրենիք” արժեքավոր աշխատության վերահրատարակությունը լույս է տեսել մի քանի օր առաջ:

Նա ներկայացրեց Քաջազնունի ճարտարապետին, գրողին, քաղաքական-պետական գործչին և մարդուն:

Քաջազնունին կրթությամբ ճարտարապետ էր, նրա նախագծով կառուցվել է Բաքվի հայկական Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը: Գյումրիի կենտրոնում գտնվող շինություններից մեկը՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանը, որը դիմացել է 1926 և 1988 թվականների երկրաշարժներին, Քաջազնունի ճարտարապետից մնացած ժառանգությունն է: 1924-ին վերադառնալով Խորհրդային Հայաստան, նա Թամանյանի հետ գործակցել է մայրաքաղաք Երևանի հատակագծման և ճարտարապետական աշխատանքներում:

Հակոբյանը ներկայացրեց Քաջազնունու գրական ժառանգությունը՝ կանգ առնելով “Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլև”, “Ազգ և հայրենիք”, “Բաց նամակ Z-ին Թուրքիա, թե Ռուսաստան” աշխատանքների վրա:

Բանախոսը ներկաներին պատմեց Քաջազնունի քաղաքական-պետական գործչի մասին, ով մասնակցել է հայ ժողովրդի կյանքում ճակատագրական բանակցությունների, այդ թվում Բաթումում Օսմանյան կայսրության պատվիրակության հետ ստորագրել հայ-թուրքական Հաշտության և բարեկամության դաշնագիրը:

Հակոբյանը ներկայացրեց Քաջազնունի անհատի ընտանեկան ողբերգությունը: Նրա որդիներից 18-ամյա Աշոտը սպանվել է Ղարաքիլիայի հայ-թուրքական կռիվներում, ճիշտ այն օրերին, երբ ընթանում էին Բաթումի հայ-թուրքական բանակցությունները: Նրա ավագ որդին՝ Արամը, սպանվել է Զանգիբասարի հայ-թաթարական կռիվների ընթացքում, երբ Քաջազնունին ԱՄՆ-ում էր: Նրա երրորդ որդին՝ Ռուբենը, 1920-ին գերի է ընկել Կարսի անկման օրերին և գերությունից ազատվեց ամիսներ անց, իսկ չորրորդ որդին՝ Կարենը, զոհվել է 1941-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում:

Դասախոսության վերջին հատվածը նվիրված էր հարց ու պատասխանին և քննարկմանը: Ներկաները մի շարք սուր հարցեր ուղղեցին բանախոսին:

Երեկոյին ներկա էին Հայկազյան համալսարանի նախագահ, Վերապատվելի դոկտոր Փօլ Հայտօսթեանը, Հայ առաքելական եկեղեցու Հունահայոց թեմի առաջնորդ Խորեն Արքեպիսկոպոս Տողրամաճեանը, “Ազգ և հայրենիք” հատորի վերահրատարակության մեկենաս Սարգիս Պուտաքեանը, ԱՆԻ կենտրոնի բարեկամներից Մելքոն Յակոբեանը, բեյրութահայ մտավորականներ, ազգային, քաղաքական գործիչներ:

Վերջում տեղի ունեցավ գրքերի վաճառք և հյուրասիրություն:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն