Միջանցք Ադրբեջանից դեպի հարավ և Հայաստանից դեպի Ստեփանակերտ. Տրուբնիկով

1934

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն Վյաչեսլավ Տրուբնիկովը Balt News կայքի հետ զրույցում պատմել է Քի Վեսթում ղարաբաղյան բանակցությունների մասին, որոնց անմիջական մասնակից է եղել։ Տրուբնիկովի խոսքով՝ բանաձևը գտնված էր, սակայն ամեն ինչ ձախողվեց այն բանից հետո, երբ պայմանավորվածությունների մասին տեղեկացել էր Հեյդար Ալիևի շրջապատը։

«Ես չորս տարի շարունակ մասնակցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը զբաղվում էր Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հարցերով,- պատմել է նախկին պաշտոնյան։ – Դա հեշտ չէր, սակայն Ղարաբաղի հարցով ես շատ դրական դրության մեջ էի։ Հանգուցյալ Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն ամեն ինչ շատ ճիշտ էին ընկալում։ 2000թ․ մենք հանդիպեցինք Քի Վեսթում՝ Ֆլորիդա նահանգում»։

«Մենք գտել էինք բանաձևը․ Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով կարելի էր միջանցք ապահովել Ադրբեջանից դեպի հարավ և Հայաստանից դեպի Ստեփանակերտ։ Սակայն Հեյդար Ալիևը․․․ Սկզբում նա ոչ ոքի հետ չէր կիսվում, սակայն երբ պատմեց մերձավորներին, նրանք ընդվզեցին՝ «Ինչպե՞ս թե, մեր հողից կտորնե՞ր ենք զիջելու»»,- հիշել է Տրուբնիկովը։

Քի Վեսթ` չիրացված հնարավորություն․ Օսկանյան

Քիվեսթյան գործընթացի՝ Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով տապալման մասին է վկայում նաև բանակցությունների մասնակից, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հուշագրությունը։

Իր գրքում Օսկանյանը պատմում է, որ ամերիկացիները մեծ լրջությամբ էին վերաբերվում այդ բանակցություններին և անհավատալի պատրաստություններ էին արել՝ նպաստելու փաստաթղթի պատրաստմանը:

«Մի մեծ խումբ տարբեր ոլորտների մասնագետներ էին ներգրավել Պենտագոնից և ամերիկյան բանակի ինժեներական կորիզից՝ զինված ժամանակակից տեխնիկայով: Սրա անհրաժեշտությունն այն էր, որ հարցի լուծումը խարսխված էր այն սկզբունքի վրա, որ ԼՂ-ն Լաչինի միջանցքով Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց՝ Ադրբեջանին պետք է տրամադրվեր ազատ և անխափան կապ Նախիջևանի հետ՝ Հայաստանի միջոցով: Հնարավոր նախատեսվող լուծումներից մեկը Հայաստանի հարավում էստակադաների միջոցով այդ կապի ստեղծումն էր, որը և նման մասնագիտական և տեխնիկական հագեցվածություն էր ենթադրում: Օրինակ, հենց այնտեղ հնարավորություն էր ստեղծվել եռաչափ (3D) տարբերակով համակարգչի միջոցով դիտարկել տեղանքը»,- ասված է Օսկանյանի հուշերում։

Ակտիվ դիվանագիտական ջանքերը և, ինչպես արձանագրում է դիվանագետը, երկու նախագահների՝ զարմանալիության աստիճանի համարձակությունը, հատկապես՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի, հանգեցրին Քի Վեսթի համաձայնագրի նախագծին:

«Այդ փաստաթուղթը կարող էր վերջնական լուծման հանգեցնել, քանի որ բոլոր հարցերին համապարփակ կերպով էր անդրադառնում: Քի Վեսթում իր համաձայնությունը տալուց հետո՝ վերադառնալով Բաքու, նախագահ Ալիևը հետ կանգնեց դրանից: Այսպիսով, Քի Վեսթի համաձայնագիրը ևս մերժվեց Ադրբեջանի կողմից: Դրանից հետո գործընթացը մտավ փակուղի»,- հիշում է Օսկանյանը։

ՍիվիլՆեթ

Լուսանկարում՝ Ռոբերտ Քոչարյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոն Քի Վեսթում