«Ազգ և Հայրենիք». Քաջազնունի

1347

Հատվածաբար շարունակում ենք ներկայացնել Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» գործը:

kadjaznuni-azgcover

Թերեւս հակառակը. քաղաքակրթութեան զարգացման հետ զուգընթացաբար՝ կարծես աւելի ու աւելի արտայայտւում են ու շեշտւում ազգային անհատականութիւնները, աւելի ու աւելի բիւրեղանում անձեւ զանգուածներից ազգային հաւաքական մարմինները:

Եւ եթէ, լուծւում են իրար մէջ, կլանում են, այնքան ուսումնասիրում էին իրական երեւոյթները, որքան դատում էին ու դատողութիւնների վրայ հիմնուած վերացական շէնքեր կառուցանում՝ կարծում էին, թէ մարդկային առաջադիմութիւնը տանում է ազգերը աստիճանաբար դէպի ապազգայնացում եւ հեռանկարում տեսնում էին՝ մի մարդկութիւն, մի ազգ:

Կարծես յատկապէս այդ սխալը, այդ փիլիսոփայական նախապաշարմունքը փարատելու համար էր, որ յաջորդ 19րդ դարը ու մանաւանդ մեր ապրած ժամանակը՝ 20րդի առաջին քառորդը՝ ամէնից աւելի ու գերազանցօրէն «ազգային» եղան:

19րդ դարում վերակազմուեցին այնպիսի ազգային պետութիւններ, վերածնուեցին կամ նոր ծնունդ առան այնպիսի ազգային գրականութիւններ, որոնց հնարաւորութիւնը ոչ ոք չէր կռահում 18րդ դարում:

Ազգային գիտակցութիւնը մի նոր ու աննախընթաց թափ առաւ 19րդ դարում եւ արտայայտութիւն գտաւ ամենախուլ անկիւներում իսկ:

Կեսարիայի կամ Ադանայի հայերը սրանից կէս դար առաջ ուրիշ լեզու չգիտէին, բացի թուրքերէնը: Նոյնը եւ Վրաստանի հայերը, որոնք խօսում էին միայն բացառապէս վրացերէն: Իսկ այսօր այդ այդ թրքախօս ու վիրախօս հայերի զաւակներն ու թոռները՝ բաւականին խոշոր թուով՝ խօսում են արդէն, կարդում ու գրում հայերէն: Ապազգայնացման պրոցեսը, որ վաղուց արդէն սկսուել էր ու մեծ նուաճումներ արել որոշ շրջանների հայութեան մէջ, ոչ միայն դանդաղեց ու կանգ առաւ սրանից մի կէս դար առաջ, այլ եւ տեղի տուեց հակառակ մի պրոցեսի՝ կորցրած ազգութիւնը վերագտնելու պրոցեսին:

Չարդարացաւ այն կարծիքը, թէ ազգային բաժանումներն ու խմբակցութիւնները հնացած ձեւ է մարդկային կենակցութեան, անցած դարերի մնացորդ, մի տխուր ժառանգութիւն, որ թողել են մեր բարբարոս պապերը եւ թէ քաղաքակրթութեան ընդհանրացումն ու ծաւալումը անխուսափելիօրէն ազատելու են մարդկութիւնը այդ ժառանգութիւնից ու տանելու են դէպի ապազգայնացում:

Չարդարացաւ այն կարծիքը, թէ ազգային բաժանումները հետեւանք են ժողովուրդների մեկուսի կացութեան եւ թէ քանի աւելի զարգանան ու հեշտանան հաղորդակցութեան միջոցները, յարատեւ ու սերտ դառնայ ժողովուրդների շփումը, բազմանան ու ամրանան միջազգային կապերը եւ գիտակցուին ընդհանուր շահերը (մասնաւորապէս՝ տնտեսական կապերն ու շահերը), այնքան աւելի պիտի տժգունանան ազգային անհատականութիւնները ու տեղի տան մի հանուր մարդկային տիպի:

Չարդարացան այս նախատեսութիւնները:

Վերջին 100-150 տարուայ ընթացքում մարդկային քաղաքակրթութիւնը մի ապշեցուցիչ թռիչք է արել (մասնաւորապէս՝ գիտութիւնների ու տեքնիքայի ասպարէզում), ահագին նուաճումներ է կատարել, ծաւալուել է ու ընդհանրացրել անօրինակ չափերով: Հաղորդակցութեան միջոցները զարգացել են, արագացել ու հեշտացել, անվտանգ ու մատչելի դարձել ամէնքի համար, այնպէս, որ կարծես տարածութիւնը գոյութիւն չունի այլեւս աշխարհի մէջ:

Մեր պապերի համար Երեւանից Ստամբոլ գնալ-գալը մի գործ էր, որին մարդիկ, թերեւս՝ մէկը յիսուն հազարից, պատրաստւում էին տարիներով ու ապա տարիներ շարունակ պատմութիւններ անում այդ հեքիաթային ճամփորդութեան մասին: Իսկ այսօր՝ ովկիանն անցնելն եւ Ամերիկա գնալը կամ ասիական մեծ ցամաքը ծայրից ծայր կտրելն ու մինչեւ Ճափոն հասնելը այնպիսի սովորական բան է դարձել, որ այլեւս ոչ զարմացնում է, ոչ իսկ հետաքրքրում մէկին:

Միջազգային շփումը, յարաբերութիւններն ու կապերը, մասնաւորապէս՝ տնտեսական կապերը, հարիւրապատկուել են: Ամենահեռաւոր երկիրներն ու ժողովուրդներն անգամ կապուած են այսօր առեւտրական կապերով, փոխանակում են ապրանք ու հում նիւթ, օգտագործում ու շահագործում են միմեանց. աշխարհը դառել է այսօր մի հոյակապ շուկայ, ուր մշտական շփման մէջ են ամէն կարգի ու ամէն գոյնի մարդիկ:

Այն դրութիւնը, որը ենթադրաբար պիտի տանէր դէպի ապազգայնացում, իրականացած է արդէն շատ մեծ չափերով, աւելի մեծ չափերով, քան կարող էր երազել սրանից մի-երկու դար առաջ ամենավառ, ամենաանզուսպ երեւակայութիւնն անգամ: Բայց ազգերի ապազգայնացումը չի նկատւում:

Ի հարկէ (ու բարեբախտաբար), ազգերը այսօր շատ աւելի մօտ ճանաչում են իրար, շատ աւելի լաւ հասկանում միմեանց, ուրեմն եւ շատ աւելի հեշտօրէն գտնում են մի ընդհանուր լեզու՝ ընդհանուր գործերը կարգադրելու համար: Կը սիրէի աւելացնել նաեւ, մի քիչ տատանուելով ու որոշ վերապահումններով- շատ աւելի համբերատար ու փափկանկատ են իրար հանդէպ, քան 5-10 սերունդ մեզանից առաջ:

Բայց այս բարեբեր փոփոխութիւնը չի չեզոքացրել ազգային անհատականութիւնները, չի վերացրել կամ թուլացրել ազգային կապերը:

Ահա երեք մեծ ազգ՝ անգլիականը, ֆրանսականը, գերմանականը: Անժխտելիօրէն, սրանք ամէնից աւելի քաղաքակրթուած ազգերն են այսօր, քաղաքակրթութեան ռահվիրաներն  ու առաջապահները:

Եթէ քաղաքակրթուելու հետ միասին թուլանալու լինէին ազգային առանձնայատկութիւնները, ապա ուրեմն սրանք պակաս «ազգային» պիտի լինէին, քան աւելի յետամնաց (կամ պակաս առաջադիմած) ազգերը, օրինակ՝ պարսիկները, ռումանացիները, ռուսները: Արդեօք այդպէ՞ս է իրականութեան մէջ. արդեօք անգլիացին պակա՞ս չափով «անգլիացի» է, քան պարսիկը՝ պարսիկ, ռումանացին՝ ռումանացի եւ ռուսը՝ ռուս: Ճիշդ հակառակը չէ՞ արդեօք իրականի մէջ:

Եթէ քաղաքակրթութիւնը տանէր դէպի ապազգայնացում, այսօրուայ գերմանացին պակաս շեշտուած գերմանացի պիտի լինէր, քան էին իր պապերը. չէ՞ որ նա աւելի քաղաքակրթուած է: Բայց այդպէ՞ս է արդեօք. մի՞թէ գերմանական ազգը պակաս «ազգային» է այսօր, քան էր Միջին դարերում կամ Վերածնունդի շրջանում, այսինքն՝ մի՞թէ պակաս է արտայայտուած իր ազգային դէմքը, պակաս բարձր է ազգային գիտակցութիւնը… Ճիշդ հակառակը չէ՞ արդեօք:

Եթէ յարատեւ ու սերտ շփումը, քաղաքակրթութեան զարգացման հետ միասին տանում է անհրաժեշտօրէն դէպի ձուլում, ապա ուրեմն ֆրանսիացիները, գերմանացիներն ու անգլիացիները վաղուց արդէն կանգնած պիտի լինէին ձուլման ճամբու վրայ, որովհետեւ սրանք, ամէնից աւելի քաղաքակրթուած ազգերը լինելով հանդերձ, դարեր ի վեր ամենասերտ ու ամէնօրեայ յարաբերութիւնների մէջ են միմեանց հետ: Փարիզից Բերլին, Փարիզից Լոնդոն ու Լոնդոնից Բերլին մի քանի ժամուայ ճանապարհ է միայն: Օրական հազար մարդիկ, ամէն տեսակ գործերով, անցնում են սահմանը ու շփւում հարեւանների հետ: Հազարաւոր ու հազարաւոր գերմանացիներ՝ առեւտրական ու այլ գործերով, տարիներով ապրում են Ֆրանսայում ու Անգլիայում, ֆրանսիացիներ՝ Անգլիայում ու Գերմանիայում, անգլիացիներ՝ Գերմանիայում ու Ֆրանսայում: Բայց արդեօ՞ք գերմանացիները (իբրեւ ազգ, իբրեւ ամբողջութիւն) ապագերմանանում են աստիճանաբար ու ֆրանսական կաղապարով կաղապարւում եւ կամ ֆրանսացիները՝ անգլիական կերպարանք առնում:

Բազմաթիւ գերմանացիներ հարկադրուած են գիտնալու եւ գիտեն ֆրանսերէն, ինչպէս բազմաթիւ ֆրանսացիներ խօսում են անգլիերէն ու գերմաներէն, բազմաթիւ անգլիացիներ՝ գերմաներէն ու ֆրանսերէն: Բայց այս հանգամանքը վտանգո՞ւ մ է արդեօք ազգային լեզուի գոյութիւնն ու զարգացումը, տանո՞ւմ է արդեօք լեզուները դէպի ձուլում: Ֆրանսերէն գիտցող գերմանացին պակա՞ս լաւ գիտէ իր մայրենի գերմաներէնը, պակա՞ս սիրում իր սեփական լեզուն, պակա՞ս է գնահատում ու իմանում զայն:

Գերմանացիները համարեա իւրացնել են Շէքսպիրը: Բայց մի՞թէ այս պատճառով նրանք մոռացել են Գեօտէն կամ պակաս են սիրում Հաուպտմանը:

Անշուշտ, Շէքսպիրը ունեցել է իր մեծ ու բարերար ազդեցութիւնը գերման գրականութեան վրայ: Գերմանական երաժշտութիւնը արձագանք է գտել ռուս երաժշտութեան մէջ, ռուսական թատրոնի վրայ… Այս կարգի օրինակները բազմաթիւ են եւ բարեբախտաբար աւելի եւս բազմանալու են քաղաքակրթութեան առաջխաղացման հետ միասին: Ազգերը օգտւում են միմեանցից, փոխանակում են մշակութային արժէքներ, ճիշդ այնպէս, ինչպէս փոխանակում են նիւթական արժէքներ:

Բայց, փոխանակելով, իւրացնում ու ազգայնացնում են օտարը. օտար տարրեր ներմուծելով ոչ միայն չեն քանդում ազգային ուրոյն մշակոյթը, այլ աւելի եւս հարստացնում, զօրացնում են այն: Պուշկինն ու Իբսէնը՝ երկուսն էլ ազդուած են Շէքսպիրից, ներշնչելու են ու մասամբ ընդօրինակել Շեքսպիրը: Բայց, այսուհանդերձ, երկուսն էլ ազգային մեծ բանաստեղծներ են. «Բորիս Գոդունովը» նոյնքան ռուսական է ու «Հելհոլանդի մարտիկները» նոյնքան նորվեգիական, որքան անգլիական են Շէքսպիրի «քրոնիկոնները»:

Ի հարկէ, փոխադարձ ազդեցութեան տակ տեղի են ունենում նաեւ ձուլման դէպքեր: Արդէն մի քանի անգամ առիթ եմ ունեցել մատնանիշ անելու այս երեւոյթը եւ հարկ չեմ տեսնում նորից վերադառնալու խնդրին:

Պատմութիւնը հաստատում է, որ ծերացած, թոյլ, ուժասպառ կամ որոշակի դեռ չկազմակերպուած եւ, հետեւապէս, անկայուն ազգերը յաճախ կորցնում են իրենց դեմքը, ենթարկուելով օտար ազդեցութիւնների, կլանուելով ու ձուլուելով հարեւան ազգութիւնների մէջ: Բայց նոյն պատմութիւնը վկայում է, որ ուժեղներն ու կենսունակները, ժամանակի ընթացքում, աւելի եւս զօրանում են ու ինքնահաստատւում:

Այս երկու հակառակ պրոցեսները կատարւում են զուգընթացաբար, լրացնում են մէկը միւսին: Պատմական ճշմարտութիւն է, որ պրովանսալցիները լուծուեցին ֆրանսական ազգի մէջ ու սկովտիացիները՝ անգլիականի մէջ: Բայց ճշմարտութիւն է եւ այն, որ իրլանդացիները չխառնուեցին նոյն անգլիացիների հետ, Բոհեմիայի չեխերը մնացին անջատ գերմանացիներից ու հայերը չթուրքացան:

Իրականութեան հակառակ կը լինէր ասել, թէ պատմութիւնը տանում է մարդկութիւնը բազմազանութիւնից դէպի միջազգայնութիւնը եւ թէ քաղաքակրթութիւնը վերացնում է ազգային առանձնայատկութիւնները, ուրեմն եւ ազգային բաժանումները:

18րդ դարի փիլիսոփաներին թերեւս ներելի էր այս սխալը: Բայց կրկնել նոյնը 20րդ դարում՝ կը նշանակէր կոյր լինել երկու աչքերով:

Պէտք չէ միայն շփոթել ազգային առանձնայատկութիւնները այնպիսի նմանութիւնների ու տարբերութիւնների հետ, որոնք չեն բխում ազգութեան էութիւնից, ոչ էլ պայմանաւորում են այն:

Կասկած չկայ, որ այսօրուայ ֆրանսացին շատ աւելի «նման» է այսօրուայ գերմանացուն, քան գրենլանդական էսքիմոսը հարաւ-աֆրիկեան հոտտենտոտին եւ այս երկուսը՝ ռուսին: Բայց սա ապացոյց չէ, թէ ուրեմն էսքիմոն ու հոտտենտոտը ազգայնօրէն աւելի լրիւ են արտայայտւած, կազմում են աւելի կատարեալ ազգային տիպեր, քան գերմանացին, ֆրանսացին կամ ռուսը, ապացոյց չէ, որովհետեւ այն գծերը, որ նմանեցնում են ֆրանսացիին գերմանացուն, ազգային չեն, այլ հանուր-քաղաքակրթական, ինչպէս եւ այն գծերը, որ տարբերում են էսքիմոյին հոտտենտոտից, ազգային չեն, այլ պարզ ցեղային կամ պարզ կենցաղային:

Ազգային հակումները աննախընթաց թափով հրապարակ եկան 19րդ դարի սկիզբներից: Մասնաւորապէս շեշտուեց ազգութիւնների բուռն տենչը՝ քաղաքականապէս ազատագրուելու եւ ազգային անջատ պետութիւններ կազմելու: Ազգային գիտակցութիւնն ու ազգային պահանջները դարձան քաղաքական մի նոր, շատ կարեւոր գործօն եւ իրենց դրոշմը դրին նորագոյն պատմութեան վրայ:

Բալկանեան թերակղզու ազգութիւնները՝ յոյները, ռումանացիները, սերբերը, բուլգարները, որոնք դարերով տառապած էին օտար պետութեան լուծի տակ, ազատագրուեցին, անջատուեցին Օսմանեան կայսրութիւնից: Բելգիան ապստամբեց Հոլլանդիայի դէմ ու առանձին պետութիւն կազմեց: Իտալական ազգը ազատագրուեց Հաբսբուրգների տիրապետութիւնից, Նորվեգիան բաժանուեց Շուէդից: Լեհաստանը արիւնահեղ փորձեր արաւ թօթափելու իր վրայից ռուսական լուծը, Հունգարիան՝ աւստրիականը, Իրլանդան՝ անգլիականը:

Միւս կողմից՝ Իտալիան ու Գերմանիան, որ անցեալներում բաժանուած էին բազմաթիւ, իրար հետ շարունակ պայքարող մանր-մունր տէրութիւնների, համախմբուեցին, միացան եւ համազգային հզօր պետութիւններ կազմեցին:

Ազգային շարժումներ էին սրանք, ազգերի գոյութեան ու ինքնագիտակցութեան պերճախօս վկայութիւններ: Պետականօրէն դարերով կապուած տարբեր ազգերը ձգտում էին բաժանուել իրարից, իսկ նոյն ազգի պատկանող անջատ հատուածները՝ խմբուել ի մի, ամբողջացած ազգային պետութիւններ կազմել:

Նոյն երեւոյթը աւելի եւս ուժգնապէս արտայայտուեց մեծ պատերազմի ընթացքում եւ նրանից անմիջապէս յետոյ՝ խաղաղութիւնը վերահաստատելու շրջանում, երբ հիմնովին վերաքննութեան առնուեց Միջին Եւրոպայի ու Մերձաւոր Արեւելքի քաղաքական քարտէզը: Բազմազգեայ մեծ կայսրութիւնները՝ Ռուսաստան, Աւստրօ-Հունգարիա ու Թիւրքիա կազմալուծուեցին, ծնունդ տուին նոր պետութիւնների, հիմնւած գլխաւորապէս ազգային բաժանումների վրայ: Կազմուեցին Ֆինլանդա, Էստոնիա, Լեթոնիա (լատիշների պետութիւն), Լիթվանիա, Լեհաստան, Ուկրայնա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Վոլգայի ու Միջին Ասիայի մահմեդական պետութիւնները. ապա՝ Չեխօ-Սլովակիա, Հունգարիա, Եուկո-Սլավիա, Ալբանիա, Իրաք (Միջագետք), Իրլանդան բաժանուեց Անգլիայից, Իսլանդան՝ Դանեմարքից…

Դարձեալ՝ ազգութիւնների ու ազգային հակումների աննախընթաց, ապշեցուցիչ յաղթանակն էր սա:

Նոյն պատմական շրջանում (18րդ դարի վերջերից) զօրացաւ ու քաղաքակիրթ ժողովուրդների մէջ գերիշխող տեղ բռնեց հին աշխարհի «երրորդ դասակարգ»-բուրժուազիան:

Այս հանգամանքը, ժամանակագրական այս զուգադիպութիւնը առիթ է տուել մտածելու, թէ ազգայնութիւնը՝ ազգային ինքնագիտակցութիւնն ու ազգային պայքարը, բուրժուազիայի դասակարգային արտայայտութիւններից մէկն է, նրա ստեղծագործութիւնն ու զէնքը՝ ընդդէմ միջազգային պրոլետարիատի:

Պարզ թիւրիմացութիւն է կամ գիտակցական կեղծիք՝ երեւոյթների այսպիսի մեկնութիւնը:

Ազգութիւնն ու դասակարգը էապէս տարբեր երեւոյթներ են, միանգամայն անկախ մէկը միւսից: Ազգութիւնը ապադասակարգային է (ինչպէս եւ դասակարգը՝ ապազգային), վեր է կամ դուրս դասակարգից: Կապիտալն ու նրա տէրը՝ բուրժուազիան, առնուազն նոյնքան միջազգային եւ, որքան եւ հակառակ բանակը՝ պրոլետարիատն ու աշխատաւորութիւնը առհասարակ:

Շատ մեծ պատիւ արած կը լինէինք բուրժուազիայի, եթէ նրա դասակարգային հնարագիտութեանը վերագրէինք ազգային գիտակցութիւնը եւ սրա առարկայական հիմքը՝ ազգային արժէքների գոյութիւնը: Ազգը հաւաքական ստեղծագործութիւն է, որի մէջ ունեն իրենց բաժինը ազգ կազմող ժողովուրդի բոլոր խաւերը: Եւ եթէ կայ մի տարր, որը առանձնապէս աշխատած է ազգային անհատականութիւնը հաստատելու, ամէնից աւելի ստեղծագործում է ու սնուցանում ազգային արժէքներ, ամէնից աւելի վառ պահում է ազգային իդէալները. դա ոչ թէ ազգի բուրժուազիան է, այլ նրա ապադասակարգային մտաւորականութիւնը:

Անհերքելի է, որ բուրժուազիան շահագործել է (ու ապագայում էլ կարող է շահագործել) իր դասակարգային նպատակների համար ազգային բաժանումները, ազգային հակառակութիւններն ու հակամարտութիւնները:

Բայց չէ՞ որ նոյն բուրժուազիան, նոյն դասակարգային նպատակների համար, շահագործել է նաեւ գիտութիւնը, տեքնիքան, արուեստը, մամուլն ու գրագիտութիւնը: Այս այսպէս լինելով, կարելի՞ է ասել, թէ ուրեմն գիտութիւնն ու արուեստը, մամուլն ու գրականութիւնը՝ բուրժուական հնարագիտութիւններ են, բուրժուազիայի դասակարգային արտայայտութիւնները ու յատկապէս՝ նրա դասակարգային զէնքը: Չէ՞ որ նոյն զէնքը նոյնքան բանուկ ու նոյնքան զօրեղ է նաեւ պրոլետարիատի ձեռին: Մեր օրերում ռուս բոլշեւիկների օրինակը ցոյց է տալիս, թէ ի՛նչ մեծ չափերով կարող է շահագործել մարտնչող պրոլետարական կուսակցութիւնը մամուլի, գրականութեան ու արուեստի ուժը:

Գիտութիւնը ինքնըստինքեան ոչ մի առնչութիւն չունի դասակարգային բաժանումների հետ: Տարբեր բան է, թէ այս կամ այն գիտնականը կարող է բուրժուական հակումներ ունենալ եւ այս կամ այն վարդապետութիւնը (մասնաւորապէս հասարակագիտութեան մէջ) կարող է գունաւորուած լինել դասակարգային միտումներով ու յատուկ նպատակ ունենալ՝ արդարացնելու, ամրապնդելու, յաւերժացնելու այս կամ այն հասարակական կարգերը: Բայց սա գիտութեան յատկութիւն չէ, այլ միայն գործադրութեան:

Գիտութիւնը մի չէզոք զէնք է, որ հաւասարապէս կարող է զարնել ե՛ւ աջ, ե՛ւ ձախ՝ նայելով թէ ում ձեռքն է գտնւում:

Նոյնը եւ ազգը:

Ազգային բաժանումները կարող է շահագործել (ու շահագործում է) ոչ միայն բուրժուազիան, այլ եւ աշխատաւորութիւնը:

Եթէ Բագւում հայ բուրժուազիան շահագործում էր հայ-թաթարական հակառակութիւնը, կաշկանդելով հայ բանուորութեան գործօն մասնակցութիւնը կապիտալի տիրապետութեան դէմ ուղղուած պայքարի մէջ, չէ՞ որ վրաց սոցիալ դեմոկրատիան իր հերթին շահագործում էր մեծապէս այն հանգամանքը, որ Վրաստանի մանր ու խոշոր բուրժուազիան կազմուած էր գլխաւորապէս հայերից, իսկ Հ. Յ. Դաշնակցութիւնը շահագործում էր այն հանգամանքը, որ Հայաստանում հողատիրութիւնը գտնւում էր գլխաւորապէս թուրք ազնուականութեան ձեռին:

Եթէ Բագւում հայ-թաթարական հակառակութիւնը՝ բաժանելով բանուորական բանակը ազգային հատուածների՝ հեշտացնում էր նաւթարդիւնաբերողների պայքարը պրոլետարիատի յարձակումների դէմ, միւս կողմից ու դրան հակառակ, հայ-վրացական հակամարտութիւնը Վրաստանում ու հայ-թուրքական հակամարտութիւնը Հայաստանում՝ աւելացնելով դասակարգային հակամարտութեան վրայ նաեւ ազգայինը՝ հեշտացնում էր բանուորութեան եւ գիւղացիութեան յարձակումը գործարանատէրների, վաճառականների ու հողատէրների դէմ:

Քողարկել դասակարգային պայքարը ազգային ինքնապաշտպանութեան անունով կամ գէթ գունաւորել այն ազգային գոյներով՝ սա մի գործելակերպ է, կռուի մի ձեւ, որ յատուկ է ոչ միայն բուրժուազիային, այլեւ պրոլետարիատին: Ռուս բոլշեւիկները վարպետօրէն շահագործեցին Միջին ու Առաջաւոր Ասիայի ժողովուրդների ազգային ու կրօնական գիտակցութիւնը, ազգային ու կրօնական կապերը կապիտալիստական Անգլիայի դէմ դժուարութիւներ յարուցանելու համար:

Ազգութիւնը՝ ինքնըստինքեան՝ ապադասակարգային է, համաժողովրդական:

Եթէ ազգային գիտակցութիւնը ուժգնօրէն հրապարակ եկաւ ու ազգային ձգտումները ամենամեծ նուաճումներ արին յատկապէս նորագոյն ժամանակներում՝ Ֆրանսիական Մեծ Յեղափոխութիւնից յետոյ՝ 19րդ ու 20րդ դարերում, բուրժուազիայի գերիշխանութեան շրջանում, դրա պատճառը այն չէ, որ բուրժուազիան իբրեւ դասակարգ աւելի «ազգայնական» է, քան որեւէ ուրիշ դասակարգ (անցեալում ազնուականութիւնն ու հոգեւորականութիւնը, ներկայում՝ պրոլետարիատը) կամ առանձնապէս շահագրգռուած է ազգային բաժանումներով ու ինքն է ներշնչել զանգուածներին այդ բաժանումների գիտակցութիւնը. ոչ, պատճառն ուրիշ է:

Ֆրանսիական Յեղափոխութիւնը, որ ազատեց քաղաքակիրթ մարդկութիւնը աւատական կարգերի մնացորդներից, տոհմային ազնուականութեան տիրապետութիւնից ու կազմակերպեց այսօրուայ բուրժուազիան, նոյն այդ յեղափոխութիւնը հիմք դրեց նաեւ ուրիշ կարգի ազատագրումների: Մեծ Յեղափոխութեան անմիջական հետեւանքներից մէկն էր միայն, մէկը հերթական նուաճումներից, առաջին կայանը երկար ճամբու վրայ, բայց ոչ նրա վերջին նպատակը ու իդէոլոգիայի բովանդակութիւնը:

Իդէոլոգիան շատ աւելի հեռուն էր գնում. ազատել՝ յանուն արդարութեան, մարդ-էակը ու մարդկային հասարակութիւնները ամէն տեսակ կապանքներից, իրաւազրկութիւններից, ճնշումներից ու բռնութիւններից, հաստատել եղբայրութիւն ու հաւասարութիւն. ահա՛ թէ ինչ էր ուսուցանում Ֆրանսիական Յեղափոխութիւնը: Իրաւունքների գիտակցութիւն եւ անողոք պայքար իրաւունքների համար՝ ահա այն մակարդը, որով մակարդուեց մարդկային հոգին նորագոյն պատմութեան շէմքին վրայ:

Մէկ անգամ սկսուած պայքարը չէր կարող սահամանափակուել կանխորոշուած շրջանակի մէջ, անհրաժեշտօրէն պիտի ունենար իր տրամաբանական զարգացումը, նոյնիսկ եթէ նրա հեղինակները նախատեսած չլինէին թէ մինչեւ ո՛ւր է տանելու այն:

Ինչո՞ւ արքայական տներն ու տոհմային ազնուականութիւնը՝ մի բուռ մարդիկ, մի չնչին փոքրամասնութիւն, պիտի տիրեն աշխարհին ու բռնանան ժողովուրդների վրայ, թելադրեն իրենց կամքը, ծծեն մարդկութեան արիւն-քրտինքը, պատերազմեն երբ կամենան, դաշնակցեն ում հետ կամենան, ասեն՝ «պետութիւնը՝ ես եմ» եւ իրօք ծախեն ու գնեն, իրար նուիրեն ու իրարից ժառանգեն գիւղեր ու քաղաքներ: Ո՞վ են թագաւորներն ու ազնուականները, որ այդպիսի իշխանութիւն ունեն եւ ինչո՞ւ մենք՝ ես ու դու, պիտի ենթարկուենք նրանց քմահաճութիւններին:

Դժուար էր այդ հարցը դնել, դժուար էր գլխի ընկնել, թէ այդպիսի հարց էլ կարող է դրուել, դժուար էր, որովհետեւ կային f éticheներ, որոնք դարերով կաշկանդել էին մարդու միտքը ու կապել լեզուն:

Բայց երբ հարցը դրուեց, պատասխանն էլ եկաւ ինքն իրեն: Այդ այդպէս է, որովհետեւ մենք՝ ես ու դու, թոյլ ենք տալիս այդ. որովհետեւ մենք՝ ես ու դու, գիտակցութիւն չունենք մեր իրաւունքների, կամք չունենք պայքարելու, կազմակերպուած չենք պայքարի համար: Ուրեմն…

Մնացածը պարզ էր:

Ու այսօր, մէկ ու կէս դար չանցած, քաղաքակիրթ մարդկութեան մէջ չկան այլեւս ոչ ինքնակալ թագաւորներ, ոչ իշխող ազնուականութիւն:

Բայց առաջին «ինչու»ին անխուսափելիօրէն պիտի հետեւէին եւ ուրիշ «ինչու»ներ:

Ինչո՞ւ հողի կամ գործարանի սեփականատէրը առանց աշխատանք թափելու պիտի իւրացնի աշխատաւոր մարդու վաստակի մի մասը. կամ եթէ մասնակից է աշխատանքին, ինչո՞ւ պիտի վարձատրուի անհամապատասխան մեծ չափերով: Ինչի՞ վրայ հիմնուած սեփականատիրութեան իրաւունքը եւ ինչո՞ւ աշխատաւոր մարդը պիտի ընդունի այդ իրաւունքի անձեռնմխելիութիւնը: Ինչո՞ւ փոքրաթիւ սեփականատէրների ներկայացուցիչները (կամ նրանց վարձկանները) պիտի նստեն պարլամենտներում եւ յօրինեն օրէնքներ, որոնց ակներեւ նպատակն է՝ ապահովել փոքրամասնութեան արտօնեալ դրութիւնը ու ամրացնել աշխատաւոր մեծամասնութեան կապանքները: Ինչո՞ւ օրէսնդրողը չպիտի լինենք մենք ինքներս՝ ես ու դու:

Պատասխանը նոյնն է. որովհետեւ մենք՝ ես ու դու, թոյլ ենք տալիս այդ… եւլն:

Գուցէ դարձեալ հարկաւոր լինի մէկ ու կէս դար՝ նոր կարգեր հաստատելու համար. այդ ես չգիտեմ: Բայց հարցը դրուած է արդէն ու լուծումը՝ կանխորոշուած:

Հետեւում են ուրիշ «ինչու»ներ (գայթակղեցուցիչ հարցերի կծիկը, որ մէկ անգամ սկսել է քանդուել, այնքա՜ն ծայրեր ունի…):

Սրանից հարիւր տարի առաջ յոյները հարց տուին իրանց. թուրքերը ինչո՞ւ պիտի իշխեն մեր երկրի վրայ, ինչո՞ւ պիտի հպատակեցնեն մեզ իրենց օրէնքներին (կամ իրենց տնօրէնութեան), ինչո՞ւ մենք չպիտի ունենանք մեր սեփական պետութիւնը, մեր օրէնքը, դատարանը, զօրքն ու ոստիկանութիւնը:

Այս «ինչու»ն նոյնքան օրինական էր, որքան եւ նախորդները, սա եւս ընդհանուր ազատագրական շարժման արտայայտութիւններից մէկն էր: Եթէ հարց էր դրւում, թէ ինչո՞ւ մի դասակարգ պիտի իշխի մի ուրիշ դասակարգի վրայ, բնական էր ու անխուսափելի, որ հարց դրուէր նաեւ, թէ ինչո՞ւ մի ազգ պիտի իշխէ մի ուրիշ ազգի վրայ:

Չէ՞ որ բոլոր ֆետիշները կասկածի տակ էին առնուած, սկսուել էր հին արժէքների ընդհանուր եւ արմատական վերագնահատման շրջան, արթնացել էր ու աննախընթաց թափով հրապարակ եկել իրաւունքի գիտակցութիւնը: Այս արթնացող գիտակցութեան արտայայտութիւններից մէկն էլ ազգային գիտակցութիւնն էր. ազգերը գլխի էին ընկնում, որ իրենք եւս ունեն ինչ որ իրաւունքներ, կարիքներ ու պահանջներ, որ բռնադատուած են…

Գիտակցութիւնից մինչեւ պայքարը՝ մի քայլ էր միայն:

Թերեւս առարկութիւն լինի, թէ յունական շարժումները 19րդ դարի առաջին քառորդում՝ ազգային բնոյթ չունեին, թէ յոյները ապստամբեցին ոչ թէ օտար տիրապետութեան, այլ պարզապէս մի բռնակալ ռեժիմի դէմ, անկախ նրա ազգային հանգամանքից: Բայց ինչո՞ւ նոյն բռնակալ ռեժիմի դէմ, չապստամբեցին Ռումելիայի ու Անատոլիայի թուրքերը, այլ ապստամբեցին յատկապէս այլազգիները՝ յոյները, ռումանացիները, սերբերն ու բուլգարները: Ինչո՞ւ ռուսական բռնակալ ռեժիմի դէմ ապստամբեցին լեհերը ու չապստամբեցին իրենք ռուսները (խօսքս 19րդ դարի մասին է):

Սխալ կը լինէր ասել, թէ ազգային դրօշակ կրողը այս շարժումները բացարձակապէս ու միայն ազգային էին, առանց կողմնակի հանգամանքների ու շարժումներին նպաստող ուրիշ, ոչ ազգային պարագաների: Բայց աւելի եւս մեծ սխալ կը լինէր չտեսնել, որ հիմնական շարժառիթն ու վճռող մոմենտը՝ ազգայնօրէն ազատագրուելու պահանջն է եղել:

Սուլթանների ու ցարերի ռեժիմը բռնակալական է եղել ընդհանրապէս, սրանց հպատակները իրւազուրկ են եղել առհասարակ: Բայց այդ ընդհանուր բռնակալութեան ու իրաւազրկութեան շրջանակի մէջ՝ եղել են նաեւ բռնութիւններ ու իրաւազրկութիւններ, որ ուղղուած են եղել յատկապէս ազգութիւնների դէմ: Եւ ահա այս կարգի իրաւազրկութիւններից ազատագրուելու համար է, որ պայքարել են (ու պայքարում են ) հպատակ ազգերը: Անհերքելի է, որ սեփական պետութիւն կազմելուց յետոյ էլ յոյն ժողովուրդը մնաց ենթակայ բազմազան բռնութիւնների, մի բան, որ անբաժանելի է պետական ռեժիմից առհասարակ ու վատ ռեժիմից՝ մասնաւրապէս: Բայց ազգայնօրէն նա ազատագրուած էր, որովհետեւ պետութիւնը այլեւս հարկադրուած կամ շահագրգռուած չէր կապանքներ դնելու նրա ազգային ձգտումների ու արտայայտութիւնների վրայ. իբրեւ ազգ՝ նա հպատակ չէր այլեւս, այլ՝ ինքնիշխան:

Հարկաւոր է ուշադրութիւն դարձնել այս հանգամանքի վրայ: Կան ազգային պահանջներ, որոնք իրական ու լրիւ բաւարարութիւն կարող են գտնել միայն ազգային պետութեանց մէջ, իսկ սրանից դուրս՝ անխուսափելիօրէն կաշկանդուած պիտի լինեն կամ սահմանափակուած: Անխուսափելիօրէն ու անկախ պետական ռեժիմից, ամէնից ազատամիտ ու բարեացակամ ռեժիմն անգամ չի կարող լրիւ բաւարարութիւն տալ բոլոր ազգային պահանջներին, եթէ ինքը՝ ազգը, իշխող չէ պետութեան մէջ:

Թողնենք յոյներին, վերցնենք մի ուրիշ օրինակ՝ Իրլանդան: Անգլիական ռեժիմը նման չէր թուրքականին: Այն բռնութիւնները, որոնք գոյութիւն ունէին Յունաստանում սուլթանական տիրապետութեան տակ, անծանօթ էին իրլանդացիին: Անգլիական կառավարութիւնը չէր կոտորում սրանց, պարբերաբար չէր աւերում երկիրը, յաւելյալ տուրքեր չէր դնում, դատարանի առջեւ չէր տարբերում իրլանդացուն անգլիացիից… Բայց եւ այնպէս, իրլանդացիները ըմբոստացան անգլիական տիրապետութեան դէմ: Ինչո՞ւ անգլիական լորդերն ու անգլիական համայնքների ընտրեալները օրէնքներ պիտի յօրինեն Իրլանդայի համար, ինչո՞ւ իրլանդացիք իրենք չպիտի օրէնսդրեն ու կառավարեն իրենց երկիրը:

Մի օրինակ եւս, դարձեալ տարբեր բնոյթ ունեցող՝ բելգիական ֆլամանդների օրինակը: Սրանք ասում են. ինչո՞ւ Գենտի համալսարանում (որ իրենց մայրաքաղաքի համալսարանն է) պիտի տիրապետի ֆրանսերէն լեզուն: Ինչո՞ւ Ֆլանդրիայի համալսարանական երիտասարդութիւնը պիտի սնուի օտար լեզուով, ինչո՞ւ իրենք՝ իրենց ծախքերով ու ի վնաս իրենց լեզուի՝ մի աւելորդ զէնք պիտի տան ֆրանսերէնի նուաճողական ձգտումներին… Տասը տարի առաջ նոյն հարցը դրուած էր նաեւ բանակի վերաբերմամբ. ինչո՞ւ ֆլաման զինուորը հարկադրուած պիտի լինի դիմել իր սպային ու նրանից հրաման ստանալ ֆրանսերէն եւ ոչ իր սեփական լեզուով:

Դիտմամբ ընտրում եմ այնպիսի օրինակներ, որոնք շատ տարբերւում են իրարից՝ ազգային դատը խստացնող կամ մեղմացնող կողմնակի հանգամանքներով:

Յոյների դրութիւնը օսմանեան լուծի տակ բնաւ նոյնը չէր, ինչ որ իրլանդացիների դրութիւնը Մեծն Բրիտանիայի Միացեալ Թագաւորութեան մէջ ու մանաւանդ՝ ֆլամանդների դրութիւնը՝ Բելգիայում: Յոյները ենթարկուած էին մի բարբարոս ռեժիմի, ուր ազգային իրաւազրկութիւնների վրայ աւելանում էին ամէն տեսակ քաղաքական ու քաղաքացիական իրաւազրկութիւններ: Անգլիական ռեժիմը Իրլանդայում քաղաքակիրթ պետութեան ռեժիմ էր, որի տակ այլազգի իրլանդացիները վայելում էին ազգային ազատութիւններ այնչափ, որչափ դա առհասարակ հնարաւոր է մի օտար պետութեան մէջ: Ինչ վերաբերում է ֆլամանդներին, սրանց միասին չի էլ կարելի ասել, թէ հպատակ են օտար պետութեան, որովհետեւ ֆլամանդները՝ վալլոնների հետ միասին ու հաւասար՝ տէր են Բելգիայի. միայն լեզուի խնդիրն է, որ տալիս է որոշ առաւելութիւններ վալլոններին եւ միայն այս խնդրի շուրջն է, որ կատարւում է ազգային պայքարը:

Տարբեր են պայմանները: Բայց կայ մի հիմնական կէտ, որ նոյնն էր թէ՛ յոյների, թէ՛ իրլանդացիների եւ թէ՛ ֆլամանդների համար. այն, որ երեքն էլ չէին բաւարարուած, զրկուած էին ազգայնօրէն եւ երեքն էլ ձգտում էին հաստատել իրենց ազգային անհատականութիւնը:

Անծանօթ չեն ինձ այն ոչ ազգային (գլխաւորապէս՝ տնտեսական բնոյթ ունեցող) շարժառիթները, որոնք մեծապէս նպաստել են ազգային պայքարների ծաւալման: Բայց սրանք անզօր են բացատրելու երեւոյթի էութիւնը, նրա միանգամայն ուրոյն բնոյթը:

Յամենայն դէպս ու որքան էլ գերագնահատելու լինենք տնտեսական շարժառիթների նշանակութիւնը, դարձեալ չպիտի կարողանանք վերագրել ազգային պայքարը յատկապէս բուրժուազիայի դասակարգային դաւերին (եթէ ազգային շարժումների հիմքը իրօք տնտեսական կարիքն է կամ շահը, ապա ուրեմն այդ կարիքն ու շահը ընդհանուր են ամբողջ ազգին եւ ոչ միայն բուրժուազիային):

Ասել, թէ Բալկանեան ազգերը ըմբոստացան թուրքերի դէմ, թէ հրեայ սիոնիստները ձգտում են մի ազգային տուն հիմնել Պաղեստինի մէջ, թէ հայերը անկախ յայտարարեցին իրենց 1918 թ. կամ ֆլամանդները պահանջում են աքսորել ֆրանսիական լեզուն Գենտի համալսարանից, որովհետեւ ա՛յս էր պահանջում ամենակարող բուրժուազիայի դասակարգային շահերը ու ա՛յս էր կամեցել նա, այսպէս ասել կը նշանակէր բացասել, խեղաթիւրել կամ անգիտակցել փաստերը, չտեսնել կամ չկամենալ տեսնել իրականութիւնը:

Բուրժուազիան ինքնըստինքեան ու իբրեւ դասակարգ՝ պէտք չունի շարժման մէջ դնելու ազգերը, ազգային ինքնահաստատման իրաւունքներ պահանջելու: Նոյնիսկ կարելի է ասել, որ ազգային բնազդը շատ թուլացած է բուրժուազիայի մէջ, մանաւանդ՝ նրա վերին խաւերում: Զտուած, բիւրեղացած բուրժուազիան, դասակարգի éliteն ու ղեկավարը (խոշորագոյն կապիտալների տէրերը կազմում են այսօր մի միջազգային կամ ապազգային ընտանիք, ճիշդ այնպէս, ինչպէս անցեալներում կազմում էին այդպիսի մի ընտանիք վեհապետական տները: Բարձր, տիրող բուրժուազիան այսօր այլասերուած է ազգայնօրէն, ինչպէս անցեալներում այլասերուած էր բարձր ազնուականութիւնը: Եւ եթէ, որոշ պայմանների մէջ, բուրժուազիան այնու ամենայնիւ հարկադրուած է լինում յենուելու ազգային գիտակցութեան վրայ, կոչ անելու ազգասիրութեան ու հայրենասիրութեան, նա քաղաքականութիւն է վարում, կեղծում է խոշոր չափերով (ինչպէս կեղծում էին անցեալում թագաւորները):

Եթէ իբրեւ օրինակ վերցնելու լինենք մեր սեփական իրականութիւնը ու վերյիշենք մեր ամենամօտ անցեալը, դառնութիւնով պիտի արձանագրենք, թէ որքա՜ն չնչին է եղել մեր այսպէս կոչուած «բուրժուազիա»յի մասնակցութիւնը հայ ազատագրական շարժման մէջ:

Ցարական ու սուլթանական ռեժիմի տակ մեր «բուրժուաները» մի հոգս են ունեցել միայն. յարմարուել ըստ ամենայնի եղած կարգերին ու մթութեան մէջ, խոնարհաբար, սուսիկ-բուսիկ աւելացնել իրենց կարողութիւնները:

Շարունակելի