20 տարի առաջ այս օրը՝ 1996-ի սեպտեմբերի 20-ին, նախագահական ընտրությունների նախօրեին գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական ելույթ ունեցավ պետական հեռուստատեսությամբ: Այն մասամբ ուղղված էր իր հիմնական մրցակցին՝ Վազգեն Մանուկյանին:
ԱՆԻ կենտրոն
Սիրելի հայրենակիցներ,
Քանի որ իմ խոսքն անչափ պատասխանատու է լինելու, ես նպատակահարմար եմ համարում ձեզ դիմել գրավոր ուղերձով:
Ես չեմ պատրաստվում ձեզ ներկայացնել իմ նախընտրական ծրագիրը, դա բավականաչափ արված է զանազան հրատարակությունների, մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի միջոցներով: Բացի այդ, Հայաստանի մարզերում ունեցած բազմաթիվ ելույթներում հնարավորություն եմ ունեցել ժողովրդին մատուցել իմ բոլոր հիմնական գաղափարները: Այդ ծրագրի էությունը կարելի է ամփոփել հետեւյալ ժլատ ձեւակերպմամբ. պետության ամրապնդում եւ խաղաղության ու ներքին կայունության պահպանում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանում, նրա ազատ կենսագործունեության եւ անվտանգության ապահովում, երկրի տնտեսական զարգացման խթանում, ժողովրդի սոցիալական վիճակի աստիճանական բարելավում եւ օրինականության ու կարգուկանոնի հաստատում:
Այսօր, սակայն, ես խոսելու եմ բոլորովին այլ երեւույթի մասին, որը միայն կողմնակիորեն է առնչվում իմ ծրագրին: Խոսքը վերաբերում է ընդդիմության նախընտրական տակտիկային:
Շուրջ մեկ ամիս է արդեն, ինչ ընդդիմադիր 6 թեկնածուներ մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, հրապարակային հանդեսների բոլոր միջոցներով գիշերուզօր զբաղված են նախագահության մի այլ թեկնածուի վարկաբեկման բուռն գործունեությամբ:
Օգտագործվում է ստի, կեղծիքի, զրպարտության, անպարկեշտ որակումների, սոցիալական դեմագոգիայի ողջ զինանոցը:
Խոսվում է համատարած կողոպուտի, անբարոյականության, ազգային դավաճանության մասին:
Խոստումներ են տրվում առ այն, որ հնարավոր է մի քանի ամսում շեշտակիորեն բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը, տասնապատիկ ավելացնել պետության բյուջեն, աշխատավարձերը եւ կենսաթոշակները:
Նկատի ունենալով, որ այսպիսի քարոզարշավը կարող է որոշակի արձագանք գտնել դեռեւս սոցիալական ծանր վիճակի մեջ գտնվող մեր ժողովրդի զանազան շերտերում, ես ստիպված եմ տալ որոշ պարզաբանումներ:
Ի տարբերություն ընդդիմության՝ ընտրարշավի ընթացքում մենք ընտրել էինք զուսպ, պարկեշտության կանոնները չխախտող, անձնական պիտակներից զերծ խոսելաոճ: Սակայն, տպավորություն է ստեղծվում, որ մեր լռությունը կարող է սխալ հասկացվել:
Ես այսօր էլ մտադիր չեմ հրաժարվել իմ որդեգրած սկզբունքից եւ դիմել անձնական բնույթի որակումների, բայց այլեւս անհնար եւ անթույլատրելի եմ համարում խուսափել որոշ քաղաքական գնահատականներից:
Նախ՝ հիշյալ թեկնածուներն իրենց մարդկային նկարագրով, վարքուբարքով, դավանած սկզբունքներով ու գործելակերպով շատ հեռու են ինձ, իմ ընկերներին, առավել եւս ողջ ժողովրդին բարոյականության դաս տալու իրավունքից:
Երկրորդ՝ նրանց սոցիալական դեմագոգիան հիմնված է Հայաստանի ռեալ իրավիճակի, նրա ռեսուրսների ու տնտեսական հնարավորությունների բացահայտ անգիտության փաստի վրա եւ ուղղված է ժողովրդին թեկուզ ժամանակավորապես մոլորության մեջ գցելու պատեհապաշտ նպատակին: Եւ երրորդ՝ նրանց ծրագրերը, մեթոդները եւ արկածախնդրական մտահղացումները լի են այնպիսի ահավոր վտանգներով, որոնցից մեր ժողովուրդը կարողացել է խուսափել անկախության անցած հինգ տարիների ընթացքում:
Շրջանցելով մնացյալ թեկնածուներին, ես կուզենայի այս պնդումը լուսաբանել Խորհրդային Հայաստանի վերջին վարչապետի՝ ԱԺՄ ի նախագահի օրինակով:
Ծանոթանալով նրա նախընտրական ծրագրին, լավ գիտենալով նրա հոգեկան կերտվածքն ու մտավոր կարողությունները, գաղափարներն ու գործելակերպը, ինձ իրավունք եմ վերապահում խորին համոզմամբ հայտարարել, որ նրա ընտրության դեպքում անխուսափելիորեն տեղի է ունենալու հետեւյալը.
– անմիջապես խիստ սրվելու են հարաբերությունները Ռուսաստանի հետ.
– վտանգվելու է հայ ռուսական համագործակցությունը ռազմական բնագավառում.
– ֆինանսական պատճառներով հարցականի տակ է դրվելու Հայկական ատոմակայանի վերագործարկման հնարավորությունը.
– սահմանափակվելու կամ նույնիսկ խափանվելու է Թուրքմենստանից Հայաստան գազի մատակարարումը.
– կառավարության պոպուլիստական քայլերի պատճառով կրճատվելու կամ ընդհանրապես դադարեցվելու է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրումը.
– խաթարվելու են հայ վրացական հարաբերությունները, երկու ժողովուրդների միջեւ ստեղծվելու է կասկածամտության եւ անվստահության մթնոլորտ.
– նվազելու է բանակի մարտունակությունը, եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվելու է պատերազմի վերսկսման վտանգի առջեւ.
– խախտվելու է երկրի ներքին կայունությունը, կոալիցիոն կառավարության հակասությունները հանգեցնելու են անիշխանության կամ բռնատիրության հաստատման՝ իր բոլոր հակադեմոկրատական հետեւանքներով.
– Հայաստանի կարծր դիրքի պատճառով վիժեցվելու է Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը, մեծանալու է միջազգային հանրության եւ շահագրգիռ պետությունների ճնշումը՝ ընդհուպ մինչեւ տնտեսական պատժամիջոցների կիրառում, Հայաստանը հայտնվելու է քաղաքական մեկուսացման մեջ.
– վերջին հաշվով լուրջ վտանգի են ենթարկվելու Լեռնային Ղարաբաղի գոյությունը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:
Ես պարտավոր էի հնչեցնել այս ահազանգը՝ բացառելու համար ձեր սխալվելու անգամ չնչին հնարավորությունը, իսկ սխալվելու դեպքում՝ զերծ մնալու համար ձեր ապագա կշտամբանքից՝ ժամանակին ձեզ զգուշացրած չլինելու պատճառով:
Ըստ էության՝ առաջիկա ընտրությունը տեղի է ունենալու ոչ թե անձերի կամ քաղաքական ուժերի, այլ իրականում՝ Հայաստանի ապագայի կերտման երկու հնարավոր ճանապարհի միջեւ՝ խաղաղության եւ պատերազմի, կայունության եւ խառնաշփոթի, ապահովության եւ վտանգի:
Իմ ընտրության դեպքում դուք կընթանաք առաջին ճանապարհով. այո՛, դեռեւս կլինի դժվար կյանք, բայց բարելավման միտումներով եւ խաղաղության, կայունության ու անվտանգության պայմաններում:
Իսկ ԱԺՄ-ի թեկնածուի ընտրությամբ դուք կունենաք նույնքան եւ թերեւս ավելի դժվար կյանք, բայց արդեն ուղեկցված պատերազմով, ցնցումներով ու տագնապներով: Այդ ընտրության գինը խաղաղության կորուստն է, Արցախի հայաթափումը եւ ձեր զավակների արյունը: Դուք ոչ միայն չեք ստանա խոստացվածը, այլեւ կկորցնեք ձեր ունեցածը, որի արժեքը լիովին կգնահատեք միայն կորցնելուց հետո:
Վտանգն այն է, որ շատերին կարող է թվալ, թե խաղաղությունը, կայունությունը, Արցախի ներկա վիճակը արդեն մեկընդմիշտ տրված եւ անփոփոխ իրողություններ են, որոնց այլեւս ոչինչ չի սպառնում: Ցավոք սրտի, իրականությունը դեռեւս այնքան փխրուն է, այնքան զգայուն, այնքան կախված բազմածալք ու նրբահյուս հարաբերություններից, որ բավական է մի անզգույշ քայլ, մի լուրջ սխալ արտաքին քաղաքականության բնագավառում, բավական է մի թեթեւամիտ արկածախնդրություն, եւ մենք նորից կհայտնվենք 1991–1993 թվականների իրավիճակի մեջ:
Սիրելի հայրենակիցներ, բարեբախտաբար ասեմ՝ թե դժբախտաբար, իմ բոլոր քաղաքական կանխատեսումները մինչեւ այժմ հիմնականում իրականացել են: Մազաչափ չեմ կասկածում, որ կիրականանա նաեւ այս կանխատեսումը, եթե ահազանգս տեղ չգտնի ձեր սրտերում:
Հայաստանը տեսել է թագավորություն, տեսել է օտարի լուծ, տեսել է առաջին հանրապետություն, տեսել է խորհրդային վարչակարգ, տեսել է ժողովրդավար իշխանություն, չի տեսել միայն ֆաշիզմ, որի ուրվականը, սակայն, այսօր թակում է մեր դուռը:
Այս ամենը ես ասում եմ ամենայն սառնասրտությամբ եւ հոգու անդորրությամբ, որովհետեւ վստահ եմ, որ դուք նման կործանարար սխալ թույլ չեք տա:
Ամեն ինչ կախված է ձեր կամքի արտահայտությունից եւ առաջիկա ընտրություններին ձեր միահամուռ մասնակցության հանգամանքից: Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան փոքր կլինի սխալվելու հնարավորությունը, եւ այնքան իրեն ամուր կզգա ապագա Նախագահը:
Շնորհակալություն ուշադրության համար:
1996-09-20
http://www.levonpresident.am/?catID=41&contID=94