Յովհաննէս Քաջազնունի. «Ազգ և Հայրենիք» (մաս յոթերորդ)

1345

Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» կոթողային աշխատությունից:

 

Կրօնական միութիւնը ազգային միութիւն չէ, այդ մենք տեսանք: Եթէ անդրկովկասեան թուրք հրապարակախօսները շրջանառութեան մէջ են դրել «մուսուլմանական ազգ» արտառոց արտայայտութիւնը եւ եթէ Անգարայի միլլիականները՝ խօսելով Լօզանում Թիւրքիայի ազգային փոքրամասնութիւնների մասին՝ չէին համաձայնում հաշուի առնել նաեւ քուրդերին, առարկելով թէ քուրդը իսլամ է, սա կամ տգիտութիւն է կամ գաղափարների գիտակցական, միտումնաւոր շփոթում:

Այդ այդպէս է:

Բայց արդեօ՞ք կրօնը չունի իր տեղը ազգութիւն կազմող տարրերի մէջ:

Ունի անկասկած: Դաւանանքն ու դաւանական կազմակերպութիւնը՝ եկեղեցին, խաղացել են ազգերի պատմութեան մէջ (ու դեռ այսօր էլ շարունակում են խաղալ) շատ կարեւոր դեր եւ կրօնը պէտք է համարել, որոշ վերապահումներով, ազգային խոշոր յատկանիշներից մէկը:

Անհերքելի է, որ նոյն ազգի պատկանող տարբեր հատուածները կարող են ունենալ (եւ ունեն յաճախ) տարբեր դաւանանքներ: Բայց ընդհանուր երեւոյթն այն է, որ ամէն մի ազգ՝ իբրեւ ամբողջութիւն՝ ունի իր յատուկ դաւանանքը, պատկանում է մի որոշ եկեղեցու:

Ռուսը եւ յոյնը օրթոտոքս են գլխաւորապէս. սպանացին, իտալացին եւ ֆրանսիացին՝ կաթոլիկ, գերմանացին, շուէդացին եւ անգլիացին՝ բողոքական, հայը՝ լուսաւորչական. արաբը եւ թուրքը՝ մահմեդական, հրեան՝ մովսիսական, չինացին՝ կոնֆուցիական…

Կրօնական ու ազգային սահմանները՝ իրենց բոլոր մանրամասնութիւններով՝ նոյնը չեն անշուշտ, բայց խոշոր գծերով ծածկում են իրար:

Եւ հասկանալի է, որ այդպէս է, որովհետեւ ինքը դաւանանքը՝ ազգային մեծ ստեղծագործութիւններից մէկն է:

Չի կարելի ասել, թէ ամէն մի կրօն ազգային է ամբողջապէս ու թէ ամէն մի ազգ ունի իր սեփական, միմիայն իրեն պատկանող ու միւսներից բոլորովին անջատ կրօն, ճիշդ այնպէս, ինչպէս չի կարելի ասել, թէ ամէն մի ազգ ունի իր հիմնովին ուրոյն լեզուն, հիմնովին ուրոյն գեղարուեստը, գիտութիւնը, տեքնիքան, ընկերային կառուցուածքը, վարչական ձեւերը, օրէնսդրութիւնը… Ազգերը մեծամեծ փոխառութիւններ են արել միմեանցից, ժառանգել են կամ ներմուծել օտար հարստութիւններ, որոնց թւում նաեւ՝ կրօնական արժէքներ:

Բայց սեփականացնելով դրսից բերուած կրօնական կառուցուածքներ ու դաւանական ձեւեր, ամէն մի ազգ դրել է այդ պատրաստի կառուցուածքների ու ձեւերի մէջ ինքնայատուկ բովանդակութիւն: Եւ այստե՛ղ է ահա, որ արտայայտել է իր ազգային էութիւնը:

Հռովմէացիների Իւպետերը՝ հելլէնների Ձէուսը չէ, ոչ էլ Ձէուսը եգիպտացիների Օզերիսը, թէեւ երեքն էլ ներկայացնում են նոյն անձնաւորութիւնը: Քրիստոնեայ հինդուսի դաւանած Հայր Աստուածը Իսրայէլի Եհովան չէ, ոչ էլ Արաբի Ալլահը: Ծուռ Դաւթի պահապան Մարութայ Բանձր Աստուածածինը Լուրդի Notre Dameը չէ, ոչ էլ Մուրազատու Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետը՝ ռուսների Իվան Պրեդտեչան:

Ազգերը գունաւորում են հաւատքը իրենց սեփական գոյներով եւ երբ ազգայնացած հաւատքը հաստատուած է, նա ինքը արդէն գունաւորում է ազգերը իր գոյներով: Ազգային միութիւնները հաւաքական ստեղծագործութեան ճանապարհով մշակում են դաւանանքներ եւ դաւանական միութիւնը իր հերթին դառնում է ազգային միութիւնը ամրացնող կապերից մէկը:

Քրիստոնէական կրօնը իր գոյութեան առաջին շրջանում եղել է մի եւ «ընդհանրական» (կամ այդպէս է համարուել): Բայց հետզհետէ ծաւալուելով ու տարածուելով, նա բաժանուել է անջատ եկեղեցիների, որոնք, դաւանելով հանդերձ նոյն Աւետարանը, էապէս տարբերւում են իրարից: Եւ շատ ուշագրաւ երեւոյթ է, որ նոյն քրիստոնէութեան շրջանակի մէջ լատին ընտանիքի պատկանող ազգերը դաւանում են գլխաւորապէս կաթոլիկութիւն, գերման ընտանիքի պատկանողները՝ լութերականութիւն, սլաւ ընտանիքի պատկանողները՝ օրթոդոքսութիւն:

Ինչո՞ւ են կատարուել այս բաժանումները, ինչո՞վ են պայմանաւորուել եւ ինչո՞ւ ցեղ-ազգային բնոյթ են ստացել:

Ինչո՞ւ գերմանացին ըմբոստացել է պապականութեան դէմ, իսկ սպանացին՝ պաշտպան է կանգնել նրան: Ինչո՞ւ պարսիկը, տեղի տալով յաղթական իսլամին, էական ուղղումներ է մտցրել նրա մէջ ու ստեղծել է մի նոր դաւանանք՝ շիայութիւն: Ինչո՞ւ հայը՝ ենթարկելով իրեն ամենամեծ զրկանքների, նեղութիւնների ու վտանգների՝ դարեր ու դարեր հաւատարիմ է մնացել իր ազգային եկեղեցուն: Եւ ինչո՞ւ նոյն հայը, ընդունելով կաթոլիկութիւնը, մերժել է քահայանապետի անսխալականութիւնը, պահել է ժամասութեան մէջ իր լեզուն, իր շարականը, ծէսերը…

Պատահակա՞ն երեւոյթ են սրանք թէ՞ բնական հետեւանք այն խոշոր տարբերութիւնների, որ գոյութիւն ունեն սպանացու եւ գերմանացու, պարսիկի եւ արաբի, հայի եւ թուրքի, կաթոլիկ հայի եւ կաթոլիկ բրետոնացու հոգեկան շէնքի, հոգեկան պահանջների ու ընբռնումների մէջ:

Դաւանանքը՝ ի՛նչ ծագում էլ ունենայ, որտե՛ղից ու ինչպէ՛ս էլ ներմուծած լինի՝ անխուսփելիօրէն ազգայնանում է ժամանակի ընթացքում եւ ազգայնանալուց յետոյ ինքը դառնում է մի նոր ազգային տարր:

Կաթոլիկ սպանացին ամէն Կիրակի ներկայ է լինում հանդիսաւոր messeին, մոմ է վառում սուրբերի առջեւ, հաղորդւում է աստուածային արիւն-մարմինով, օծում է ճակատը սուրբացած ջրով, տարին մի քանի անգամ մանակից է լինում օպերային ներկայացումների պէս շքեղ բեմադրուած թափորներին, զարդարում է Տիրամօր արձանը ծաղիկներով ու գոյնզգոյն կերպասներով…

Բոլորովին այլ բնոյթ ունի լիւթերական գերմանացու աստուածապաշտութիւնը: Նա գնում է իր անշուք, պարզ ու պաղ եկեղեցին այնպէս, ինչպէս պարտաճանաչ ու ուշադիր աշակերտը գնում է դպրոց` սեւ հագած, գիրքը կռան տակ, լուռ ու լուրջ: Լսում է ուսեալ պատուելիի հերթական դասախօսութիւնը, Սուրբ Գրքի վերլուծումն ու մեկնութիւնը: Փոխարէն ներշնչուելու, նա աշխատում է հասկանալ, մտածում է ու դատում: Եկեղեցին նրա համար գեղեցկագիտական յուզումների թատերասրահ չէ, այլ բարոյագիտութեան լսարան: Նա չունի սուրբեր, որոնց բարեհաճ ուշադրութիւնը կարելի է գրաւել մոմ վառելով, չունի աստուածային շնորհով օժտուած քահանայ, որից կարելի է ստանալ թողութիւն մեծ ու փոքր, անցեալ ու ապագայ մեղքերի համար: Նրա պաշտամունքի առարկան չի մարմնացած պատկերի ու արձանի կամ՝ մոմից շինած, կարմիր-կապոյտ ներկուած ու փայլուն հուլունքներով զարդարուած խամաճուկների մէջ: Նա չունի կաթոլիկի նիւթական, անմիջական կապերը Աստծոյ եւ նրա բազմաթիւ գործակալների հետ: Նրա հաւատքը աննիւթ է, վերացական, պաշտամունքը՝ զուսպ, ծէսերը՝ անշուք ու տժգոյն:

Զարմանալի չէ՞ր լինի, եթէ այս տարբեր ձեւերի աստուածապաշտութիւնը եւ սրանց հետ կապուած տարբեր հոգեկան ապրումները, կրկնուելով շարունակ ու սերունդից սերունդ անցնելով, չազդէին խորապէս մարդկանց հոգիների վրայ, չկաղապարէին կաթոլիկ ու լութերականի հոգիները տարբեր կաղապարներով:

Սպանացին սպանացի է. սպանացին կապուած է միւս սպանացիների հետ (ու անջատուած գերմաններից) նաեւ այն պատճառով, որ նա կաթոլիկ է:

Ի հարկէ, կաթոլիկ հայը հայ է, սպանացի չէ: Բայց մի կողմ թողնելով փայլուն բացառութիւնները, Ալիշանի կամ Պէշիկթաշլեանի տիպի մարդկանց, չի կարելի ժխտել, որ ընդհանուր առմամբ կաթոլիկ հայը նոյնչափ հայ չէ, ինչ չափ է լուսաւորչականը: Լրիւ հայ լինելու համար նրան պակասում է մի բան, ազգային դաւանանքը, այն ուրոյն հոգեկան կապերը, որ ծագում են ու հաստատւում շնորհիւ ընդհանուր հաւատքի եւ ընդհանուր կրօնական ապրումների:

Այդ պակասը արհամարելի մանրամասնութիւն չէ, նա ունի խոշոր կենսական արժէք:

Իմ հայրենի գաւառում (Ախալքալաքում) զուտ հայ-լուսաւորչական գիւղերի կողքին կան նաեւ մի քանի զուտ հայ-կաթոլիկ գիւղեր: Ապրում են անջատ, թէեւ բոլորն էլ գաղթականներ են, որ հարիւր տարի առաջ եկել են այստեղ միասին ու նոյն շրջաններից (Կարին-Բասէն-Ալաշկերտ): Նոյն ազգի անդամներ են, նոյն երկրի ժողովուրդ, բայց լուսաւրչականները բացառապէս հայախօս են, մինչդեռ կաթոլիկները թրքախօս (գիտեն հայերէն, բայց գործածական լեզուն թուրքերէնն է): Նոյն բանը տեսել եմ Բաղդատում: Հայ գաղութը այստեղ մասամբ լուսաւորչական է, մասամբ կաթոլիկ: Լուսաւորչականները հայախօս են, կաթոլիկները՝ արաբախօս (հայերէն չգիտեն ամենեւին): Եթէ չեմ սխալւում, սա ընդհանուր երեւոյթ է. լուսաւորչական հայերը պահել են (ու պահում են) ազգային լեզուն այնտեղ, ուր կաթոլիկ հայերը կորցրել են շատոնց (Ախալցխայի հայ-կաթոլիկները հայերէն չգիտեն, խօսում են վրացերէն):

Այս տարբերութիւնը չի կարելի վերագրել ժամասութեան լեզուին, որովհետեւ հայ-կաթոլիկների ժամասութեան լեզուն եւս նոյն գրաբարն է: Մնում է ենթադրել, որ դաւանական անջատումը թուլացրել է ազգային կապերը, հեռացրել է անջատուածները ազգային մեծ զանգուածներից, մեկուսացրել է ու թողել անպաշտպան իշխող լեզուների հանդէպ (թուրքերէնի, արաբերենի, վրացերէնի):

Իսկ լեզուի կորուստը (որ այս դէպքում հետեւանք է կրօնական անջատման) ինքն էլ իր հերթին դառնում է ազգը կազմալուծող նոր ու շատ զօրեղ գործօն, մանաւանդ եթէ միւս ազգային կապերը թուլացած են արդէն: Ախալցխայի հայ-կաթոլիկները ոչ միայն կորցրել են ազգային լեզուն, այլ եւ չեն սիրում յիշել ու յաճախ ուրանում են իրենց հայ լինելը: Մինչդեռ Կախեթիայի կամ Քարթալինայի հայ-լուսաւորչականները (որ նոյնպէս վրացախօս են) պահել են անխախտ ազգային գիտակցութիւնը. սրանց համար լուսաւորչական եկեղեցին հանդիսացել է անցեալում եւ մեծ չափերով մնում է մինչեւ այսօր էլ իբրեւ ամէնից կենդանի ու ամէնից կենսունակ կապ՝ ազգային միութիւնը պահպանելու համար:

Մի ուրիշ օրինակ. Թիւրքիայի հայ-կաթոլիկնները մինչեւ վերջին տասնամեակը (մինչեւ Մեծ Պատերազմը, որ ուժգին զարկ տուեց ժողովուրդների ազգային գիտակցութեան) մնացել էին անմասնակից հայ ազգագրական շարժումներին: Շարժումները բացարձակապէս ազգային-քաղաքական էին, չունէին ոչ մի առնչութիւն դաւանական բաժանումների հետ. բայց եւ այնպէս, ոչ-լուսաւորչական հատուածները բռնել էին չէզոք, նոյնիսկ անբարեացկամ հանդիսատեսների դիրք: Ոչ միայն չէին միանում լուսաւորչականներին՝ համազգային դատը պաշտպանելու համար, այլ եւ ամէն կերպ աշխատում էին ցուցադրել, որ կապ չունեն հայութեան հետ, որ իրենք տարբեր մարդիկ են, տարբեր ըմբռնումներով ու տարբեր ցանկութիւններով: Օտար դաւանանքը մթնացրել էր հայ մարդու ազգային գիտակցութիւնը, անդամահատ էր արել ազգային միութիւնը եւ նուաստացրել նրա քաղաքական կշիռը:

Եւ վերջապէս, կրօնի արժէքը հասկանալու համար բաւական է յիշել հրեաների օրինակը: Հրէութիւնը վաղուց արդէն կորցրել է ազգային կապերի մեծագոյն մասը եւ եթէ այնուամենայնիւ պահել է ինքնագիտակցութիւնը ու հանդիսանում է այսօր իբրեւ ազգ, դա պէտք է բացատրել գլխաւորապէս մովսիսեան օրէնքով, որ դարերից ի վեր եղել է ու այսօր էլ մնում է հրեաների ազգային կրօնը: