Սերժ Սարգսյանի օրինակով. ինչպես է սրբագրվում ինքնակենսագրությունը

4364

Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրությանը, դրա մեջ առկա անճշտություններին և սրբագրումներին մենք անդրադարձել ենք մի քանի հրապարակումներով («Սերժ Սարգսյան. ՀՀ Նախագահ, պաշտոնական կենսագրություն», https://www.aniarc.am/2016/03/21/serzh-sargsyan-official-bio /, «Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ անճշտություններ կան», https://www.aniarc.am/2016/03/21/serzh-sargsyan-my-article-tatul-hakobyan/), «Աղդամի և Բաքվի պահը. Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ նոր անճշտություններ», https://www.aniarc.am/2016/04/18/aghdam-baku-serzh-sargsian-bio-new-mistakes/):

Պարզվում է, սակայն, որ սրանով անճշտությունները չեն ավարտվում: 1993-ի օգոստոսին Վազգեն Մանուկյանի փոխարեն Հայաստանի նախագահի հրամանագիրով Սերժիկ Սարգսյանը (այդպես է հրամանագրում՝ Սերժիկ) նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարար: Հայաստանի Հանրապետություն պաշտոնաթերթում հրապարակվեց ինչպես հրամանագիրը, այնպես էլ՝ նոր նախարարի կենսագրականը: Ուշագրավ էր, որ եթե հրամանագրում օգտագործվել էր Սերժիկ անունը, ապա կենսագրականում՝ Սերժ:

“Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Ազատի Սարգսյան

Ծնվել է 1954 թ. Ստեփանակերտում, ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը, 1972-74` ծառայել ԽՍՀՄ բանակում, ապա սովորել և ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժինը: 1975 թ. ուսմանը զուգահեռ աշխատել է էլեկտրատեխնիկական գործարանում, որպես խառատ: 1979 թ. տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատանքի անցել կոմերիտական և կուսակցկան մարմիններում: 1983-85 թթ. եղել է կոմերիտմիության Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար, մինչև 1988-ը` կոմկուսի ԼՂԻՄ-ի մարզային կոմիտեի առաջին քարտուղարի օգնականը: 1988-ից մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991-ից ԼՂԻՄ-ի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահն է”:

Հետագայում, երբ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ, նրա կենսագրականը սրբագրվեց:

1993-ի օգոստոսին հրապարակված կենսագրականում Սերժ Սարգսյանի գործունեության 1979-1991 թվականների հատվածը այսպիսին է.

“1979 թ. տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատանքի անցել կոմերիտական և կուսակցկան մարմիններում: 1983-85 թթ. եղել է կոմերիտմիության Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար, մինչև 1988-ը` կոմկուսի ԼՂԻՄ-ի մարզային կոմիտեի առաջին քարտուղարի օգնականը: 1988-ից մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991-ից ԼՂԻՄ-ի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահն է”:

Այսօր President.am կայքում նույն այդ տարիների հատվածը շարադրված է այսպես.

“1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր”:

Այսպիսով, եթե 1993-ի տարբերակում նշվում է, որ Սարգսյանը 1983-ից է աշխատել Ստեփանակերտի քաղկոմում և մարզկոմում, ապա President.am կայքում 1983-ը չորս տարով հետ է տարվել՝ 1979:

Սարգսյանի կենսագրության այլ հատվածներ ևս կասկածելի են: Այսպես, «1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն» նախադասությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ, նախ՝ Արցախում «ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտե» կառույց չի եղել երբեք, և երկրորդ, եթե խոսքը ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի մասին է, ապա նրա առաջին հրամանատարը եղել է Արկադի Կարապետյանը, ժողովրդի շրջանում ավելի հայտնի «Դաշնակ Ագո» անունով:

Իսկ եթե խոսքը վերաբերում է Արցախի առաջին վարչապետ Օլեգ Եսայանի կառավարության մաս կազմող Պաշտպանության կոմիտեի ղեկավարի պաշտոնին, որն իրավամբ զբաղեցրել է Սերժ Սարգսյանը, ապա դա եղել է 1992-ի հունվարից:

Սերժ Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նա «1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական»:

Թե ինչու է հատուկ ավելացել Պողոսյանի անունը, ինչը չկա 1993-ի կենսագրության մեջ, բացատրելի է: Երկար ժամանակ, անգամ մինչև այժմ, գրվում է, որ Սերժ Սարգսյանը եղել է մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի օգնականը: Որպեսզի այդ շփոթը տեղ չգտնի, Սարգսյանի կենսագրականում հատուկ տեղ է գտել Պողոսյանի անունը: Հատկապես պետք է հաշվի առնել, որ Հայաստանում և Արցախում Կևորկովի մասին գերազանցապես բացասական հետք է մնացել:

Բայց պետք է նաև ճշգրտել՝ Սերժ Սարգսյանը եղե՞լ է Կևորկովի օգնականը, թե՞ ոչ:

Թաթուլ Հակոբյան