Պատերազմը մեզ՝ լրագրողներիս, ցույց տվեց՝ չպետք է խուսափենք բանակը քննադատելուց. Թաթուլ Հակոբյան

1662

Լրագրող Թաթուլ Հակոբյանն ապրիլյան պատերազմի առաջին օրվանից եղել է ռազմի դաշտում, լուսաբանել դեպքերը՝ փորձելով առանց վնասելու լսարանին հասցնել տեղեկատվություն  շփման գծում տիրող իրավիճակի մասին: Araratnews.amը Թաթուլ Հակոբյանի հետ զրուցել է  այդ օրերին լրագրողների աշխատանքի եւ մի շարք այլ հարցերի մասին:

 – Քառօրյա պատերազմի առաջին օրվանից եղել եք Արցախում, այնտեղից լուսաբանել դեպքերը: Ըստ  Ձեզ՝ ինչպե՞ս պետք է աշխատի լրագրողը պատերազմական իրավիճակում, որպեսզի չսխալվի եւ լսարանի կողմից ունենա վստահություն: Դուք ի՞նչ սկզբունքով աշխատեցիք:

– Ես մտածում էի՝ հնարավորինս շատ ինֆորմացիա տալ եւ դա անում էի տարբեր ճանապարհներով. աշխատում էի ե´ւ «Սիվիլնեթ»-ի համար, ե´ւ Սփյուռքի լրատվամիջոցների համար, ե՛ւ Թբիլիսիում լույս տեսնող կայքի համար, գրառումներ էին անում «ֆեյսբուքում», այսինքն՝ օգտագործում էի տարբեր հարթակներ լրատվությունը տեղ հասցնելու համար: Մենք՝ լրագրողներս, հատկապես օրաթերթում աշխատող, միշտ էլ սխալվելու իրավունք ունենք. ամենօրյա աշխատանքը ենթադրում է, որ դու չես կարող սխալներից զերծ մնալ, բայց կարևոր է, երբ լրագրողը դա հատուկ չի անում, իր գործունեության ընթացքում տալիս է այն, ինչ եղել է՝ առանց հնարելու, ավելացնելու: Ինչ վերաբերում վստահությանը, ապա այն մեկ օրվա ընթացքում չի, որ ձեռք է բերվում, տարիների աշխատանքի արդյունք է: Ես իմ լրագրողական գործունեության 25 տարիների ընթացքում հազարավոր հոդվածներ եմ գրել Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, բազմաթիվ անգամ եղել եմ սահմանում, ի վերջո գիրք եմ գրել պատերազմի եւ բանակցությունների մասին, եւ այդ ամենն ինձ քիչ թե շատ ճանաչելի է դարձրել գոնե այն շրջանակների համար, որոնք հետևում են լրատվամիջոցների աշխատանքին:

Իհարկե, այդ օրերին, երբ տեսնում էինք՝ հազարավոր մարդիկ ռեպորտաժների էին սպասում, դա ավելացնում էր պատասխանատվության բեռը, որպեսզի չսխալվենք, չօգտագործենք այդ առիթը. գայթակղիչ է, երբ գիտես՝ հազարավոր մարդիկ քեզ հետևում են, սակայն ես առանց ինֆորմացիան ճշտելու այն չէի տալիս: Դա ինձ համար շատ կարևոր էր ոչ միայն այն պատճառով, որ այդ ինֆորմացիան կարող էր վնասել, այլեւ, որ այդ ժամանակ ամբողջ հայկական աշխարհի ուշադրությունն էր սևեռված Արցախի վրա:

– Այնուամենայնիվ, ճի՞շտ եք համարում, որ պատերազմական իրավիճակում լրագրողն ինքը պետք է  որոշի, թե ինչը կարելի է լուսաբանել, ինչը՝ ոչ: Դուք տեսնո՞ւմ եք դասընթացների անհրաժեշտություն, որոնց արդյունքում լրագրողները հավելյալ գիտելիքներ ձեռք կբերեն՝  առավել արդյունավետ աշխատելու համար:

– Ընդհանրապես պատերազմ լուսաբանող լրագրողները պետք է ունենան որոշակի փորձ: Տվյալ տարածքում եղած լինեն, այն շատ լավ պատկերացնեն եւ այլն, սակայն չկա որևէ բանաձև, որի շրջանակում պետք է աշխատես: Չեմ կարող նշել այն սահմանը, որտեղ ավարտվում  է լրագրությունը եւ սկսվում երկրի անվտանգությունը, նման սահման չկա: Այդ սահմանը կարող են գծել իշխանությունները, օրինակ, կարող են ասել՝ անգամ ամենաանվտանգ ինֆորմացիան կարևոր նշանակություն ունի: Յուրաքանչյուր լրագրող ինքը պետք  է տվյալ իրավիճակում կայացնի որոշում, իհարկե, այդ ժամանակ քո մեջ կռիվ է գնալու՝ ինչպե՞ս վարվել, տալ ողջ ճշմարտությո՞ւնը, թե՞ կիսաճշմարտությունը, որը գուցե շատ ավելի վատ է, քան կեղծիքը:

Այս պատերազմը ցույց տվեց նաեւ, որ մենք՝ լրագրողներս, պատրաստ չենք, պատրաստ չենք ոչ միայն կոնֆլիկտ լուսաբանելու, այլեւ մեր անվտանգության առումներով. չունեինք հատուկ պաշտպանական սարքեր, որոնք հնարավորություն կտային վտանգի դեպքում պաշտպանվել: BBC-ն երբ եկավ աշխատելու, պատրաստված էր, բայց քանի որ օպերատորի համար նախատեսված զրահաբաճկոնը փոքր էր, նրանք մեկ օր չաշխատեցին, չմոտեցան վտանգավոր գոտուն, մինչև չստացան համապատասխան զրահաբաճկոնը: Մենք որևէ նման բան չունեինք, անգամ արտասահմանյան լրատվամիջոցների պատրաստվածությանը մի փոքր հումորով էինք նայում:

– Պատերազմի օրերին եւ ոչ միայն, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների աշխատակիցների կողմից մշտապես լսում ենք հորդորներ, որ չպետք է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությանն անդրադառնալ, հաճախ պնդում են, թե հակառակորդ երկրի լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում, սակայն օրինակներ կան, որոնք փաստում են՝ միշտ չէ, որ այդպես է: Այդ մասին ի՞նչ կասեք:

– Իհարկե, ամբողջությամբ վերցնել եւ տալ ադրբեջանական լրատվամիջոցների ինֆորմացիան, վտանգավոր է, որովհետև քարոզչություն է, եւ նրանք կարող են իրենց ուզած ինֆորմացիան տարածել հայկական լրատվական դաշտում, սակայն մյուս կողմից՝ ուզում եմ հասկանալ հետևյալը՝ ի՞նչ է նշանակում չտալ ադրբեջանական լրատվամիջոցների ինֆորմացիան, այսօր յուրաքանչյուր ոք կարող է մտնել եւ կարդալ նրանց հրապարակումները: Կարծում եմ՝ լավ լրագրողներն ու լրատվամիջոցները պետք է տան այդ ինֆորմացիան, եւ եթե տեսնում են՝ կա սուտ, կասկածելի տեղեկատվություն, դա անեն մեկնաբանության տեսքով: Դեմ եմ, որ ՊՆ-ն տոտալ կերպով ասում է՝ մի՛ տվեք ադրբեջանական լրատվամիջոցների ինֆորմացիան: Օրինակ՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին՝ «գրավել են Ֆիզուլին», եւ իրենց զինվորներն էլ բարձրացել են ցուցանակի վրա, մեր լրատվամիջոցները չտայի՞ն, այսինքն՝ չի կարելի այդպես միանշանակ ասել՝ պետք չի տալ, կամ երբ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ իրենց զինվորները գրավել են Լելե Թեփե բարձունքը եւ այնտեղ ադրբեջանական դրոշն էր բարձրացվել, այդ ինֆորմացիան տալու դավաճանությունը ո՞րն էր: Անկախ նրանից, թե ինչ կասեն իշխանությունները, լրատվամիջոցները պետք է կատարեն իրենց գործը, տեղեկացնեն: Բնական է՝ հատկապես պատերազմի ժամանակ իշխանությունների մոտ գայթակղություն է առաջանում սահմանափակել ինֆորմացիան, լրատվամիջոցները պետք է փորձեն հնարավոր բոլոր եղանակներով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը ճշտելուց հետո այն տալ. դա սխալ չէ, անգամ կարևոր է:  Լրագրողները պետք է մի փոքր նյարդերը անջատեն եւ շատ ականջալուր չլինեն իշխանություններին. իրենք ուզում են հաղորդել այն, ինչ իրենց է ձեռնտու, բայց հարց է առաջանում՝ արդյոք լրագրողների եւ իշխանությունների օրակարգը համընկնո՞ւմ են, ես կարծում եմ՝ չեն համընկնում: Իշխանությունները կցանկանային, որ հայերն ընդհանրապես չիմանային՝ ադրբեջանցիները տարածքներ են գրավել, իսկ մի՞թե մենք իրավուք չունենք տեղեկանալու, որ այդպիսի բան է տեղի ունեցել:

– Պատերազմից լրագրողներն ի՞նչ դասեր պետք  է քաղեն:

– Պատերազմը մեզ՝ լրագրողներիս, ցույց տվեց՝ չպետք է խուսափենք բանակը քննադատելուց, որովհետև մինչ այս պատերազմը հենց որևէ հրապարակում էր լինում, ասում էին՝ ադրբեջանական ջրաղացին ջուր եք լցնում,  գրում էինք՝ բանակում կոռուպցիա կա, նորից նույն էին ասում: Վերջին իրադարձությունները, խոսքս բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների մասին է, ցույց տվեցին, որ մենք պետք է ավելի շատ մեր աչքը պահենք բանակի խնդիրների վրա՝ անկախ նրանից, թե ինչ կասեն: Կարծում եմ՝ մեր նաեւ մեղավորությունն էլ կար, նկատի ունեմ՝ լռելը եւ այլն…Պետք է հետևենք՝ իշխանությունները շարունակո՞ւմ են զինվորի բաժինն ուտել, թե՞ չէ,  հետևողական պետք  է լինենք բոլոր խնդիրների լուսաբանման առումով՝ պահպանելով զգայնությունները: Լրագրողները պետք է հասկանան՝ լռության պայմաններում ավելի շատ են վնասում մեր բանակին, մեր զինվորներին:

– Ընդհանուր առմամբ, ի՞նչ միֆեր փլուզվեցին պատերազմի արդյունքում:

– Անընդհատ խոսում եւ գրում էինք, որ մեր բանակը հզոր է, կարողացավ թույլ չտալ Ադրբեջանին հաջողության հասնել, այո՛, դա այդպես է, սակայն հասկացանք՝ շատ դեպքերում չափն անցնում էինք, երբ խոսում էինք Կուր-Արաքսյան նվաճումների մասին, Բաքվում թեյ խմելու մասին: Չի կարելի հակառակորդին ապուշի տեղ դնել, այս պատերազմը ցույց տվեց՝ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կար 90-ականներին. բավական հզորացել է նավթի հաշվին: Պետք է, ինչու ոչ, հարգանքով խոսենք հակառակորդի մասին, որպեսզի կարողանանք նրա ուժերը ճիշտ գնահատել: Քամահրանքով խոսելը բթացնում է քո աչալրջությունը: Պատերազմը դաս էր նաեւ նրանց համար, ովքեր հույսները դնում էին Ռուսաստանի վրա, մտածում էին՝ ռուսները մեր բարեկամներն են, կգան, մեզ կօգնեն: Պատերազմը ցույց տվեց՝ չի կարելի զինվորի բաժինը գողանալ, պարզվեց՝ ինչ որակի հանդերձանք ունեն մեր զինվորները, պարզվեց, որ առաջին գծում կանգնած զինվորները ամբողջությամբ ապահովված չեն պաշտպանական անհրաժեշտ միջոցներով եւ այլն… Մեր սխալների վրա պետք է սովորենք:

Շողիկ ԳԱԼՍՏՅԱՆ

http://araratnews.am/paterazmeh-mez%D5%9D-lragroghneris-cuyc-tvec%D5%9D-chpetkh-e-xusaphenkh-banakeh-khnnadateluc-thathul-hakobyan/#sthash.S8xYIRuk.dpuf

 

ՏԵ՛Ս նաև՝