«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ստացավ Civilnet-ի լրագրող Թաթուլ Հակոբյանը

1338

Ղարաբաղյան հակամարտության հետեւողական եւ համակողմանի լուսաբանման համար Սիվիլնեթի լրագրող Թաթուլ Հակոբյանին հանձնվել է «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը:

2006 թվականից Մամուլի ազատության համաշխարհային օրը Հայաստանի ժուռնալիսների միությունը, Երեւանի մամուլի ակումբը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մրցանակը հանձնում են տարվա ընթացքում առանձնահատուկ գործունեությամբ աչքի ընկած որեւէ լրագրողի:

Մրցանակի նախաձեռնողներն ասել են, որ այս տարի ընտրությունը կատարել են առանց երկար քննարկումների. չէին կարող հաշվի չառնել այսօրվա իրավիճակը: Թաթուլ Հակոբյանն արդեն երկար տարիներ է՝ լրջորեն զբաղվում է ղարաբաղյան հակամարտության խնդիրներով:

Մրցանակը ստանալու համար Թաթուլ Հակոբյանը նախօրեին էր վերադարձել Արցախից եւ պատրաստվում է նորից մեկնել այնտեղ:

«Իր նյութերն առանձնահատուկ էին՝ հիմնված լրագրության բավականին շատ դասական սկզբունքների վրա: Սա Թաթուլ Հակոբյանի համար նոր թեմա չէ, տարիներ շարունակ բազմակողմանի, խորապես, հնարավորին չափ անաչառ զբաղվում է ղարաբաղյան հարցերով»,- մեկնաբանել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

«Ես պրոպագանդիստ չեմ, խաղաղարար չեմ, փորձում եմ պատկերը, լինի ուրախ կամ տխուր, հասցնել իմ ընթերցողին»- ասել է մրցանակակիր Թաթուլ Հակոբյանը: