Խաղաղություն չի՞ լինելու. ուրեմն՝ պատերա՞զմ

2628

Ղարաբաղյան հակամարտությունը դառնում է ավելի դաժան և վտանգավոր, բայց խաղաղության համար դեռ ժամանակ կա

Թաթուլ Հակոբյան, Երևան

JAM news, http://www.jam-news.net/Publication/Get/hy-AM/1612

 

Առաջին փորձը. կանխել պատերազմը

Բորիս Ելցինն է եղել ղարաբաղյան կարգավորման առաջին միջնորդության նախաձեռնողը, երբ Ռուսաստանի նախագահն էր, իսկ Խորհրդային Միությունը ապրում էր հոգևարքի ամիսներ:

Մեկ տարի առաջ՝ 1990-ի օգոստոսին, Հայաստանի խորհրդարանը և նրա ոչ կոմունիստական ղեկավարությունը ընդունել էր Անկախության հռչակագիր՝ այդպիսով հիմք դնելով ԽՍՀՄ-ից խաղաղ ճանապարհով անջատվելու իրավական գործընթացին: Ադրբեջանը և նրա կոմունիստական ղեկավարությունը 1991-ի մարտին կողմ էր քվեարկել ԽՍՀՄ-ի պահպանման օգտին անցկացված հանրաքվեին: Լեռնային Ղարաբաղում, ինչպես և Նախիջևանում, ԽՍՀՄ պահպանման հանրաքվե անց չէր կացվել:

Օգոստոսյան հեղաշրջումը, սակայն, խառնեց խաղաթղթերը: 1991-ի օգոստոսի վերջին Ադրբեջանը հռչակեց անկախություն, մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, անկախություն հռչակեց նաև Լեռնային Ղարաբաղը, որը, սակայն մինչ օրս չի ճանաչել և ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

1991-ի հունիսին Ելցինն ընտրվել էր Ռուսաստանի նախագահի պաշտոնում: Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ քաղաքական խորը հակասության մեջ գտնվող Ելցինը ցանկություն հայտնեց միջնորդել ղարաբաղյան հարցում: Իր միջնորդությանը հավելյալ կարևորություն և կշիռ տալու նպատակով, նա իր հետ Կովկաս այցելության մեջ ներգրավեց նաև ԽՍՀՄ մեծությամբ երկրորդ հանրապետության՝ Ղազախստանի նախագահին:

1991-ի սեպտեմբերն էր: Ելցինը և Նազարբաևը սեպտեմբերի 21-23-ին այցելեցին Բաքու, ապա Գյանջայի վրայով հասան Ստեփանակերտ, այնտեղից Երևան ու Հյուսիսային Կովկասի Ժելեզնովոդսկ քաղաք, որտեղ սեպտեմբերի 24-ին ստորագրվեց համատեղ հուշագիր, որի տակ դրված էին չորս նախագահների՝ Ելցինի, Նազարբաևի, Լևոն Տեր-Պետրոսյանի ու Այազ Մութալիբովի ստորագրությունները: Ղարաբաղյան կողմը՝ Ռոբերտ Քոչարյանը, Լեոնարդ Պետրոսյանը և Վագիֆ Ջաֆարովը, բանակցություններին մասնակցում էին դիտորդի կարգավիճակով:

Այդ ժամանակ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդն էր և Տեր-Պետրոսյանի հենարանը ԼՂ-ում, իսկ Պետրոսյանը՝ ԼՂ-ի թիվ մեկ պաշտոնյան՝ մարզխորհրդի նախագահը: Ջաֆարովը ԼՂ-ում ադրբեջանական ամենամեծ բնակավայրի՝ Շուշիի քաղաքագլուխն էր:

Ժելեզնովոդսկի հուշագիրը նախատեսում էր.

  • դադարեցնել կրակը,
  • հակամարտության գոտուց դուրս բերել բոլոր զինված ստորաբաժանումները, բացառությամբ ԽՍՀՄ ներքին զորքերի և պաշտպանության նախարարությունների,
  • չեղյալ համարել «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունած հակասահմանադրական բոլոր ակտերը», այսինքն՝ 1988-ի փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը, որով ԼՂԻՄ-ը ցանկություն էր հայտնել Խորհրդային Ադրբեջանի կազմից անցնել Խորհրդային Հայաստանի կազմ, ինչպես նաև՝ 1989-ի նոյեմբերի 28-ի Ադրբեջանի որոշումը, որով ԼՂԻՄ-ը որպես վարչական միավոր լուծարվել էր:

Տասը կետերից կազմված հուշագիրը պետք է կյանքի կոչվեր մինչև 1992-ի հունվարի 1-ը:
Հունվարին 1-ին, սակայն, աշխարհի քաղաքական քարտեզին այլև չկար մոլորակի ամենամեծ տերությունը՝ ԽՍՀՄ-ը, դրանից հինգ օր առաջ հրաժարական էր տվել Գորբաչովը, իսկ ԽՍՀՄ ներքին զորքերը, որոնք հայերի և ադրբեջանցիների միջև արյունահեղությունը կանխող վերջին զսպիչ ուժ էին, հեռացել էին հակամարտության գոտուց:

Պատերազմ. հունվար 1992 – մայիս 1994

ԽՍՀՄ փլուզումով հայերն ու ադրբեջանցիները մտան պատերազմի փուլ, որը ձգվեց մինչև 1994-ի մայիսյան զինադադար՝ խլելով ավելի քան 12 հազար ադրբեջանցիների և 6 հազար հայերի կյանք:

Փաստացի, փոխվեց նաև քաղաքական քարտեզը: Հայերը, որ մինչև պատերազմի սկիզբը ձգտում էին 4.4 հազար քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂԻՄ-ը միացված տեսնել Խորհրդային Հայաստանին, 1994-ի մայիսին վերահսկում էին ոչ միայն ԼՂԻՄ-ը, այլ հարակից շուրջ 7 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ հինգ շրջան ամբողջովին (Լաչին, Քելբաջար, Կուբաթլի, Ջեբրայիլ, Զանգելան), երկուսը՝ մասամբ (Աղդամ, Ֆիզուլի):

Իր հերթին, ադրբեջանական զինուժը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի, ինչպես նաև՝ Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի վրա ամբողջովին:

1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հակամարտության կողմերին ներկայացվել են հինգ առաջարկություններ կամ նախագծեր, որոնցում առանցքային են եղել չորս հիմնական տարրեր.

  • Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ,
  • հայկական ուժերի կողմից վերահսկելի տարածքների վերադարձ,
  • փախստականների և հարկադրված տեղահանված անձանց վերադարձ իրենց տներ և
  • անվտանգության երաշխիքներ:

Երկրորդ փորձ. կարգավորման “փաթեթային” և “փուլային” տարբերակներ

1997-ի ամռանը և ապա աշնանը ԵԱՀԿ համանախագահները Բաքվին, Ստեփանակերտին և Երևանին ներկայացրին նախ փաթեթային, ապա փուլային տարբերակները:

1994-ի մայիսյան հրադադարից հետո բանակցությունները ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և ոչ անդամ պետությունների մայրաքաղաքներում՝ Մոսկվա, Հելսինկի, Վիեննա, Փարիզ և այլն: 1997-ի հունվարին ձևավորվեց ԵԱՀԿ եռանախագահությունը, որի մեջ ներգրավվեցին աշխարհաքաղաքական երեք ուժային կենտրոնները. Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա (որը ներկայացնում էր Եվրոպական Միության շահերը):

1994-1997 թվականների ընթաքում Լեռնային Ղարաբաղը որպես առանձին պատվիրակություն, մասնակցում էր բանակցությունների բոլոր փուլերին: Ադրբեջանը չէր ընդունում այդ փաստը, սակայն չէր ձախողում կամ տապալում բանակցությունները:

Փաստացի, Ադրբեջանը բանակցում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ, որոնց տեսակետները, ամենառանցքային հարցերում, կարող էին և չհամընկնել: Բանակցությունների մասնակցում էր նաև Շուշիի վերջին ադրբեջանցի քաղաքագլուխ Նիզամի Բահմանովը: Վերջինս, ի տարբերություն ղարաբաղյան պատվիրակության, որ բանակցությունների սեղանի շուրջ առանձին էր նստում հայաստանյան պատվիրակությունից, մաս էր կազմում ադրբեջանական պատվիրակության:

Փաթեթային առաջարկը Բաքուն ընդունեց, իսկ Ստեփանակերտը կտրականապես մերժեց: Հայաստանի համար ևս առաջարկը մերժելի էր, սակայն Երևանը այն վերապահումներով ընդունելի համարեց՝ վստահ լինելով, որ Ստեփանակերտը մերժելու է:

Փուլային առաջարկը ևս Բաքուն ընդունելի որակեց: Նույնն արեց Երևանը, բայց մի շարք վերապահումներով, մինչդեռ Ստեփանակերտը կրկին մերժեց: Սա արդեն պայմանավորված խաղ չէր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Ավելին, այս տարակարծությունների պատճառով էր նաև, որ ամիսներ անց հրաժարական տվեց Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Եվ՛ փաթեթային, և՛ փուլային առաջարկները նախատեսում էին հետևյալ գործողությունները.

  • հայկական ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր շրջաններից, բացի Լաչինը (ոչ թե միջանցքը, այլ ողջ Լաչինի շրջանը),
  • միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև,
  • տեղահանվածների վերադարձ մշտական բնակության վայրեր:

Փաթեթայինի և փուլայինի միջև հիմնական տարբերությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին էր վերաբերում: Փաթեթայինով Լեռնային Ղարաբաղին տրվում էր ամենաբարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչն անընդունելի էր Երևանի և Ստեփանակերտի համար, մինչդեռ փուլային տարբերակը չէր անդրադառնում կարգավիճակի խնդրին ընդհանրապես՝ ամենավիճելի այս հարցը թողնելով ապագային:

Ստեփանակերտի իշխանությունները հայտարարեցին, որ փաթեթային և փուլային տարբերակների միջև էական տարբերություն չկա, քանի որ երկու դեպքում էլ կարգավիճակի հարցը լուծվում էր հօգուտ Ադրբեջանի:

Փաթեթայինի դեպքում վեց շրջաններ վերադարձնելու դիմաց Լեռնային Ղարաբաղը ստանում էր ընդամենը բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում, փուլայինի դեպքում՝ վեց շրջաններ վերադարձնելու դիմաց կարգավիճակի հարցը բաց էր թողնվում և ակնհայտ էր, որ, ստանալով վեց շրջաններ, Բաքուն ապագայում չէր համաձայնվի Լեռնային Ղարաբաղին տալ անկախություն, ինչին ձգտում է Ստեփանակերտը:

Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի ասուլիսով (սեպտեմբեր, 1997թ.) և ընդարձակ հոդվածով (“Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն”, նոյեմբեր, 1997թ.) փորձեց հայ հանրությանը համոզել, որ փուլային տարբերակը այն առավելագույնն է, որ կարող է ստանալ Լեռնային Ղարաբաղը: Սակայն նա հանդիպեց ոչ միայն հանրության, այլ իր իսկ թիմակիցների կոշտ դիմադրությանը:

Արդյունքում, Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ով երկու տարի անց զոհ գնաց Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչությանը, ինչպես նաև իշխանության ղարաբաղյան թևը՝ գլխավորությամբ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, փաստացի պարտադրեցին Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

Երրորդ փորձը. “Ընդհանուր պետություն”

Մեկ տարի անց՝ 1998-ի վերջերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը ներկայացրեց կարգավորման նոր առաջարկ, որը ստացավ “ընդհանուր պետություն” անվանումը: Այս փաստաթղթի հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն էր: Երևանը վերապահումներով, Ստեփանակերտը՝ լուրջ վերապահումներով ընդունեցին առաջարկը, մինչդեռ Բաքուն կտրականապես մերժեց:

“Ընդհանուր պետություն” առաջարկությունը հակամարտության հետևանքների վերացման հարցում չէր տարբերվում նախորդ երկու փաստաթղթերից: Հիմնական տարբերությունը վերաբերում էր ԼՂ կարգավիճակին: Ներկայացված առաջարկության հենց սկզբում ասվում էր, որ “Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ կազմավորում է ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում”:

Այսպիսով, գտնվել էր ստեղծագործական մոտեցում, որով չէր խախտվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց միաժամանակ այդ ամբողջականության շրջանակում Լեռնային Ղարաբաղը փաստացի դառնում էր անկախ միավոր: Դիվանագիտական շրջանակներում այդ օրերին Լեռնային Ղարաբաղի համար օգտագործվում էր հետևյալ ձևակերպումը՝ “դե-յուրե՝ ոչ Ադրբեջանի կազմում, դե-ֆակտո՝ անկախ պետություն”:

“Ընդհանուր պետության” սկզբունքը ենթադրում էր, որ Լեռնային Ղարաբաղը ունենալու է հիմն, զինանշան ու դրոշ, ազգային գվարդիա և ոստիկանություն, պետական լեզուն լինելու է հայերենը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենալու էին Ադրբեջանի անձնագիր՝ հատուկ նշումով: Նրանք կարող էին ընտրել իրենց ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում, մասնակցել նախագահական ընտրություններին: Լեռնային Ղարաբաղը չէր կարող ունենալ իր դեսպանությունները, բայց կարող էր տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանություններում ունենալ իր ներկայացուցիչներին:

Հեյդար Ալիևը հայտարարեց, որ այդ առաջարկը անընդունելի է Ադրբեջանի համար, քանի որ, փաստացի, Ադրբեջանի կազմում ստեղծվում են երկու անկախ պետություններ, և Բաքուն վերահսկողություն չի ունենում Ստեփանակերտի վրա: Բաքվից լսվեցին նաև տարօրինակ մեկնաբանություններ: Այսպես, Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեն մտահոգություն հայտնեց, որ եթե Ադրբեջանը ընդունի այդ առաջարկը, ապա ղարաբաղցի հայը կարող է դառնալ Ադրբեջանի նախագահ:

Չորրորդ փորձը. տարածքների փոխանակում

1999-ի գարնանը Վաշինգտոնում սկիզբ դրվեց Քոչարյան-Ալիև երկկողմ բանակցություններին, որոնց արդյունքում 2001-ի գարնանը ծնվեց ոչ պաշտոնական մի փաստաթուղթ, որը կրում էր Քիվեսթյան անունը:

Այդ փաստաթուղթը, որ կրկին մերժեց Ադրբեջանը, ի տարբերություն նախորդ երեքի, չի հրապարակվել: Հայտնի է, որ այն մասամբ հիմնված էր տարածքների փոխանակման փիլիսոփայության վրա: Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը, որպես փոխհատուցում, ստանում էր Նախիջևանի հետ ցամաքային կապի հնարավորություն` “սուվերեն անցում” Մեղրիի շրջանով Հայաստանի ծայր հարավում:

Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ տարածքով՝ 4.4 հազար քառակուսի կիլոմետրով, միացվում էր Հայաստանին, իսկ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ավելի քան 7 հազար քառակուսի կմ. տարածքը վերադարձվու էր Ադրբեջանին:

Ֆլորիդայի Քի Վեսթ կղզում էր Էրնեստ Հեմինգուեյը գրել “Հրաժեշտ զենքին” հրաշալի գործը: Բանակցություններն ընթանում էին proximity talks (բանակցություններ մերձակայքում) ձևաչափով. նախագահները միմյանց հետ ուղղակի չէին բանակցում, այլ կողք-կողքի սենյակներում բանակցում էին միջնորդների հետ:

Վերջիններս լսում էին կողմերի պահանջներն ու մտահոգությունները և ըստ այդմ՝ կազմում հակամարտության կարգավորման նախագիծը: Հանուն Ղարաբաղյան կարգավորման, Քի Վեսթ ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը, իսկ նախագահների տունդարձի ճանապարհին Վաշինգտոնում նրանց ընդունեց նախագահ Ջորջ Բուշը:

Նախքան Քի Վեսթ մեկնելը, Բաքվի օդանավակայանում Հեյդար Ալիևը հայտարարեց, որ հանուն Ղարաբաղյան կարգավորման պատրաստ է անգամ Անտարկտիդա մեկնել: Սակայն վերադառնալով տուն, Ալիևը հրաժարվեց նախնական այն պայմանավորվածություններից, որ ձեռք էր բերվել Քի Վեսթում: Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում Ռոբերտ Քոչարյանը ենթարկվեց սաստիկ քննադատություն Ադրբեջանին հողեր զիջելու և Մեղրիից հրաժարվելու մտադրության մեջ:

Հինգերորդ փորձ. հետաձգված հանրաքվե

2004-ից սկսվեց բանակցությունների նոր փուլ, որն ընդունված է անվանել Պրահյան գործընթաց: Թվում էր, թե կողմերը 2006-ին Փարիզի մերձակա Ռամբույե ամրոցում մոտ են ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուն, սակայն բանակցությունները փակուղի մտան Քելբաջարը վերադարձնելու և ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու ժամկետների չհամաձայնեցնելու անհնարինության պատճառով:

Պրահյան գործընթացի հիմնական նորամուծությունը հետաձգված հանրաքվեի գաղափարն էր, որը ենթադրում էր հետևյալը.

  • ղարաբաղյան ուժերը դուրս են գալիս հինգ շրջաններից,
  • Քելբաջարի վերադարձը կապվում էր ԼՂ-ում սպասվելիք հանրաքվեի ժամկետների հետ:

Վիճելի էր նաև Լաչինի միջանցքի կարգավիճակի հարցը:

2007-ի նոյեմբերին Մադրիդում Մինսկի խմբի եռանախագահությունը Երևանին ու Բաքվին փոխանցեց 14 կետանոց փաստաթուղթ, որը ևս հիմնված էր հետաձգված հանրաքվեի (պլեբեսցիտ) փիլիսոփայության վրա: Փաստաթուղթը աշխատանքային էր և ենթակա փոփոխությունների: Բանակցությունների տարբեր փուլերում այն մերժում էր մեկ Հայաստանը, մեկ՝ Ադրբեջանը, կախված նրանից, թե ինչ դետալ էր փոխվում:

Մադրիդյան փաստաթղթի հիմնական կետերն էին.

  • ԼՂ վերջնական կարգավիճակի որոշվում հանրաքվեի միջոցով,
  • միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև վերջնական կարգավիճակի որոշումը, ԼՂ բնակիչները կունենան որոշակի իրավունքներ,
  • հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից,
  • համաձայնեցված լայնության միջանցքը պետք է կապի Հայաստանն ու ԼՂ-ն,
  • ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք,
  • միջազգային խաղաղապահ գործողության իրականացում:

Այսօր

1994-ի մայիսյան հրադադարից ի վեր կողմերի դիքորոշումները չեն մոտեցել: Ավելին, դրանք ավելի են կարծրացել՝ համեմվելով պատերազմական հռետորաբանությամբ ու թշնամական քարոզչությամբ: Վերջին երկու տարիներին հրադադարի ռեժիմը այնքան հաճախ է խախտվում, այնքան հաճախակի են դարձել միմյանց տարածքները գնդակոծելը և դիվերսինոն գործողությունները, որ, փաստացի, հրադադարը, ըստ էության, չի գործում:

Կարելի է նշել բազմաթիվ պատճառներ և մատնանշել մեղավորներ, թե ինչու չի լուծվում ղարաբաղյան հակամարտությունը: Բայց հիմնական պատճառն այն է, որ հակամարտության կողմերը, ձգտելով խաղաղության, չեն ուզում այդ խաղաղության համար գին վճարել:

Ու քանի դեռ նրանք պատրաստ չեն գին վճարել, խաղաղությունը երբեք չի գալու:

Այսօրվա “ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ” կամ “և՛ խաղաղություն, և՛ պատերազմ” իրավիճակը շարունակվելու է ևս տասնամյակներ՝ խլելով նորանոր կյանքեր Հայաստան-Ադրբեջան սահմանում և Ղարաբաղ-Ադրբեջան զորքերի շփման գծում:

 

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբանն է և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգողը: Նա “Կանաչ ու սև. Արցախյան օրագիր” և “Հայացք Արարատից. հայերը և թուրքերը” գրքերի հեղինակն է:

Հրապարակվել է՝ 31.03.2016