Բանակում փող տալը պետք է օրինականացնել

1858

Հայաստանի պաշտպանության նախարարը ԵՊՀ-ում հայտարարել է, որ արգելել է բանակում օգտագործել երկու ընդունված արտահայտություն: Առաջին՝ բանակը հասարակության հայելին է:

«Այս արտահայտությամբ մենք արդարացնում ենք այն դեպքերը, որոնք մերթընդմերթ բանակում լինում են: Ազատ հասարակությունից բանակը տարբերվում է իր ռեժիմային կարգապահությամբ, համապատասխան կազմակերպվածությամբ օժտված հնարավորություններով, և այնտեղ արատավոր բարքերի դեմ պայքարը կարելի է ավելի հետևողական մղել, քան ազատ հասարակության մեջ»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Երկրորդ՝ բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են:

«Արգելել եմ, որովհետեւ մենք ազգային բանակի վերջնական ձևավորման կամ կատարելիության հասնելու վերջնագծում ենք, որտեղ բացառիկ աստիճանի պետք է լինեն հայրենասիրության բարձր հատկանիշները, մեր ազգային ավանդույթները, դարերով մեզ փոխանցված ռազմական գիտության հենքի վրա և նաև ժամանակակից չափորոշիչների հիման վրա ձևավորվող այսօրվա ռազմական ավանդույթները, մարդկային բացառիկ հարաբերությունները»,- ասել է նախարարը:

Պաշտպանության նախարարի այս հայտարարությունները նախ և առաջ պետք է դիտարկել մտածողության փոփոխության ենթատեքստում: Եվ այն իրողությունը, որ այս մասին խոսում է հենց երկրի ռազմական գերատեսչության ղեկավարը, միանշանակ ողջունելի է:

Հայկական բանակը Սեյրան Օհանյանի նախարարության տարիներին բավականին թափանցիկ կառույց է դարձել: Բանակը անցել է լուրջ բարեփոխումների փուլերով: Ակնհայտ է սակայն, որ Հայաստանի զինված ուժերում կան մի շարք համակարգային խնդիրներ, այդ թվում՝ կոռուպցիա:

Կոռուպցիան հնարավոր է արմատախիլ անել կամ հասցնել նվազագույնի, եթե Հայաստանի զինված ուժերում ժամկետային զինծառայությունից խուսափելու նպատակով ներդրվի մի համակարգ, որը հնարավորություն կտա համապատասխան վճարի դիմաց ազատվել զինվորական ժամկետային ծառայությունից:

Այդ վճարը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր լինի պահել երկու պայմանագրային զինծառայող: Ենթադրենք, պայմանագրային զինծառայողը ստանում է ամսական 500 դոլարին համարժեք աշխատավարձ: Ուրեմն, ժամկետային զինվորական ծառայությունից խուսափողը պետք է իր ծառայության յուրաքանչյուր ամսվա դիմաց պետական, այն է՝ պաշտպանության բյուջե վճարի 1000 դոլարին համարժեք դրամ:

Միանգամից հարց է ծագում՝ արդյոք նման համակարգի ներդնումը չի բերի զանգվածային, բայց արդեն օրինական դասալքությունների: Առաջին, դա չի կրի համատարած բնույթ, քանի որ նման գումար հնարավորություն ունեն վճարել քչերը: Դրանք այն քչերն են, ովքեր, այնուամենայնիվ, վճարում են, բայց արդեն ոչ օրինական: Երկրորդ, եթե անգամ Հայաստանում տարեկան լինեն 5000 ծնողներ, ովքեր հնարավորություն կամ ցանկություն կունենան վճարելով իրենց որդիներին ազատել ծառայությունից, ապա նրանց վճարած գումարով հնարավոր կլինի ունենալ կրկնակի թվով պայմանագրային զինծառայող:

Փաստ է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը հիմնականում պահում են պայմանագրային զինծառայողները: Քիչ չեն պայմանագրային զինծառայողները նաև Արցախ-Ադրբեջան զորքերի շփման գծում: Երբ որևէ մեկը չի ցանկանում երկարաձգել պայմանագրային զինծառայությունը կամ շատ քաղաքացիների չի ձգում այդ աշխատանքը (այո, դա աշխատանք է), ապա հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է:

Հասկանալի է, որ ժամկետային զինծառայությունը վճարի դիմաց ոչ պարտադիր դարձնելը կհանդիպի բանակային այն օղակների կոշտ դիմադրությանը, որոնց սնում է կոռուպցիան: Բայց դա է այն ճանապարհը, որը կնվազեցնի կոռուպցիան հայկական զինված ուժերում:

Թաթուլ Հակոբյան