Դաշնակցական «կոմունիստը». Վահան Նաւասարդեանը՝ Յովհաննէս Քաջազնունուն

1242

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է ՀՅԴ երևելի դեմքերից մեկի՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գիրքը, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցութիւնն Անելիք Չունի Այլեւս» զեկուցագիր-գրքի: 

Բոլշևիզմը և ազգային դատերը

XII

«Հասկանանք. հայ բոլշևիկները մեր ժառանգներն են, որ շարունակելու են և արդեն շարունակում են մեր գործը»:

Ահա այս չնաշխարհիկ նախադրեալից Քաջազնունին գալիս է էլ ավելի չնաշխարհիկ եզրակացության:

«Արդ՝ օգնել բոլշևիկներին Դաշնակցությունը չի կարող…»:

Ինչո՞ւ, սակայն: Ինչո՞ւ Դաշնակցությունը չի կարող օգնության գալ իր «ժառանգներին», մանավանդ մի գործում, որ իրն է և որ հարազատորեն շարունակում են իր ժառանգները: Որովհետև փորձել օգնության գալ, հայտարարում է մի այլ տեղ Քաջազնունին, «դա ասել է պարզապես չհասկանալ բոլշևիզմի էությունը»:

Ահա այստեղ ճիշտ է արդեն մեր շփոթված հակառակորդը:

Բոլշևիկներին համարել Դաշնակցության «ժառանգները», Տուրգենևյան «Հայերի ու որդիների» խնդիր հարուցել և նրանց «գործն ու գաղափարը» հայտարարել իբրև հարազատ գաղափարն ու գործը Դաշնակցության՝ «դա ասել է պարզապես չհասկանալ բոլշևիզմի էությունը»:

Այստեղ սխալը դատողության ընթացքից է բխում. Քաջազնունին եթե ինքնասպանության դատապարտեր ոչ միայն Դաշնակցության «ժամկոչ»-ին, այլ և Դաշնակցության «եկեղեցի»-ն, այդ դեպքում վստահ կարելի է ասել, որ նա այսքան ցավալի հակասությունների գերին չէր դառնա:

Վերապահելով Դաշնակցության միմիայն ինքնասպանության «անելիքը»՝ Քաջազնունին պահել է կենդանի, անշուշտ իր հասկացած ձևով, Դաշնակցության դատը, որի իրագործման համար, լապտերը ձեռքն առած, «ժամկոչ» է որոնել հայ խոպան իրականության մէջ, ուր հանդիպել է «կույսեր»-ի, որոնք թէև կույսի նման անարատ են՝ «թշնամություններ» չունեն սերմացած, սակայն կույսի նման նաև անպտուղ են՝ իսպառ գործեր չունեն կատարած: Եվ ահա res nullius-ի՝ ոչ ոքի պատկանող իրի՝ վիճակի մեջ մնացած Հ. Յ. Դաշնակցության դատը Քաջազնունին հարկադրաբար պետք է փոխանցեր մեր կյանքում այսօր տեսանելի ձևով… գոյություն ունեցող իրական ուժին, որը կենտրոնացած է բոլշևիկյան հոսանքի մեջ: Սակայն  Քաջազնունին չէր կարող փոխանցել, առանց նախապես համախոհ հայտարարելու նրանց այդ դատին: Ահա, մեր կարծիքով, մտածողության այն ընթացքը, որ, ազատորեն սկսվելով Դաշնակցության ինքնասպանությունով, ստրկորեն ու հարկադրաբար վերջացել է՝ բոլշևիկներին դաշնակցական դարձնելով: Սրանով միայն կարելի է բացատրել նաև այն ողբերգությունը, որ Քաջազնունին, քաղաքականապես 1923-ին առաջին անգամ լույս աշխարհ գալով իբրև հակադաշնակցական, նույն թվականին կնքել է իր կարճատև մահկանացուն՝ իբրև «հակաբոլշևիկ», անցնելով հանդերձ կրապոտկինյան կոմունիզմի «մաքրարանից»:

Իր «Կապիտալ»-ի առաջին հատորի «Նախաբան»-ում Մարքսը հայտարարում էր, որ նա ընդունվում է Հեգելյան դիալեկտիկան, միայն նախապես գլխիվայր շրջելով այն և մարդկային ուղեղով անցկացնելով այդ դիալեկտիկան մատերիալիստիկան հիմունքով:

Ահա ճիշտ այսպես վարվելու է նաև Քաջազնունին:

Նա նախապես գլխիվայր է դրել Դաշնակցության դավանանքը, ապա անցկացնել այն իր ուղեղով բոլշևիկյան հիմունքով և ստացել մի արդյունք, որից բնազդական ներշնչումով խորշել է մինչև իսկ ինքը:

Բայց մի՞թե անգամ այս սահմաններում ճիշտ է Քաջազնունին:

Մեր պատասխանը, բարեբախտաբար, ի վիճակի ենք այս կետում սահմանափակելու շատ նեղ սահմանների մեջ, որովհետև ինքը Քաջազնունին հարվածներ է տալիս բոլշևիզմին՝ նրա ամենաէական կետերում:

Քաջազնունու ամենահիմնական հայտարարությունն այն է, թէ բոլշևիզմը դեմ չէ մեր ժողովրդի ազգային քաղաքական դատին:

Այս հայտարարությունը տեսականորեն հիմնավորելու համար նա երկու փաստ ունի միայն. նախ այն, որ ինքը «հավատացյալ կոմունիստ» է և չնայած դրան ոչ միայն «հայ» է, այլև, «կրապոտկինյան դավանանքի» շնորհիվ, «նոր ու զորեղ հիմնավորումներ ունի ստացած՝ իր ազգային անհատականությունը հաստատելու համար», երկրորդ, որ ռուս բոլշիկները «իսկական ռուս մարդիկ են, ռուս ազգային հոգեբանությամբ լեցուն ու ռուս ազգային իդեալներով տարված»:

Բայց նախքան այս կետերին անդրադառնալը՝ միամիտ Քաջազնունուն մի փոքրիկ դաս տանք, որ մենք սովորել ենք ռուս բոլշևիկներից:

Ազգային հարցը, ազգության դատերն ու նրանց քաղաքական ձգտումները տարիներ շարունակ լուրջ ուսումնասիրությունների խնդիր են եղել մարքսյան վարդապետությունից սերված քաղաքական կուսակցությունների մոտ և վերջ ի վերջո գտել են իրենց վերջնական լուծումը: Չերկարենք: Հայտնի է, որ, ըստ այդ դպրոցի ուսուցած տեսության, ազգություններով ոչ այլ ինչ են, բայց եթե արգասիքը տիրող տնտեսաձևի, սոսկ մեկ պատմական կատեգորիայի, որ այսօր, տիրող մասնատիրական հասարակարգի շնորհիվ, շարունակում են ապրել, իսկ վաղը, ընկերվար կարգերի հաղթանակի հետ մեկտեղ, պիտի դադարեն գոյություն ունենալուց:

Ազգային հարցի այս ձևի ըմբռնումն իր ծայրահեղության հասցրեց սլավոնական կոմունիզմը՝ ռուս բոլշևիկների բերանով վերջնական հրաժեշտ տալով «ազգային պատրանքներին»:

Տարաբախտաբար, մեր տրամադրության տակ այժմ չունենք համապատասխան աղբյուրներ, սակայն այդ աղբյուրների մեջ կա մեկը, որ կոչված է մինչև իսկ հուսահատորեն մոլորվածներին ուշքի բերելու:

Մեր խոսքը վերաբերում է Համառուսական Կոմունիստական Կուսակցության 8-րդ համագումարին, ուր քննության է դրվել ազգային հարցն իր ամբողջական ծավալով և ստացել իր տեսական լուսաբանությունը:

Արդ, այդ համագումարի մեջ միանգամայն համարձակ ու բացճակատ, առանց երկիմաստ ու անորոշ դարձվածքների, կոմունիստական կուսակցությունը գալիս էր հայտարարելու, որ նա չի ընդունում ու չի ճանաչում ո՛չ ազգային հարց և ո՛չ էլ ազգային դատ:

Համագումարի ականավոր անդամները մինչև իսկ հատուկ ճառերով պարզում էին, թե ինչպես պետք է խաբել տարբեր ազգությունների Քաջազնունիներին և պատրանքը տալ այն բանի, որ բոլշևիզմը դեմ չէ ազգային դատերին, որպեսզի ընկերային հեղափոխության սկզբնական շրջանին մանր ազգերը հավելյալ խոչընդոտներ չհարուցեն նրա հաղթական երթի ճանապարհին և, ընդհակառակը, իրենց մասնակցությունը բերեն այդ հեղափոխության, որի վերջնական հաղթանակը վերջնականապես պետք է փորի նաև ազգությունների գերեզմանը:

Կհանդգնի՞ Քաջազնունին ժխտելու մեր այս խոսքերը:

Անշուշտ, ո՛չ, որովհետև այդ իր կարողության սահմաններից դուրս է և գտնվում է համառ փաստերի շրջանակում, որոնք ավելի զորավոր են, քան ինքը՝ ճշմարտությունը: Արդ, քանի որ ա՛յս է կացությունը, ապա հանուն ո՞ր իրավունքի այնքան քմահաճորեն հայտարարում է Քաջազնունին, թէ բոլշևիրկները կամովին ու գիտակցաբար դեմ չեն ազգային դատերին: Մեզ համար հասկանալի է, երբ նա նրանց «ակամա» ու «անգիտակից» պաշտպաններն է դարձնում մեր շոշափած հարցի, որովհետև այդ մի մտային զբաղմունք է, որը տրամաբանության հետ որևէ կապ չունի եւ բխում է Քաջազնունու նախասիրությունների աշխարհից և այնտեղ էլ վերջ գտնում: Ո՞վ կարող է զրկել որևե մեկին (իսկ առավել ևս՝ Քաջազնունուն) պարապ ենթադրություինների նվիրական իրավունքից:

Եվ անշուշտ պատահաբար չէ, որ բոլշևիկների մասին խոսելիս, նա իր մակբայներն ու բայերը գործ է ածում միշտ երկու ձևերի մեջ: Քաջազնունին զգում է և գիտի, որ կարող են բռնել իր օձիքից և պահանջել, որ նա ապացուցի՝ թե ե՞րբ և որտե՞ղ, ինչո՞ւ և ինչպե՞ս բոլշևիկներն եղան ազգային դատի կամավոր պաշտպաններ, որոնք գիտակցաբար ու ցանկանալով պաշտպանեցին այն:

Եվ որովհետև այս վիճակից, պահանջած դեպքում, անկարելի է դուրս գալ, ուստի նա դրել է պաշտպանության նաև այն ձևը, որի առջև անզոր են իրենք իսկ աստվածները:

Չցանկանալով պաշտպանել, այնուամենայնիվ, ակամայից ու անգիտակցաբար պաշտպանում են…

Սակայն մի՞թե բացատրություն է սա: Մի՞թե «տասն անգամ վերաքննած ու տասն անգամ կշռած» խոսքեր են սրանք:

Մի՞թե իրապես «ավելի ծանր էր գրել ու ստորագրել» իր զեկուցումն ու ա՛յս եզրակացությունները մեր հեղինակի համար, քան «մեզ համար՝ լսել այն իր բերանից», ինչպես ինքն է ասում:

Ես մտածել եմ այն և մտածել սիրով:

Ու սիրելով խորապես՝ խայթել եմ խորապես:

«Իսկական ռուս» և «իսկական հայ» մարդիկ

XIII

«Սրտիս խորքում մի համառ հավատ ունեմ, թե նրանք էլ ինձ պես ու իմ չափ հայ մարդիկ են… Կոմունիզմը ինքստինքյան արգելք չէ հայերեն զգալու ու հայերեն մտածելու համար»:

Այսքանը… հայ բոլշևիկների մասին:

«Պակա՞ս «ռուս» մարդիկ են ռուս բոլշևիկները,- անմիջապես բացականչում է Քաջազնունին: Ոչ միայն «պակաս» չեն, այլ իսկական ռուս մարդիկ են, ռուս ազգային հոգեբանությամբ լեցուն ու ռուս ազգային իդեալներով տարված»:

Այս էլ… ռուս բոլշևիկների մասին:

Այսպիսով, երկու հավելված հայտարարություններով Քաջազնունին գալիս է համոզելու իր ընթերցողին, որ բոլշևիկյան «գաղափարը» ոչնչով չի տարբերվում Դաշնակցության «գաղափարից»:

Արժե մի քիչ հանգամանորեն կանգ առնել բարոյական սայթաքումի վրա, որովհետև իսկապես որ շատ քիչ անգամներ այսքան վատթարագույն ձևով, այսքան քաղքենիորեն ու այսքան այլանդակ շեշտով մարդկանց կողմից անարգվել են մարդկային գաղափարները:

Եթե հայացի զգում են և հայացի մտածում է նաև հա՛յ բոլշևիկը, ապա ո՞վ է, որ այդպե՛ս չի զգում և այդպե՛ս չի մտածում:

Ո՞ր հայ մարդն է, մեր խոսքը անշուշտ պարկեշտ մարդկանց մասին է, որ զուրկ է այդ երկու հիմնական առաքինություններից:

Ինչո՞ւ Քաջազնունին այս վերջինների անունը չի տալիս:

Չլինի՞ թե նրա բարոյական մտածումն այն աստիճանի է հասել, որ նա այլևս կորցրել է իր ամենից հիմնական, ամենից արժեքավոր և ամենից թանկ հատկանիշը (զուտ մարդկային), այն է՝ տարբերել վատը՝ լավից, գաղափարորեն գեղեցիկը՝ տգեղից, մարդկայնորեն վեհն ու գրավիչը՝ մեղկ ու ճղճիմ արժեքներից:

Սարսափել կարելի է իսկապես:

Որովհետև այնտեղ, ուր բոլո՛ր տարածությունները հարթ են, ուր բոլո՛ր միջոցները լուսավորում են նպատակի ճանապարհները, ուր բոլոր մարդիկ նման են իրար, այնտեղ այլևս մարդկությունն անասնական հոտի է վերածվում և խլվում մարդուց նվիրումի ու զոհողության սրբազան իրավունքը, պայքարի ու ստեղծագործության շինիչ կիրքը: Այնտեղ այլևս «քննականորեն խորհող անհատը» դադարում է այն լուսավոր ջահը լինելուց, դեպի ուր պիտի ձգտեն բոլորն անխտիր, որի շուրջ հարատևորեն շրջան պիտի անեն գրեթե ամենքը, որից հավերժորեն, լուսատենչիկ թիթեռի նման, պիտի խայթվեն ու ընկնեն շատերը, բայց և լուսատենչիկ թիթեռի նման, շարունակ դեպի այդ կրակը ձգտեն:

Իսկապես գաղափարաակն ի՜նչ խորունկ ողբերգություն կա այն դարձվածքի մեջ՝ թե նաև ռուս բոլշևիկները «իսկական ռուս մարդիկ են, ռուս ազգային հոգեբանությամբ լեցուն ու ռուս ազգային իդեալներով տարված»:

Արդ, ո՞վ է սակայն ռուսը, որ այս իմաստով «իսկական ռուս» չէ:

Ո՞վ է այն ռուսը, որ «լեցուն չէ ռուս ազգային հոգեբանությամբ» և տարված չէ «ռուս ազգային իդեալներով»:

Միապետակա՞նը, կադե՞տը, սոցիալիստ հեղափոխակա՞նը, մենշևիկ սոցիալ-դեմոկրա՞տը, ռուս չեզոք քաղաքացի՞ն, արդյոք ո՞ր մեկը սրանցից զուրկ է Քաջազնունու համար այդքան հիմնական արժեք ունեցող այդ կարևոր հատկանիշներից:

Չէ՞ որ մինչև իսկ ռուս միապետականը, որպեսզի այս իմաստով եղած ամեն մի կասկածանք փարատած լինի ընդմիշտ, վաղաժամորեն իր անունը «իսկական ռուս մարդ» էր գրել, մի կոչում, որ մտքի մեկ չարաճճի խաղով Քաջազնունին այսօր վերապահում է, հայ և ռուս բոլշևիկներին:

Ո՞վ է զուրկ այս տիտղոսից՝ այս խոսքի լավագույն իմաստով:

Չլինի՞ թե զուրկ են բոլորը, բացիհայ բոլշևիկներից և ռուս բոլշևիկներից:

Չլինի՞ թե Քաջազնունին փոխել է ոչ միայն իր «ժամկոչ»-ին, այլ փոխել է նաև իր «եկեղեցին», դարձել է՝ իր ծննդից մոտ վեց տասնամյակ հետո՝ նոր աղոթատան ուխտավոր, մի հանգամանք, որ նա այսօր, ծանոթ դատապարտյալի նման, առայժմ «բեմե»-ով, «բայցմայց»-ով քողարկում է մեզանից, որպիսի վաղը բոլոր կետերը դնի «ի»-երի վրա:

Իսկապես որ շատ քիչ անգամներ այսքան վատթարագույն ձևով, այսքան քաղքենիորեն ու այսքան այլանդակ շեշտով մարդկան կողմից անարգվել են մարդկային գաղափարները:

Անշնորք պաշտպանությո՞ւն է սա, այլանդակ խուժանությո՞ւն, թե՞ մի ուրիշ, ավելի սարսափելի բան:

Դաշնակցական «կոմունիստը»

XIV

Իր լսարանը համոզելու համար, որ «բոլշևիկները միակ դաշնակցականներն են», Քաջազնունին ունի մի վերջին, չափազանց զորավոր փաստ:

Տանք այդ հատկանշական կտորն իր ամբողջությանը մեջ:

«Ես չեմ ճանաչում հայ բոլշևիկներին, չունեմ անձնական ծանոթություններ, հեռվից էլ հնարավորություն չունեմ հետևելու նրանց գործունեությանը, չգիտեմ իշխող մտայնությունը: Սրտիս խորքում մի համառ հավատ ունեմ,- վստահորեն հայտարարում է Քաջազնունին,- թե նրանք էլ ինձ պես ու իմ չափ հայ մարդիկ են… Կոմունիզմը, ինքն ըստ ինքստյան, արգելք չէ հայերեն զգալու ու հայերեն մտածելու համար: Չէ՞ որ ես էլ հավատացյալ կոմունիստ եմ, դավանում եմ Կրապոտկինի ավետարանը, բայց այդ ավետարանը չի արգելում ինձ հայ լինել, այլև նոր ու զորեղ հիմնավորումներ է տալիս իմ ազգային անհատականությունը հաստատելու համար: Գիտեմ, որ իմ դավանած կոմունիզմը՝ բոլշևիկների պետական կոմունիզմը չէ և որ բոլշևիկները հաճույքով կտրում են ինձ նման արատավոր կոմունիստների գլուխը: Բայց սա կապ չունի նրանց «հայ» լինելու աստիճանի հետ»:

Մինչև հարցին անցնելը՝ նախապես ճշտենք մի միջանկյալ փաստ, որ այլանդակորեն խեղաթյուրված է Քաջազնունու մոտ:

Ո՞վ ասաց, թե բոլշևիկները կտրում են (այն էլ… հաճույքով) Քաջազնունու նման «արատավոր» կոմունիստների գլուխը: Ինչո՞ւ այսքան կեղծ դերասանական շեշտ դնել լուրջ խոսակցության մեջ: Ինչո՞ւ զրպարտել բոլշևիկներին մի թերության մեջ, որից նրանք բոլորովին զերծ են: Չէ՞ որ գիտի Քաջազնունին, ու գիտի մեզնից շատ ավելի լավ, որ բոլշևիկները հենց նաև նրանով են բոլշևիկ, որ Քաջազնունինների գլուխները խնամքով ու գուրգուրանքով պահում են իրենց տերերի ուսերի վրա: Այդ գլուխները նրանք կտրում էին և կտրում էին հաճույքով, երբ նրանք «արատավոր» էին: Իսկ այսօ՞ր, այս գրքույկի՞ց հետո, այս ամենն ասելո՞ւց վերջ… Ինչո՞վ «արատավոր» է արդյոք Քաջազնունու գլուխը: Ինչո՞ւ չենթադրել, թե բոլշևիկները ոչ միայն չէին կտրի ու չեն կտրի, այլ, ընդհակառակը, եթե կտրված լիներ այդ գլուխը, ապա ամեն գնով նա կդնեին իր տեղը, որպեսզի մեր հակառակորդը կարողանար այսքան «անարատ» գործեր արտադրել:

Միթե՞ Քաջազնունին ավելի «արատավոր» է, քան ռուս Սլաշչովներն են ու հայ Չալխուշյանները: Երբե՛ք: Նա այսքան «արատավոր» երբեք չի եղել: Նրա գլուխն այժմ մի թանկարժեք գանձ է բոլշևիկների համար, որոնք խնամքով պիտի պահեն այն իր տիրոջ ուսերի վրա, պիտի բանան նրա առջև խորհրդային արքայության դռներն ու ճամփաները, մեծարեն ամեն տեղ, հարգեն ավելի, քան արժանի է նա, որովհետև այդ գլուխն այժմ արդեն չափազանց «անարատ» է:

«Ես ինձ հարց եմ տալիս: Եթե-ինչ որ հրաշքով-ինձանից ու միայն ինձանից կախված լիներ բոլշևիկների գոյությունը Հայաստանում,- խորհում է ինքն իր հետ Քաջազնունու «արատավոր գլուխը»,- եթե բավական լիներ իմ մի մատի շարժումը, որպեսզի բոլշևիկները մի ակնթարթում անհետանային մեր երկրից, կանեի՞ արդյոք այդ շարժումը: Ու պատասխանում եմ առանց տաատնվելու. ո՛չ, չէի անի: Ոչ միայն չէի անի, այլև ձեռքս կկտրեի որպեսզի երազիս մեջն անգամ՝ պատահաբար կամ սխալմամբ, չանեմ այս շատ վտանգավոր շարժումը»:

Դե՛հ, այժմ եկեք, եղեք բոլշևիկ ու հաճույքով կտրեցեք այսքան խելոքիկ ու այսքան անարատ գլուխը…

Անցնենք սակայն մեր նյութին:

Քիչ վերը հիշատակած մեջբերումից պարզվում է, որ Դաշնակցության և բոլշևիկների «գաղափարը» միանգամայն նույն բաներ են, որովհետև բոլշևիկները կոմունիստներ են, իսկ Քաջազնունին «հավատացյալ կոմունիստ» լինելով հանդերձ՝ լավագույն հայն է:

Այստեղ ամենից առաջ ուշադրություն այն է, թե ինչպես գրեթե բոլոր դավանափոխները վայրկյանապես Մոլիերի հերոս են դառնում, որ քառասուն տարի «արձակ» է խոսել, առանց, սակայ, այդ բանը գիտակցելու:

Բայց չէ՞ որ այն, ինչ ներելի է Մոլիերի հերոսին, ներելի պիտի չլինի Քաջազնունուն, որ իր գրված դիրքով Հ. Յ. Դաշնակցության մեջ՝ արձակը «բանաստեղծությունից» տարբերելու բոլոր պարտականություններն ուներ:

Այս ի՞նչ «կրապոտկինյան ավետարան» է, որ դավանել է շարունակ Քաջազնունին և, մնալով Դաշնակցության մեջ, եղել է «հավատացյալ կոմունիստ»:

Ոչ միայն Քաջազնունին, այլև շատերը գնահատել են կրապոտկինյան ավետարանից որոշ կտորներ, յուրացրել որոշ ընկերաբանական եզրակացություններ, ճշմարիտ համարել որոշ կարծիքներ, սակայն նրանցից և ոչ մեկը կոմունիստ չի դարձել՝ եթե այդպիսին չի եղել, և կամ եթե դարձել է՝ ապա հրաժեշտ է տվել մնացած բոլոր ավետարաններին:

Այդ «ավետարանը», որի անունից է խոսում մեր նախկին կուսակիցը, քաղաքական հասարակակա՞ն դավանաք է, թե՞ պարապ ժամերի մի զբաղմունք:

Չէ՞ որ մենք գիտենք, որ Քաջազնունին մինչև 1923 թվի մարտ ամիսը միանգամայն կենդանի, ապրող ու շնչող, խորհող ու գործող դաշնակցական էր, բայց ոչ կոմունիստ:

Չէ՞ որ նա իր կուսակցական հանգամանքով ընկերվարական էր և որդեգրած ուներ մի վարդապետություն, որ, համենայն դեպս, շատ հեռու է կոմունիստական ավետարանից:

Սակայն չշարունակենք այս հարցերը, որովհետև Քաջազնունին իսկապես որ Դաշնակցության մեջ գերմանական այն ծանոթ «հանելուկ-նկար»-ներից (Vexilbilder) մեկն էր, ուր որոնած իրդ և՛ կա, և՛ չկա:

Քաջազնունին դաշնակցական լինելով՝ Դաշնակցությունից յուրացրել էր «միայն անկախ պետության» գաղափարը: Յուրացնելով միայն այս, նա, այնուամենայնիվ, մնացել էր «մեկուսի», և, մնալով «մեկուսի», նա դավանել էր «Կրապոտկինի ավետարանը»՝ դառնալով, այսպիսով, «հավատացյալ կոմունիստ»:

Սրանից ի՞նչ ավելի զորավոր ապացույց, որ ոչ միայն Դաշնակցության և բոլշևիկների, այլև աշխարհի բոլոր «եկեղեցիները» նույնն են ու նույնը պիտի լինեն Քաջազնունու կարծիքով:

Ահա թե ինչ է նշանակում շիտակ չլինել պատկանած կուսակցությանդ հանդեպ, անվանապես որդեգրել մի դավանանք, իսկ փաստորեն ուխտի գնալ տարբեր աստվածների:

Շարունակելի, նախորդ մասը՝ https://www.aniarc.am/2015/12/10/vahan-navasardian-part-8/