Վահան Նավասարդյան. Դաշնակցության «Դատը»

1238

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ներկայացնում է ՀՅԴ երևելի դեմքերից մեկի՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գրքից մի հատված, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցութիւնն Անելիք Չունի Այլեւս» զեկուցագիր-գրքի: 

«Անկախ պետություն»

VII

Միանգամայն որոշակի, պարզ ու անառարկելի փաստերով անկարելի է գծել այն պայմանները, որոնց մեջ կյանք առավ Հ. Յ. Դաշնակցությունը:

Անկարելի է տալ մանավանդ նրա անդրանիկ դավանագրի մշակման և ընդունելության ամբողջական պատկերը, որ մեր կյանքի վերջին տասնամյակների պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկն անվանվելու իրավունքն ունի անշուշտ:

Պիտի հուսալ, որ մի օր այդ պատմությունն անպայման կգրվի, սակայն ընդունենք, որ այդ օրը, համենայն դեպս, դեռ այսօր չէ:

Հ. Յ. Դաշնակցությունը եղավ առավելապես գործի կուսակցություն, նա աննախընթաց եռանդ, կորով ու անձնազոհություն հանդես բերեց իր պայքարի բովանդակ ճանապարհին, սակայն միաժամանակ նա չկարողացավ հարգանքի հարկավոր տուրքը տալ գրչին և փրկել ժամանակի ճիրաններից այն, ինչ անկարող են պահել ո՛չ մարդկային կարճատև կյանքը ու ո՛չ էլ ապրողների ծերացած հիշողությունը:

Այդ պատճառով, մեր դիտողությունները կարող են իրենց մեջ թերություններ ունենալ, սակայն այդ թերությունները, իրենց ընդհանուր ձևի մեջ, հատուկ պետք է լինեն նաև այն բոլոր գրիչներին, որոնք այսօրվա պայմաններում փորձում են մեր շոշափած հարցի պատմականը քրքրել:

Մեր խոսքը վերաբերում է Հ. Յ. Դաշնակցության անդրանիկ ծրագրի լուսաբանությանը:

«Մեր կուսակցության էությունը,- հայտարարում է Քաջազնունին,- գոյության իմաստը, պատմական կոչումը, ուժն ու արժեքը ա՛յդ է եղել (այսինքն՝ անկախ պետությունը- Վ. Ն.) և միայն այդ»:

Այս հայտարարության տակ թերևս թաքնված է իսկական Քաջազնունին, բայց այս հայտարարության մեջ չի տրված երբեք Դաշնակցության դավանանքը, նրա էությունը, ներքին իմաստը, ուժն ու արժեքը:

Եվ սա կատարված է Քաջազնունու կողմից միանգամայն գիտակցաբար:

Կարիք չկա երկրորդելու, որ հայ մեծ քաղաքական կազմակերպության նպատակների մեջ էր մտնում հայ ժողովրդի քաղաքական ազատագրությունը:

Չափերն ու ձևերը երկրորդական արժեք ունեն անշուշտ, կարևորը սկզբունքն է, որ ժխտել բացարձակապես անկարելի է: Մենք համամիտ ենք Քաջազնունու հետ այն կետում, որ քաղաքական ազատագրության պահանջը պետական անկախ կյանքի կերպարանքն էր առած Դաշնակցության անդրանիկ ծրագրում, թեև այնտեղ այս մասին պարզ և ուղղակի հայտարարություն բնավ չկա: Մենք համաձայն ենք Քաջազնունու հետ նաև այն կետում, որ այս պահանջը իր կարևոր տեղն ուներ գրաված այդ նույն դավանագրում: Չուրանանք, որ Դաշնակցությունը թեև ծնվեց Արարատյան երկրում, սակայն հասակ առավ Թուրքահայ երկնակամարի տակ և հասակա առավ առավելապես Թուրքահայ Դատի հզոր հմայքի տակ: Սակայն այսքանը միայն: Այստեղից Դաշնակցությունը միայն սկսում է և ոչ թե միայն սրանով վերջանում: Այստեղ վերջանում է ինքը Քաջազնունին, որ տեսողության մեկ տխուր աբերրացիայով իր անձի մեջ մարմնացած է տեսնում իրենից այնքա՜ն հեռու գտնվող Հ. Յ. Դաշնակցությունը:

Իսկապես, ի՞նչ է ասում Դաշնակցության անդրանիկ դավանագիրը:

«Այն ժամանակից, երբ մարդկությունը ոտք է դրել քաղաքակրթության ուղու վրա,- հայտարարում է 1892-իի «Ծրագիր»-ն իր ներածական բաժնում,- այն ժամանակից, երբ նա սկսել է ունենալ իր պատմությունը, մենք տեսնում ենք ամեն ժամանակ իշխողներ և հպատակներ, կեղեքողներ ու կեղեքվողներ, տանջողներ ու տանջվողներ: Տառապյալների լաց ու կոծի, աշխատավորի ծանր տնքոցի հետ միասին ամեն տեղից մեր ականջին հասնում են ձրիակեր իշխողների ցնծական աղաղակները: Այդպես է եղել անցյալում, այդպես է այժմ, սակայն այդպես չի կարող լինել ապագայում. մենք հավատացած ենք դրանում: Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես իշխող դասակարգերը ընկնում են ավելի ու ավելի թե՛ ֆիզիկապես, և թե՛ բարոյապես, ինչպես աշխատանքը ձեռք է ձգում հետզհետե իր իրավունքները, ինչպես կեղեքվող տարրը հսկայական քայլերով մոտենում է իր վերջնական հաղթությանը: Եվ նա կհասնի կատարյալ հաղթության, երբ կվերանան ամեն տեսակ դասակարգերը, երբ աշխատանքի միջոցները և արդյունքը կդառնան աշխատավորի կատարյալ սեփականություն, երբ մարդկանց կառավարությանը կփոխարինի իրերի կառավարույթունը»:

Այսպես, ամփոփ ու սեղմ ձևով ներկայացնելով պատմության ներքին իմաստն ու տիրող հասարակարգի ընդհանուր բնույթը, «Ծրագիր»-ը գծում է, նույնքան ամփոփ ու սեղմ ձևով, նաև այն նպատակները, որոնց իրագործման համար ասպարեզ է իջնում Հ. Յ. Դաշնակցությունը:

Այդ՝ քաղաքական (պետական անկախ կյանքի իմաստով) և տնտեսական (դասակարգերի վերացման իմաստով) հավասարության հիմնական սկզբունքներն են, որոնց վրա կռթնած է նորաստեղծ կառավարության գաղափարական շենքը:

«…Արտաքին բռնակալ լուծը հեռացնելը,- հայտարարում է «Ծրագիր»-ը, ինքնավարություն ստանալը, վերոհիշյալ քաղաքական իրավունքները ձեռք բերելը մենք մեր նպատակին հասնել դեռ չենք համարում: Դա միայն գործի մի մասն է: Միայն դրանով մենք չենք կարող ապահովել աշխատավորին իր աշխատանքից լիակատար օգտվելու հնարավորությունը: Աշխատավոր դասի շահերի դիմաց կանգնած է մի ուժ, որը ներկայումս համեմատաբար թույլ է, որը ներկա պայմաններում դեռ հնարավորություն չունի բացարձակապես, իր ամբողջ ուժով արտահայտվելու և որոշ չափով ճնշված է բռնապետական ռեժիմի տակ: Այդ ուժը տնտեսական զարգացման և դրա հետևանք՝ տնտեսական անհավասարության ուժն է»:

Թվում է, որ այս բոլորից հետո երկու կարծիք չի կարող լինել այն մասին, թե իրապես ինչում էր կայանում, ասենք իր իսկ Քաջազնունու խոսքերով՝ «մեր կուսակցության էությունն ու գոյության իմաստը»:

Այդպես թվում է սակայն: Իսկ իրականության մեջ պարզվում է, որ Քաջազնունին կուսակցության այդ «էության» մասին ունեցել է և ունի իր միանգամայն ուրույն և միանգամայն ինքնատիպ տեսակետը:

Դաշնակցության «Դատը»

VIII

Այն նոր խոսքը, սեփական ստեղծագործության այն ուրույն և ինքնակերտ քարը, որ Դաշնակցությունը դրեց գեղեցիկ երրորդության կառուցած հասարակական շենքի մեջ, այդ ընկերային այն խոր ու ցնցող դավանանքն էր, որ անցյալ դարի 30-ական թվականներից սկսած շարժման մեջ դրեց եվրոպական երկրների աշխատավոր զանգվածները:

Այս դավանանքի ալիքները որոշ ժամանակ հետո հասան մինչև Ռուսաստան և իրենց հորձանքի մեջ առան նաև արևելահայության որոշ շերտերը: Անժխտելի է այն փաստը, որ ընկերային նոր գաղափարները, որոնք Դաշնակցության ձեռքով պատվաստվում էին հայ իրականության մեջ, խորթ չէին ընդհանրապես հայ ժողովրդին և հատկապես ռուսահայության սոցիալական կառուցվածքին*: * Տե՛ս հանգուցեալ Բ. Իշխանեանի «Անդրկովկասի ժողովուրդները» գրքոյկը, կազմված ըստ 1897-ի համառուսական վիճակագրության:  Այս գաղափարների որդեգրումով հայ հասարակական միտքը մտնում էր նոր փուլ: Նոր գույն ու թափ էր ստանում նաև մեր կյանքի պայքարը: Դաշնակցությունն իր ձեռքերի մեջ էր առնում հայ ժողովրդի Դատը, նախապես ամբողջացնելով այն և դարձնելով այդ Դատն իր գոյության հիմնաքարը: Այս ամբողջականության մեջ էր կայանում Դաշնակցության «էությանը, գոյության իմաստը պատմական կոչումը, ուժն ու արժեքը»,  և ճիշտ այս ամբողջականությունն է, որ համառորեն ժխտվում էր հայ մեծ քաղաքական կազմակերպության սայլին լծակցած կամ այդ սայլն ուղեկցող և սակայն տարբեր գույն ու կերպարանք կրող Քաջազնունիների կողմից: Կամ առանց քաղաքական դատի և միայն ընկերային պայքար, և կամ միայն քաղաքական դատ՝ առանց ընկերային պայքարի,- ահա այն հիմնական գաղափարները, որոնցով կուսակցության մեջ «մեկուսի» մնացող տարրերը շարունակ հրաբորբոք վիճակի մեջ էին պահում կուսակցական կյանքը: Այսօր, հեռավոր գաղութներում, տարագիր հայ մարդու համար, ընկերվարական մեծ ուսմունքն այժմեականության կիրք չունի իր մեջ, սակայն այդպես չէր բուն հայրենիքում, ինչպես այդպես չէ նաև այսօր: Որպեսզի 1917-ինհսկայածավալ Ռուսաստանը հռչակվեր իբրև համայնավար մեկ երկիր, մինչև այդ թվականը գեթ համայնավար գաղափարների տարածման տեսակետից նա անցած պիտի լիներ որոշ ճանապարհ: Միանգամայն առանձին խնդիր է այն, թե ինչո՞ւ արդյոք պատմականորեն աննախընթաց ընկերվարական փորձն այնքան աղետալի վախճան ունեցավ Ռուսաստանում: Փաստն այն է, որ այդ փորձը տեղի ունեցավ: Իսկ այս ինքնին արդեն բավական է հայտարարելու, որ նախահոկտեմբերյան շրջանի Ռուսաստանը և, մասնավորաբար, նրա մտավորական խավը, իսկապես որ ընկերվարության Sturm und Drang-ի շրջանն ապրած էր արդեն: Չմոռանանք սակայն, որ ռուսահայությունը Կովկասում չէր ապրում Ռոբինզոնյան կղզու վրա: Ռուսական իշխանության տակ գտնվող հայկական հողերը հազար ու մի թելերով կապված էին մայր երկրի հետ, ինչպես կապված էր ռուսական հասարակական մտքի հետ նաև հայ մտավորականությունը: Եռյակ միությունը՝ Ռոստոմ, Քրիստափոր ու Սիմոն, որոնք գլխավոր սյուներն եղան նորաստեղծ կազմակերպության, խմորված էին ռուսական միջավայրում և մկրտված ռուս հեղափոխական մտքի գաղափարական ավազանում: Իսկ նրանց շնչի տակ կյանք կյանք առած հայ քաղաքական հոսանքը չէր կարող այլ դավանանք ունենալ, ինչ նա ունեցավ իրոք:

Քաջազնունին և, ընդհանրապես, բոլոր Քաջազնունիները Դաշնակցության մեջ էին՝ առանց դաշնակցական լինելու, կամ, ավելի ճիշտ, գործածենք իր իսկ խոսքերը, նրանք հոգեբանորեն իրապես «մեկուսի» վիճակի մեջ էին, առանց, սակայն, անվանապես այդ վիճակին համապատասխանող դերն ու դիրքը ունենալու կուսակցությունում:

Նրանք Հ. Յ. Դաշնակցության ապրած հաջորդական ճգնաժամերի իրական և գլխավոր պատասխանատուներն էին անշուշտ:

Գեթ հարևանցիորեն կանգ առնենք այս չափազանց նշանակալից երևույթի վրա, որովհետև Քաջազնունին մի չափով գալիս է կրկնելու այն, ինչ բազմիցս կրկնվել է Դաշնակցության երկարամյա պատմության մեջ, ինչ չի սկսվել Քաջազնունիով ու Քաջազնունիով էլ չպիտի վերջանա: