Վահան Նավասարդյան. «Հ. Յ. Դաշնակցության անելիքը», մաս 2

1255

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը մաս-մաս ներկայացնում է ՀՅԴ երևելի դեմքերից մեկի՝ Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գիրքը, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցութիւնն Անելիք Չունի Այլեւս» զեկուցագիր-գրքի: 

II

Երկու արժանիք Քաջազնունու մոտ անկարելի է բացասել. հղկված է նրա միտքը և հստակ նրա գրիչը: Ժլատությամբ, իր երկարամյա կյանքի ընթացքում, Քաջազնունին արտադրել է մի քանի գրություններ, սակայն ինչ նա տվել է, զուրկ չի՛ եղել մեր քիչ վեր թված արժանիքներից:

Այս անգամ, սակայն, Քաջազնունու միտքը ցավալիորեն դավաճանել է իրեն: Նրան չի փրկել նաև իր վճիտ գրիչը, որ ակամայից պիտի արտադրեր այն, ինչ իր խոսքի մեջ խաթարված էր արդեն:

Քաջազնունին, որ մինչև բուխարեստյան գրքույկը սովոր էր իր խոսքում լինել յնքան հստակ ու պարզ, որ ոչ ոք չպիտի համարձակվեր նրան չհասկանալու, այսօր, իր այս գրքույկում դարձել է այնքան մշուշապատ ու խրթին, որ ոչ ոք չպիտի հանդգներ ասելու, թե կատարելապես հասկացել է ու գիտի այն, ինչ իր խոսքում փորձել է հիմնավորել Քաջազնունին:

Այս ձախողումի պատճառներն ամենից առաջ, անշուշտ, հոգեկան են: Այդպես, համենայն դեպս, թվում է մեզ: Եվ այս տեսակետից դատապարտության քիչ խոսք ունենք ասելու Քաջազնունուն:

Մեր կյանքի վերջին աղետները, մեր ճակատագրի այն դավադիր խաղը, որ դիակույտերի վրայով բարձրացրին մեզ մինչև հայության երազանքների եզրերն ու այդ տեղից մի դաժան հարվածով նետեցին դեպի անհատակ անդունդ, կարող էին, ավելի ճիշտ, չէին կարող հիմքից չցնցել մեզնից յուրաքանչյուրին:

«… Մեր ապրումներից հետո ո՞վ հանդգնություն կունենա պարծենալու,- արդարացիորեն հարց է տալիս Քաջազնունին,- թե պահել է անխախտ իր մտքի կատարյալ հավասարակշռությունը»:

Գրեթե ոչ ոք՝ պատասխանենք մենք:

Չի պահել այդ հավասարակշռությունն առավել ևս ինքը՝ Քաջազնունին: Խոսք կարող է լինել, այսպես ասած, քանակի, բայց ոչ որակի, չափի, բայց ոչ էության մասին: Էության մեջ թերևս ոչ ոք չի պահել «անխախտ իր մտքի կատարյալ հավասարակշռությունը», սակայն՝ տարբեր չափերով: Ահա այս չափն է, որ անցել է Քաջազնունուն, այս «չափ»-ից չափից ավելի օգտվելու իրավունքն է, որ շահագործել է նա: Եվ այդ պատճառով, բանաստեղծություն է բուրում նրա այն խոսքից, թե «այս երկար գրության մեջ (խոսքը միշտ գրքույկի մասին է- Վ. Ն.) չկա մի միտք, որ տասն անգամ վերաքննած չլինեմ ու չկա մի միտք, որ տասն անգամ կշռած չլինեմ գրելուց առաջ»: Անշուշտ նաև այս տողերի վրա խախտված մտքի անհավասարակշռության հետքերը կան: Սա թերևս չի գիտակցում իր հոգեկան աշխարհի հետ պայքարի մտած Քաջազնունին, սակայն մենք՝ դրսից դիտողներս, հստակորեն գիտակցում ու տեսնում ենք: Այո՛, այս գրքույկը երբեք պտուղը չէ «մտքի սառը դատողությունների և սրտի դառը դատողությունների»,- ինչպես կասեր ռուս հեղինակը: Թերևս դառնությունը (սրտի) ունեցել է իր չափից ավելի մեծ դերը, առանց, սակայն, նախապես իր փոխհարաբերությունները ճշտելու դատողության սառնության հետ (մտքի), առանց բնությունից իր նախասահմանված տեղը մնալու: Թերևս անկախ Քաջազնունու կամքից, սակայն մեզ համար միանգամայն տեսանելի ձևով, նրա սիրտը տեղափոխվել է իր ուղեղի մեջ և դարձել Քաջազնունու մտքի վատ խորհրդատուն: Այսպես թե այնպես՝ ոչ միայն մենք, այլև ինքը՝ Քաջազնունին (և ինքը մեզնից ավելի շուտ և մեզնից ավելի շատ) իրավունք ունի իր գրքույկի մասին կրկնելու ֆրանսիական սինդիկալիզմի հայտնի տեսաբաններից Սորելի խոսքերը, ասելով իր լսարանին. «Դուք այստեղ (իմ գրքույկում) կգտնեք առանձնապես զարմացնող հայտնաբերումն այն ազատության, որից օգտվում է բանականությունը, երբ դատում է պատմության ստեղծած երևույթների մասին»: Այս ազատությունից կարծես սարսափ է զգացել մինչև իսկ Քաջազնունին. «Ուզո՞ւմ ես մի խոսք էլ ասեմ,- հարց է տալիս գրքույկում իր մի բարեկամին Քաջազնունին,- որպեսզի վերջնականապես համոզվես, որ ես խելառել եմ: Ահա այդ խոսքը…»: Սակայն թողնենք «այդ խոսքը», որովհետև այստե՛ղ և առայժմ մեզ հետաքրքրողը այդ չէ: Կարևորն այն է, որ Քաջազնունին ինքն էլ գտնում է, թե արդեն սկսել է այնպիսի խոսքեր գործածել, որ լսողի վրա, անկախ լսողի կամքից, կարող է, դժբախտաբար «խելառ»-ի տպավորություն ձգել: Ահա այսքան անսահմանորեն օժտել է Քաջազնունին իր գիտակցությունը՝ ազատորեն դատելու լայնարձակ իրավունքներով:

Ուրախ լինենք, որ Քաջազնունու բանականությունն «անելիք չունի այլևս», որ նա այն ամենը, ինչ կամեցել է ասել, ասել ու վերջացրել է արդեն և ասել է իր համար դատած խոսքերով ու ձևերով: Այսպիսով ու գեթ մի չափով դյուրացրել է նաև մեր կատարելիք գործը:

Մեկ պայմանով սակայն. մնանք ինչպես բաղձանքն է նաև Քաջազնունու, «փոխադարձ հավատ»-ի և «փոխադարձ հարգանք»-ի սահմաններում և համբերություն ունենանք  լսելու: Մի պայման, որ, դժբախտաբար, մասամբ խախտել է արդեն Քաջազնունին, երբեմն էքսկուրսիաներ կատարելով դեպի իր նախկին «գաղափարակիցների», ասենք իր իսկ խոսքերով, «հոգիների խորքերը»: Հեռու մնանք այս ձևի աշխատանքից, որովհետև «հոգիների խորքերը» կարդալու շնորհքը վայելուչ մարդկանց աչքում արդարացիորեն անվայելուչ արհեստի համբավն ունի վաստակած: Այս արդեն այն «ժամկոչ»-ներից չէ, որոնց երբևէ կարելի է դավաճանել:

Դաշնակցության «եկեղեցին»

III

Քաջազնունու գրքույկի վերտառությունն իր հիմքում ցավալիորեն խաթարված իմաստ ունի և ահա թե ինչու:

Եթե որևէ աշխատության խորագիր նպատակ ունի առավելագույն չափերով ու հնարավոր հստակությամբ իր ներքին բովանդակության ամփոփ իմաստը տալու, ապա այս տեսակետից Քաջազնունու գրքույկի խորագիրը մեկից ավելի մեղանչումներ ունի կատարած:

Ասել թէ՝ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս», սա կնշանակի հայտարարել, թե այդ «անելիք»-ն արվել ու վերջացել է արդեն (ի՛ր կամ մեկ ուրիշի կողմից, դա միևնույնն է):

Այլ մեկնաբանություն այլևս անկարելի է տալ:

Ամեն մի քաղաքական հոսանք, և նրան թվում նաև Դաշնակցությունը, ունի իր նպատակները, որոնք ձևակերպված են իր դավանագրում. այդ նպատակներին տանող միջոցները, որոնք տեղավորված են գործելակերպի շենքում և իր սոցիալական հիմքը, որի վրա կռթնած և որի համար ու որի միջոցով նա իր պայքարը առաջ է տանում:

Ահա այս երեք գլխավոր սյուների վրա՝ ծրագիր, գործելակերպ ու սոցիալական հիմք, կառուցվում է որևէ քաղաքական հոսանքի ամբողջական շենքը:

Այս երեք սյուներն անբաժանելիորեն զոդված են միմյանց հետ, նրանցից մեկի գոյությունը պայմանավորված է մյուսի գոյությամբ, նրանք երեքը միասին կազմում են մեկ, ներդաշնակ ու անխախտելի միություն:

Սակայն, ինչպես մի քիչ վերև ասացինք, այս երեք մասերից միայն առաջինն է (ծրագիր), որ իր մեջ պարունակում է այս կամ այն կուսակցության անելիքն իր ամբողջության մեջ:

Գործելակերպը միայն մատնանշում է դեպի անելիքը տանող միջոցներն ու այս վերջինների եղանակներն ու ձևերը:

Իսկ սոցիալական հիմքը ճշտում է հասարակական այն խավերը, որոնց օգնությամբ ու որոնց համար այդ պայքարը առաջ է տարվում:

Արդ, ի՞նչ է Քաջազնունու կարծիքը Հ. Յ. Դաշնակցության անելիքի, մեր կուսակցության նպատակների նկատմամբ, որոնք իրենց ստացած ձևականությունն ունեն Դաշնակցության ծրագրի նվազագույն և առավելագույն բաժիններում (առանց, սակայն, թղթի վրա այս անունները կրելու):

Գտնո՞ւմ է արդյոք Քաջազնունին, որ Դաշնակցությունն իր անելիքն ամբողջովին արել, իր նպատակներին լիուլի հասել ու իր երազներն անխաթարորեն իրականացրել է արդեն, և որ, հավանաբար, նա անելիք այլևս չունի: Կամ թերևս մեր հեղինակը պնդում է, որ Դաշնակցության անելիքը եթե ինքն անմիջապես չի արել (թե ինչու՝ այդ կարևոր չէ այստեղ), սակայն իր փոխարեն ուրիշներն արել են արդեն:

Բարեբախտաբար, այսպիսի հերետիկոս գաղափարներ Քաջազնունին դեռևս մեզ չի քարոզում:

Սակայն խոսքը տանք իրեն՝ Քաջազնունուն, որովհետև այդպիսի դեպքերում նախադասելի է պատասխաններ ունենալ անմիջական աղբյուրից և մի անգամ արդեն ճշտված խոսքերով:

«Հ. Յ. Դաշնակցությունը, իմ խորին համոզումով,- հայտարարում է Քաջազնունին,- միշտ եղել ու միշտ մնացել է՝ գիտակցաբար, թե անգիտակից, հայ քաղաքական ազատագրման մարտիկը, իսկ այդ ազատագրման վերջին կայանը՝ անկախ պետությունն է: Մեր կուսակցության էությանը, գոյության իմաստը, պատմական կոչումը, ուժն ու արժեքը այդ է եղել ու միայն այդ»:

Ահա այսպես է պատկերացնում իրեն Քաջազնունին Դաշնակցության նպատակը, նրա անելիքը:

Իրագործվա՞ծ է այդ նպատակը: «Հայ քաղաքական ազատագրման մարտիկը»՝ Հ. Յ. Դաշնակցությունը, ունի՞ արդյոք իր ձեռքերում «այդ ազատագրման վերջին կայանը՝ անկախ պետությունը»:

Նաև այդպիսի հերետիկոս գաղափարներ Քաջազնունին, բարեբախտաբար, դեռևս մեզ չի առաջադրում:

«Հանրապետությունը անկախ չէ, նա կազմում է Դաշնային Անդրկովկասի ու ապա Դաշնակցային Ռուսաստանի մի մասը, փաստորեն՝ մի ինքնավար նահանգ է Հայաստանը Մոսկվայի հսկողության ու հրամանատարության տակ»:

«Այս դրությունը կարո՞ղ է արդյոք բավարարել մեր կուսակցությունը,սա՞ է արդյոք մեր քաղաքական իդեալը»:

Հարց է տալիս իրեն Քաջազնունին և ինքն էլ անմիջապես պատասխանում այդ հարցին:

«Իհարկե, ոչ»:

Սակայն, թերևս, Քաջազնունին գտնում է, որ Դաշնակցության պատմական կոչումը (անշուշտ՝ իր ըմբռնումով), նրա նպատակները ոչ միայն չեն իրագործվել, այլ, ընդհանրապես, անիրագործելի են: Թերևս, գտնում է նա, որ այդ մի անհասանելի իղձ է, մի ցնորական երազ, որին, Լեսինկյան Աստուծո ցույց տված ճշմարտության նման, կարելի է շարունակ ձգտել, առանց երբեք հասնել կարողանալու, և, հետևաբար, կարիք չկա նաև այդ ձգտումն ունենալու:

Այդ քարոզը նույնպես Քաջազնունին դեռևս չունի իր բերանում:

«Հարցնում եմ. մեզ հետ միասին կմեռնի՞ արդյոք մեր կյանքի գործը՝ հայ քաղաքական ազատագրումը»:

«Ո՛չ միայն կենդանի կմնան (գաղափարն ու գործը- Վ. Ն.),- պատասխանում է նա,- այլև մի նոր կենսունակություն կստանան»:

«Գործը չի՛ մեռած»:

Չմոռանանք այստեղ ավելացնել, որ այդ «չմեռած գործի», Դաշնակցության այդ «կենդանի գաղափարի» իրագործումը Քաջազնունին ամբողջությամբ օտարներին չի վերապահում: Նա ընդհանրապես չափազանց հոռետես է խոստումնադրուժ մարդկության հանդեպ, որի դրդումների տակ բարձրացավ, ցցվեց ու Սևրի դաշնագրով կատար առավ հայ քաղաքական լեռը, իսկ հետո, այդ նույն  մարդկության դավերի հետևանքով, «սարը մուկ ծնեց –  ո՛չ, սարը երկնեց անասանելի տանջանքների մեջ, ցնցվեց հիմքերից, պատառ-պատառ եղավ, արյան հեղեղներ հոսեցրեց արգանդից ու ծնեց ոչինչ, ոչ իսկ մուկ»:

Ահա այսքան հոռետես լինելով մեզ ծանոթ քաղաքական ուժերի հանդեպ, Քաջազնունին, այնուամենայնիվ, անկախ այդ ուժերի՝ դեպի մեզ ունեցած այսօրվա վերաբերումից, ոչ միայն լավատեսության շունչ ունի պահած դեպի Դաշնակցության «կենդանի գաղափարը», այլև ընդունում է, որ այս «գաղափար»-ը կյանք պիտի առնի նաև (ու թերևս առավելապես) բուն հայ պայքարի ու հայ ճիգերի շնորհիվ:

Եվ այս ամենը Քաջազնունու մոտ սոսկ խոստովանություն չէ միայն, որ նա ուզում է կտակ թողնել «իր կուսակցության» պատմության, այլ ապրող ու կենդանի քաղաքական դավանանք, մի դավանանք, որով լուսավորված է ամենից առաջ հենց իր՝ Քաջազնունու հասարակական ուղին:

Այս այն դավանանքն է, ինչ Քաջազնունին դավանել է իր գիտակցական կյանքի ամբողջ ընթացքում:

«Ես ունեմ այն հաստատ գիտակցությունը, թե այսօր մտածում եմ՝ խոսքս հիմնական մտածումի մասին է, ճիշտ այնպես, ինչպես մտածել եմ 1920 թվականին, 1918-ին, 1914-ին ու իմ ամբողջ կյանքին: Այդ հիմնական միտքը, որ ղեկավարել է ինձ երկար տարիների ընթացքում, ղեկավարում է և այսօր: Ես չունեմ նոր պաշտամունք, չեմ կառուցել նոր կուռքեր, մնում եմ հավատարիմ իմ դավանած հին աստվածներին»:

«… Եկեղեցին չէ, որ փոխում եմ այսօր, այլ միայն քահանան ու ժամկոչը, որ եկեղեցու պարզ սպասավորներն են և ուրիշ ոչինչ»:

Այսպիսով, այժմ արդեն միանգամայն հստակորեն պարզվում է, թե իրապես որքա՜ն խաթարված է Քաջազնունու գրքույկի խորագիրը:

Նա ցանկացել է ասել, թե Դաշնակցության ժամկոչն անելիք չունի այլևս, սակայն իր գրքույկի խորագրից այն իմաստն է ստացվել, թե Դաշնակցությունը նաև կենդանի եկեղեցի չունի, որի զանգերը՝ թող թե ուրիշ զանգահարների միջոցով, շարունակ պետք է ղողանջեն, արթուն պահեն մարդկության ու հայության խիղճը, ուխտի կանչեն հավատացյալներին և աղոթքի ու պաշտամունքի սրբազան կրակը վառ պահեն մարտնչող հայության հոգում, որպեսզի մի օր, վերջապես, կարողանան այդ եկեղեցու երազն իրականություն դարձնել հայ ժողովրդի համար:

Շարունակելի, նախորդ հատվածը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/11/19/vahan-navasardian-part-1/