Հայաստանը Թուրքիայի Եւ Ազրպէյճանի Միջեւ

836

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում եւ Ազրպէյճանում, տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ: Ազրպէյճանում յաղթեց 1993-ից անփոփոխ իշխանական «Նոր Ազրպէյճան» կուսակցութիւնը: 125 տեղանոց միապալատ խորհրդարանի մանտաթները անցան բացառապէս իշխանական եւ իշխանամէտ թեկնածուներին:

Ընտրութիւնները պոյքոթել էին երկրի բոլոր ընդդիմադիր կուսակցութիւնները եւ անհատ գործիչները` յայտարարելով, որ անիմաստ է ներգրաւուել 100 տոկոսով վերջնարդիւնքը յայտնի գործընթացի մէջ: Միջազգային կազմակերպութիւնները ընտրութիւնների նախօրէին յիշեցրին, որ խօսք չի կարող լինել իրական ընտրութիւնների մասին, երբ շարունակում են բանտերում մնալ ընդդիմադիր գործիչներ, մարդու իրաւունքների պաշտպաններ, լրագրողներ: Այս երկրում համապետական ընտրութիւնների պատմութեան մէջ առաջին անգամ ԵԱՀԿ-ն եւս պոյքոթեց` հրաժարուելով դիտարկել ընտրութիւնները, քանի որ Պաքուն երեք անգամով սահմանափակեց դիտորդների քանակը:

Թուրքիայում ընտրութիւններն արտահերթ էին: Չորս կուսակցութիւններ յաղթահարեցին 10 տոկոսով շեմը: 2002-ից ի վեր անփոփոխ իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը, շատերի համար անսպասելի, ստացաւ քուէների գրեթէ 50 տոկոսը: Յունիսեան ընտրութիւններում իշխող իսլամամէտ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը ստացել էր քուէների շուրջ 40 տոկոսը եւ չէր կարողացել կամ չէր ցանկացել կազմել քոալիսիոն կառավարութիւն: Արտահերթ ընտրութիւններում նախագահ Էրտողանի եւ վարչապետ Տաւութօղլուի կուսակցութիւնը գրեթէ 10 տոկոսով բարելաւեց հինգ ամիս առաջ գրանցած արդիւնքը եւ նոր խորհրդարանում կարողացաւ ապահովել 317 աթոռ ու հնարաւորութիւն ստացաւ կազմելու միակուսակցական կառավարութիւն, ինչպէս Թուրքիայում եղել է 2002-ից ի վեր:

Հայաստանի արտաքին սահմանների գերակշիռ մասը Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ է: Պաքուն 1989-ից փակել է Հայաստան մտնող կազատարի փականը, ապա նրան ենթարկել հաղորդակցութեան շրջափակման: Արցախեան հակամարտութեան չկարգաւորուածութիւնը եւ այլ պատճառներ ներկայացնելով` Անգարան 1993-ից շրջափակման մէջ է պահում Հայաստանը եւ հրաժարւում է Երեւանի հետ հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ:

Ազրպէյճանի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները ոչ մի կերպ չեն կարող անդրադառնալ այն իրավիճակի վրայ, որը ստեղծուել է արցախեան կարգաւորման գործընթացում եւ Հայաստան-Ազրպէյճան յարաբերութիւններում: Ազրպէյճանում խորհրդարանը, ինչպէս եւ ողջ երկիրը, ամբողջութեամբ վերահսկւում է նախագահ Ալիեւի կողմից:

Թուրքիայի այս խորհրդարանում Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան դիրքերն ամուր են: Միւս կողմից, սակայն, այս խորհրդարանը բովանդակային առումով տարբերւում է նախորդներից, քանի որ այնտեղ ներկայութիւն ունի քրտամէտ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնը: Քաղաքական այս ուժը էականօրէն տարբեր դիրքորոշում ունի ինչպէս Հայոց ցեղասպանութեան, այնպէս էլ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հարցում:

Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնը չունի բաւարար մանտաթներ, որպէսզի էականօրէն ազդի Թուրքիայի արտաքին քաղաքականութեան վրայ: Սակայն այն իրողութիւնը, որ քրտամէտ այս ուժը եւ նրան անդամակցող գործիչները հրապարակաւ կողմ են արտայայտւում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը, Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանն ու Հայաստանի շրջափակման վերացմանը, արդէն իսկ յատկանշական գոյն է Թուրքիայի ներքաղաքական կեանքում:

Անշուշտ պէտք է հաշուի առնել, որ Թուրքիայի եւ խորհրդարանում ընդգրկուած քաղաքական ուժերի օրակարգում առաջիկայ տարիներին Հայաստանն ու Հայկական հարցը, ինչպէս նախկինում, չի լինելու առաջնային: Թուրքիան հիմնականում զբաղուած է լինելու քրտական հարցով, Սիրիայով եւ Իսլամական պետութեան յարուցած խնդիրներով: Աւելի՛ն. Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնն ու նախագահ Էրտողանը կենտրոնացած են լինելու սահմանադրական նոր փոփոխութիւններով, որը Թուրքիան կը դարձնի նախագահական ուժեղ կառավարմամբ պետութիւն` Էրտողանի գլխաւորութեամբ:

Ազրպէյճանը չի փոխելու հռետորաբանութիւնը եւ շարունակելու է ապակառուցողական դիրքորոշումը: Հայաստան-Ազրպէյճան սահմանի երկայնքով եւ ղարաբաղա-ազրպէյճանական զօրքերի շփման գծի երկայնքով իրավիճակը շարունակելու է մնալ լարուած, եթէ ԵԱՀԿ Մինսքի խումբը եւ եռանախագահող պետութիւնները նոր նախաձեռնութիւններ հանդէս չբերեն:

Արցախեան կարգաւորման գործընթացում ճեղքում ակնկալելն իրատեսական չէ բազմաթիւ պատճառներով: Առաջին հերթին նրանով, որ հակամարտութեան մէջ ներգրաւուած կողմերը պատրաստ չեն գին վճարել երկարատեւ խաղաղութեան համար: Երկրորդ, Ազրպէյճանը սկսել է հաւատալ, որ ռազմական հաւասարակշռութիւնը խախտուել է յօգուտ իրեն եւ կարող է նոր պատերազմով ետ ստանալ նախորդ պատերազմում կորցրածը եւ վերադառնալ status quo ante վիճակին: Նման պայմաններում Պաքուն պատրաստ չի լինելու լուրջ բանակցութիւնների:

Թուրքիայի արտաքին քաղաքականութեան օրակարգում Հայաստանը առաջնային տեղերում չէ: Պաշտօնական Անգարան միայն ժամանակ առ ժամանակ, յայտարարութիւնների եւ դիւանագիտական նոթաների ձեւով կ՛անդրադառնայ Հայաստանին, հայ-թուրքական յարաբերութիւններին եւ Հայոց ցեղասպանութեանը, երբ որեւէ ազդեցիկ պետութիւն 1915-ը ճանաչի որպէս ցեղասպանութիւն կամ արծարծի թեման:

Վկայակոչելով 2009-ին ստորագրուած Ցիւրիխեան արձանագրութիւնները, Թուրքիան շարունակելու է  պնդել, թէ հայկական կողմն է խոչընդոտում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բնականոնեցմանը: Անգարան, անկասկած, շարունակելու է շահարկել նաեւ արցախեան հարցի չկարգաւորուած վիճակը, երբ Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում զգայ լուրջ ճնշումներ իր արեւմտեան գործընկերների կողմից:

Թէ՛ ղարաբաղեան կարգաւորման, թէ՛ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում առկայ փակուղին յաղթահարելու եւ նոր իրավիճակ ստեղծելու համար Երեւանը պէտք է դիմի դիւանագիտական քայլերի` ընդունելով հանդերձ, որ ե՛ւ Ալիեւը, ե՛ւ Էրտողանը պատրաստ չեն բանակցութիւնների եւ կառուցողական երկխօսութեան:

Այսօր բանակցութիւնների սեղանին չկայ փաստաթուղթ կամ կողմերը յղում են անում փաստաթղթի տարբեր տարբերակների (Մատրիտեան, Նորացուած, Կազանի եւ այլն): Անկախ տրուող գնահատականներից` Մատրիտեան փաստաթուղթը պարունակում է Արցախի ինքնորոշման մասին յստակ ձեւակերպում, ինչի պատճառով հէնց այդ առաջարկութիւնն անընդունելի է Պաքուի համար: Երբ չկան բանակցութիւններ, միջազգային հանրութեան համար մոռացւում է նաեւ Արցախի ինքնորոշման իրաւունքի ամրագրումը: Անկախ բանակցութիւնների ընթացքից եւ ելքից, հայկական կողմը պէտք է անի հնարաւորը, որպէսզի կրկին քննարկման դրուի այն փաստաթուղթը, որն ամրագրում է Արցախի ինքնորոշման իրաւունքը:

Արտաքին գործերի նախարարների եւ նախագահների մակարդակով հանդիպումները կարեւոր են նաեւ նրանով, որ դրանք կրկին, անկախ արդիւնքներից, համեմատաբար հանդարտեցնում են իրադրութիւնը հայ-ազրպէյճանական զօրքերի շփման գծում եւ նուազեցնում նոր զոհերի հաւանականութիւնը:

Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում գնդակը Թուրքիայի դաշտում է, քանի որ հէնց թուրքական խորհրդարանն է հրաժարւում վաւերացնել 2009-ին ստորագրուած արձանագրութիւնները: Երկարաժամկէտ կտրուածքով, սակայն, այս իրավիճակը չի կարող օգտակար լինել Հայաստանի համար: Հետեւաբար Երեւանը այստեղ եւս պէտք է նոր նախաձեռնութեան դիմի:

Հասկանալի է, որ Երեւանի համար դժուար է հրաժարուել Ցիւրիխեան արձանագրութիւններից, քանի որ այդ փաստաթղթի ստեղծման գործում եղել է միջազգային լուրջ ներգրաւուածութիւն: Կայ նաեւ ներքին հանգամանքը: Հրապարակման օրուանից Հայաստանի ղեկավարութիւնը փորձել է հայ հանրութեանը համոզել, որ այդ փաստաթղթով Հայաստանը ստացել է հնարաւոր առաւելագոյնը: Հետեւաբար հէնց այնպէս Երեւանը չի կարող հրաժարուել այդ փաստաթղթից: Հրաժարուելով Ցիւրիխեան արձանագրութիւնների`  Երեւանը պէտք է զուգահեռաբար նոր փաթեթով նախաձեռնութեամբ հանդէս գայ:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 9 Նոյեմբեր, 2015