Հայոց ցեղասպանության 100-ամյակի խաչքարի տեղադրում Բքերքեում` Միջին Արևելքի Վատիկանում

1845

Անտիոքի Ասորական մարոնի եկեղեցու պատրիարքության և Անտիոքի ու համայն արևելքի մարոնի եկեղեցու Բշարա Ռայի պատրիարքի հովանավորությամբ նոյեմբեր 5-ի երեկոյան Բքերքեում (Լիբանան)` Մարոնի (կաթոլիկ) եկեղեցու պատրիարքության պատերից ներս, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամեակին նվիրված խաչքարի բացման արարողություն և  համաքրիստոնեական հավաք` մասնակցությամբ Լիբանանի քրիստոնյա համայնքների պետերի ու ներկայացուցիչների:

Bkerke1_110515

Բքերքեն Միջին Արևելքի Վատիկանն է` կաթոլիկ եկեղեցու տարածաշրջանային կենտրոնը:

Միջոցառմանը ներկա էին կարդինալ Բշարա Ռային, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, պապական նվիրակը, պետական և զինվորական մարմիններ, հոգևոր պետեր, կուսակցությունների ներկայացուցիչներ, լիբանանցի և սփյուռքահայ մտավորականություն և հոծ բազմություն:

juli

Առաջինը ելույթի համար խոսք տրվեց Ժիւլի Խէյր Ալլա-Պուտագեանին` այս ձեռնարկի բարերար Սարգիս Պուտագեանի տիկնոջը: Արժևորելով  հայ-լիբանանյան եղբայրական հարաբերությունները, արաբերենով իր ելույթում նա մատնանշեց, թե ինչպես 1915-ի ջարդերից հետո փրկված հայերը հյուրընկալվեցին Լիբանանում, ապա տքնաջան աշխատանքով մեծ դեր ունեցան Լիբանանի բարգավաճման ու զարգացման մեջ:

Նա ընդգծեց, որ բարերար Սարգիս Պուտագեանի փափագն էր այս կոթողը զետեղել պատրիարքության շրջափակից ներս` իբրև շնորհակալության երախտիք լիբանանցի ժողովրդին. «Այս սուրբ երեկույթը Լիբանանի ժողովրդի խաղաղ և սիրո համակեցության լավագույն վկան է. խաչքարը վկայությունն է հավատքի տոկունության և ինքնին ականատես վկան է հարության»:

Ապա ֆրանսերենով խոսք առավ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Նա ասաց, որ խաչքարը խորհրդանշում է հայությունը, արտացոլում հայի կամքը և հաղթանակը: Արամ Ա-ն բարձր գնահատեց խաչքարի զետեղումը այս պատմական վայրում և շնորհակալություն հայտնեց մարոնի եկեղեցու պատրիարքությանը` այս աննախընթաց իրադարձության համար:

Bkerke4_110515

Ապա ելույթ ունեցավ Քրիսթին Պապիկեան-Ասսաֆը: «Այսօր, այս խաչքարը` քարակերտ գիշերապահ հայ ժողովրդի հավաքական հիշողության, վերանորոգում է հայ ժողովրդի հավատքը այս երկրի նկատմամբ: Այս ձոնի համար իբրև վայր Բքերքեն ընտրելը նշանակում է ընտրել մարտկոցը, բերդը քրիստոնեության ոչ միայն Լիբանանի, այլև ամբողջ Միջին Արևելքի: Բքերքեն ընտրելը նշանակում է նաև ընտրել լիբանանցի ժողովրդին և նրա գերիշխանության, չափավորության և միասնականության խորհրդանիշը այս Արևելքում, որի ապագան հստակ չէ և որ վտանգված է բոլոր ծայրահեղությունների պատճառով»,- ասաց Պապիկեան-Ասսաֆը:

Ելույթները ընդմիջեց Սրբուհի Ռաֆքա երգչախումբն ու նվագախումբը` խմբավարությամբ քույր Մարանա Սաադի: Նրանք ներկայացրեցին հոգևոր ու հայրենասիրական երգերի փունջ: Հիասքանչ էր երգչախմբի «Կիլիկիա» երգի կատարումը, որ մեծ խանդավառություն ստեղծեց` արժանանալով երկարատև ծափահարությունների:

Խոսք առավ Աբդո Լաբաքին: Նա ասաց, որ խաչքարը խորհրդանշում է հայի տոկունությունը, կարողականությունը, նրա անխախտելի հավատը: Խաչքարը գալիս է հաստատելու, որ կյանքը միշտ հաղթում է մահվան: Նա անդրադարձավ նաև Նախիջևանում իրականացված մշակութային ցեղասպանությանը, հայկական խաչքարերի արվեստին, դրանց պատրաստման բծախնդիր աշխատանքին, նախշերին ու գծերին: Նա հաստատեց, որ խաչքարը հայ ժողովրդի պայքարի, հաղթանակների, մշակույթի և պատմության վկան է:

Bkerke8_110515

Ելույթ ունեցավ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերեանը: Այս նախաձեռնության համար նա շնորհակալություն հայտնեց մարոնի եկեղեցու պատրիարքությանը և ասաց, որ այս խաչքարը առիթ պիտի լինի` ամրապնդելու Լիբանանի ժողովրդի միասնականությունը, և մեր հավատքի հզորացման ու բյուրեղացման նոր հանգրվան պիտի լինի:

Խոսք առավ Մոհամեդ Ալի Շամսեդդինը: Նա ասաց, որ եկել է Լիբանանի հարավից` իր հետ շալակած բերելով խաչը: Խաչքարը կանգնեցվում է առ ի գնահատանք հայ ժողովրդի քաջության: Ապա արտասանեց Պարույր Սևակի «Իմ ազգին» ոտանավորի արաբերեն թարգմանությունը:

Ապա ելույթ ունեցավ Ղալեբ Աբդալլա Ղանեմը: Նա ասաց, որ խաչքարն ինքնին արդարության ձայնն է` հայ նահատակների արդարության կանչը: Խաչքարը իր քաղաքակրթությամբ, իր մարդկային վեհ արժեքներով նոր արժեք է ավելացնում Բքերքեի ժառանգությանն ու հարստությանը:

Վերջում ելույթ ունեցավ նաև Անտիոքի մարոնի եկեղեցու պետ Բշարա Ռայի պատրիարքը: Նա ասաց, որ խաչքարը խորհրդանշում է երեք ուղղություններ` հավատքի, եկեղեցական ու հայրենասիրական: Բշարա Ռայի պատրիարքը հայտնեց, որ հայ ժողովուրդը Լիբանանում ճանաչված է իբրև նվիրյալ ու անկեղծ քաղաքացի, որ իր ճիգը չի խնայել բարօր կյանքի ապահովման և միաժամանակ Լիբանանի բարգավաճման բոլոր ոլորտներում անխտիր: Նա ասաց, որ հայերը իրենց աշխատանքով և խիզախությամբ կարողացան վերականգնել իրենց պետությունը` Հայաստանի Հանրապետությունը: Նա շնորհակալություն հայտնեց բարերար Սարգիս Պուտագեանին և նրա ընտանիքին` խաչքարի զետեղումն իրագործելնու համար:

Bkerke_110515 (1)

Բոլոր ներկաները շրջապատեցին խաչքարը: Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեանը կատարեց հատուկ աղոթք` հայերենով, հայր Գէորգ Ծ. վրդ. Եղիայեանը` արաբերենով: