Ջամալյան. «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը»

1021

Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից:

—–

Քաջազնունու պատմական տեսության մյուս մասերի վրա ավելորդ եմ համարում կանգ առնել, որովհետև նրանք մեծ մասամբ պատմական դեպքերի պարզ նկարագրությունն են ներկայացնում: Եթե այդ մասերում կան մեղադրական կետեր էլ՝ դրանք վերաբերում են կամ ամբողջ հայ ղեկավար մտավորականությանը և կամ այնպիսի գործերի, որոնք Դաշնակցության վերջին տասը տարվա քաղաքական կյանքի մեջ երկրորդական, երրորդական դեր են կատարում:

Այս պատմական տեսության դեմ մինչև այժմ առաջ բերածս հակաճառություններից ընթերցողը երբեք այն սխալ եզրակացությունը չպետք է հանի, դեմ թե ես անգիտանում եմ այն թերությունները, որ մենք ունեցել ենք այս ժամանակաշրջանում: Բնա՛վ ոչ: Իմ ընկերներից շատերի պես ես էլ լավատեղյակ եմ այդ թերություններին, և նրանց հետ միասին ես էլ եմ պայքարել այդ թերությունների դեմ: Մենք պայքարել ենք նրանց դեմ մամուլում, պառլամենտի ամբիոնից, ժողովրդական միտինգներում, պայքարել ենք հրապարակային ատենախոսություններով, կուսակցական հրահանգներով, կառավարական կարգադրություններով, պետական և կուսակցական դատարաններով, և այլն, և այլն: Այս պայքարը հաճախ այնպիսի բուռն արտահայտության ձևեր էր ընդունում, որ լուրջ մտահոգություն էր պատճառում կուսակցական հին դիսցիպլինի ոգով դաստիարակված ընկերներին: Ավելի ևս հաճախ նա օգտագործվում էր հակառակորդների կողմից՝ մեր պետությունն ու կուսակցությունը վարկաբեկելու համար: Բայց մենք կանգ չենք առել ոչ մի նկատումի առաջ և շարունակել ենք մեր պայքարը՝ մղված այն հստակ գիտակցությամբ, որ միմիայն մեր կամա և ակամա թերությունների դեմ կռվելով կարող ենք նորակազմ Հանրապետությունը առաջադիմական ուղու վրա դնել:

Սակայն այլ բան է ընթացիկ քաղաքական գործը և այլ բան՝ պատմական գնահատության կամ վերագնահատության գործը: Ընթացիկ քաղաքական աշխատանքների ժամանակ առաջին գծի վրա է դրվում մանրամասնությունը, հաճախ երկրորդական, երրորդական նշանակություն ունեցող մանրամասնությունը, որ անձի, հաստատության կամ երևույթի համար բնորոշիչ արժեք չունի: Այդ պատճառով էլ՝ ընթացիկ քաղաքականության մեջ երևան եկած քննադատությունների մեծ մասը ոչ մի դեր չի կատարում կամ շատ քիչ դեր է կատարում խնդրո առարկա եղող անձի, հաստատության կամ երևույթի պատմական գնահատության մեջ:

Պատմական գնահատության կամ վերագնահատության խնդրում, հակառակը, իրերը ներկայանում են մեզ որոշ հեռավորության վրա և այդ պատճառով էլ՝ նրանց մանրամասնությունները չեն, որ նկատառության են գալիս, այլ ընդհանուր նկարագիրը: Եթե մենք պատմական դեպքերն ու դեմքերը դիտելու լինենք ընթացիկ քաղաքականության մեջ երևան եկող քննադատությունների անկյունագծով՝ այն ժամանակ պատմության մեջ քարը քարի վրա չի մնա:

Ահա այս պատճառով է, որ ես իմ ընդդիմախոսության մեջ կանգ չեմ առնում մեր մոտիկ անցյալի գործունեության մեջ երևան եկած մասնակի թերությունների կամ դրական գործերի վրա և ոչ թե այն պատճառով, որ ես անգիտակցում եմ նրանց գոյությունը:

Սակայն մեր բոլոր թերությունների գիտակցությամբ հանդերձ, Քաջազնունու պատմական տեսությունը իր ամբողջության մեջ ներկայանում է ինձ ոչ թե իբրև մի պատմագրական գործ, այլ պատմական իրականության խեղաթյուրումը: Մեր մոտիկ անցյալի հասարակական և պետական կյանքը խեղաթյուրվել է Քաջազնունու գրչի տակ այն պատճառով, որ նա արհամարհել է անաչառ վերագնահատության այն երեք գլխավոր պայմանները, որոնց մասին ես հանգամանորեն խոսել եմ սույն հոդվածաշարի սկզբում. այսինքն՝ նա չափազանցրել է եղած թերությունները, նա անտես է առել այն առարկայական պայմանները, որոնք անխուսափելի էին դարձնում իրականապես տեղի ունեցած թերությունները և, վերջապես, նա լռության է մատնել մեր գործունեության դրական, լուսավոր կողմերը:

Այս եզրակացությամբ, Քաջազնունու գրքի պատմական մասի քննությունը փակելուց առաջ, կցանկանայի մի վերջին հարց ևս տալ մեր հեղինակին՝ ինչպե՞ս է պատահել, որ նա, այսքա՜ն բացասական վերաբերմունք ունենալով հանդերձ դեպի Դաշնակցության գործունեությունը համաշխարհային պատերազմից ի վեր, այնուամենայնիվ, մնացել է այդ կուսակցության շարքերում: Ես կարող եմ հասկանալ, եթե Քաջազնունին ասի, որ հայ ժողովրդի անելիքի նկատմամբ իր համոզմունքները, ինչ-ինչ տվյալների հիման վրա, փոխվել են: Կարող եմ հասկանալ նույնիսկ, եթե նա հայտարարի, որ այսօր ինքը իր հին դավանանքը հիմնովին փոխել և նոր դավանանք է որդեգրել: Դրա համար ես էլ հենց սկզբից պարապ բան եմ համարել Քաջազնունու նախկին ասածներն ու գրածները քրքրել և կարծում եմ, որ իմ մյուս ընկերներն էլ այդպես կվարվեին, եթե նա ուղղակի գրգռիչ համառությամբ չպնդեր, թե իր երեկվա և այսօրվա դավանանքների կամ մտածողությունների մեջ տարբերություն չկա:

Բայց մեր մոտիկ անցյալի գործերի հանդեպ նրա ունեցած վերաբերմունքը հասարակության համար միանգամայն անհասկանալի է: Այդ գործերը երկրորդական բաներ չեն, այլ մեր ժողովրդի համար բախտորոշ, ահավոր դեպքերի մի շարան են ներկայացնում: Նրանց բոլորին իր դաշնակցականի հանգամանքով անուղղակի կամ ուղղակի կերպով մասնակցել է Քաջազնունին: Մասնակցել է ոչ թե պատանեկան խանդավառությամբ կամ անգլուխությամբ, այլ տարիքավոր, խոհուն մարդու լրջությամբ: Արդ, ինչպե՞ս է հանդուրժել նա, որ այդ բոլոր գործերն էլ իր կուսակցության կողմից ձևակերպվեն այնքա՜ն թեթևամտորեն, անփութությամբ, ապիկարությամբ և մինչև իսկ՝ հանցավորությամբ, ինչպես ինքն է այսօր ներկայացնում մեզ: Ինչպե՞ս է պատահել, որ նա իր բողոքի ձայնը չի հնչեցրել Դաշնակցության քաղաքականության դեմ՝ սպառնալով, որ անլսելի դեպքում, պատկան մարմինների գլխի վրայով իր խոսքը պիտի ուղղի նրանց հետևը կեցած լսարաններին …

Այս հարցը մնում է բաց ինչպես ինձ համար, նույնպես և շատերի համար: Եվ եթե այդ բաց տարածության վրա ոմանց կողմից ad hominem բացատրություններ են հյուսվում Քաջազնունու «ինքնագնահատումը» հասկանալու համար, դրա մեղքն ամբողջովին հյուսողների վրա չի ընկնում միայն …

Հ. Գ. Քաջազնունու գիրքն իմ ձեռքը հասավ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին: Այդ ժամանակ էլ ես ձեռնարկեցի այս հոդվածաշարին՝ ենթադրելով մի 5-6 համարի մեջ տալ այդ գրքի ամբողջական վերլուծությունը: Սակայն պարբերականի սուղ էջերը և իմ զբաղումների հետ կապված թափառական կյանքը թույլ չտվին իրագործել իմ մտադրությունը ծրագրված սահմաններում և ժամանակամիջոցում: Մինչ այդ, լույս տեսան երեք առանձին աշխատություններ Քաջազնունու գիքի առթիվ՝ ընկ. Ռ. Դարբինյանի «Մեր պատասխանը Հ. Քաջազնունուն», Ս. Վրացյանի «Խարխափումները» և Վ. Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»: Այս երեք աշխատությունները երբեմն նման, երբեմն տարբեր անկյունագծերից դիտելով Քաջազնունու արտահայտած մտքերը՝ ներկայացնում են նրանց բազմակողմանի վերլուծությունն ու քննադատությունը:

Այս հանգամանքներում ծանրաբեռնել մեր ամսագրի սուղ էջերը Դաշնակցության անելիքի վերաբերյալ նոր հոդվածաշարով, ինձ աննպատակահարմար է թվում: Դրա համար էլ, ես բավականանում եմ առայժմ Քաջազնունու գրքի առաջին մասի, այսինքն՝ պատմական տեսության վերլուծությամբ, թողնելով ապագային մի առանձին գրքույկով հիմնավորել Հ. Յ. Դաշնակցության ներկա քաղաքականությունն ու ապագա անելիքը, որով միաժամանակ և պատասխանած կլինեմ Քաջազնունու գրքի երկրորդ մասին:

ՎԵՐՋ