Ջամալյանի պատասխանը Քաջազնունուն

993

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից

Քաջազնունին վերջացնում է իր պատմական տեսությունը հանրապետական շրջանում հանդես եկած մեր պետական գործիչների բնութագրությամբ: Այստեղ արդեն ամեն ինչ կա՝ սկսած կանխատեսության բացակայությունից մինչև թեթևամտություն, թեթևամտությունից մինչև անպետքություն և անպետքությունից մինչև անբարեխղճության ակնարկները…

«Եթե ճիշտ է, որ կառավարել՝ ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպետք կառավարիչներ ենք եղել, որովհետև հենց այդ կանխատեսելու ընդունակությունն է, որ չենք ունեցել բնավ: Մենք շարունակ սխալված ենք եղել մեր հաշիվներում ու շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալների միայն մեզ համար, արավհետև չենք գիտակցել նախատեսել: Մեր ամենամեծ թուլությունը այդ է եղել»:

Այս ամենամեծ թուլության հետ միասին՝ մենք. «Չենք ճանաչել ու հաճախ գերագնահատել ենք մեր կարողության չափը, չենք հասկացել դժվարությունների մեծությունը, արհամարել ենք հակառակ ուժերը և թեթևամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդեպ: Կտրուկ ենք եղել այնտեղ, ուր պետք էր ծայրահեղ զգուշություն ու անվճռական այնտեղ, ուր պետք էր կտրուկ լինեինք»: Մի խոսքով՝ «Պետական մարդիկ չէինք մենք»:

Նախքան այս խնդրի մասին ըստ էության խոսելը, թույլ եմ տալիս ինձ մի հարց տալ Քաջազնունուն և այն բոլոր մարդկանց, որոնք նրա այս բնութագությունը ամենուրեք չարախնդորեն ցուցահանում են իբրև մեր պետական գործիչների ապիկարության անժխտելի ապացույց: Իմ հարցն այս է: Ընդունելով, որ կանխատեսությունը մի կողմից, սեփական կարողությունների ու համառակ ուժերի ճշգրիտ գնահատությունը՝ մյուս կլողմից,  կառավարողի կամ պետական գործիչի անհրաժեշտ ատրիբուտներն (հատկություններն) են, ապա ի՞նչ են կարծում նրանք.

– Պետական մարդի՞կ էին Կոկովցևը, Սազոնովը և նրանց մյուս պաշտոնակիցները, որոնք համաշխարհային պատերազմի նախօրյակին վարում էին Ռուսաստանի քաղաքական ճակատագիրը: Եթե այո, ապա ինչպե՞ս է, որ նրանք, այդ պատերազմը ընձեռելիս, չկարողացան կանխատեսել Ռուսաստանի գլխին գալիք փոթորիկները և թեթևամտության աստիճանի անփույթ եղան նրան սպառնացող վտանգների հանդեպ: Իսկ եթե ոչ՝ ինչո՞ւ մինչև ցարական կարգերի խորտակումը նրանց պետական ընդունակություններն ամբողջ քաղաքական աշխարհում այնքա՜ն բարձր էին գնահատվում:

– Պետական մարդի՞կ էին այդ նույն ժամանակամիջոցում գերմանական կառավարության անդամները և նրանց գլուխը կանգնած Բեթման Ֆոն Հոլվեգը: Եթե այո՝ ինչպե՞ս եղավ, որ նրանք այնքա՜ն սխալվեցին իրենց հաշիվներում, այնքա՜ն գերագնահատեցին Գերմանիայի կարողության չափը և արհամարհեցին հակառակ ուժերը: Իսկ եթե ոչ՝ ինչո՞ւ մինչև 1918-ի սկիզբը, երբ ամբողջ աշխարհը դողում էր Գերմանիայի հաղթական բանակների առաջ և երբ Վիլհեմ Բ-ն Բրեստ-Լիտովսկի դաշնագիրն էր թելադրում ռուսներին, ոչ ոք գրեթե չէր խոսում Գերմանիայի վարիչների պետական ապիկարության մասին:

– Պետական մարդի՞կ էին Լլոյդ Ջորջը, Բալֆուրը և անգլիական կառավարության մյուս անդամները, որոնք համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր վարում էին ծովերի թագուհու քաղաքական բախտը: Եթե այո՝ ինչո՞ւ նրանք այնքա՜ն շատ անակնկալների հանդիպեցին պատերազմի ժամանակ և ինչո՞ւ չկարողացան կանխատեսել դեպքերի զարգացումը պատերազմից հետո, որպեսզի Անգլիան այսօր ստիպված չլիներ քարշ գալ մի Ֆրանսիայի և մինչև իսկ մի Թուրքիայի հետևից՝ իր ամենակարևոր քաղաքական և տնտեսական խնդիրները կարգադրելու համար.: Իսկ եթե Լլոյդ Ջորջն ու Բալֆուրն էլ պետական մարդիկ չեն, ապա էլ ովքե՞ր են պետական մարդիկ:

– Պետական մարդիկ էի՞ն Լենինը, Տրոցկին և նրանց բոլշևիկյան համհարզները, որոնց ռուսական հեղափոխության ալիքը մի հուժկու թափով նետեց փողոցային բարիկադներից դեպի արքայական օթյակները: Եթե այո՝ ինչպե՞ս է, որ նրանք կանխատեսությունը չունեցան կտրուկ չլինելու այնտեղ, ուր պետք էր ծայրահեղ զգուշություն, որպեսզի այսօր ստիպված չլինեին դավաճանել իրենց հայտարարած բոլոր ընկերվարական սկզբունքներին և իսկական հակահեղափոխության ուղին բռնել՝ իրենց գլուխը պահելու համար: Կամ ինչո՞ւ նրանք չկարողացան այնպե՛ս կշռել ու չափել իրենց կարողություններն ու հակառակ ուժերը, և այնպիսի քաղաքական վարքագիծ որդեգրել, որ այսօր ընկերվարական Ռուսաստանը՝ զրկված արևմտյան գործավարության համակրանքից և լքված ամբողջ աշխարհի ընկերվարական բանակներից, ստիպված չլիներ մերթ ամեն գույնով շպարելու իր հեղափոխական դեմքը՝ բուրժուական պետությունների ընտանիքում ընդունվելու համար և մերթ արևել. չալմա դնելու իր գլխին՝ եվրոպական իմպերիալիստների դավերին հակազդելու համար: Վերջապես, ինչո՞ւ այդ բոլշևիկները, որոնք Ռուսաստանը ընկերվարական դրախտի վերածելու կանխատեսությամբ կռվի դաշտ իջան՝ այնպե՛ս քայքայեցին Ռուսաստանի տնտեսությունը, այնպե՛ս աղքատացրին և թշվառացրին նրան, որ այսօր այդ խեղճ երկիրը, իր գոյությունը քարշ տալու համար այլ միջոց չի գտնվում, քան իր բնական հարստությունները, իր շքեղ մերկությունը ցուցադրել Հին և Նոր աշխարհների բոլոր շուկաներում՝ կապիտալիստական պոռնիկներին հրապուրելու համար… Իսկ եթե Լենիններն ու Տրոցկիներն էլ պետական մարդիկ չեն, ինչպե՞ս են կարողանում նրանք ահա յոթերորդ տարին Ռուսաստանի պես մի հսկա պետություն պահել իրենց ճիրաններում:

-Արժե՞ այլևս խոսել Իտալիայի, Ավստրո-Հունգարիայի և Բալկանյան պետությունների մասին: Արժե՞ վեր հանել այն բազմաթիվ և բազմապիսի սխալները, որ կատարեցին այս երկրների պետական գործիչները՝ չկարողանալով կանխատեսել դեպքերը և ըստ արժանվույն գնահատել իրենց կարողություններն ու հակառակ ուժերը, սխալներ՝ որոնք օրհասական նշանակություն ունեցան այդ պետություններից մի քանիսի համար և ահռելի կորուստներ պատճառեցին մյուսներին:

Վերջապես արժե՞ խոսել Վիլսոնի, Վենիզելոսի և այլ այս կարգի պետական գործիչների մասին, որոնց, մեր այս փոթորկահույզ ժամանակաշրջանում, հասարակական կյանքի հորձանքը մերթ բարձրացնում էր դեպի հաջողության անհասանելի գագաթները և մերթ իջեցնում անփառունակ պարտության անդունդները, թեև, ըստ երևույթին, նրանք բոլոր հնարավորություններն ունեին կանխատեսելու դեպքերի ընթացքը, չափելու, կշռելու գործուն ուժերը և, ըստ այնմ, վարելու իրենց հանձնված պետական կյանքի ղեկը:

Թող Քաջազնունին չժպտա այս պետական գործիչների անունները կարդալիս: Իմ մտքովն իսկ չի անցնում, երբ երբևիցե նրան համեմատել Լլոյդ Ջորջի հետ և մեր մյուս նախարարներին ու դեսպաններին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և որևէ այլ երկրի պետական գործիչների հետ, ինչպես որ իմ մտքով չի անցնում համեմատութայն դնել մեր նորակազմ, աղքտիկ ու խղճուկ պետությունը վերոհիշյալ պետություններից որևէ մեկի հետ: Այս տողերով ես այն եմ ուզում ասել միայն, որ եթե պետական գործիչ համարվելու համար Քաջազնունու կողմից մեզ առաջադրվող պահանջն ու չափանիշը մենք ներկայացնենք մեզ ժամանակակից եվրոպական ու ամերիկյան ամենաբարձր համարում ունեցող պետական գործիչներին էլ, նրանցից ոչ մեկը քննության չի դիմանա:

Այստեղից ի՞նչ պետք է եզրակացնել՝ այն, որ առհասարակ պետական գործիչ չկա՞ աշխարհում: Իհարկե՝ ոչ: Պետական գործիչներ կան աշխարհում: Այդ գիտի և Քաջազնունին: Դրա համար էլ մեր եզրակացությունը միայն այն կարող է լինել, որ կանխատեսությունն ու ուժերի ճիշտ գնահատումը, որ պահանջվում է մեզնից Քաջազնունին, փոթորկահույզ քաղաքական վերիվայրումների շրջանում չափազանց հազվադեպ երևույթներ են պետական մարդկանց կյանքում, այնքան հազվադեպ, որ նրանք չեն կարող իբրև չափանիշ ծառայել կամ շատ պայմանական ձևով կարող են ծառայել՝ պետական գործիչներին գնահատելու համար:

Սակայն ոչ միայն փոթորկահույզ շրջանում, այլև խաղաղ պետական աշխատանքների ժամանակ կանխատեսությունն ու ուժերի ճիշտ գնահատությունը հաճախ, շա՜տ հաճախ դավաճանում են պետական մարդկանց: Ահա ձեզ վարչապետ Բոլդուինի օրինակը, որ տեղի ունեցավ ընդամենը մի քանի ամիս առաջ պետական կյանքի դասական երկրում՝ Անգլիայում: Բոլդուինը պառլամենտում ուներ շատ պատկառելի պահպանողական մեծամասնություն, որով կարող էր մոտ երեք տարի, առանց որևէ այլ կուսակցության աջակցության, պահել Անգլիայի իշխանությունը իր ձեռքում: Նա ցանկացավ օգտագործել երկրի տնտեսական ճգնաժամը և Անգլիայում հաստատել այն մաքսային համակարգը, որի համար պահպանողականները տասնյակ տարիների ի վեր պայքար են մղում ազատամիտների և աշխատավորականների դեմ: Կարծեք ամեն բան հաջողություն էր խոստանում: Ազատամիտները, բաժանված երկու բանակի՝ իրար միս էին կրծում: Աշխատավորականները, թեև հաղթական վերջին ընտրությունների ժամանակ՝ սակայն չսիրված բոլոր ոչ-պրոլետարական շրջաններից և մինչև անգամ մերժված պրոլետարիատի աջակողմյան և ձախակողմյան  թևերից, որոնք մի կողմից ազատամիտներին, իսկ մյուս կողմից՝ կոմունիստներին պիտի տային իրենց ձայնը և, այսպիսով, տկարացնեին աշխատավորական կուսակցական ուժը՝ միլիոնավոր գործազուրկներ երկրի բոլոր կողմերում, որոնց համար մաքսային քաղաքականությունը, ըստ պահպանողականների հավաստիացման, գործ պիտի բերեր՝ դժվարացնելով դրսի էժան ապրանքների ներմուծումը և վերակենդանացնելով հայրենի արդյունագործությունը: Եվ, ի լումն այս բոլորի, պահպանողականների ահագին ազդեցությունը ժողովրդի վրա, որ վերջին ընտրությունների ժամանակ արտահայտվեց նրանց չլսված հաղթանակով բոլոր կուսակցությունների դեմ և ազատամիտների անորակելի պարտությամբ: Այս բոլոր և այլ այս կարգի հանգամանքները զուգադրելով, կարելի էր «մաթեմատիկական ճշտությամբ» կանխատեսել պահպանողականների հանթանակը: Եվ այդ հաղթանակին նրանք այնքան վստահ էին, որ վազ անցնելով և՛ իրենց ունեցած ապահով մեծամասնությունից, և՛ այդ մեծամասնությամբ երկու թե երեք տարի ևս երկիրը հանգիստ կերպով կառավարելու հնարավորությունից՝ նետվեցին ընտրական պայքարի մեջ:

Արդյո՞ւնքը:

Արդյունքը եղավ այն, որ ազատամիտները վերջ տալով իրենց ներքին պառակտումներին և աշխատավորականները՝ լարելով իրենց ճիգերը, սոսկալի պարտություն մատնեցին պահպանողականներին, և վերջիններս ոչ միայն չկարողացան հաստատել իրենց երազած մաքսային քաղաքականությունը, այլև՝ օ՜ սարսափ, ստիպված եղան կառավարական իշխանությունը զիջել աշխատավորականներին, այն աշխատավորականներին,  որոնց ուրվականը անգլիական բուրժուազիային և ազնվականությանը հանգիստ չի տալիս համաշխարհային պատերազմից ի վեր…

Եթե Քաջազնունին անգլիացի լիներ և ուժ ու իրավունք ունենար իր ձեռքին, նա, անկասկած, կախաղան կբարձրացներ Բոլդուինին: Սակայն անգլիական պահպանողականները նրան կախաղան չբարձրացրին, այլ դարձրին իրենց կուսակցության առաջնորդը: Այդպես վարվեցին նրանք այն պատճառով, որ նախ՝ կանխատեսությունը միայն Բոլդուինին չէր դավաճանել, այլև իրենց և ապա՝ նրանք շատ լավ գիտեին, որ այսպիսի անակնկալները, և գործուն ուժերի ու տրամադրությունների սխալ գնահատումը արտասովոր բան չէ անգամ Անգլիայում:

Եթե սա այսպես է վաղուց կազմակերպված երկրներում, ուր պետական ապարատը գործում է կանոնավոր կերպով, ուր տեխնիկական միջոցները և վիճակագրական հաստատությունները հնարավորություն են տալիս շատ արագ կերպով չափելու ներքին և արտաքին գործուն ուժերը և ուր հաստատուն ձևեր առած հասարակական կյանքը՝ իր միություններով, ժողովներով, ակումբներով ու մամուլով, չափազանց դյուրացնում է հանրային տրամադրությունները շոշափելու գործը: Եթե սա այսպես է այն պետական գործիչների համար, որոնք տասնյակ տարիների փորձառություն ունեն իրենց հետևում, բազմաթիվ փորձառու ընկերների նախազգուշացումները իրենց կողքերին և էլ ավելի բազմաթիվ աչքառու քննադատներ իրենց դիմացը, ապա էլ ի՞նչ արդարություն է կանխատեսություն պահանջել Հայաստանի պետական մարդկանցից, որոնք գործում էին միանգամայն քաոսային քաղաքական և տնտեսական պայմաններում, որոնք չէին կարողանում շունչ քաշել այն բազմաթիվ և բազմապիսի դավերից, որ շարունակ նյութվում էին մեր պետականությանը թշնամի ներքին և արտաքին ուժերի կողմից, որոնց տրամադրության տակ չափազանց քիչ միջոցներ կային՝ ստուգապես չափելու մեր պետական կյանքում վճռական դեր կատարող ազդակները և որոնք, ի լրումն այս բոլորի, ոչ պետական կյանքի փորձ ունեին իրենց հետևում, և ոչ էլ՝ փորձառու պետական գործիչների քննադատություն իրենց դիմացը …

Շարունակելի