Եվրոպական Միության կիսաբաց դուռը. Սիվիլիթասի իրավիճակային ամփոփագիրը

864

Հոկտեմբերին 12-ին Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների խորհուրդը Եվրահանձնաժողովին լիազորեց Հայաստանի հետ սկսելու բանակցություններ նոր իրավական շրջանակի շուրջ: Սիվիլիթաս հիմնադրամըպատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է«Եվրոպական Միության կիսաբաց դուռը» խորագիրը: Այններկայացված է ստորև:

Դեպքը

Հոկտեմբերին 12-ին Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների խորհուրդը Լյուքսեմբուրգում Եվրահանձնաժողովին լիազորեց Հայաստանի հետ սկսելու բանակցություններ նոր իրավական շրջանակի շուրջ: Ակնկալվում է, որ բանակցությունները կմեկնարկեն մինչև 2015թ. ավարտը, իսկ արդեն հաջորդ տարվա վերջերին նոր փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրելու: Այսպիսով, երկու տարվա դադարից հետո Հայաստանն իր թիվ մեկ առևտրային գործընկեր Եվրոպական Միության հետ սկսում է նոր բանակցություններ նոր փաստաթղթի շուրջ:

Խորապատկերը

Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Եվրոպական Միությունը գրեթե միշտ եղել է առաջին տեղում: Հայաստանի տնտեսության մեջ Եվրոպական Միությունն առաջատար ներդնողներից է: Եվրոպայի ֆինանսական օժանդակությունը Հայաստանին անկախությունից ի վեր պատկառելի է: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ եվրոպական ուղղությունը մշտապես եղել է առաջնային մինչև 2013-ի սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է միանալ Մոսկվայի ստեղծած Մաքսային միությանը (հետագայում՝ Եվրասիական տնտեսական միություն):

Ինստիտուցիոնալ իմաստով Հայաստան – Եվրոպական Միություն առաջին հիմնարար փաստաթուղթը, որը կրում էր Գործընկերության և համագործակցության պայմանագիր անունը, կնքվել է 1996-ին: 2001-ին Հայաստանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին, իսկ 2004-ին ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում: 2008-ին ազդարարվեց Եվրոպական Միության Արևելյան գործընկերության նախաձեռնության մասին, որում ներառվեց նաև Հայաստանը:

2013թ. աշնանը շուրջ չորս տարի տևած բանակցություններից հետո Հայաստանը պետք է Եվրոպական Միության հետ ստորագրեր Ասոցացման համաձայնագիրն ու դրա հիմնական բաղադրիչը՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիրը: Սեպտեմբերի 3-ին, սակայն, Սերժ Սարգսյանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը: Այդ հայտարարությունը փաստացի նշանակում էր ոչ միայն հրաժարում շուրջ չորս տարի բանակցված փաստաթղթերից, այլև Հայաստանի արտաքին քաղաքականության շեղում:

Վերլուծություն

Անկախությունից ի վեր Ռուսաստանը համարվել է Հայաստանի գլխավոր քաղաքական, տնտեսական ու ռազմական գործընկերը, սակայն դրա հետ մեկտեղ կարևորվել է արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը:

Հայաստանի եվրոպական ուղղությունը հիմնված է եղել երեք հիմնական առանցքների վրա և հիմնանպատակ է ունեցել առավելագույնս խորացնել համագործակցությունը երեք կազմակերպությունների՝ Եվրոպայի խորհրդի, Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի հետ:

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ապա անդամակցությունը 2001-ին, նպատակ էր հետապնդում Հայաստանը տանել ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի իշխանության հաստատման ուղղությամբ: ԵԽ-ին անդամակցությունը և ստանձնած պարտավորությունները ստիպեցին, որպեսզի Հայաստանը նախագահական համակարգից անցում կատարի կիսանախագահականի:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առանցքում Հայաստանի անվտանգությունն է: Չնայած այն իրողությանը, որ Հայաստանը մաս է կազմում Մոսկվայի կողմից առաջնորդվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և չնայած Հայաստան-Ռուսաստան ռազմական խոր համագործակցությանը, Երևանը կարողանում էր Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ առավելագույնս խորացնել գործընկերությունը:

Ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես էլ Եվրոպական Միությանը լիարժեք անդամակցության  օրակարգ Հայաստանը չի ունեցել, սակայն մյուս կողմից, հաշվի առնելով, որ Եվրոպական Միությունը Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, Երևանը մեծապես կշահեր, եթե, հարևան Վրաստանի օրինակով, ստորագրեր Ասոցացման համաձայնագիրն ու դրա հիմնական բաղադրիչը՝ Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիրը:

Շուրջ չորս տարի բանակցելուց և ապա վերջին պահին փաստաթուղթ ստորագրելուց Հայաստանի հրաժարումը խարխլեց այն վստահությունը, որ ձևավորվել էր Հայաստանի և Եվրոպական Միության միջև մինչև 2013-ը:

Քանի դեռ Հայաստանը ԵՏՄ անդամ է, այս իրողությունը սահմանափակելու է Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, հատկապես՝ տնտեսության ոլորտում: Իսկ եթե ԵՏՄ-ում սկսվեն նոր ինտեգրացիոն գործընթացներ, ինչպես օրինակ ընդհանուր դրամական միավորի ներդրումն է կամ ընդհանուր արտաքին քաղաքականությունը, ապա այդ դեպքում Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության օրակարգում կմնան միայն քաղաքական և դեկլարատիվ բաղադրիչները:

Սրանով հանդերձ, չպետք է անտեսել այն փաստաթուղթը, որ ստորագրվելու է Հայաստանի և Եվրոպական Միության միջև: Մեծ է հավանականությունը, որ նոր փաստաթղթում կլինեն նաև կետեր տնտեսության և ազատ առևտրի, մենաշնորհների վերացման, վիզաների վերացման և մի շարք այլ ոլորտներում, որոնք չափազանց կարևոր են Հայաստանի համար:

Հեռանկար

Հայաստան – Եվրոպական Միություն բանակցությունների նոր փուլում եվրոպացիները ավելի զգայուն են լինելու՝ հաշվի առնելով նախորդ փորձը, երբ Հայաստանի ղեկավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ հետքայլ կատարեց և հրաժարվեց ստորագրել Ասոցացման պայմանագիրը: Մյուս կողմից, սակայն, եվրոպացիները, ընդունելով, որ Հայաստանի շատ հարցեր որոշվում են Մոսկվայում, փորձելու է անել առավելագույնը՝ Հայաստանին չթողնելու  ռուսական քմայքների ոլորապտույտում:

Նոր բանակցվող փաստաթղթում, անկասկած, հաշվի են առնվելու նոր իրողությունները, այն է՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելու հանգամանքը: Սակայն դժվար է պատկերացնել, որ Հայաստան – Եվրոպական Միություն նոր բանակցությունները սկսվեն սպիտակ էջից: Ազատ առևտրից բացի՝ Ասոցացման պայմանագրի մյուս ուղղությունները, որոնք բանակցվել են չորս տարի, կարող են տեղափոխվել նոր ստորագրվելիք փաստաթուղթ: Դրանք են արտաքին և անվտանգության քաղաքականությունը, Հայաստանի ներքին, այդ թվում՝ դատաիրավական բարեփոխումները, կրթությունը, շրջակա միջավայրը և բազմաթիվ այլ ոլորտներ:

Ռուսաստանը, լուրջ միջամտություններ չի անելու Հայաստան – Եվրոպական Միություն նոր փաստաթղթի բանակցություններում, քանի որ Հայաստանն արդեն միացել է ԵՏՄ-ին:

Թվում է, թե բոլոր կարմիր գծերը քաշված են: Սակայն Հայաստանը կարող է ճկունություն դրսևորել և Եվրոպական Միությունից ստանալ հնարավոր առավելագույնը:

Լուծումներ

Հայաստանը միշտ մտքում պետք է ունենա ԵՏՄ-ի ձախողման և որպես կառույց չկայացման սցենարը: Ելնելով այս մեկնակետից՝ Հայաստանը պետք է առավելագույնս խորացնի համագործակցությունը Եվրոպական Միության հետ և չփորձի նոր սկսվելիք բանակցությունները օգտագործել ներքին քարոզչական նպատակներով:

ԵՏՄ ձախողումը և փլուզումը հնարավոր սցենար է, սակայն չպետք է բացառել նաև այդ կառույցի գոյատևումը և Հայաստանի համար նոր սահմանափակումները արտաքին քաղաքականության և անվտանգության, դրամավարկային քաղաքականության ոլորտներրում: Հետևաբար, Հայաստան – Եվրոպական Միություն նոր փաստաթղթում պետք է ամրագրել կետեր Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին:

Բանակցությունների ընթացքում պետք է հաշվի առնվեն այն իրավիճակները, որոնք կան Հայաստան-Թուրքիա հարաբերություններում և ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Թուրքիայի կողմից շարունակվող Հայաստանի շրջափակումն ու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պետք է ամրագրվեն նոր փաստաթղթում:

Իրանի ապաշրջափակումը ևս կարևոր իրողություն է, քանի որ Հայաստանի հետ Իսլամական Հանրապետությունն ունի ընդհանուր սահման:

Եվ, վերջապես, Հայաստանը պետք է ուշադիր հետևի Վրաստան – Եվրոպական Միություն Ասոցացման գործընթացին: Հայաստանի հարևաններից Եվրոպական Միությանն անդամակցելու ամենից մեծ հնարավորություններն ունի հենց Վրաստանը, որի հետ հարաբերությունները Հայաստանի համար նույնքան կարևոր են, եթե ոչ ավելի կարևոր, որքան Ռուսաստանի հետ հարաբերությունները: