Հայաստանը 1918-ին, երբ ՀՅԴ-ն ստանձնեց պետական շինարարության գործը

962

Հատված երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունից

Արդ, ի՞նչ վիճակում էին գտնվում Հայաստանն ու հայ ժողովուրդը այս օրերին, երբ Դաշնակցությունը ստանձնեց մեր պետական շինարարության գործը:

Հայաստանն այդ ժամանակ, ըստ իր շենության և տնտեսության պայմանների, կարելի էր բաժանել երեք մասի. առաջին՝ թուրքերից գրավված հայկական գավառներ (Ղամարլու, Սուրմալու, Կաղզվան, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա ե այլն), երկրորդ՝ Բաթումի դաշնագրով Հայաստանին մնացած հայկական գավառներ, և երրորդ՝ թուրքերից գրավված և չգրավված մահմեդական գավառակներ:

Առաջին մասը, բացի Կարս, Ալեքսանդրապոլ և Ղարաքիլիսա քաղաքներից, ներկայացնում էր ավերակների մի կույտ: Թուրքերը տարել էին իրենց հետ այն բոլորը, ինչ կարող էին տանել, իսկ ինչ որ չէին կարող, ավերել էին ամենաբարբարոս կերպով: Նրանք տարել էին պարենի ամբողջ պաշարը, տարել էին երկրագործի և արհեստավորի գործիքները՝ սայլ, բահ, գութան, մանգաղ, մուրճ և այլն, տարել էին բոլոր դյուրաշարժ մեքենաները և ծանրաշարժ մեքենաների արժեքավոր մասերը, տարել էին երկաթուղու գրեթե բոլոր հեռագրական ապարատները, ջրհան մեքենաները, սիմաֆորները, տարել էին կայարանների կահավորությունը, դռները, պատուհանների փեղկերը, շատ տեղերում հեռագրասյուներն ու հեռագրալարերը: Սրա հետ միասին՝ նրանք, մասամբ վառելիք հայթայթելու, մասամբ էլ երկիրն անմարդաբնակ դարձնելու համար, քարուքանդ էին արել հազարավոր շենքեր թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում, և թե՛ երկաթուղագծի վրա: Քանդել էին փայտյա կամուրջների մեծ մասը, Սարիղամիշում թնդանոթի էին բռնել և ոչնչացրել տասնյակ շոգեշարժ մեքենաներ և այլն, և այլն: Այս համատարած ավերածը զինադադարից անմիջապես հետո այնպիսի ահռելի չափերի հասավ, որ կառավարությունը շտապ կարգադրությամբ ուղարկեց ինձ Բաթում՝ Դաշնակից պետությունների ներկայացուցիչներին բողոքելու և պաշտպանություն խնդրելու համար*: Թե ի՛նչ արդյունք ունեցավ այս բողոքն ու խնդիրը, ես չգիտեմ: Փաստն այն է, որ երբ թուրքերը հետ քաշվեցին Ռուսահայաստանի սահմաններից՝ նախկին բարեշեն հայկական շրջաններից մնացել էին միայն անմարդաբնակ ավերակների կույտեր, որոնց կյանքի կոչելու համար սիզիֆյան աշխատանք էր հարկավոր, որովհետև այս ավերված տարածությունը 2-3 անգամ ավելի մեծ էր, քան Բաթումի Դաշնագրով մեր ձեռքին մնացած Հայաստանը:

Շենության տեսակետից շատ նախանձելի չէր և այս «Հայաստանի» վիճակը: Ճիշտ է, թուրքերն այնտեղ ոտք չէին դրել, սակայն այն, սկսած 1915 թվից, շարունակ ենթակա լինելով գաղթականական հոծ բազմությունների «ներխուժմանը»՝ զերծ չէր մնացել ավերածից: Պատերազմի սկզբի շրջաններում թուրքահայ և պարսկահայ գաղթականությունը (Վան, Ալաշկերտ, Բասեն, Մուշ, Խոյ, Սալմաստ և այլն), իսկ վերջին շրջաններում՝ ռուսահայ գաղթականությունը (Նախիջևան, Շարուր, Ղամարլու, Իգդիր, Կաղզվան, Շիրակ ե այլն) կուտակելով այս փոքրիկ տարածության վրա՝ ամեն կարգի քարուքանդ էին առաջացել այնտեղ: Ցրտից ու մերկությունից խոշտանգված՝ նրանք վառում էին ձեռքն ընկած ծառը, թուփը, կահկարասին և տների փայտեղեն մասերը: Էջմիածնի գեղեցիկ անտառն ու լճափի ճեմելիքը ածխակոճղերի էին վերածվել: Արմատախիլ էին եղել բազմաթիվ այգիների, մանավանդ՝ լքյալ այգիների, ծառերն ու խաղողի թփերը Երևանի և Էջմիածնի շրջանում: Երևանում, Դիլիջանում, Իջևանում և շրջակա գյուղերում հարյուրներով էին հաշվվում այն տները, որ գաղթականները քանդել էին ցրտամահ լինելուց ազատվելու համար: Եվ այս բոլորի դիմաց՝ ո՛չ մի նոր շենք, ո՛չ մի փոքր ի շատե լուրջ նորոգություն պատերազմի սկզբից ի վեր:

Ավելի ևս սոսկալի վիճակի մեջ էր գտնվում երկրի տնտեսակայն կյանքը, եթե առհասարակ որևե տնտեսության մասին խոսք կարող էր լինել այդ ժամանակ: 1919թ. գարնանը գյուղացին չէր կարողանում ցանքս անել, որովհետև ո՛չ լծկան անասուններ ուներ և ո՛չ էլ ֆիզիկական ուժ՝ աշխատելու համար: Այգեգործները չէին մոտենում այգիներին, որովհետև հաց չունեին մշակներին կերակրելու և ոչ էլ դրամական միջոցներ՝ անհրաժեշտ վերանորոգությունները կատարելու համար: Արհեստագործության և առհասարակ որևե արդյունագործական աշխատանքի համար պակասում էր ամեն բան, և՛ հում նյութ, և՛ գործիքներ, և՛ ֆիզիկական աշխատանքի ընդունակ ձեռքեր, և՛ դրամական միջոցներ: Կարճ՝ այս ժամանակ Հայաստանի տնտեսակայն կյանքը ներկայացնում էր մի այնպիսի մեռելություն, որի նմանը մեր երկիրը թերևս Լենկթեմուրի օրերից ի վեր տեսած չլինի:

Այս ավերված և կիսավեր հայկական շրջանների հանդեպ ցայտուն հակադրություն էին ներկայացնում թուրքերի կողմից գրաված և չգրաված մեր մահմեդական գավառակները: Նրանք, իհարկե, այլևս այն բարեկեցությունը չունեին, ինչ որ պատերազմից առաջ և, մանավանդ, պատերազմի սկզբնական տարիներին, երբ գյուղատնտեսական արդյունքների թականալու հետևանքով նրանք դրամական հարստություն էին դիզում՝ ընդհանուր տնտեսական քաոսը նրանց վրա ևս անդրադարձել էր: Բայց, իհարկե, համեմատություն այս մահմեդական գավառակների և հայկական գավառակների միջև լինել չեր կարող, որովհետև նրանք ոչ միայն չէին ավերվել թուրքերի կողմից, այլև խոշոր տնտեսակայն ցնցումների չէին ենթարկվել: Մեր երկրի ամենաբերրի հողերը և խոտավետ արոտներից շատերը այդ գավառակներում էին գտնվում: Այդ պատճառով էլ նրանք միշտ ունեին առատ հաց, անասուններ և արդյունագործության համար անհրաժեշտ հում նյութեր, որոնցով կարող էին մինչև անգամ մեղմել ներմուծման դադարի հետևանքով առաջացած ապրանքային կարիքը:

Սակայն այս համեմատաբար բարեկեցիկ գավառներից մենք օգտվել չէինք կարող մեր ավերված երկրամասերը վերականգնելու և անդամալուծված ժողովրդական տնտեսությունը վերակենդանացնելու համար, որովհետև նրանք, սակավ բացառությամբ, փակված էին մեր առաջ, հետևաբար և մեր պետական շինարարության մեջ ոչ մի դրական գործի համար նկատառության գալ չէին կարող:

Մեր պետական շինարարության սկզբին ընդհանուր գծերով այս պատկերն էր ներկայացնում Հայաստանը շենության և տնտեսության տեսակետից: Այժմ մի քանի խոսք այդ երկրի ազգաբնակչության մասին, որ ամեն մի պետական վերաշինության համար հիմնական ատաղձներից մեկն է, թե ոչ՝ ամենահիմնականը:

Հայաստանի ազգաբնակչության գլխավոր տարրերն էին ռուսները, մահմեդականները և հայերը: Ռուսները քանակով քիչ էին, հազիվ 10,000-ի չափ, սակայն նրանց որակը բավական բարձր էր՝ պետական աշխատանքների մեջ նկատի առնելու համար: Նրանք բաժանվում էին երկու մասի՝ գյուղացիներ, որոնք հաստատված էին այստեղ ցարական կառավարության գաղութային քաղաքականության հետևանքով և պետական պաշտոններ ու ծառայողներ՝ գլխավորապես զորական, դատական և հաղորդակցության գործերի մեջ: Սակավ բացառությամբ՝ թե՛ առաջինները, և թե՛ երկրորդները, որոնք ռուսական տիրապետության ժամանակ առանձնաշնորհյալ դիրք ունեին մեր երկրում՝ շատ վատ էին տրամադրաված մեր պետականության հանդեպ: Անկախ այն բանից, որ նրանք հոգեբանորեն չէին կարող հաշտվել այն մտքի հետ, որ ռուսի երեկվա հպատակը այսօր տեր ու տիրական է դարձել իր երկրում. նրանց դուր չէր գալիս մեր պետության ձգտումը՝ հավասարացնել հայ գյուղացու և ռուս գյուղացու վիճակը հողաբաժանման խնդրում և հայոց լեզուն պետական լեզու դարձնել հանրային բոլոր գործերում: Առաջինը դուր չէր գալիս ռուս գյուղացիներին, որովհետև խախտում էր նրանց առանձնաշնորհյալ դիրքը, իսկ երկրորդը դուր չէր գալիս մասնավորապես ռուս պաշտոնյաներին, որովհետև դժվարացնում էր նրանց պաշտոնավարությունը Հայաստանում: Այսպիսով, հանձին ռուս ազգաբնակչության, ընդհանուր առմամբ, մենք ունեինք մեր պետականությանը առնվազն անբարյացկամ մի տարր:

Հայաստանի մահմեդականները թեև թվով երկրորդ տեղն էին բռնում ընդհանուր ազգաբնակչության մեջ, սակայն իրենց տնտեսական և ֆիզիկական վիճակով ամենաուժեղ տարրն էին երկրում: Նրանց տնտեսական ուժի մասին խոսեցինք քիչ վերև: Գալով ֆիզիկականին՝ նրանք ուժեղ էին նախ այն պատճառով, որ զինվորական պարտականություններից ազատ լինելով՝ համաշխարհային պատերազմի ժամանակ անվթար պահել էին իրենց երիտասարդ սերունդը, մինչդեռ տասնյակ հազարավոր կենսալից հայ երիտասարդներ փչացել էին Ռուսաստանի արևմտյան և կովկասյան ճակատներում, ապա նաև այն պատճառով, որ զերծ լինելով գաղթի հետ կապված արհավիրքներից՝ աստանդական կյանք, քաղց, մերկություն և այլն, շա՜տ ավելի բարձր առողջական վիճակ ունեին, քան երկրի ազգաբնակչության մյուս հատվածները:

Այս ֆիզիկապես և տնտեսապես ուժեղ տարրը շատ մեծ դեր կարող էր կատարել մեր պետական շինարարության համար, եթե ցանկանար: Սակայն ցավն այն է, որ նա ոչ միայն չէր ցանկանում այդ, այլև, ինչպես Քաջազնունին է վկայում, հակապետական ընթացք էր բռնել Հայաստանում: Մեր մահմեդական ազգաբնակչության մեծամասնությունը և՛ դրսի թելադրանքների, և՛ ներքին տրամադրությունների ազդեցությամբ, բացարձակապես չէր ճանաչում մեր իշխանությունը և չէր ուզում որևէ գործ ունենալ պետության հետ: Իսկ փոքրամասնությունը, որ տեղ տեղ, իր ուժի տկարության պատճառով չէր կարող բացարձակապես դեմ գնալ մեր իշխանությունը, թեև երևութապես ճանաչում էր նրան, բայց որևէ ձևով աջակից և նեցուկ լինել նրան չէր կամենում: Այնպես որ, մեր պետական վերաշինության գործի տեսակետից Հայաստանի մահմեդական ազգաբնակչությունը ոչ թե ստեղծագործող և շինարար տարր էր, այլ մի մշտական խոչընդոտ և մշտական սպառնալիք մեր բոլոր շինարարական ջանքերի համար: