«Մեր Կարսը» խորհրդաժողովի զեկուցաբերները և օրակարգը

1813

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Գյումրիի «Շիրակ» կենտրոնում հոկտեմբերի 30-ին կազմակերպում է մեկօրյա խորհրդաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության քաղաքներից Կարսի անկման 95-ամյակին:

Խորհրդաժողովում զեկույցներ կներկայացնեն ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Էրիկ Իսրայելյանը (զեկույցի թեման՝ “Կարս և Էրզրում բերդաքաղաքների անկումը 1918 թվականին”), անկախ հետազոտող, երկու հատորների հեղինակ Վլադիմիր Հարությունյանը (“Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և 1918թ. հանրաքվեն Կարսի և Բաթումի մարզերում”), պատմաբան, հայագետ Գևորգ Յազըճյանը (“Կարսի 1920թ. անկման մի քանի խորքային պատճառների մասին”), լրագրող Թաթուլ Հակոբյանը (“Բանակցությունները Կարսում. 1921թ. սեպտեմբեր-հոկտեմբեր”), ազգագրագետներ Արտաշես Բոյաջյանը (“Ալեքսանդրապոլ-Լենինական գավառի ժողովրդագրական դրությունը 1914-1930-ական թթ.”) և Հրանուշ Խառատյանը (“Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հնարավոր ազդեցությունը Հայաստանում ստալինյան ռեպրեսիաների վրա”), գրականագետ Օֆելյա Հովհաննիսյանը (“Կարսը հայ գրականության մեջ”):

Բոլոր զեկուցաբերները կարող են խորհրդաժողովի օրը ներկայացնել կամ վաճառքի հանել իրենց հեղինակած գրքերը:

Երևանից Գյումրի և հետադարձ երթուղին զեկուցաբերների և քննարկմանը մասնակցողների համար կապահովի ԱՆԻ կենտրոնը: Զեկույցների ընթացքում նախատեսվում է երկու կարճ սուրճի և մեկ երկար ճաշի ընդմիջում:

Հավելյալ հարցերի և առաջարկների համար կարող եք գրել aniarcf@gmail.com կամ info@aniarc.am հասցեներին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարում՝ տեսարան Կարսից