«Անձև քաոսից» ձևավորվում էր ժողովրդական հիմքերի վրա հաստատված պետությունը»

1844

Հատված Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքի:

Այսպես քայլ առ քայլ հետևելով Քաջազնունու արձանագրած փաստերին ու մեկնություններին՝ ո՛չ մի մխիթարական բան չտեսանք մենք: Ո՛չ մի լուսավոր շող: Ո՛չ մի հուսատու երևույթ: Ո՛չ մի կարգին կազմակերպություն: Ո՛չ մի խելքը գլխին մարդ: Ոչի՛նչ, կատարելապես ոչի՛նչ չի արտադրել հայկական նզովյալ իրականությունը:

Հայոց միակ կազմակերպված կուսակցությունը «մասսա՝ բնազդներով ուժեղ, բայց գիտակցությունով թույլ», որ «քարշ է գալիս» օտարների փեշից և փոխանակ ղեկավարելու՝ ինքն է վազում ամբոխի հետևից: Հայ հասարակություն կոչվածը մի անկազմակերպ խուժան է՝ անգիտակից ու թեթևամիտ, որ մերթ ցարական կառավարության գիրկն է ընկնում, մերթ անգլիացիների, մերթ առաջինից է գանգատվում, մերթ՝ վերջինից: Հայ գործիչները ապրում են «իլյուզիային մի անթափացիկ մթնոլորտում», «ինքնաներշնչման հիպնոսի տակ կորցրել են իրականության գիտակցությունը և տարվել երազանքներով», անընդունակ «պատճառն» ու «նպատակը» միմյանցից տարբերելու: Հայոց բանակը «չորագեալցի բիձաներ», «բարոյալքված ու հոգնած» ներքին կռիվների, ավերումնների, թալանի ու խմբապետական դրության հետևանքով: Հայկական խորհրդարանը՝ «խորհրդարան չկար Հայաստանում», այլ մի «տարօրինակ ու վհատեցուցիչ» հիմնարկություն: Հայոց կառավարությունը «թույլ», «անտեղյակ», «անփույթ», անհեռատես, թեթևամիտ: Փարիզի Պատվիրակությունը՝ իր «աշխարհակալական ապշեցուցիչ պահանջներով» և «ցնորամիտ, տղայական ծրագրերով» կույր գործիք էր «հայկական Փարիզի» ձեռքին: Հայ գաղութները՝ խակ, անիմաստ ու չափազանցված ծրագրերով տարվող: «Սևրի դաշնագիրը շլացրել էր բոլորիս աչքը, կաշկանդել միտքը, մթնացրել իրականության գիտակցությունը»…

«Պարծենալու շատ բան չունենք» մենք. «մեզ վիճակված բեռը՝ պետություն կազմելու և պետական կյանքը ղեկավարելու գործը, մեր ուժերից շա՛տ վեր է եղել»: «Մենք միանգամայն անպետք կառավարիչներ ենք եղել… նախատեսելու ընդունակություն չենք ունեցել բնա՛վ»:

«Մենք շարունակ սխալված ենք եղել մեր հաշիվների մեջ ու շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալների միայն մեզ համար, որովհետև չենք գիտեցել նախատեսել: Մեր ամենամեծ թուլությունը այդ է եղել»:

«Ապա չենք ունեցել որոշ ու հստակ գիտակցություն մեր անելիքի մասին, չենք ունեցել մի ղեկավարող սկզբունք ու տևողական, հետևողական սիստեմ, գործել ենք, կարծես, հանկարծակի ու պատահական ներշնչումների տակ, տատանվել ենք, պատից-պատ ընկել՝ կես-կուրորեն շոշափելով ոտներիս տակի հողը»:

«Չենք ճանաչել ու հաճախ գերագնահատել ենք մեր կարողության չափը, չենք հասկացել դժվարությունների մեծությունը, արհամարել ենք հակառակ ուժերը և թեթևամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդեպ»:

«… Չենք կարողացել տարբերել պետությունը կուսակցությունից ու կուսակցական մտայնություն ենք մտցրել պետական կյանք»:

Մի խոսքով՝ «պետական մարդիկի չէինք մենք»:

Գոնե մի հատ բացառություն, մի հատիկ արդար մարդ կա՞ր այս զարհուրելի Սոդոմ-Գոմորի մեջ:

Գուցե ինքը՝ Քաջազնունին է գտնվել դուրս այս տգետ, անկարող, կարճամիտ, անխղճմտանք և ինքնահավան ամբոխից: Ո՛չ, նա մեզ այդ հաճույքից էլ է զրկում. «անկարողների առաջին շարքում՝ձեր կողքին ու ձեզ հետ միասին եղել եմ և ես»…

Այսպես էր դրությունը մինչև 1921թ. ամառը, երբ հայ բոլշևիկները՝ կարմիր բանակի սվինների վրա հենված՝ երկրորդ անգամ եկան Հայաստան և վերջ տվին այս անտանելի վիճակին: «Երախտապարտ պիտի լինինք բոլշևիկներին. խորտակելով մեզ՝ նրանք, եթե չասեմ փրկեցին, գեթ ավելի ապահով վիճակի մեջ դր[եց]ին մեր կյանքի գործը»: Բոլշևիկների գալուց հետո հայոց աշխարհի մռայլ հորիզոնը հետզհետե սկսում է պարզվել:

«Տեսե՛ք հետևանքները, ոգևորվում է Քաջազնունին: Երկու տարի ու կես կառավարեցինք մենք երկիրը, մոտ երկու ու կես տարի է, որ կառավարում են բոլշևիկները:

«Մենք ունեցանք պատերազմներ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Բոլշևիկները պատերազմ չունեցան: Մենք ունեցանք անընդհատ ու բազմաթիվ ներքին կռիվներ՝ Աղբաբա, Զոդ, Զանգիբասար, Վեդիբասար, Միլիի Ձոր, Շարուր, Նախիջևան, Զանգեզուր: Բոլշևիկները ներքին կռիվ չունեցան, բացի փետրվարյան ապստամբության կից կռիվները: Մենք շարունակ պահում էինք երկիրը զենքի տակ…բոլշևիկները ազատեցին ժողովուրդը այդ աղետից»:

«Մեր ժամանակ ժողովուրդը կոտորվում էր կամ հյուծվում սովից…, իսկ  այսօր լսում եմ, թե Հայաստանը կշտացել է, համարյա կարիք չունի հացի: Եվ հավատում եմ»:

«Մենք շատ աշխատեցինք, բայց չկարողացանք վերահաստատել քիչ-շատ կանոնավոր հաղորդակցություն դրսի աշխարհի հետ… բոլշևիկները բաց[եց]ին ճամբաները»:

«Մեր ժամանակ Հայաստան կուրացել էր մթության մեջ… բոլշևիկները առատ կերոսին բեր[եց]ին Բաքվից և ազատեցին երկիրը խավարի գերությունից»…

Ուրեմն, փառք և պատիվ բոլշևիկներին:

Այսպես է գրում պատմությունը Հայաստանի անդրանիկ վարչապետը:

«Անշուշտ, շատ բան չէ այս ամենը. բայց չէ՞ որ այդ քիչն էլ մենք չկարողացանք անել», եզրակացնում է:

Բայց, իրո՞ք, չկարողացանք, թե՞ արված է, բայց Քաջազնունին չի տեսել:

Այո՛, չի տեսել, դժբախտաբար: Չի ուզեցել տեսնել: Եթե ուզենար, անշուշտ, այդպիսի անճիշտ բաներ չէր գրի: Եթե ուզենար, անկախ Հայաստանի երկու տարվա պետական կյանքի մեջ հիշատակության արժանի լուսավոր երևույթներ էլ կը գտներ և չէր լինի այնպես անարդար ու անգութ, այնպես նեղսիրտ դեպի մեր մոտավոր անցյալը:

«Այդ քիչն էլ մենք չկարողացանք անել»…

Փորձենք մի անգամ հետադարձ ակնարկ ձգել Հայաստանի Հանրապետության երկու տարվա կյանքի վրա և տեսնենք՝ ո՛չ Քաջազնունու սև ակնոցներով, ի ՞նչ է եղել այդ կյանքը: Բացասական կողմերով հետաքրքրվողի համար Քաջազնունու գիրքը բավական է. տեսնեք ի՞նչ դրական աշխատանք է կատարվել Հայաստանում հայ ժողովրդի ու մտավորականության ձեռքով: Սկսենք ab ovo՝ հենց սկզբից:

Ին՞չ էր պատկերը Հայաստանի Հանրապետության իր կյանքի առաջին օրերին: Ահա թե ինչպես էր բնորոշում դրությունը Հայաստանի անդրանիկ նախարարապետ Քաջազնունին կառավարական հայտագրում 1918թ. օգոստոս 2-ին՝ Հայաստանի Խորհրդի առաջին նիստում.

«Տնտեսական կյանքի ու ֆինանսական դրության կատարյալ քայքայում, դադարում ապրանքների արդյունաբերության և փոխանակության, զինամթերքի ծայր աստիճան պակասություն, ամենաանհրաժեշտ առարկաների բացակայություն կամ սոսկալի թանկություն, ներմուծման բացարձակ ընդհատում, երկաթուղային հաղորդակցության դադարում, երթևեկության ուրիշ միջոցների պակասություն: Ապա հարյուր հազարներով հաշվվող անտուն և անսնունդ գաղթականություն, անապահով կացություն սահմանների վրա և որպես անխուսափելի հետևանք այս բոլորի՝ անիշխանություն»: «Կառավարությունը գտնում է երկիրը այնպիսի վիճակի մեջ, որի բնորոշման համար մի բառ կա միայն՝ կատաստրոֆիկ»:

Հարկ կա՞ որևէ բան ավելացնելու այս ինքնին պերճախոս նկարագրությանը: Պէ՞տք է ասել, որ Սևանա լճի շուրջը կծկված 11,000 քառակուսի կիլոմետր տարածություն կազմող Հայաստանը, իր կյանքի արշալույսին, իրոք, «անձև քաոս ու ավերակների կույտ» էր՝ գաղթականների, որբերի և հիվանդների մի թշվառ հանրակացարան:

Պետք եղավ համառ, սիզիֆյան աշխատանք: Տրվեցին անհաշիվ ու անփոխարինելի զոհեր, մինչև որ «քաոսը» ձև ու կերպարանք առավ: Եվ 1920-ին Հայաստանը արդեն իր դեմքը ունեցող պետություն էր, իսկ հայ ժողովուրդը սկսել էր կենդանանալ ու ոտքի կանգնել: Հայաստանում երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքի մասին մոտավոր գաղափար կարող են տալ հետևյալ տեղեկութիւնները:

Ընդհանուր դրություն. 1918-ին Հայաստանի սահմանները անցնում էին Համամլու-Սև ջուր-Նորագավիթ գծով: 1920-ին Հայաստանի սահմանների մեջ էին մտնում Արդահանի, Կարսի, Կաղզվնի, Սուրմալուի շրջանները, իսկ Նախիջևանի կցման գործողությունները լրանալու վրա էին: Զանգեզուրը փաստորեն Հայաստանի մաս էր կազմում: Չհաշվելով թուրքահայկական խնդիրը, մնում էին վիճելի Ղարաբաղի, Ախալքալակի և Լոռու հարցերը, որոնց վերաբերմամբ, անշուշտ, վերջ ի վերջո ընդունելի ձև կգտնվեր Վրաստանի և Ադրբեջանի հետ: Վրաստանի հետ կնքված դաշնագրով ապահովված էր Բաթում-Երևան տրանզիտի ճանապարհը, և հայկական ապրանքները առանց լուրջ խոչնդոտի տեղափոխվում էին երկրից դուրս ու ներս:

Սահմանների ընդարձակումով տեղավորվեց և գաղթականությունը, մեծ մասամբ՝ գյուղերում: Գաղթականներից չունևորները ստացան հող, լծկան, երկրագործական գործիքներ: Երկրում սկսվեց շինարարությունը, և գյուղերն ու քաղաքները կյանք առան:

1919-ի վերջին և 1920-ի առաջին կեսին Հայաստանը կազմակերպման եռուն շրջան էր ապրում: «Անձև քաոսից» հետզհետե ձևավորվում էր ժողովրդական հիմքերի վրա հաստատված պետությունը: Ո՛չ մի պետական անցյալ  չտեսած, քաղաքականապես բոլորովին անփորձ հայ մտավորականությունը կարողացավ ստեղծել պետական իրավակարգ, կյանքի կոչեց ընդհանուր ընտրական սկզբունքով  կազմված խորհրդարան, հիմնեց կենտրոնական իշխանություն, կազմակերպեց տեղական վարչություններ, պահակազորք ու ոստիկանություն: Հայաստանը ենթարկվեց վարչական նոր բաժանման. կազմվեցին Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունյաց նահանգապետությունները: Մշակվեց և գործադրության դրվեց տեղական ինքնավարությունների օրենքը և մի շարք գավառներում՝ Երևան, Էջմիածին, Իջևան, մտցվեցին տեղական ինքնավարություններ, իսկ մյուս գավառներում սկսված էին արդեն նախապատրաստական աշխատանքները: Վերակազմվեցին քաղաքային ինքնավարությունների՝ լայն ժողովրդական հիմքերով: Էջմիածին, Աշտարակ, Ղամարլու, Դիլիջան, Ղարաքիլիսա, Ջալալ Օղլի մեծ գյուղերը վերածվեցին քաղաքների: Քաղաքների ներկայացուցիչների համագումարի միջոցով հիմնվեց քաղաքների միություն: 1920 թվականի առաջին կեսին Հայաստանի պետական բոլոր հիմնարկություններն արդեն ազգայնացված էին և ամեն տեղ գործ էր ածվում հայերեն լեզուն:

Հայաստանի վարիչների թափած ջանքերի շնորհիվ էր, որ ամերիկյան կառավարությունն ու հասարակական  կարծիքը ջերմ մասնակցություն ունեցան հայ ժողովրդի կյանքում: Ավելի քան 10 միլիոն դոլարի արժողությամբ ալյուր եկավ Հայաստան: Բերվեց նաև մեծ քանակությամբ հագուստ, սպիտակեղեն, դեղորայք, խտացրած կաթ, կակաո և այլ կարգի նյութեր:

Հայաստանի դռները լայնորեն բացվեցին նաև հայ գաղութների առջև: Արտասահմանում առաջ եկավ բուռն հետաքրքրությունը դեպի նորակազմ պետությունը: Երիտասարդությունն ու աշխատավորությունը սկսեցին տեղափոխվել դեպի երկիր: Գործի մարդիկ ձեռնարկեցին առևտրական հարաբերությունների: Բաղդադից մինչև Ֆրեզնո գաղութահայությունը սկսեց կապել իր կապոցները հայրենիք վերադառնալու դիտավորությամբ: Սկսվեց նվիրահավաքություն հայկական պետութիան օգտին՝ դրամ, ոսկեղեն, գիրք, մեքենաներ ու գործիքներ, հագուստեղեն, դեղորայք, գրի մեքենա, սավառնակ, ինքնաշարժ՝ ամեն բան, որ կարող էր օգուտ բերել: Հավաքված իրերը հետզհետե սկսեցին հասնել Հայաստան: Գաղութի և երկրի ժողովրդի զարկերակը խփում էր նույն համաչափությամբ:

Հայկական պետությունը սկսեց ճանաչվել և միջազգային քաղաքական աշխարհում: Դե ֆակտո ճանաչումից հետո մի շարք պետությունների կողմից ճանաչուեց և դե յուրե: Սևրի դաշնագրով նա դարձավ միջազգային համակեցության անձնավորություն և գտնվում էր Ազգերի լիգայի մեջ գտնվելու նախօրյակին: Հայաստանի կառավարության հարաբերությունները օտար երկրների հետ դառնում էին օրեցօր ավելի կենդանի ու գործնական: Օտար առաքելություններ էին գալիս Երևան: Հայաստանի տնտեսական պատեհությունները առաջ էին բերում ընդհանուր հետաքրքրություն: