«Ընկավ Կարսը, ընկավ և Հայաստանը թուրքերի ոտքի տակ». Սիմոն Վրացյան

2282

Հատված Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի: 

Գալիս են անկախության օրերը: Քաջազնունին նախագահ է Հայաստանի անդրանիկ կառավարության: Կարծում եք այդ ժամանակ նա ռուսական պրոտեկտորատի կամ ֆեդերացիայի մասի՞ն է մտածում: Բնավ երբեք. նա նախարարապետ է անկախ Հայաստանի և վրդովվում է, երբ ուրիշները ռուսական ֆեդերացիայի խոսքն են անում: Անկախությունը նրա համար, իհարկե, ապսոլու՝ ինքնանպատակ չէ, բայց և այնպես Հայաստանը պատկերացվում է իբրև անկախ պետություն՝ մանդատի ինչ որ մշուշապատ հարաբերությունների մեջ որևէ մեծ պետության, բայց ոչ երբեք Ռուսաստանի հետ: Անկախության այդ հավատն էր, որ Քաջազնունուն հասցրեց մինչև պատերազմ Վրաստանի հետ:

Անկախության հավատը Քաջազնունու մեջ ավելի ևս շեշտվեց արտասահմանում, մանավանդ Ամերիկայում, ուր նա մի տեսակ խորհրդանիշ էր դարձել Հանրապետության: Եվ երբ 1920 թ. հոկտեմբերին վերադարձավ արտասահմանից Հայաստան, հայ-թուրքական պատերազմի աղետավոր հետևանքները արդեն որոշ էին: Այդ ժամանակ Երևանում էր Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը, ով, ի պատասխան Հայաստանի կառավարության միջնորդության խնդրի, պահանջ էր գրել անմիջապես հրաժարվել Սևրի դաշնագրից: Քաջազնունին մեկն էր նրանցից, որոնք առանց վերապահության, բուռն կերպով դիմադրեցին Լեգրանի պահանջին: Նա գտնում էր, որ Սևրի դաշնագիրը մեր մեծագույն հաղթանակն էր, մեր ձեռքին զորավոր մուրհակ էր Եվրոպայի հանդեպ. աչքի լույսի պես պետք էր պահել [այն]: Հրաժարվել Սևրից՝ նշանակում էր հրաժարվել անկախությունից և նորից Ռուսաստանի գիրկն ընկնել: Եվրոպայից էր գալիս և, իհարկե, նրա կարծիքը մեծ կշիռ ուներ կառավարության [համար]: Լեգրանի պահանջը հետ մղվեց:

Ընկավ Կարսը, ընկավ և Հայաստանը թուրքերի ոտքի տակ: Հայ գործիչներից շատերի համար միակ ելքը ռուսներին դիմելն էր, և Քաջազնունին «ռուսոֆիլների» առաջին շարքերում էր: Երբ բոլշևիկյան ռեժիմին մոտից ծանոթ մարդիկ առարկում էին, նա հավատացած էր և աշխատում էր ուրիշներին էլ հավատացնել, որ հայ կոմունիստներն էլ մեզ պես մարդիկ են և հասկանում են, որ տնտեսապես հետամնաց և ավերված Հայաստանում չի կարելի հետևողական կոմունիզմ իրականացնել: Այս հավատից մեկնելով՝ նա, հետո, մի ընդարձակ և  պատճառաբանված նամակ գրեց Հեղկոմի նախագահ Ս. Կասյանին՝ հորդորելով սրան հետևել չափավոր քաղաքականության մեր գյուղացիական ու մանր-քաղքենիական երկրում, բայց Կասյանը նրան պատասխանի էլ չարժանացրեց:

Շատ ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ մենք սխալ ու անտեղի հույսեր էինք կապել բոլշևիկների հետ, որոնց աչքին Հայաստանը սոսկ նյութ էր կոմունիստական փորձերի համար: Եվ Քաջազնունին հիասթափվողների առաջին շարքերում էր: Դեկտեմբերի վերջերին նա արդեն հորդորում էր Դրոյին, որ հակառակ բոլշևիկների կարգադրության՝ Ռուսաստան չգնա և թաքնվի՝ թեև գիտեր շատ լավ, թե ինչ կլիներ այդ թաքնվելու հետևանքը: Յունվարի վերջերին նա արդեն երազում էր Զանգեզուր անցնելու մասին: Հայաստանում ապրելը նրա համար այլևս անկարելի էր: Մարդը խեղդվում էր: Օդ չկար:

Փետրվարի 18-ին տապալվեց բոլշևիկյան ռեժիմը, և Քաջազնունին առաջին ազատվողներից և առաջին ողջունողներից էր: Նա հոգով հեղափոխության հետ էր: Եվ փետրվարի 18-ից սկսած մինչև մայիս՝ մինչև Պարսկաստան անցնելը նա մասնակցեց Հայրենիքի Փրկության կոմիտեի բոլոր աշխատանքներին, ներկա եղավ  նրա նիստերից շատերին, բաժին ունեցավ գործնական ձեռնարկների մեջ: Այնպիսի պատասխանատու քայլեր, որպիսին էին բանակցությունները թուրքերի հետ կամ Չիչերինին տրված հեռագիրը, որով Ա[լեքսանդր] Բեկզադյանը հայտարարվում էր լիազորությունից զուրկ Հայաստանի կողմից թուրք- բոլշևիկյան խորհրդաժողովին մասնակցելու, եղել են Քաջազնունու անմիջական մասնակցությամբ: Վերջին հեռագիրը ամբողջապես նրա գաղափարն է և կազմված է նրա ձեռքով: Նա ստանձնել էր և Անկարա գնալիք հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Թե ինչ և ինչպես էր մտածում Քաջազնունին փետրվարյան օրերին, միանգամայն որոշ կերպով ցույց է տալիս նրա գրած մեկ թուղթը Փրկության կոմիտեին՝ պատվիրակություն ուղղարկելու համար: Այդ թուղթը հետաքրքրական է ոչ միայն Քաջազնունու մտածելակերպը բնորոշելու, այլև այն ժամանակվա Հայաստանի ընդհանուր վիճակը ներկայացնելու տեսակետից, դրա համար ես առաջարկում եմ ամբողջությամբ, բառ առ բառ, այնպես, ինչպես գրել է Քաջազնունին.

«Անցյալ տարվա նոյեմբերի վերջերին մեր պատերազմը Թուրքիայի հետ վերջացավ մեր պարտությամբ: Հակառակորդը արդեն գրավել էր Կարսը և Ալեքսանդրապոլը և սպառնում էր Արարատյան դաշտին, այսինքն՝ Հայաստանի գոյությանը: Մեր կառավարությունը ուրիշ ելք չուներ. ստիպված էր հաշտության բանակցություններ սկսել և դաշն կապել, որքան էլ ծանր լինեին հաղթողի թելադրած պայմանները: Բանակցությունները տեղի ունեցան Ալեքսանդրապոլում. այնտեղ էլ ստորագրվեց խաղաղության դաշն[ագիր]ը: Թուրքերի պահանջները շատ ծանր էին, բայց քանի որ մենք հաղթված էինք և պատերազմը շարունակելու ոչ մի հնարավորություն չունեինք, խոնարհվեցինք հաղթողի կամքի առաջ:

Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որքան էլ ծանր էր մեզ համար, այնուամենայնիվ, ապահովում էր Հանրապետության գոյությունը, ապա հնարավորություն էր տալիս ժողովրդին մի քիչ շունչ քաշել, ուժեր հավաքել և վերաշինել երկիրը թեև շատ նեղ սահմաններում ու վերականգնել ավերված տնտեսությունը: Կառավարության որոշումն էր՝ ամենայն ճշտությամբ կատարել հաշտության դաշն[ագիր]ը, առիթ չտալ թուրքերին նորից հարձակվել մեր վրա, Թուրքիայի հետ հաստատել բարիդրացիական, նույնիսկ բարեկամական կապեր, վերսկսել առևտրական հարաբերությունները և խույս տալ ամեն տեսակի նոր բարդություններից:

Դժբախտաբար, այս ծրագիրը չիրագործվեց:

Նույն ժամին, երբ մեր լիազոր պատվիրակները Ալեքսանդրապոլում ստորագրում էին խաղաղության դաշն[ագիր]ը, նույն ժամին Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչը Երևանում՝ պ. Լեգրանըմ հայտնեց մեր կառավարությանը, որ Ադրբեջանի սահմաններից՝ Ղազախի և Դիլիջանի վրաով, ռուսական կարմիր բանակը մտել է Հայաստան՝ հետը ունենալով Հայաստանի Հեղկոմը (Հեղափոխական կոմիտեն), կազմված դրսից եկած հայ բոլշևիկներից: Պ. Լեգրանը հարցնում էր, թե ինչ դիրք է մտադիր բռնելու մեր կառավարությունը այս փաստի հանդեպ:

Հայաստանին սպասվում էր մի նոր պատերազմ, այս անգամ Սովետական Ռուսաստանի հետ:

Այդպիսի պատերազմ վարելու կամ, առհասարակ, որևէ ընդդիմություն ցույց տալու ոչ մի հնարավորություն չուներ մեր կառավարությունը, ուստի պատասխանեց, որ հաշվի է առնում իր դեմ ելած գերազանցորեն մեծ ուժը և խուսափելով անիմաստ արյունահեղություններից՝ տալիս է իր տեղը նոր եկվորներին:

Այսպիսի որոշմանը շատ նպաստեց նաև այն հանգամանքը, որ պ. Լեգրանը, Ռուսաստանի անունից, գրավոր տվեց մի շարք կարևոր խոստումներ: Դրանցից գլխավորներն էին. ա) Հայաստանի Հանրապետության լիակատար անկախությունը կհարգվի և կպաշտպանվի ամեն կերպ, բ) Ռուսաստանը տնտեսական խոշոր օգնություններ կանի Հայաստանին, այն է՝ կվերահաստատի երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և հարևան Վրաստանի, Ադրբեջանի ու Պարսկաստանի միջև, վառելիք ու կերոսին (քարյուղ լուսավորության համար) կբերի Բաքվից, [իսկ] Ռուսաստանից կբերի հաց, մանուֆակտուրա և այլ ապրանքներ և այլն, գ) հալածանքի չի ենթարկի որևէ ոչ- կոմունիստական քաղաքական կուսակցություններին պատկանող անդամներին՝ իրենց անցյալ գործունեության համար:

Այսպիսով, Հայաստանում խաղաղ ճանապարհով, առանց դիմադրության, հաստատվեց բոլշևիկյան սովետական իշխանությունը:

Երկուսուկես ամսվա կյանք ունեցավ այդ իշխանությունը մեզանում (դեկտեմբեր 2-ից մինչև փետրվար 18):

Այդ կարճ ժամանակամիջոցում լիովին պարզվեց բոլշևիկյան ռեժիմի իսկական բնույթն ու էությունը:

Վերևը հիշված խոստումներից ոչ մեկը չկատարվեց: Հայաստանի անկախությունը մնաց մեռած տառ: Մեր երկիրը պարզապես դարձավ Մեծ Ռուսաստանի նահանգներից մեկը: Հայաստանի կառավարությունը հրամաններ էր ստանում կամ Բաքվից (ուր նստած էր կոմունիստակա ն կուսակցության բյուրոն), կամ Մոսկվայից: Հայաստանի զորքը ենթարկվում էր ռուս[ական] հրամանատարությանը և կազմում էր ռուսական բանակի մի մասը: Գերագույն Դատական մարմինը, այսպես անվանված Արտակարգ հանձնախումբը (Չեկա), որը մահվան դատավճիռներ էր հանում և կատարում: [Չեկան] չէր ենթարկվում Հայաստանի կառավարությանը, այլ [ենթարկվում էր]  Ռուսաստանի կենտրոնական Չեկային:

Ռուսաստանից ոչ մի տնտեսական օգնություն չստացվեց, ոչ մի ֆունտ ապրանք Հայաստան չներմուծեց: Հակառակը, սովից մեռնող Հայաստանից Ադրբեջան տարվեց այն ամենը, ինչ որ հաջողվեց խլել ժողովրդի ձեռքից (նույնիսկ որբանոցներումմնացած խտացրած կաթի վերջին մնացորդները և հիվանդանոցներից՝ վերջին դեղերը): Բռնագրավումները դարձան պետական տնտեսության միակ ձևն ու միջոցը: Զանազան անուն կրող զինված խմբակներ օր ու գիշեր վխտում էին քաղաքներում ու գյուղերում, խուզարկում էին տներն ու մառանները, գոմերն ու բակերը և բռնագրավում արժեքավոր ամեն բան:

Մի չտեսնված թալան էր, որ կատարվում էր ամենուրեք: Եվ որովհետև քաղաքաբնակները այսօր համարյա ոչինչ չունեն, թալանի գլխավոր ծանրությունը ընկնում էր գյուղացու վրա: Գյուղացուց [անխնա] կերպով խլում էին և՛  օրվա պաշար հացը, և՛ սերմացուն, և՛ լծկանը: Երկիրը ավերվում էր վերջնականապես ու զրկվում վերաշինման վերջին միջոցներից:

Երկաթուղային հաղորդակցություը դադարեց վերջնականապես: Ո՛չ վառելիք (նավթ), ո՛չ կերոսին, ո՛չ հաց, ո՛չ մանուֆակտուրա Հայաստան չբերվեց: Աղքատությունը, մերկությունը, անոթությունը աճում էին օր օրի վրա: Սրա հետ զուգընթացաբար աճում էին նաև ամեն տեսակի բռնություններ: Բոլշևիկյան իշխանությունը ասպարեզ հանեց բռնակալության այնպիսի ձևեր ու չափեր, որոնց նմանը հազիվ թե տեսած լինի պատմությունը: Ժողովուրդը բաժանված էր երկու անհավասար մասի. մի կողմից, իրանք՝ բոլշևիկները և իրենց արբանյակները (մի քանի հազար մարդ) կարմիր բանակի հետ միասին, մյուս կողմից՝ բոլոր մնացածները: Առաջիններին պատկանում էր ողջ իշխանությունը, բոլոր իրավունքները, վայելելու եղած բոլոր հնարավորությունները. վերջիններին՝ բոլոր պարտականություները, թալանելու ողջ ծանրությունը և հլու, անխոս հպատակվելու դառն արտոնությունը:

Քաղաքացիական բոլոր ազատությունները արմատախիլ էին արված լիովին: Գրել, դատել, խոսել, հավաքվել, կազմակերպվել կարող էին միայն բոլշևիկները: Մյուսները ծպտուն հանելու, կյանքի նշույլ ցույց տալու իրավունք չունեին: Լրտեսությունը դարձել էր վարչական սիստեմի հիմքը: Բանտերը թե՛ Երևանում, թե՛ գավառներում լեփ լեցուն էին հազարավոր մարդկանցով: Լրտեսի մատնությունից ոչ ոք իրան ապահով չէր զգում: Հալածանքները և  ձերբակալությունները կրում էին թե անհատական և թե խմբային բնույթ: Բոլշևիկները նպատակ էին դրել մաքրել երկիրը բոլոր անհաճո տարրերից, առաջին հերթին՝ քաղաքական կուսակցություններից, ապա՝  մտավորականներից և, առհասարակ, բոլոր ղեկավար, ազդեցիկ, մտածող ու գործող տարրերից:

Զորքի կողմից ապահով լինելու համար խաբեությամբ հավաքեցին բոլոր հայ սպաներին (մոտ հազար երկու հարյուր մարդ), զինաթափ արին ու խումբ-խումբ աքսորեցին Բաքու (մասամբ էլ՝ Ռուսաստանի խորքերը): Նրանց տեղը դրեցին ռուս սպաներ և բոլշևիկ կոմիսարներ ու, այսպիսով, գլխատեցին հայ[կական] բանակը: Ինչ վերաբերվում է ոչ զինվորական մտավորականությանը, սկզբից բավականացան բանտարկությունով, բայց վերջում  սկսեցին գնդակահարել և կացիններով կոտորել բանտերում՝ առանց դատի ու դատավճռի, նույնիսկ՝ առանց քննության:

Կացությունը դարձավ միանգամայն անհանդուրժելի, բռնկվեց ապստամբությունը: Ապստամբողը գյուղացիությունն էր՝ միաժամանակ զանազան վայրերում, բայց առանց կանխամտածված ծրագրի, առանց համաձայնեցրած գործողությունների: Շարժումը ուներ գերազանց[ապես] ժողովրդական բնույթ, [զանգվածային] ու տարերային և այնքան ուժգին էր, որ 3-4 օրվա ընթացքում ապստամբ գյուղացիների զինված խմբերը, ճանապարհին խորտակելով տեղական սովետական իշխանությունները, փետրվարի 18-ի վաղ առավոտյան հասան Երևան ու դուրս վռնդեցին կենտրոնական կառավարությունը՝ կարմիր զորքերի հետ միասին:

Այդ օրից տապալված սովետական կառավարության փոխարեն մի առանձին մարմին՝ Հայրենիքի Փրկության կոմիտե անվան տակ հաստատվեց Երևանում, որի նպատակն էր Հայաստանը վերջնականապես ազատել բոլշևիկներից ու ապա իր տեղը տալ համաժողովրդական կառավարության:

Կռիվները դեռ չեն վերջաչաել: Երևանից փախած բոլշևիկյան կառավարությունը՝ իր հետ ունենալով այստեղի կարմիր բանակային ուժերը, ամբողջ հրամանատարությունը, երկու զրահակիր երկաթուղային գնացքները, երկաթուղային բոլոր շոգեմեքենաներն ու վագոնները, մեր թնդանոթները, առկա կենսապաշար, զենք ու զինամթերք, ապաստանել է Շարուրում և կռվում է համառորեն: Բոլշևիկների մի ուրիշ մասը, թիկունքում ունենալով Սովետական Ադրբեջանը՝ ամրացել ու կռվում է Սևանա լճի հարավ-արևմտյան ափերում: Երրորդ մասը՝ թիկունքում ունենալով Սովետական Վրաստանը, կռվում է Փամբակի շրջանում: Կենտրոնական Հայաստանը ամբողջովին մեզ հետ է: Մեզ հետ է նաև մեզանից արևելք գտնվող ամբողջ Լեռնային Հայաստանը (Դարալագյազ, Զանգեզուր, Հայկական Ղարաբաղ), բայց հաղորդակցության դժվարությունների պատճառով, ունի իր տեղական ինքնավար կառավարությունը, որ նստում է Գորիս քաղաքում:

Այս կռվում մենք չունինք ո՛չ կանոնավոր զորք, ո՛չ հրամանատարական կազմ և ո՛չ ռազմական-տեխնիկական միջոցներ: Կռվողը ինքը զինված ժողովուրդն է՝ գյուղացիներ ու քաղաքացիներ, ծերեր ու երիտասարդներ, որոնք հոժարակամ, առանց որևէ ստիպողական միջոցների, հաճախ իրանց սեփական զենքերով ու պաշարով, կազմում են խմբեր ու վազում կռվի դաշտ: Հրամանատարության բացակայությունը և կանոնավոր կազմակերպության խոշոր պակասը մեզանում լրացվում է մեծ ու ընդհանուր ոգևորությամբ, հաղթելու կամքով և անվերջ ատելությամբ դեպի բոլշևիկների բռնակալությունը:

Այս է մեր այսօրվա դրությունը:

Ի՛նչ է սպասում մեզ ապագայում, նույնիսկ՝ մոտ ապագայում, դժվարանում ենք գուշակել: Մի բան գիտենք հաստատապես. կամովին այլևս չենք ենթարկվի բոլշևիկյան լծին: Միայն մեր դիակների վրայով բոլշևիզմը կարող է երկրորդ անգամ ոտք կոխել Հայաստան: Գիտենք և մի ուրիշ բան. եթե բոլշևիկները դրսից նոր օգնություն չստանան, եղածներից մենք մեր երկիրը կմաքրենք սեփական ուժերով: Բայց որովհետև բոլշևիկների՝ դրսից (Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից) օգնություն ստանալը ավելի քան հավանական է, ահա այստեղ է մեր դրության ամբողջ ողբերգությունը: Այս օրհասական կռվում մենք լարել ենք մեր վերջին ուժերը: Երկար ժամանակ չենք կարող մնալ այսպիսի լարված դրության մեջ: Ժողովուրդը ուժասպառ է, արնաքամ: Եթե բոլշևիկները ուժեղանան արտաքին օժանդակությամբ,  իսկ մենք մնանք մենակ, պարտությունը անկասկած է ու անխուսափելի: Իսկ մեր այսօրվա պարտությունը կլիներ ամենամեծը այն բոլոր աղետներից, որ տեսել է հայությունը 1915 թվականից  [հետո], որովհետև այսօր Հայաստանի անկախ պետությունը և հայ ժողովուրդը չունեն ավելի մեծ թշնամի, քան ռուսական բոլշևիզմը:

Այսքան երկար գրեցի այն նպատակով, որ դուք իրազեկ լինեք մեր իրականությանը: Մեր արտասահմանի բարեկամները հաճախ խոշոր սխալներ են անում՝ անտեղյակ լինելով կամ հաշվի չառնելով մեր իրական դրությունը:

Բոլշևիզմի դեմ կռվելու և, ընդհանրապես, մեր երկրում խաղաղ կյանք վերսկսելու համար մենք մեծապես պետք ունենք հարևան Թուրքիայի բարեկամությանը, նույնիսկ՝ աջակցությանը: Ամեն մի քայլ (թե այստեղ, թե արտասահմանում), որ հակառակ է մեր և թուրքերի միջև բարյացկամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Այսօր մենք երկու իրական ուժ ունինք մեր կողքին. մեկը Սովետական Ռուսաստանն է , մյուսը՝ Թուրքիան: Մյուս ուժերը մեզանից շատ հեռու են: Առաջինի հետ, ինչպես ցույց տվեց դառը փորձը, հաշտվել չենք կարող. մնում է , որ հաշտվենք ու բարեկամանանք մյուսի հետ: Այդ անհնարին չէ, որովհետև մենք և թուրքերը ունենք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխությամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով: Բոլշևիկների վերադարձը նույնքան անցանկալի է թուրքերի համար, որոնք և մեզ համար: Բոլշևիկների վերադարձը կնշանակի ոչ այլ ինչ, քան Հայաստանի կցումը Ռուսաստանին: Այդ դեպքում Թուրքիան իրեն սահմանակից կունենա դարձյալ իր դարավոր թշնամին՝ մեծ և ագրեսիվ Ռուսաստանը (ասում եմ ագրեսիվ, որովհետև ամենքի համար պարզ է, որ Սովետական Ռուսաստանը նույնքան իմպերիալիստական է, որքան եղել է իր ժամանակին ցարականը):

Պահած ունենալով իր ձեռքում Ադրբեջանը, ամրանալով Վրաստանում և նվաճելով Հայաստանը՝ Սովետական Ռուսաստանը հետևյալ հերթին պիտի հարձակվի Թուրքիայի վրա: Հասկանալի է, թե Թուրքիայի համար որքան ձեռնտու է իր և Ռուսաստանի միջև ունենալ այնպիսի անկախ պետություններ, ինչպիսին են Ադրբեջանը, Վրաստանը ու Հայաստանը: Այդ նորակազմ, փոքր ու անզոր պետությունները ոչ մի սպառնալիք չեն կարող ներկայացնել Թուրքիային, բայց միևնույն ժամանակ բավականին ապահովություն են Ռուսաստանի ոտնձգությունների դեմ: Եթե Թուրքիայի և Ռուսիայի միջև ծագեն անհամաձայնություններ (որ անխուսափելի են), հակաբոլշևիկյան հայությունը հանդիսանում է թուրքերի բնական դաշնակիցներից մեկը: Այս հողի վրա մենք հեշտությամբ կարող էինք համաձայնության գալ թուրքերի հետ՝ նրանց և մեր օգտի համար:

Բայց սրա համար անհրաժեշտ է , որ արտաքին գործոնները անհնարին չդարձնեն հայ-թուրքական մերձեցումը: Ամենամեծ քաղաքական գործոնը այսօր Լոնդոնի կոնֆերանսն է և նրա որոշումները Մերձավոր Արևելքի վերաբերմամբ: Ստացել ենք Ամ.-ի հեռագիրը Պոլսից, բայց և այնպես չգիտենք հաստատ, թե արդյոք ձևակերպվե՞լ է վերջնականապես մեր և թուրքերի միջև եղած դատի որոշումը, և եթե ձևակերպվել է, ի՞նչ է այդ ձևակերպումը: Բայց մենք գիտենք մի ուրիշ բան և շատ ենք ցանկանում, պահանջում ենք ամենակտրուկ կերպով, որ դուք ևս գիտենաք այդ ուրիշ բանը. այն է, որ այդ որոշումները փոխանակ մեր հոնքը շինելու, աչքը չփչացնեն: Մեր իրական դրությունը պահանջում է հաշտ և բարեկամական կենակցություն մեր հարևան Թուրքիայի հետ: Ուրեմն, մեր արտասահմանի բարեկամները (եթե նրանք, իրոք, բարեկամ են մեզ) չպիտի դնեն Թուրքիան այնպիսի դրության մեջ, որ նա նկատի մեզ իբրև իր դժբախտության պատճառը ու լցվի մեր հանդեպ ատելության և վրիժառության զգացմունքներով: Կոնֆերանսի որոշումները մեր վերաբերմամբ ընդունելի պիտի լինին Թուրքիայի համար՝ ահա մեր պահանջը»:

Այսպես էր մտածում ու գրում Քաջազնունին 1921թ. մարտին, իսկ 1924թ. մարտին… Բայց շարունակենք մեր պատմությունը:

 

Շարունակելի

Նախորդ հատվածը կարդալ այս հասցեով՝ https://www.aniarc.am/2015/09/06/vratsian-book-part-one/