Վրացյան․ «Հինն» ու «Նորը»

1924

Հատված Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այն պատասխանն է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքի

«Հինն» ու «Նորը»

Հայաստանի անդրանիկ նախարարապետ Հովհաննես Քաջազնունին հրատարակել է մի գիրք, որի մեջ աշխատում է ապացուցել, որ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս»: Այդ գիրքը կազմված է ՀՅԴ խորհրդաժողովին ներկայացված ընդարձակ զեկուցումից և մի պատասխան-նամակից՝ գրված «կուսակցական ընկեր և անձնական բարեկամ Մ. Մ.ին»: Այդ Մ. Մ.-ը ես եմ: Իր պատասխան-նամակի հրատարակությամբ Քաջազնունին մի տեսակ բարոյական պարտավորություն է դրել իմ վրա՝ հրապարակավ արտահայտելու իր շոշափած խնդիրների մասին: Ես կատարում եմ այդ պարտավորությունը:

Հեշտ չէ ինձ համար, այսպիսի հանգամանքներում, Քաջազնունու հետ բանակռվի մեջ մտնելը: Հեշտ չէ որովհետև Քաջազնունին ինձ համար եղել է ոչ միայն կուսակցական ընկեր և անձնական բարեկամ, այլ… մի բան էլ ավելի: Մեր կյանքի ամենահուզումնալից ու ողբերգական օրերին մենք եղել ենք կողք-կողքի, գործել ենք միասին, շնչել ու ոգևորվել ենք միևնույն գաղափարներով: Նրա կյանքի փորձն ու խորհուրդները, նրա կարծիքները ինձ համար եղել են թանկագին… Եվ ահա այդ մարդը, այսօր, հրապարակ է գալիս ասելու, որ այդ ամենը եղել է սխալ: Գալիս է ի լուր աշխարհի խոստովանելու, որ իր երկվա ասածները մոլորություն էին, իր համոզումները՝ թյուրիմացություն, դավանած գաղափարները՝ տհաս մտքի արդյունք, և գործը, որի համար ինքը պայքարել և ուրիշներին էլ մղել է կռվի, եղել է անտեղի, անարդյունք, անհեթեթ: Գալիս է բարոյապես ու նյութապես սնանկ հայտարարելու ամենքին ու ամեն ինչ և գետնին նետելու երեկվա պաշտած աստվածները:

Հոգեկան ի~նչ զարհուրելի փոթորիկներ ապրած պիտի լինի այդ մարդը, հրատարակելու համար նման մի գիրք, որը, նախ և առաջ, ինքնախարազանում է, համակ ինքնանվաստացում և ինքնասպանություն: Այո, ինքնասպանություն: Քաջազնունին խաչ է քաշել իր անցյալի վրա, բարոյական առանձնացման է ենթարկել իրեն և նոր մթնոլորտ չգտած՝ դուրս է եկել այն մթնոլորտից, որով շնչել ու ապրել է իր ամբողջ կյանքը: Անհեթեթ ու անարդար տապանաքար է դրել նա իր հասարակական և քաղաքական կյանքի վրա:

Իսկապես որ ծանր ու ցավալի երևույթ է այս՝ տեսնել, թե ինչպես տարիքը առած մի մարդ, վաստակավոր ու ժողովրդական գործիչ, որ իր կյանքի բոլոր տարիները գնացել է որոշ ուղղությամբ և որոշ նպատակի համար, հանկարծ, հոգեկան մի անըմբռնելի ցնցումով, շուռ է գալիս, հրաժարիմք է կարդում ամեն բանի, խարույկի հանում ամեն ինչ և իր ապագան, ընկնում է ինչ որ հիվանդագին, անհասկանալի դեգերումների մեջ: Ծանր է մտածել ու խոսել այդ մասին, բայց պետք է խոսել, որովհետև Քաջազնունու շոշափած դեպքերն ու հարուցած խնդիրները շատ են կենսական ու ցավոտ և, մանավանդ, որովհետև Քաջազնունին դրել է այդ դեպքերից ու խնդրիներից շատերը խիստ սուր, չափազանց ենթակայական և աղավաղված ձևով: Պետք է խոսել, որովհետև այդ խնդիրները դրել է Քաջազնունին՝ մի մա՛րդ, որի խոսքը կշիռ և արժեք ունի մեր իրականության մեջ: Պետք է խոսել և՛ նրա համար, որ Քաջազնունին անողոք դատ ու դատաստան է անում իր առած պատմական շրջանի բովանդակ կյանքի և բոլոր մարդկանց գլխին, առանց վերապահության դատապարտում է ամենքին, մինչդեռ այդ կյանքում կան բազմաթիվ լուսավոր երևույթներ, որոնք վրպել են նրա տեսողությունից: Պե՛տք է խոսել ոչ միայն մեր երեկվա գործունեությունը արժևորելու, այլև վաղվա համար անսխալ ուղեկետեր մշակելու նպատակով:

Գրքի բովանդակության քննության անցնելուց առաջ, ինձ թվում է, հարկավոր է մի քանի խոսք ասել Քաջազնունու անձի մասին, որովհետև նրա գիրքը անբաժան է նրա անձից, և շատ բան, որ, առհասարակ, կարող է մնալ անհասկանալի, հեշտությամբ բացատրվում է նրա անհատականությամբ: Որքան էլ Քաջազնունու գիրքը, արտաքնապես, առարկայական ձև ունի, ըստ էության նա գերազանցապես ենթակայական է, ես կասեի՝ անձնական : Նրա յուրաքանչյուր տողում, ամեն մի խոսքի տակ դուք տեսնում էք հեղինակին, նրա դիտելու, ըմբռնելու և արժևորելու յուրահատուկ եղանակը, նրա վերացական բնավորությունները, փաստերի ու եզրակացությունների գունավորումն ու չափազանցումը… Տեսնում եք, որ արտաքնապես պաղարյուն և, կարծես, անաչառ արտահայտությունների տակ թաքնված է խորը միտում, կանխակալ գաղափարների մի ամբողջ հավաքածու: Տեսնում եք, թե ինչպէ՜ս խնամքով մի կողմ են թողնվում ուրիշները, լռության են մատնվում հանրածանոթ իրողություններ, առաջ են քաշվում չստուգված ու վիճելի տեղեկություններ, և այդ ամենը նրա համար, որպեսզի նախօրոք, a priori կազմված եզրակացությունը դառնա ավելի ցայտուն և համոզեցուցիչ:

Իր գրքում, մի տեղ, Քաջազնունին հետևյալ խոսքերով է բնորոշում իրեն. «Պարզապես մի հայ մարդ եմ եղել ես… Հայ մարդն է , որ խոսում է իմ մեջ… Հայ մարդն է, որ դատում է իմ մեջ»: Եվ այստեղից է բխում նրա ամբողջ սխալը: Նա կարծում է, թե ինքը մի բնական մասնիկն է հայ ժողովրդի, արյունը արյունից և ոսկրը ոսկրից, հավատացած է, թե բնազդաբար ըմբռնում է հայ ժողովրդին ու հայ իրականությունը, մինչդեռ իրապես նա իր ապրումներով ու բնազդներով շատ հեռու է հայ ժողովրդից: Նա հայ մարդ չէ, պարզ մարդ է: Հայի համար տիպական ոչինչ չկա նրա մեջ: Շեշտված անհատականություն է նա՝ մի քիչ նեղ, մի քիչ չոր, մի քիչ ինքն իր համար ապրող: Նրա դատողություններն ու եզրակացությունները գրեթե միշտ ընդհանուր են ու վերացական, կարծես սահմանված լինեն գործադրվելու ժամանակից ու տարածությունից դուրս: Նրան թվում է, թե ինքը միշտ նկատի ունի տվյալ հանգամանքները, մինչդեռ հաճախ կտրվում է կենդանի հողից, ընկնում է երևակայությունների աշխարհը, քնարերգություն է անում: Նա կյանքն ու մարդկանց դիտում է հսկայական բարձրությունից , դատ ու դատաստան է անում ոչ թե մարդկանց ճանաչելով, այլ միայն իր ներքին ձայնին հետևելով: Նա շա՛տ է սիրում իր ներքինը, իր գաղափարները, իր հանգիստը, իր հոգեկան ապրումները, որպեսզի կարողանա լայնորեն ընդգրկել իրենից դուրս գտնվող իրականությունը: Ուրույն են նրա դատողությունները, մտածելու ու հիմնավորելու ձևը, նրա խորհուրդները միշտ հետաքրքրական են, բայց ո՛չ միշտ կենդանի ու գործնական : Նրանցից պետք է օգտվել զգուշությամբ:

Այսպես չէր, օրինակ, Ռոստոմը: Նա ուներ կյանքի սուր դիտողություն և առողջ բնազդ: Այնտեղ, ուր Քաջազնունին դատում ու տատանում է օրերով ու շաբաթներով, Ռոստոմը կարող էր առողջ բնազդով ըմբռնել մի հայացքից: Եվ  նրա բնազդը, մեծ մասամբ, ճիշտ էր դուրս գալիս: Ռոստոմը կյանքի ու գործի մարդ էր, Քաջազնունին՝ մտքի ճգնավոր: Այդ պատճառով Ռոստոմին հավատում էր մասսան՝ ժողովրդական լայն զանգվածները, Քաջազնունուն մասսան չի է՛լ ճանաչում: Այդ է պատճառը նաև, որ Ռոստոմը ամեն տեղ փնտրում ու գտնում էր կյանք ու գործ. Քաջազնունու աչքին ավելի դիակներ են երևում: Այդ է պատճառը, վերջապես, որ Ռոստոմին ամենքը սիրում ու պաշտում էին, Քաջազնունին միշտ մենակ է եղել և մենակ է ապրել իր խոհերը բոլոր:

Հոգու այս մենակությունից է բխում և Քաջազնունու ծայր աստիճանի զարգացած ռեֆլեքսիան, կասկածամտությունն ու անվստահությունը: Ամենասովորական երևույթները նա, շատ անգամ, ներկայացնում է ողբերգական գույներով, վրդովվում ու բացագանչություններ է անում այնտեղ, ուր շատ-շատ պետք է մի հեգնական խոսք ասել ու անցնել, ինչպես կաներ Ռոստոմը: Ըմբոստանում է երևակայական բռնությունների դեմ, կռիվ է հայտարարում գոյություն չունեցող հակառակորդներին, «պապանձման կնիք է» տեսնում իր բերանին այն ժամանակ, երբ նրա բերանին ձեռք տվող իսկ չկա: Աղմուկ է բարձրացնում, դամբանական է կարդում այնտեղ, ուր կյանքը սովորական կարգով իր ճամբան է գնում: Այդպես է, որովհետև կյանքը իր համար է, Քաջազնունին՝ իր համար: Նա անցնում  է կյանքի մոտից՝ կլանված իր թանձր մտքերի մեջ: Նա ապրում է իր սեփական աշխարհում, որը նման չէ մեր մեղավոր աշխարհին: Երազների ու պատրանքի աշխարհ է այդ: Զարմանալի գունագեղությամբ նրա մեջ միացած են տրամաբանող միտքն ու սահման չճանաչող զգացմունքը, փիլիսոփան ու գեղասերը: Այդ է պատճառը, որ նրա աչքին, հաճախ, երազն ու իրականությունը խառնվում են, սուտն ու ճշմարտությունը քայլում են ձեռք ձեռքի: Այդ է պատճառը նույնպես, որ շատ փաստեր ու դեմքեր նրան երևում են միակողմանի: Քաջազնունու գրչի տակից դուրս եկած աշխարհը անբնական է, անիրական, պակասավոր և, շատ անգամ, բռնազբոսիկ և աղավաղված:

«Ես ունեմ այն հաստատ գիտակցությունը,- գրում է Քաջազնունին, թե  այսօր մտածում եմ, խոսքս հիմնական մտածումի մասին է, ճիշտ այնպես, ինչպես մտածել եմ 1920 թվականին, 1918-ին, 1914-ին ու իմ ամբողջ կյանքը … Ես չունեմ նոր պաշտամունք, չեմ կառուցել նոր կուռքեր, մնում եմ հավատարիմ իմ դավանած հին աստվածներին: Այն, որ «նոր» է թվում քեզ, ինձ համար նույն «հինն» է, հնի շարունակությունն ու զարգացումը»…

Այսպես կարող է ասել մի մարդ, որ չի ճանաչում կյանքը կամ չի ճանաչում իրեն: Այսպես կաչող է ասել մեկը, որ սավառնում է ժամանակի անհունության մեջ և երևույթները դիտում է տիեզերական տեսակետից: Իհարկե, տիեզերքում, վերջին հաշվով նոր ու հին չկա և նորը հնի շարունակությունն ու զարգացումն է: Հյուլեի հավերժական ձևափոխության մեջ նյութի բոլոր երևույթները միևնույն էության տարբեր արտահայտութիւններն են: Այսպես է ուսուցանում փիլիսոփայությունը: Կյանքը ուրիշ բան է ասում, և դեպքերն ու գործիչներին կյանքի ակնոցով դիտելիս կտեսնենք, որ Քաջազնունու մեջ «հինն» ու «նորը» հիմնական մտածումի տեսակետից էլ շատ են տարբերվում իրարից: Այդ ապացուցում է հենց իր՝ Քաջազնունու կյանքը վերջին հինգ-տասը տարվա ընթացքում: Թող նա վերհիշի մի քանի փուլեր այդ կյանքից:

1914-ին Քաջազնունին Վասպուրականում էր: Կամավորական շարժումը սկսված էր արդեն, երբ հանգուցյալ Խեչոյի հետ, եկավ Թիֆլիս և հենց առաջին քայլից վճռականորեն հակառակ դիրք բռնեց հանդեպ կամավորական գնդերի կազմակերպման և Ազգային Բյուրոյի գործունեության դեմ: Այդ հողի վրա նա նույնիսկ մի խիստ սուր ընդհարում ունեցավ բժ. Հ. Զավրյանի հետ: Անցավ, սակայն, որոշ ժամանակ, և ահա Քաջազնունին, Ազգային Բյուրոյի հանձնարարությամբ գնում է Մոսկվա ու Պետրոգրադ կամավորական գնդերի համար հրացան ու ռազմամթերք գնելու: Քիչ հետո, Քաջազնունին արդեն Ազգային Բյուրոյում պաշտոն ունի և զբաղված է «վեց վիլայեթների և նրանց անբաժան մասը կազմող Կիլիկիայի» համար սահմանադրության նախագիծը կազմելով: Այդ նախագիծը, որ, ի դեպ, բավական հետաքրքրական վավերաթուղթ էր, ընթացք չստացավ և մնաց Ազգային Բյուրոյի արխիվներում:* *Քաջազնունին առաջարկում էր վեց վիլայեթները և Կիլիկիան բաժանել 3 ինքնավար շրջանների. 2 հայկական շրջաններ՝ վեց վիլայեթներ և Կիլիկիա, 1 մահմեդական շրջան՝ Մալաթիա: Երեք ինքնավար շրջանները միացած՝ պետք է կազմեին առանձին մի պետություն Ռուսաստանի պրոտեկտորատի տակ:

Տեսնում եք, ուրեմն, ահա մի կետը, երբ Քաջազնունին մի՛շտ միևնույն ձևով չի մտածել. կյանքը ստիպեց նրան ևս, ինչպես և ուրիշներին, շեղվել սկզբնական մտածողությունից շատ հիմնական մի հարցում՝ կամավորական շարժման մեջ և «ծովից ծով Հայաստանի» «ցնորամիտ  ու տղայական ծրագրում»: Նա չի կարող արդարանալ նրանով, թե ինքը սոսկ պաշտոնյա է եղել կամ այդպես վարվել է կուսակցության ստիպումով: Մենք գիտենք նրա կարծիքը իր մասին. «Երբ ես համոզված եմ, որ սխալվողը ես չեմ, դիմացինս է, այդտեղ արդեն անընդունակ եմ զիջելու կամ հարմարվելու»: