Նաժի Նաաման. Գրքի Եւ Բազմազգ Մշակոյթի Մարդը

976

Պէյրութից մի քանի տասնեակ քիլոմեթր դէպի հիւսիս գտնուող Ժունի քաղաքը իմ` յաճախ Լիբանան այցելող հայաստանցուս համար եղել է ծով գնալու յարմար վայր: Միջերկրականի ջուրը եւ լողափը այստեղ համեմատաբար մաքուր են, քաղաքի բնակչութիւնը գերազանցապէս արաբ քրիստոնեաներ են: Ժունի գողտրիկ բնակավայր է, որտեղ կողք կողքի ապրում են հինն ու նորը: Երկյարկանի, կղմինտրէ տանիքներով ծածկուած տների հարեւանութեամբ վեր են խոյեանում բարձրայարկերը: Նեղ, բայց քայլելու յարմար փողոցների վրայ բաց սրճարաններ են: Յուլիսի 21-ի շոգ ու խոնաւ կէսօրին լիբանանահայ Գրիգոր Տաքեսեանի հետ Ժունի էիք գնում հանդիպելու մի մարդու, որին չէի ճանաչում, սակայն լսել էի, որ հայերի մասին գրքեր է հրատարակում:

Այդ մարդու անունը Նաժի Նաաման է` գրող, հրատարակիչ եւ բազմազգ մշակոյթը տարածող մտաւորական: Հանդիպումից օրեր առաջ Տաքեսեանը ինձ նուիրել էր Նաամանի գրքերից մէկը` հաւանաբար ամէնից հատափորը` «Հարիւր … եւ շարունակւում է ցեղասպանութիւնը»: 500 էջանոց այս գիրքը արաբերէն է, սակայն բովանդակութիւնը հասկանալի է, եթէ անգամ արաբերէն տառ ու բառ անգամ չգիտես:

Ընդարձակ առաջաբանից յետոյ Նաամանը գրքում ներկայացրել է Հայոց ցեղասպանութեան մասին ոչ հայ նշանաւոր գործիչների վկայութիւններն ու մէջբերումները: Եթէ այդ գործիչը ֆրանսացի է, ապա մէջբերումը արուած է ֆրանսերէնով, իսկ յետոյ տրուած է արաբերէն թարգմանութիւնը:

Հատորում առաջինը հանդիպում է Միացեալ Նահանգների գործող նախագահ Պարաք Օպաման: Նրանից ներկայացուել է մի քանի մէջբերում, այդ թւում, երբ Օպաման ծերակուտական էր: Գրքում ներառուել են հարիւրաւոր հանրաճանաչ մարդիկ, որոնց շարքում` Ժորժ Քլեմանսոն, Եասէր Արաֆաթը, Կամալ Ապտել-Նասըրը, Ռոնալտ Ռիկընը, Ճեմալ փաշան ու նրա թոռ Հասան Ճեմալը, Վալերի Բրիւսովը, Նիքոլս Սարքոզին, Օրհան Փամուքը, Թաներ Աքչամը, Հռոմի պապ Յովհաննէս-Պօղոս Երկրորդը, Մարիա Ճէյքըպսընը «Մամա»-ն, Արմին Վակները եւ այլ նշանաւոր անուններ:

Այս գիրքը հանրամատչելի է եւ ունի նաեւ հանրագիտարանային նշանակութիւն, քանի որ ամփոփում է Հայոց ցեղասպանութեան մասին ոչ հայ նշանաւոր գործիչների գրեթէ բոլոր վկայութիւնները: 100-ամեակի տարում լոյս տեսած այս հատորը` «Հարիւր… եւ շարունակւում է ցեղասպանութիւնը», կարեւոր ներդրում է Հայոց Մեծ եղեռնի մասին արաբական աշխարհին` նոր սերնդին, իրազեկելու տեսանկիւնից:

Նաժի Նաամանը հայութեան եւ հայկական աշխարհի մասին նախկինում այլ գրքեր էլ է հրատարակել, այդ թւում` Գէորգ ծ. վրդ. Եղիայեանի «Օրեր եւ տեսիլներ», Իգնատիոս Մալոյեանի «Մարդը, նահատակը եւ երանելին», «Քրիստոնեաները Արեւելքի թթխմորն ու գինին» հատորները:

Նաամանի` ճաշակով ձեւաւորած գրասենեակը Հայ կաթոլիկ եկեղեցու` Զմմառի միաբանութեանը պատկանող շէնքերից մէկի երկրորդ յարկում է: Նրա հետ կարճ զրոյցից յետոյ համոզւում ես, որ այս մարդը ծնուել է գրքեր հրատարակելու եւ դրանք անվճար բաժանելու, ժողովուրդների մշակոյթը տարածելու համար: Նրա ստեղծած ոչ կառավարական կազմակերպութիւնը, որ շահոյթ չի հետապնդում, կրում է «Նաժի Նաամանի անվճար մշակոյթի հիմնադրամ» անունը: Նաամանի նշանաբաներից է` «Մշակոյթը չի կարող գնուել կամ վաճառուել», կամ` «Ազատ եւ բաց մշակոյթը խաղաղութիւն է կերտում»:

Դէպի Միջերկրականը նայող գրասենեակի սենեակներից մէկը Նաամանը նուիրել է ծնողներին: Նրա հայրը եղել է բանաստեղծ, թարգմանիչ, իսկ մայրը` գրականութեան գիտակ: Մէկ այլ սենեակ յատկացուել է այն գրողներին ու հեղինակներին, ովքեր Նաամանին են փոխանցում իրենց հրատարակած բոլոր գրքերը` ամբողջական հաւաքածուն: Գրասենեակի ամենամեծ հատուածում` ընդունարանում, կազմակերպւում են շաբաթական քննարկումներ, որոնց հրաւիրւում եւ մասնակցում են գրողներ, հրատարակիչներ, դիւանագէտներ, դասախօսներ, լրագրողներ, արուեստի եւ մշակոյթի գործիչներ: «Չորեքշաբթի» անունը կրող այս բաց երկխօսութեան ընթացքում ծնւում են նոր գաղափարներ ու մտայղացումներ:

Նաամանը հեղինակել եւ հրատարակել է տասնեակ անուն հատորներ բազմաթիւ լեզուներով, այդ թւում` հայերէն: Նա հրատարակում է գրքեր նշանաւոր մարդկանց, հանրաճանաչ հասարակական եւ մշակութային գործիչների մասին, արաբական գրականութիւն, բառարաններ: Այդ հատորները նա անվճար տրամադրում է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրուած են: Նրա գրասենեակի մուտքի մօտ դրուած է մի գրադարակ, որտեղից կարող ես վերցնել գրքերը` առանց հարցնելու եւ մտնելու է «Նաժի Նաամանի անվճար մշակոյթի հիմնադրամ»-ի գրասենեակ:

2013-ին Նաամանը նախաձեռնել է «Գրողների թանգարան-մատնադրոշմ» ծրագիրը, որի էութիւնը հետեւեալն է. աշխարհի ցանկացած գրող կարող է Ա 4 ձեւաչափի թղթի վրայ իր ձեռագրով գրել իր ստեղծագործութիւններից մի փոքրիկ հատուած, դրա տակ դնել իր մատնադրոշմը ու ուղարկել Նաամանի հիմնադրամ:

Նաժի Նաամանը, ով փոքր տարիքից շփուել է հայերի հետ, երբեք Հայաստանում չի եղել: Մեր զրոյցի ընթացքում նա ասաց, որ այս աշուն պատրաստւում է գալ, տեսնել եւ զգալ քրիստոնեայ Հայաստանը:

Ես եւ Գրիգոր Տաքեսեանը Նաժի Նաամանին հրաժեշտ տուեցինք կրկին հանդիպելու պայմանաւորուածութեամբ` Հայաստանում կամ Լիբանանում: Նա մեզ նուիրեց իր հրատարակած հատորներով երեք տրցակ: Այս գրքերից մէկը` «Հարիւր… եւ շարունակւում է ցեղասպանութիւնը» հատորը, այսօր իմ գրասեղանին է եւ տեղ է զբաղեցնելու իմ անձնական գրադարանում:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ժունի, Լիբանան

ԱԶԴԱԿ, 27 Յուլիս, 2015թ., http://www.aztagdaily.com/archives/251077