Սարդարապատ. հրաշք Արարատի ստվերի տակ

2323

1918 թվականի մայիսը, թվում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյության վերջին օրերն էին: Արարատի ստվերի տակ հավաքված արևելահայերն ու ցեղասպանությունից փրկված արևմտահայերի մի հատված միայնակ էին մնացել օսմանյան մի քանի զորամասերի առաջ, որոնք անցնելով Ախուրյանն ու Արաքսը, հարձակվում էին Ղարաքիլիսայի (այժմ` Վանաձոր), Բաշ-Ապարանի (այժմ` Ապարան) և Սարդարապատի ուղղությամբ: Ոտքի էին ելել նաև Երևանի նահանգի մահմեդականները` թուրքերը, թաթարները, քրդերը, և 1918 թ. մայիսի կեսերից հետո Արարատյան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատվել էր թշնամիներով:

Կարսի ու Ալեքսանդրապոլի անկումը, թուրքերի հարձակումը դեպի Արարատյան դաշտավայր Երևանում առաջ էր բերել անասելի իրարանցում ու սարսափ: Դիմադրությունը շատերին թվում էր անհնար ու անիմաստ: Բայց ո՞ւր փախչել: Ճանապարհները դեպի Թիֆլիս ու Բաքու փակ էին, Պարսկաստան տանող երկաթուղին չէր գործում, Շարուր-Նախիջևանը մահմեդականների ձեռքում էր: Բաց էին միայն արևմուտքից ու հյուսիսից եկող ճանապարհները, որտեղով սակայն գալիս էին թուրքական զորքերը` գրավելով հայկական բնակավայրերն ու կոտորելով բնակիչներին: Միակ ելքը դիմադրությունն էր ու պատվով մեռնելը:

ՙՄենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսում կարգ հաստատելու համար՚,- ասում էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան):

1918 թ. վաղ գարնանը Երևանի ազգաբնակչությունն ու զինվորականությունը Արամին հայտարարեցին դիկտատոր և ամբողջ իշխանությունը կենտրոնացրին նրա ձեռքում: Իր նրբանկատության շնորհիվ Արամը կարողացավ շաղկապել շրջանի բոլոր գործուն տարրերը, աշխատանքի լծել ամենքին: Դրոյի (Դրաստամատ Կանայան), զորավարներ Մովսես Սիլիկյանի ու Դանիել բեկ Փիրումյանի, նահանգական կոմիսար Սահակ Թորոսյանի, քաղաքական կուսակցությունների և կառավարական ու հասարակական մարմինների հետ գործակցելով` նա երևան բերեց արտակարգ եռանդ և, ամենատագնապալի վայրկյանին, ձեռնհասությամբ վարեց Արարատյան դաշտի հայ ժողովրդի ճակատագիրը:

Ալեքսանդրապոլի անկումից հետո հայկական զորքերի մի մասը կռիվներով նահանջել էր Երևանի ուղղությամբ և մայիսի 19-ին հասել Սարդարապատ:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը դիմում է հայ ժողովրդին. ՙԹուրքը` մեր արնախում ոսոխը, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի` մեր կենսագրության, գալիս է Էջմիածնի վրա: Մեր զորապետերը Ամենայն Հայոց կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերնին թողնել Մայր Աթոռ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը և ապաստանել Բյուրականում: Ո’չ և ո’չ, հազար անգամ ո’չ, ես չե’մ լքի մեր սուրբ նախնիների ավանդած Մայր Աթոռը, ես չեմ հեռանա Հայոց առաքելական օջախից, եթե հայոց զինվորությունն ինքը, հայ ժողովուրդը չեն կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չեն փրկելու մեր սրբությունները, ապա թող ես նահատակվեմ հենց այստեղ, շեմի վրա Մայր Աթոռի, որ գահակալի պատիվը ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխոսությամբ և Աստծո ողորմածությամբ՚:

Երևանյան զորամասի հրամանատար, գեներալ Սիլիկյանը հատուկ կոչով հորդորում է ամեն մի հայ տղամարդու հանուն հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, գործ դնել իր վերջին ճիգը` հարվածելու թշնամուն, որն ՙուզում է ստրկացնել, ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը՚:

ՙՀայե’ր, ժամանակ չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան հասակ ունեցող բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով: Հայուհինե’ր, հիշեցեք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին դեպի Մեծ Գործը անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին: Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության, հանուն ոտնակոխ եղած ճշմարտության ոտքի կանգնեցեք: Դեպի’ գործ, դեպի’ սրբազան պատերազմ՚:

Մայիսի կեսերին Ալեքսանդրապոլը, ապա մայիսի 24-28-ի երկուստեք կորուստներով ծանր կռիվներում Ղարաքիլիսան   գրավելուց հետո թուրքերը շարժվեցին Թիֆլիսի ուղղությամբ: Հատկապես արևմտահայերը, որոնք ապաստանել էին քաղաքում, սարսափում էին թուրքական արշավից: Հազարավոր մարդիկ` ծեր ու երեխա, գյուղացի ու քաղաքացի, աշխատավոր ու մտավորական, ով ինչով կարող էր, խուժեցին դեպի Ռազմավիրական ճանապարհը: Հոսանքի մի ծայրը հասել էր Վլադիկավկազ ու Արմավիր, մինչ մյուսը դեռ նոր էր դուրս գալիս Թիֆլիսից: Գաղթն անկազմակերպ էր, տարերային, իսկ հարձակումները գաղթականների վրա` սովորական:

Ղարաքիլիսայում հայերի պարտությունը, սակայն, չվճռեց պատերազմի ելքը: Հայկական կորպուսը մի վերջին ճիգով կարողացավ թուրքերին կանգնեցնել, ապա նրանց ծանր մարդկային կորուստներ հասցնելով` մինչև մայիսի 29-ը հետ քշել Բաշ-Ապարանում ու Սարդարապատում: Հաղթանակով ոգևորված՝ հայերն առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ: Գեներալ Սիլիկյանը մտադիր էր թուրքական զորքերին հետապնդել մինչև Ալեքսանդրապոլ և հավատում էր, որ հայկական ուժերը կկարողանան երկու օրում հետ վերցնել քաղաքը:

Մայիսի 29-ին Սիլիկյանը երկորդ կոչն է ուղղում հայերին. ՙՄենք պետք է թուրքերից հետ վերցնենք Ալեքսանդրապոլը: Նրանք պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի (Մայր տաճարի հետ) գավառները, Երևանի նահանգի մեծ մասն ու Նախիջևանը: Կարո՞ղ ենք թույլ տալ նման վիրավորանք: Երբե’ք, հա’յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք: Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ: Դեպի’ զենք բոլորդ, դեպի’ Ալեքսանդրապոլ՚:

Սակայն երբ հայկական զորքերը մոտենում էին Ալեքսանդրապոլին, զորավար Թովմաս Նազարբեկյանը Հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տվեց: Ազգային խորհուրդը տեղեկացրել էր, որ Բաթումում զինադադարի համաձայնություն է կայացվել, իսկ հաշտության բանակցությունները շարունակվում են: Եթե նման լուր ստացվեր մի քանի օր առաջ, ապա կընդունվեր արտակարգ թեթևությամբ, սակայն այժմ այն տեղիք տվեց և’ զինվորների, և’ գյուղացիների հասկանալի զայրույթին: Զինվորական և քաղաքական ղեկավարների որոշումը թելադրված էր այն գիտակցությամբ, որ զինապահեստները համարյա դատարկ են, թուրքական թարմ համալրումները` մոտ: Եթե ճակատամարտի ընթացքը մեկ անգամ ևս շրջվեր հօգուտ թուրքերի, հայկական աղետը կլիներ կատարյալ:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից