Հավաքական սգո պատարագ 1915-ի համար

1046

Մինչ հայ հոգևորականները Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շրջապատած` ծնծղաները թափահարելով կիսաքանդ մատուռից շարժվում էին դեպի Սուրբ Խաչ` 95 տարի անց առաջին անգամ մատուցելու Սուրբ Պատարագ, մի քանի հարյուր հայեր` գերազանցապես Պոլսից, պտտվում էին եկեղեցու շուրջը, անվերջ ու անթարթ նայում ծովին, մոմեր վառում եկեղեցու հարևանությամբ դրված սև մոմամաններում:

Յոթանասունն անց մի հայ տղամարդ չոքել էր եկեղեցու պատի զարդաքանդակների տակ ու հայացքն ուղղած դեպի վեր, անձայն աղոթում էր ու արտասվում:

Միջահասակ մի հայ կին կանգնել էր մոմամանի կողքին ու սնքրտալուց չէր կարողանում վառել բաց դեղնավուն մոմը:

Մեկ այլ հայ կին քայլում էր եկեղեցու այգում թափված ու հազար տարվա արևից ծեծված խաչքարների արանքով ու լացում էր ամբողջ մարմնով:

Բայց Սուրբ Խաչն արժանի էր ավելի շատ հայերի ներկայության, ավելի շատ հայ արտասվողների, ավելի շատ հայ աղոթողների, ավելի շատ իր շուրջը պտտվող հավատացյալների: Վանա ծովը, ծովի վճիտ կապտականաչավուն ալիքներն արժանի էին ու կարոտ ավելի շատ հայ աչքերի:

2010թ. սեպտեմբերի 19-ի կեսօրին, սակայն, ընդամենը մի քանի տասնյակ հայեր էին եկել Հայաստանի  Հանրապետությունից, մի քանի հարյուրը` Սփյուռքից, այսպիսով անսալով Հայաստանի իշխանությունների ու Հայ առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների հորդորին` հենց այդ օրը` սեպտեմբերի 19-ին, չլինել Ախթամարում ու չմասնակցել, նրանց խոսքերով` թուրքական շոուին:

Լեռների մեջ պարփակված Վանա ծովում վեր խոյացող մուգ սպիտակավուն ժայռաբեկորի ստորոտում ավելի քան հազար տարի առաջ կառուցված եկեղեցում հնչող պատարագն իմ ներկա եղած ամենատխուր պատարագն էր:

Դա հավաքական սգո պատարագ էր 1915-ի անմեղ զոհերի համար, թեև պատարագիչ Արամ արքեպիսկոպոսը որևէ կերպ չհիշատակեց որևէ թիվ:

Դա իմ ներկա եղած ամենատխուր պատարագն էր:

Վերջին անգամ Սուրբ Խաչում արարողություն կատարվել էր 1915թ.` Օսմանյան կայսրության կործանման վերջին տարիներին և Հայոց ցեղապանության նախօրեին:

Մայր Աթոռը նախապես պատրաստվել էր հոգևորականներ ուղարկել, սակայն վերջին պահին փոխեց որոշումը, երբ թուրքական կողմը հրաժարվեց պատարագից առաջ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել` մեկ պատճառաբանելով դրա ծանրությունը, մեկ էլ` ժամանակի սղությունը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մերժեց մասնակցել Սուրբ Խաչի պատարագի արարողությանը` հայտարարելով, որ այդ նախաձեռնությամբ Թուրքիան փորձում է միջազգային համայնքին ու հայ ժողովրդին ներկայանալ “խաղաղասերի, բարի դրացու ու մարդկային իրավունքների պաշտպանի քողով, որի ետևում նույն ցեղասպան Թուրքիան է իր ուրացման ու ժխտման նենգ դիվանագիտությամբ”:

“Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքում գտնվող ավելի քան երկու հազար հայկական դարավոր վանքերն ու եկեղեցիները Թուրքիայի կողմից կա’մ քանդված են, կա’մ մզկիթի վերածված և կամ` ախոռ դարձած: Այդ եկեղեցիներից մեկը զբոսաշրջիկներ հրապուրող, ըստ ձևի` եկեղեցու, բայց ըստ էության` թանգարանի վերածելով, Թուրքիան չի կարող խաբել հայ ժողովրդին”,- ասվում էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայտարարության մեջ:

Սփյուռքահայ թերթերը լրագրողներ չէին ուղարկել, թեև Թուրքիայի վարչապետի գրասենյակը հրավերներ էր ուղարկել` խոստանալով տեղը-տեղին հոգալ այցի ծախսերը:

Փոխարենը, Վանի նահանգապետարանն ամեն ինչ արել էր, որպեսզի ապահովվի մարդկանց մեծ ներկայություն տեղացի բնակիչների հաշվին: Պատարագի օրը տեղացի քրդերը և թուրքերը գերազանցում էին հայերին: Նրանցից շատերը եկել էին հետաքրքրասիրությունից, մի մասը պարզապես ընտանիքի հետ իր կիրակնօրյա հանգիստն էր անցկացնում Վանա ծովում, Ախթամարում ու ծովափում:

Պատարագից մի քանի շաբաթ անց խաչը տեղադրվեց, սակայն 10-րդ դարի սկզբին` Վասպուրականի Գագիկ Առաջին Արծրունի թագավորի օրոք և ճարտարապետ Մանվելի նախագծով կառուցված Սուրբ Խաչը, որտեղ Ամենայն Հայոց հինգ կաթողիկոսներ են նստել, մնաց որպես թանգարան:

Թուրքերը որոշել են, որ հայերը տարվա մեջ միայն մեկ օր իրավունք ունեն Սուրբ Խաչում պատարագ մատուցել:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից

Շարունակելի

Նախորդ հատվածը կարդալ այստեղ՝ https://www.aniarc.am/2015/07/12/armenians-and-turks-part-1-tatul-hakobyan-july-12-2015/