Հիշելով Պրիմակովին. Օսկանյանի հուշերից

1428

Նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել`ի հիշատակ Ռուսաստանի նախկին վարչապետ, արտգործնախարար, հայտնի քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական Եվգենի Պրիմակովի:

«Ցավով տեղեկացա Ռուսաստանի նախկին վարչապետ և արտգործնախարար Եվգենի Պրիմակովի մահվան լուրի մասին: Որպես արտգորնախարար` ես առիթ եմ ունեցել նրա հետ շփվելու իմ նախարարության սկզբնական շրջանում, երբ նա Ռուսաստանի արտգործնախարարն էր: Չնայած Պրիմակովի հետ իմ աշխատանքը երկար չի եղել, բայց նա լուրջ ժառանգություն է թողել ղարաբաղյան բանակցություններում: Նա հեղինակն էր Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Ընդհանուր պետության առաջարկի, որը, իմ համոզմամբ, հետագայում հիմք դրեց բանակցային փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրման համար»,- գրել է Օսկանյանը և իր հուշագրությունների գրքից ներկայացրել մի հատված, որտեղ բնութագրում է Պրիմակովի անձը:

1998-ին՝ Հայաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին, Պրիմակովը մի պահ նախապատվություն էր հայտնել Կարեն Դեմիրճյանի թեկնածությանը

«Ռուսաստանի հետ իմ օրակարգում ես երեք հիմնական հարց ունեի՝ անվտանգություն, Լեռնային Ղարաբաղ և տնտեսական ներդրումներ: Այս հարցերով իմ առաջին շփումները Պրիմակովի հետ էին: Նախագահ Բորիս Ելցինը Պրիմակովին արտաքին գործերի նախարար էր նշանակել 1996թ. հունվարին: Նա փորձառու և ծանրակշիռ պետական գործիչ էր, որը հսկայական գիտելիքներ ուներ իր գիտական անցյալի բերումով: Այդ օրերին Պրիմակովի և Քոչարյանի հարաբերությունները բավականին լարված էին: 1996-ի մայիսին, երբ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի նախագահն էր, Պրիմակովն այցելել էր տարածաշրջան՝ միջնորդելու Բաքվի և Ստեփանակերտի միջև գերիների փոխանակման հարցում: Քոչարյանը գրեթե հրաժարվում էր Պրիմակովի նախաձեռնությանն աջակցելուց: Դա լուրջ նստվածք էր թողել Պրիմակովի վրա: Իսկ 1998-ին՝ Հայաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին, Պրիմակովը մի պահ նախապատվություն էր հայտնել Կարեն Դեմիրճյանի թեկնածությանը:

Փոխադարձ նեղվածության հարցը որոշ ժամանակ անց բաց քննարկման առարկա դարձավ իմ և Պրիմակովի մի քանի առանձնազրույցների ժամանակ: Պրիմակովի և իմ միջև շատ արագ բավական ջերմ հարաբերություններ հաստատվեցին, որոնց հիմքերը դրվեցին Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայի մերձակայքում կայացած առաջին հանդիպման ժամանակ: Պրիմակովի հետ իմ աշխատանքը կարճ էր: Նա նախարարի պաշտոնը թողեց 1998-ի սեպտեմբերին: Բայց այդ կարճ ժամանակում նրա հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ղարաբաղյան հարցով հասանք մի արդյունքի, որը կայուն և երկարատև ազդեցություն ունեցավ և հիմք դրեց հետագայում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի փաստաթղթային ամրագրմանը:

Ինձ համար բավական հաճելի և հեշտ էր Պրիմակովի հետ աշխատելը հիմնականում այն պատճառով, որ նա, բացի կյանքում և քաղաքականության մեջ երկար փորձ ունենալուց, վերլուծական աշխատանքի շնորհիվ պրագմատիկ դիվանագետ էր և ռազմավարական մտածողություն ուներ: Դա էապես նպաստում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը Ռուսաստանի շահերի համատեքստում դիտարկելու կարելիությանը, որով և հնարավոր էր լինում հակակշռել Ռուսաստանի տնտեսական և էներգետիկ հետաքրքրությունները Ադրբեջանի նկատմամբ»: