Լևոն Ջավախյան. «Քիրվա»

5992

ԱՆԻ-ն ներկայացնում է հայ ժամանակակից գրող Լևոն Ջավախյանի ստեղծագործություններից մեկը՝ «Քիրվա» կարճ պատմությունը:

Մենք պատերազմ չգնացինք` պատերազմն եկավ մեզ մոտ: Մինչ այդ խաղաղություն էր և երջանկություն: Ժամը 17-ին երջանկությունը կատարյալ էր: «Դանշըր Բաքը»,- ասում էր ռադիոն: Ձայնը բարձրացնում էինք մինչև վերջ: Մուրազ ալիք էր: Մեկ էլ մի կլկլոց էր գալիս, մի կլկլոց` սրտակեղեք, թախծալուր ու մելամաղձոտ…
-Ըս ո՞ւմ հըրսանիքն ա…,- հետաքրքրվում էր Աշխեն տատս:

Նա մեղք չուներ: Մեր գյուղում միայն հարսանիքներին էին երգում:

Մինչդեռ, մեղեդին կոհակվելով դուրս էր հորդում ձայնասփյուռից, մտնում տուն, ելնում դուրս, հոսում քուչեքով, ապա մեյդանով… Լայնորեն քայլում էր Ադրբեջանը: Աշխարհը մի մեծ պետություն էր` ՍՍՀՄ: Երջանկությունը` մի տխուր մուղամ` կոմունիստական: Ամառվա տապը հանդարտ մարմրում էր կղմինդրե կտուրներին, տապակած փոշին ծույլ ձանձրույթով բարձրացնում հոգնած ոտնահետքերից, և քաղցր թախիծը դարդոտ կլկլոցով, որպես եդեմական հաշիշ, մեղրի պես թանձր դարսերով ծորում էր դեպի մեր թմրած ուղեղները: Կոմունիզմի ճամփեքում էինք…  Մեր կյանքը մի մոլոր նվագ էր, որ երբեմն իր թավշյա բարիտոնով արտաբերում էր Աշոտ պապս: Մեր գյուղում էդ երգի մեջ թերևս  նա էր վարպետ: Ձեռը դնում էր քներակին ու աշխարհի ականջին զլում իր բայաթին: Եվ Շնողնա ջրի պես կարկաչում էր նրա ձայնը: Նա Թուրքի Այրումից մի քիրվա ուներ` Հասան անունով: Նրա երգը էնտեղից էր բխում: Նրանց ընկերությունը բարեկամություն էր: Որ պապս Հասանին ասեր` սարից քեզ գցի, կգցեր: Բայց նա նրան չէր ասում` սարից ընկի: Նա նրան սար էր բարձրացնում:

1988 թվականի փետրվարն էր: Եկել էր սարերից գլորվելու ժամանակը: Որ պատերազմը եկավ, մենք պարապ չէինք` միտինգներ էինք անում: Պատերազմից առաջ պատերազմական լուրերն եկան: Սումգայիթում հայերի ջարդեր եղան: Մենք, 32 զոհերի պատկերներ առած, բարձրացանք Ծիծեռնակաբերդ: Պատմությունը կրկնվում էր: Հետո եղավ Բաքուն: Մինչև ե՞րբ կոտորվեինք… Այն ժամանակ ես աշխատում էի Լուսավորության նախարարությունում: Մեր շենքին կից ադրբեջանական թատրոն կար, որ տարիներ ի վեր չէր գործում: Կացինը առա  ու գնացի ազգիս վրեժը լուծելու: Ղեկավարությունը դեմ էր. ես կացինը վեր էի բարձրացնում, նրանք տակից ցած էին քաշում… Ասում էին` չի կարելի… Մոսկվան էդպես էր սովորեցրել: Սկզբում  ջարդեցի անկարելին: Ապա անցա դռանը: Կացինը վրա բերի ու տուր հա կտաս ճակատամիջումը… Դուռը աղիողորմ ճռնչաց, ետ-ետ գնաց: Շեմքից այն կողմ նամշահոտ էր, դատարկ դահլիճն էր ու դատարկ աթոռները… Ես փոքր-ինչ հիասթափված էի, չբավարարված…  Միգուցե և այնպես, ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին` հնդկական ջունգլիներին դեմ առնելիս: Նա հասել էր աշխարհի ծայրին, իսկ ես` էս ա, հա, դահլիճի կուլիսներին: Մեր հերոսական նկրտումների համեմատ, տեղանքն ավելի քան փոքր էր: Միայն հետո` տարիներ անց,  հասկացա, որ իմ կռիվն ընդամենը փակ դռան հետ էր, որի համար հիմա ամաչում եմ: Իսկ այն ժամանակ ես չէի ամաչում: Այն ժամանակ ես հերոս էի: Մինչև որ վերադարձա  մարդկային բնույթիս: Իսկ հերոսական ժամանակները մնացին անվերադարձ: Ընդհանրապես, մարդը չարիքի դեմ պայքարում է հերոս: Բայց ո՞ր բանակում է չարը… Դե, արի ու որոշի… Երանի նրան, ով ընդամենը մարդ է: Ես հերոսներին երանի չեմ տալիս: Թող հայրենիքը նրանց մեծարի… Իմ հերոսները սովորական մարդիկ են:Իսկական մարդը թշնամական սահմաններ չունի: Նրա հայրենիքի սահմաններն իր սրտի և խղճի  կողմերում են: Եվ վայ նրան, ով անցնում է այդ սահմանը: Մեր քիրվան գնաց, բայց ոչ այդ սահմանով: Պատմությունս  այդ մասին է:

Իմ պապ Աշոտի Ջեյրանը մեր գյուղում միակն էր: Նրա նման կաթ տվող չկար, բայց և նրա նման հարու տվող չկար: Ջեյրանի երկու լիճ աչքերի մեջ ծով տխրություն կար: Նա, թախծալուր աչքերը  հառած աշխարհին, խաղաղ որոճում էր իր բաժին խոտը և ոչ ոքու մտքով անգամ չէր անցնի, որ այդ տրտմության մեջ այդքան ըմբոստություն կար: Իրիկնամուտին արոտատեղից  տռուզ մարմինը ծանր-ծանր օրորելով` լիքն ու կուշտ մզզոցով գալիս էր: Մարդիկ անխռով անցնում էին կողքով` այնպես, ինչպես կովի մոտով կանցնեին:  Դժվար է ասել` այդ պահին նրա մեջ կովն էր քնա՞ծ, թե՞ ցուլն էր արթուն: Պղտոր հայացքը մի պահ հառում էր անցորդին: Սև, խոնավ  ռունգերից տաք գոլորշի էր բարձրանում: Մեկ էլ գլուխը գետնահար թեքում էր կրծքին, սուր-սուր պոզերը առաջ մեկնում ու վրա քշում: Տղամարդիկ էլի մի կերպ պաշտպանվում էին: Աստված ոչ աներ, եթե դիմացինը կին էր: Ամոթն ու ցավը վայրկյանապես կեռ պոզերի վրա միախառնվում էին: Պարտադիր, շրջազգեստը գցում էր գլխին ու մարմինը շրջելով` մերկ ոտքերը օդում տնկում: Խեղճ պապս  քունը կորցրել էր: Մեռավ ջառմա քաշելով…  Ճիպոտով դաղում էր նրա կարմիր մեջքը… Անարդյունք: Ջեյրանը հնազանդ կանգնում էր ու սիրով և թախիծով լի աչքերը հառում տիրոջը: Ամեն հարվածին թույլ մնչում էր, վիզը երկարում, որ լիզի պապի այտերը: Ճիպոտը օդում պաղում էր, ձեռքից անզոր կախվում… Դե, արի ու էդ անլիզու հայվանին բան հասկացրու… Չէ, ձեռքը դանակին չէր գնում: Ճիշտը ծախելն էր: Բայց ո՞վ կառներ  էդ խելառ անասունին…

Էլի քիրվա Հասանը ձեռք մեկնեց:

-Մանոլում, քիրվա Աշոտ,- ասաց,- սանին Ջեյրան կոյունը գաթըր ման ալմ: (Մեռնեմ թե սուտ եմ ասում, քիրվա՛ Աշոտ, Քո Ջեյրան կովը բեր ես առնեմ):

Հայոց համազգային շարժումը նոր-նոր թափ էր առնում: Ամենուր հակաադրբեջանական կրքեր էին եռում: Դժվար է ասել` Հասանին մեր կովի առատ կա՞թն էր պետք, թե՞ նրա սուր-սուր պոզերը… Ամեն դեպքում, մեր քիրվան 100 ռուբլի բեհ թողեց ու, Ջեյրանին առաջն արած, քշեց դեպի Թուրքի Այրում: Նրանք գնացին նույն ճանապարհով: Մինչդեռ «աշխարհն իր շավիղից դուրս էր ելել»: Մեր առավոտները խաղաղ չէին: Ադրբեջանական սահմաններից եկող լուրերը գնալով ահագնանում էին: Միայն մայրս էր խաղաղ: Ասում էր` ով քու վրա քար գցի, դու նրա վրա խնձոր ու նուռ վրա արա… Մայրս, որ բանաստեղծական էր ու քնարական, դեռ ավելին, մայրական… Այսպես, իմ լա՛վ ընթերցող… Պատմվածքներիս մեջ լոկ գիրս չէ… Ես սիրտս փաթաթում եմ թղթի մեջ ու տալիս Ձեզ:

Թուրքի Այրումը թուրքերինը չէր: Այն ադրբեջանաբնակ տարածք էր Լոռվա մարզում: Համազգային շարժումը հասել էր այնտեղ: Խառնակ ժամանակներ էին: Վաղորդյան ցողի հետ գյուղը զարթնում էր: Սակայն դրսում դատարկություն էր: Մարդիկ վախվորած հավերի պես ծվարել էին իրենց տներում: Նրանք ապավինել էին իրենց աստծուն: Մենք էլ ապավինում էինք մեր աստծուն: Նրանք Ղուրան էին կարդում, մենք` Աստվածաշունչ: Կռիվը երկուսի մեջ էր: Անձամբ իմ հավատը փոքր-ինչ այլ է. ես հավատում եմ  Աստծուն… Բայց ոչ այնպես, ինչպես գրված է գրքում կամ գրքերում… Այլ այնպես, ինչպես Ինքը կա: Նա է Հաշտարարը, Ամենակարողը… Մարդիկ կորցրել էին Հաշտարարին: Մինչդեռ երկիրը խռովքի մեջ էր: Նորօրյա կուռքեր էին ելել, որոնք վայելում էին մոգական սերը: Աստված սեր է, բայց սերը Աստված չէ: Սիրո հակառակը ատելություն է: Նրանք միասին կռիվ էին արարում: Իսկ մարդիկ «վայելում» էին այն: Եթե մարդիկ Աստծուն չբաժանեին, հավանաբար չէին բաժանի նաև նրա որդիներին:

Այդ գիշեր պապս յոթ ձեռք շապիկ փոխեց: Աչքերը փակում էր` նույն մղձավանջն էր, բացում էր` նույն դողէրոցքը: Սառը քրտինքը ողողում էր անկողինը: Շապիկն ու փոխանը թաց պատանքի պես կպել էին մարմնին: Ատամները ինքնաբերաբար կափկափում էին: Ցուրտը սպառնում էր թափանցել մինչև ոսկորները:

-Աշխե˜ն,-տնքում էր պապս,- փոխնորդը բի՛…
-Էլի˜…,- քնաթաթախ արձագանքում էր տատս:

…Կոպերի տակ «Կայծոն» գունդն էր. Ավետանց Փաշոն, Պետնանց Քոթոն, Մրջանանց Շալոն, Տրթմանանց Գիքոն, Գռափի Օսանի Փուրչուլը, Ազարոնց Վահանը, Ընանանց Կամսարը, Հանսանց Միշոն, Ճիճիլի Պիլիզը, Հոբոսանց Գևոն, Բոշանց Սամաթը, Չիչոնց Սուրոն, Ըրիցանց Թաթոն, Ջվախանց Ջավահիրը… Գրոհում էին… Այրումը ծխի ու հրի մեջ էր: Ճիճիլի Պիլիզը «Վիլիսի» բրեզենտը ետ էր գցել ու տակից դուրս հանել գնդացրի  փողը: Ետնաթամբից կրակն ուղղել էր տներին ու Չապաևի նման մաղում էր… Մերկ գյուղը, ձեռքերը բարձրացնելու փոխարեն, ինքն էր բարձրանում… Ասես հեքիաթում` թռչող ափսեի պես օդ էր ելնում, հառնելով համբառնում` փորձելով պաղկվել ամպերի մեջ: Սակայն երկնքում էլ փրկություն չկար: Տները, ամպերի ձեռքն ընկած, իրար էին բախվում, ոնց որ խախալում: Տները մեծ էին, մարդիկ` փոքր… Փոքր մարդիկ մեծ տների միջից երկնքի ծակերով, ամպերի արանքով խախալվում, մաղվում էին` բլրվելով առջևը: Նրանց մեջ մեղավորն անմեղն էր:

Բլուրն ասես շարժուն մրջնաթումբ լիներ:
-Աշո˜տ, Աշո˜տ…,- թմբից ձայն էր գալիս:

Քիրվա Հասանն էր` տարօրինակորեն Ջեյրանին հեծած: Մարդկանց տակից, ասես զեռունների միջից, դուրս էր սողում: Միայն ինքը չէր Ջեյրանի վրա… Իր հետ իր ողջ քոչն էր… Հասանը կովին խթանում էր, իսկ կովը չէր ուզում գնալ… Վիզը ծռած` իր կողմն էր նայում… Լիճ աչքերի մեջ ծով կարոտ կար: Մորը կորցրած հորթի պես մռութը երկարել, բառաչում էր…
-Աշո˜տ, Աշո˜տ…

Արեգակը գլուխը թեքել ու շողը մեկնած խուտուտ էր տալիս պապիս քիթը: Նա ձեռքերը, ինքնաբերաբար, քթին էր տանում, անհասկանալի քրթմնջում ու ոչ մի կերպ չէր ուզում բացել աչքերը:
-Աշո˜տ, Աշո˜տ…,- կոպերն ասես ձյութով էին գամված, կպել պոկ չէին գալիս:
Ձայնը անդուր բախում էր թմբկաթաղանթը: Չէր կարողանում հասկանալ, թե որտեղից է գալիս. այն թմբի՞ց, թե՞ այս պատուհանից… Այնուամենայնիվ, բացվող աչքերը կամաց-կամաց ջոկում էին լույսի աղբյուրը:
-Աշո՛տ, քեզ են ուզում,- Աշխեն տատս էր, որ առավոտ կանուխ դուրս էր ելել բակը ավլելու:
-Ի՞նչ խաբար ա…,- աչքերը տարտամորեն տրորում էր պապս:
-Ասում ա,- ասաց տատս,- Հասանից խաբար ունի…

Այ, դա չէր սպասում: Վերմակը դեն նետեց: Ուղեղը վայրկյանապես իստակվեց: Քունը ծտի պես թռել էր գլխից: Ինքն էլ չիմացավ, թե ինչպես հագնվեց: Թթենու տակ հանդարտ ծխում էր Ավետանց Փաշոն: Նա գյուղի ֆիդայիների հրամանատարն էր: Ասես հազար տարի սափրված չլիներ: Ոնց որ ծմակից նոր-նոր ելած  ղաչաղ, գլուխը թաղված էր բեղ ու մորուքի մեջ… Ծխախոտը մարել, նորն էր կպցնում:
-Խեր ըլնի՞…,- վարանելով հարցրեց պապս:

-Գիշերը Թուրքի Այրումը քոչացրինք…,- Փաշոն չէր շտապում:
Այրվող լուցկին պահել էր գլանակի տակ: Կոշտ ափերը դողահար կրակը պաշտպանում էին դիմահար քամուց: Հանգիստ էր ու մտախոհ, ասես աշխարհի ամենալուրջ գործն անելիս լիներ:

-Սադախլոյի սահմանի վրա քու քիրվա Հասանին տեհա,- վերջապես ասաց, մինչդեռ անհամբերությունից պապիս շունչը կտրվում էր:- Մեր ու մանուկ, քոչը կապած, գնում էին… Ինձ տեհավ, էկավ ոտներս ընկավ, ասավ. «Կուրբան օլում, Փաշո ջան, բու փարա վերասան մանըմ կարդաշ Աշոտըն…»: (Մատաղ լինեմ քեզ, Փաշո՛ ջան, էս փողը տար տուր իմ ախպեր Աշոտին):

Փաշոն ձեռքը տարավ ծոցը: Հիսուն հատ սովետական կարմիր տասանոց էր` խնամքով թերթի մեջ փաթաթած: Հասկացել էինք, որ կովի մնացած պարտքն է… Իսկ պապս չէր ուզում հասկանալ: Ձախ աչքի տակ թոշնած այտը տենդագին թրթռում էր… Շվարած կանգնել էր, չգիտեր` վերցնի՞, թե՞ չվերցնի…Չգիտեր` որ գրպանը դնի… Մի գրպանից հանում, մյուսն էր դնում, մյուսից հանում` էն մյուսը դնում… Էդ փողը հաստատ պապիս սրտովը չէր… Հետո` տարիներ անց, տեղի ունեցավ ռուբլու մեծ արժեզրկում: Սակայն արդեն իսկ նրա խորշոմած ձեռքում սովետական ռուբլին էն գինը չուներ…

07.02.08թ.