Ռուբեն Վարդանյան – 100 LIVES

4290

«Առաջին անգամ եմ այստեղ, շատ հուզված եմ»,- ասում է Ռուբեն Վարդանյանը՝ մտնելով մոխրագույն դպրոցի նախասրահ։ Հասկանալի է՝ ինչու է հուզված․ Երեւանից ոչ հեռու գտնվող այս կառույցը կարեւոր նշանակություն է ունեցել նրա եւ քրոջ՝ Մարինե Ալեսի համար։

Ցածրակերտ այս շինությունը Էջմիածնի վանքում է՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր կենտրոնի մուտքի մոտ։ Միջանցքներում հոգեւորականների շարժը սեւ-մանուշակագույն երանգներ է տարածում, իսկ պատերն արձագանքում են հոգեւոր երգեցողությամբ։

Շարականներ այստեղ հնչում էին նաեւ հարյուր տարի առաջ, սակայն Հայոց ցեղասպանության հետեւանքով որբացած մանուկների շուրթերից։ Նրանց մեջ էր նաեւ Հմայակը՝ Վարդանյանի պապը։

«Նրա հայրն ու երկու եղբայրներն սպանվում են Եղեռնի տարիներին։ Ութ տարեկանում նա փախչում է Վանի գավառի Արճեշ քաղաքից, որտեղ ծնվել եւ մեծացել էր։ Մոր եւ ընտանիքի մյուս անդամների հետ միասին պապս ոտքով քայլում է դեպի հյուսիս»,- պատմում է Ռուբեն Վարդանյանը։

Հասնում են Արեւելյան Հայաստան, որն այդ ժամանակ ռուսական հպատակության տակ էր։ Այդ օրերին մահանում են նրա մայրն ու փոքր քույրը, եւ  Հմայակն անցնում է Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի որբանոցի խնամքին։ Տարիներ շարունակ Նպաստամատույցը, միլիոնավոր դոլարների հանգանակությամբ, խնամել է ցեղասպանությունը վերապրածներին։

Հմայակի թոռը՝ Ռուբեն Վարդանյանը, այսօր եզակի հաջողակ հայերից մեկն է։ Նա հասել է բարեկեցության եւ անում է հնարավորը՝ զարգացնելու իր հայրենիքը։ Իսրայելի եւ Իռլանդիայի նման՝ Հայաստանն այն երկրներից է, որի քաղաքացիների մեծ մասը բնակվում է պետության սահմաններից դուրս։

Վարդանյանը կարող է աջակցել Հայաստանին. նա փրկվել է  ու հասել հաջողություն, և հիմա ուզում է նույնը տեղի ունենա Հայաստանի հետ:

Վարդանյանը դպրոցն ավարտելուց հետո  տեղափոխվում է Մոսկվա՝ սովորելու Մոսկվայի պետական համալսարանում։ Գորբաչովի իշխանության տարիներին նա տեսնում է ազատականացման առավելությունները եւ սկսում իր գործունեությունը բանկային եւ ֆինանսական ծառայությունների ոլորտում։ Վարդանյանը հասնում է հաջողությունների, եւիր գործարար ձեռնարկումները բարեհաջող կերպով շարունակվում են Խորհրդային Միության անկումից հետո։

Վերադառնալով հայրենիք՝ նա ականատես է լինում 1991թ. Հայաստանի անկախացմանը, ապա՝ տնտեսական փլուզմանը։ Պատճառները բազմաթիվ էին՝ երեք տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժ, Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակում, Հյուսիսային կովկասի պետությունների սուվերենության խնդիրներ, եւ, իհարկե, պատերազմ հարեւան Ադրբեջանի հետ։ «Մենք մի օրում XX դարից ընկանք XVII դար։ Ստիպված էինք փայտ եւ նույնիսկ գիրք վառել ձմռանը գոյատեւելու համար։ Մեկ հացի եւ սովից չմեռնելու համար պետք էր առավոտյան 5-ին արթնանալ եւ ժամերով հերթ կանգնել»,-հիշում է Վարդանյանը։

Տարիների ընթացքում երկիրը վերադառնում է բնականոն վիճակի։ Զարմանալի չէ, երբ Վարդանյանն ասում է, թե ինքը զգացողություն ունի, թե «արդեն չորս կյանք է ապրել», եւ այժմ մոտենում է հինգերորդին, որը նրա համար երեւի թե ամենակարեւորը դառնա։

Ամեն ինչ սկսվեց ավելի քան 10 տարի առաջ, երբ Ռուբենը Հարվարդի բիզնես դպրոցում ուսումը շարունակելիս հանդիպեց բոստոնաբնակ գործարար Նուբար Աֆեյանին։ Երկու հաջողակ գործարարներն սկսեցին քննարկել, թե ինչպես կարող են իրենց հմտությունները ծառայեցնել հօգուտ Հայաստանի։

2009թ․Վարդանյանն ու Աֆեյանն սկսում են մտորել, թե ինչպես կարելի է Ցեղասպանության հարյուրամյակի շրջանակում Հայաստանի հանդեպ համընդհանուր ուշադրություն հրավիրել եւ երկրին փոփոխության ազդակներ հաղորդել։ Արդյունքը 100 LIVES նախաձեռնությունն է։

Այն ոգեկոչելու է Ցեղասպանության զոհերի հիշատակը, ոգեշնչելու՝ շնորհակալ լինել դժվարության պահին հայերին օգնության ձեռք մեկնողներին եւ լավատեսությամբ ու վստահորեն առաջ ընթանալ․ «Հայաստանը 25-ամյա անկախ պետություն է, բայց հայկական քաղաքակրթությունը 5000 տարվա պատմություն ունի․ սա է մեր սկզիբը։ Պետք է ազատվել զոհի բարդույթից ու հայացքը դարձնել դեպի ապագա»,-վստահ է Վարդանյանը։

«Մենք փորձում ենք մտածողություն փոխել,- ասում է նա,- շատ դժվար է, քանի որ ուզում ենք փոխել ընկալումը։ Մենք ուզում ենք Հայաստանը «գոյատեւման» մոդելից մղել  «բարօրության»։ Հեղափոխական միտք է, որն իրագործելու  համար անսովոր մոտեցում ենք որդեգրել»։

Մտածողության փոփոխությունը ժամանակ եւ ներդրում է պահանջում։ Իր ժամանակի մեծ մասը Վարդանյանը նվիրում է 100 LIVES նախաձեռնությանը եւ ներդրումներ կատարում Հայաստանի զարգացման ծրագրերում։ Կնոջ՝ Վերոնիկայի հետ միասին նա հիմնադրել եւ ֆինանսավորել է $135 միլիոն արժողությամբ UWC (Միավորված Աշխարհի Քոլեջներ) Դիլիջան քոլեջը, ուր Երեւանից կարելի է հասնել մեկ ժամում։ 100 LIVES նախաձեռնությամբ ՝ առջեւում դեռ բազմաթիվ նոր նախագծեր կան։

«Ամեն մեկը պիտի անի այն, ինչ ունակ է։ Պարզապես պիտի կարողացածդ անես։ Ավելին չես կարող անել»,-եղբորն է ուղղում խոսքը Մարինեն, երբ հեռանում էին իրենց ընտանիքի կյանքը փրկած մոխրագույն շենքից։ Ռուբեն Վարդանյանը լիահույս է, որ աշխարհասփյուռ հայությունը եւս կընկալի սա եւ կսկսի անել ինչ կարող է։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Աղբյուրը՝ https://100lives.com/hy/stories/detail/regular/5991/-