Չյիշատակուող Յաղթանակ. Բերձորի (Լաչին) Առումը

3930

Օրերս աչքովս ընկաւ եւ շատ ուժեղ տպաւորութիւն թողեց 1992-ի մայիսի 17-20  ընթացքում նկարահանուած մի կարճ տեսանիւթ. արցախեան պատերազմի ամէնից վառ անհատականութիւններից Դուշմանը` Վարդան Ստեփանեանը, ինքնաձիգը ուսին` բարձրացել է խոշոր ազրպէյճանատառ ԼԱՉԻՆ պատուանդանի վրայ: Ներքեւից ազատամարտիկներից Սամուէլ Թադեւոսեանը հարցնում է`

– Վարդա՛ն, ի՞նչ զգացողութիւն ունես:

– Կարծես աշխարհը լինի ոտքերիս տակ:

Շուշիի յաղթանակից եւ ազատագրումից յետոյ Դուշմանը ունէր մէկ այլ երազանք` տուն` Երեւան վերադառնալ Շուշի-լաչին ճանապարհով:

1992-ի մայիսեան այս օրերին հայկական ուժերը Շուշիից եւ Գորիսից շարժուեցին դէպի Լաչինի միջանցք: Շուշիի պարտութիւնից հոգեբանօրէն ջախջախուած ազրպէյճանական ուժերը առանց կատաղի մարտերի թողեցին Լաչինն ու շրջակայ գիւղերը: Չորս կողմերից շրջափակուած Արցախի եւ Հայաստանի միջեւ հաստատուեց մարդասիրական միջանցք` կեանքի ճանապարհ:

Արցախեան պատերազմի երեք տարիների ընթացքում հայկական ուժերի յաղթանակների շարքում, զարմանալիօրէն, պատշաճ կերպով չի յիշատակւում եւ նշւում Բերձորի (Լաչինի) առումը: Մինչդեռ դա ոչ միայն ռազմական եւ ռազմավարական յաղթանակ էր, այլ առաջին հերթին` հոգեբանական, գաղափարական ու համահայկական: Չէ՞ որ 1988-ին արցախեան շարժումն սկսուեց ՄԻԱՑՈՒՄ-ի գաղափարով, իսկ միացում չէր կարող լինել, եթէ չլինէր Լաչինի առումը:

Լաչինի առումից ամիսներ առաջ այնտեղ, ինչպէս նաեւ Քարվաճառ (Քելբաջար) է այցելում ամերիկացի լրագրող Թոմաս Կոլցը: «Զարմանալիօրէն այնտեղ խօսում էին քրտերէն, այլ ոչ թէ «ազրպէյճաներէն»,-իր գրքում գրում է Կոլցը:

Զարմանալու բան իրականում չկայ, քանի որ աւելի քան երկու հարիւրամեակ, մինչեւ 1992-1993 թուականները, բնակւում էին գերազանցապէս քրտեր: Նրանք այս տարածքներում բնակեցուել էին Իրանում իշխող Ղաճարիների հարստութեան շահերի ժամանակներից: Հարիւրամեակներ` ինչպէս Արցախն ու Զանգեզուրը, այնպէս էլ Անդրկովկասի մեծ մասը եղել է Իրանի կազմում:

1923 թուականին Խորհրդային Ազրպէյճանի Քելբաջարի, Լաչինի եւ Ղուբաթլուի շրջանների տարածքներում ձեւաւորուեց Կարմիր Քիւրտիստանը: Հէնց նոյն տարում ձեւաւորուեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Այսպիսով, քարտէզը այնպէս գծուեց, որ Արցախն ու Հայաստանը չունենան ընդհանուր ցամաքային սահման: Կարմիր Քիւրտիստանը շուրջ 7 քիլոմեթր ցամքային ճանապարհով միմեանցից հեռացրեց Հայաստանն ու Արցախը:

1930-ին Կարմիր Քիւրտիստանը լուծարուեց: Խորհրդային տարիներին Հայաստանը եւ Արցախը միմեանցից բաժանուած մնացին Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջաններով:

Հայաստանն ու Արցախը վերամիաւորուեցին 1992-ի մայիսեան այս օրերին:

Մօտ մէկ տարի անց հայկական ուժերը դուրս եկան Քարվաճառ: Այս օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը Քարվաճառով կառուցւում է Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայր ճանապարհը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 18 մայիս, 2015, http://www.aztagdaily.com/archives/240609