Սա պատմութիւն է` մե՛ր պատմութիւնն է, եւ մենք պէտք է յիշենք այն

1448

«Արարատի ստորոտին» միջազգային մետիա ֆորումի ընթացքում Սերժ Սարգսեանը անհանգստութիւն յայտնեց այն իրողութեան առիթով, որ Ռուսաստանը միլիառաւոր տոլարների զէնք է վաճառում Ազրպէյճանին:

«Ռուսաստանը, ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինութիւն է վաճառում Ազրպէյճանին, եւ այստեղ խնդիրը սպառազինութեան որակը չէ, խնդիրն այն է, որ  մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զէնքից: Սա է ամենաբարդ հանգամանքը եւ սա է, որ մեր յարաբերութիւնների վրայ կարող է վատ ազդեցութիւն ունենալ: Տեւական ժամանակ, 250 տարուայ ընթացքում, հայերը եւ ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ եւ իրենց երկրում արտադրուած զէնքերից իրար վրայ չեն կրակել: Սա խնդիր է, եւ այս խնդիրը պէտք է լուծում ստանայ», ասաց Սերժ Սարգսեանը:

Այս խօսքերից մէկ օր անց Արցախ-Ազրպէյճան սահմանի հիւսիսային` Գիւլիստանի հատուածում, ազրպէյճանական զինուժը դիմեց նոր սադրանքների, որի իբրեւ հետեւանք սպաննուեցին երեք հայ զինծառայողներ, չորսը ծանր վիրաւորուեցին: Ազրպէյճնական կողմը եւս տուեց զոհեր եւ վիրաւորներ, ըստ հայկական կողմի` աւելի քան տասը սպաննուած: Հայկական մամուլում եղան հրապարակումներ, համաձայն որոնց, իբր Ռուսաստանն էր կանգնած այս սադրանքի հետեւում եւ Մոսկուայի ցուցումով է ազրպէյճանական կողմը գնացել հերթական յարձակմանը եւ դա պատասխան էր Սերժ Սարգսեանի` ռուսական կողմի հանդէպ արուած կոշտ յայտարարութեան, որ` «Մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զէնքից»:

Մենք չունենք որեւէ ապացոյց, որ ռուսական կողմի հրահրումով են ազրպէյճանցիները գնացել վերջին սադրանքներին: Աւելի՛ն. Ազրպէյճանը 1994-ի մայիսեան հրադադարից ի վեր հարիւրաւոր անգամ դիմել է նմանօրինակ սադրանքների: Միւս կողմից, անշուշտ, Սերժ Սարգսեանի` ռուսների հասցէին կոշտ յայտարարութեան եւ յաջորդ իսկ օրը կատարուած սադրանքի համընկնումը ուշագրաւ է: Աւելի՛ն. ազրպէյճանական կողմի յարձակումը տեղի ունեցաւ Գիւլիստանում, անուն, որը խորհրդանշական է հայ-ռուսական յարաբերութիւնների պատմութեան մէջ: 1813 թուականին կնքուած Գիւլիստանի պայմանագրով էր, որ անդրկովկասեան մի քանի շրջաններ, այդ թուում` Արցախը, Պարսկաստանի տիրապետութիւնից անցաւ Ռոմանովների Ռուսաստանին:

Սերժ Սարգսեանի յայտարարութեան մէջ մեզ հետաքրքրում է այն բացատրութիւնը, թէ 250 տարուայ ընթացքում հայերը եւ ռուսները իրար վրայ չեն կրակել: Արդեօք այս պնդումը  համապատասխանո՞ւմ է իրականութիւնը: Երբ Սերժ Սարգսեանը նշում է 250 տարին, հաւանաբար նկատի ունի 1830-ականներից յետոյ ընկած ժամանակահատուածը, երբ ռուսները պարսիկներից գրաւեցին Արեւելեան Հայաստանը եւ ստեղծեցին Հայկական մարզը: Այն ունեցաւ ընդամէնը մէկ տասնեակ տարուայ կեանք, եւ միայն 1918-ին ստեղծուեց Հայաստանի Հանրապետութիւնը:

Հիմա տեսնենք, թէ ինչպիսի հանգրուանային իրադարձութիւններ են գրանցուել հայ-ռուսական յարաբերութիւններում եւ ինչպիսի քաղաքականութիւն է վարել հայութեան հանդէպ Ռուսաստանը:

Հայկական մարզը վերացնելուց յետոյ ռուսներ նոր վարչական բաժանում կատարեցին: Պատմական Հայաստանի հողերը` հայկական հոծ բնակչութեամբ` Ուտիք, Արցախ, Սիւնիք, Լոռի, Ջաւախք, Ռուսաստանը թողեց Ելիզավետպոլի (Գանձակ) եւ Թիֆլիսի նահանգներում, եւ նման վարչական բաժանման պատճառով հայկական հողերը դուրս մնացին Հայաստանի Հանրապետութեան կազմից կամ պատճառ դարձան, որպէսզի 1918-1920 թթ. Հայաստանը պատերազմի մէջ մտնի Վրաստանի եւ Ազրպէյճանի հետ:

19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին ցարի հրամանով փակուեցին հայկական դպրոցները եւ բռնագրաւուեց հայ եկեղեցու ունեցուածքը: Հէնց ցարական կառավարութիւնն էր զինում Կովկասի թաթարներին` այսօրուայ ազրպէյճանցիներին, որի արդիւնքում տեղի ունեցան հայ-թաթարական ջարդեր:

Այո՛, այսօր Հայաստանն ու Ռուսաստանը համարւում են ռազմավարական դաշնակիցներ, Ռուսաստանը Հայաստանի համար չափազանց կարեւոր պետութիւն է, սակայն պատմութիւնը մնում է պատմութիւն` անկախ այն բանից, հաճելի՞ է դա յիշել, թէ՞ ոչ:

Արեւմտահայաստանի հայութիւնը տեղահանւում եւ ոչնչացւում էր ռուսական բանակի աչքի առաջ, եւ այդ զօրաբանակները որեւէ օգնութիւն ցոյց չտուին հայերին: Ռուսական բանակի տխուր դերակատարութեան պատճառով էր նաեւ, որ 1915 թուականի ապրիլ-մայիսին վերացուեց Վանի հայկական պետութիւնը, որը ղեկավարում էր Արամ Մանուկեանը: 1917 թուականին ռուսական  զօրքերը ետ քաշուեցին Արեւմտեան Հայաստանից: Իսկ երբ թուրքերը վերջնականապէս գրաւեցին հայկական հողերը, արդէն պոլշեւիկեան Ռուսաստանը կեղծ յայտարարութիւն արեց Արեւմտահայաստանի ինքնորոշման մասին:

1919-1920 թթ. հէնց պոլշեւիկեան Ռուսաստանն էր, որ մեծ քանակութեամբ զէնք եւ ոսկի տրամադրեց քեմալական Թուրքիային եւ այդ զէնքը օգտագործուեց յոյների դէմ` արեւմուտքում, եւ հայերի դէմ` արեւելքում: Ո՞վ չգիտի, որ 1920 թ. քեմալական Թուրքիան եւ պոլշեւիկեան Ռուսաստանը գաղտնի համաձայնագիր կնքեցին եւ ապա յարձակուեցին Հայաստանի Հանրապետութեան վրայ: Քեմալականները զաւթեցին Կարսի մարզը եւ Սուրմալուի գաւառը եւ կցեցին Թուրքիային, իսկ Հայաստանը պոլշեւիկեան հարուածների տակ խորհրդայնացուեց եւ 1922-ին միացուեց Խորհրդային Միութեանը:

Մենք յիշում ենք, որ հէնց պոլշեւիկեան բանակն էր 1920-1921 թթ. կռւում Արցախի եւ Զանգեզուրի դէմ: Նրանց յաջողուեց գրաւել Արցախը եւ միացնել Խորհրդային Ազրպէյճանին, իսկ Գարեգին Նժդեհի եւ Զանգեզուրի հերոս ժողովրդի ջանքերով հնարաւոր եղաւ այսօրուայ Սիւնիքը պահել որպէս հայկական: Սերժ Սարգսեանն ու նրա ղեկավարած Հանրապետական կուսակցութիւնը այս պատմութեանը վստահաբար տեղեակ են:

Մենք յիշում ենք, որ Կարսն ու Սուրմալուն Հայաստանից անջատեց եւ 1921թ. հոկտեմբերին պայմանագրով համարեց Թուրքիայի մասը: Նոյն թուականի մարտին պոլշեւիկները Շարուր- Նախիջեւանը կցեցին Ազրպէյճանին:

Սա պատմութիւն է` մե՛ր պատմութիւնն է, եւ մենք պէտք է յիշենք այն:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 23 մարտ, 2015 թ.