Մովսես գյուղը` հակառակորդի ափի մեջ

2256

Տավուշի մարզի Մովսես գյուղը հակառակորդի ափի մեջ է: Այստեղ պատերազմը, կարելի է ասել, չի ավարտվել: «Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը Մովսեսում ավելի մոտ է պատերազմին:

«Վերջին զոհը մենք տվել ենք անցնող տարվա փետրվարին, պայմանագրային զինծառայող էր: Զոհվել է դիրքերում` ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից: Երեք անչափահաս երեխաների տեր ընտանիք: Մեծ երեխան ութերորդ դասարանում է, փոքրը մանկապարտեզ է գնում: Ընդհանուր առմամբ, գյուղի տարածքում զոհվել է 23 մովսեսցի` չհաշված դրսի օգնության եկած և զոհված ընկերներին: Մինչև 35-40 զոհ է եղել Մովսեսում»,- ասում է Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:

Տեր Աբել քահանա Քարտաշյանը Մովսես և Չինարի գյուղերի հոգևոր հովիվն է: Ասում է, որ առանց Աստծո հնարավոր չէ ունենալ խաղաղություն: Նրանից ես լսեցի խոսքեր, որոնք գուցե շատերի համար զարմանալի և անընդունելի լինեն, բայց այստեղ, սահմանի վրա, այլ է մտածողությունը, հոգեբանությունը և «պատերազմի ու խաղաղության»ընկալումը:

«Ես ամեն առավոտ աղոթք եմ բարձրացնում մեր հարևան ժողովրդի համար, և փառք Աստծո, արդեն երկար ժամանակ է Մովսես գյուղում կրակոցներ չկան: Եվ այդ պարզ հավատքով խնդրում եմ Աստծուն: Կլինեն մարդիկ, ովքեր կասեն` անիմաստ գործով ես զբաղված: Բայց ես գիտեմ, որ այն զորությունը, որ Աստված ունի, այն խաղաղությունը, որ կարող է Աստված բերել, դա մարդկային ոչ մի ուժ, և ոչ մի երաշխիք չի կարող հավասարվել դրան»,- հայացք ձգելով դեպի ադրբեջանական դիրքեր` խորհում է Տեր Աբել քահանան: Մենք քայլում և զրուցում էինք եկեղեցու բակում, որը նայում է ադրբեջանական դիրքերին: Այդ դիրքերը ընդամենը մի քանի հարյուր մետր են հեռու:

Ռուզաննա Ադամյանը Մովսես գյուղի դպրոցի տնօրենն է: Այդ դպրոցը հիմնադրվել է 1852 թվականին: Հակառակորդը կրակում է նաև դպրոցի վրա: «Դպրոցի տարածքը միշտ էլ վտանգավոր է: Ոչ միայն ամբողջ գյուղը, այլև դպրոցի տարածքը: Հակառակորդը հենց դիմացի հանդամասից ուղիղ նայում է դեպի դպրոց, դպրոցի բակ: Դրա համար մենք սպորտ հրապարակը շատ քիչ ենք օգտագործում»,- ասում է ավանդույթներ ու հարուստ անցյալ ունեցող դպրոցի տնօրենը:

Մովսեսը հիմնադրվել է 1780 թվականին, երբ Արցախից չորս ընտանիքներ եկել և բնակություն են հաստատել այստեղ: Գյուղը մայրաքաղաք Երևանից հեռու է շուրջ 220 կիլոմետր: Գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Մովսեսը Հայաստան-Ադրբեջան սահմանին մոտ գտնվող ամենից վտանգավոր գյուղերից է:

Մովսեսը ձորի մեջ է: Գյուղի ռելիեֆը բազմազան է ու բարդ, ամենացածր և ամենաբարձր կետերի միջև տարբերությունը գրեթե 500 մետր է: Այգետարածքները, այսինքն` ցածր գոտին, հիմնականում սահմանի վրա է: Մովսեսի հարևանությամբ երեք ադրբեջանական գյուղ կա:

«Ընդհանուր հողատարածքներից, երևի թե մշակվում է մոտ 20-25 տոկոսը, էն էլ վայ էն մշակելուն: Դրսից էլ ինչքան այցելություններ կան, հարցնում են` բա ո՞նց են մշակում: Ասում եմ, սա է կյանքը այստեղ` սահմանի վրա, մարդիկ սովորել են, քիչ չէ` 24 տարի անընդհատ կրակոցների տակ: Լինում են օրեր, երբ մինչև գիշերվա կեսը կրակոցները չեն դադարում, բայց վաղ առավոտյան մարդիկ այգիներում կրկին աշխատում են` առանց հաշվի առնելու, թե ինչ կպատահի իրենց հետ»,- ասում է գյուղապետ Ավալյանը:

Ավալյանը յուրահատուկ բացատրություն է տալիս խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական հարաբերություններին ու համակեցությանը: Նա կարծում է, որ Խորհրդային Միությունն է եղել զսպող ուժը, բավական է` վերանար այդ պետությունը, որպեսզի վերսկսվեին հայ-ադրբեջանական բախումները:

«Ուղղակի գերտերությունների ճնշում է պետք, թեկուզ երկու կողմի վրա էլ, որպեսզի դադարի այս ամենը, մարդիկ հանգիստ ապրեն: Էլի թող խռով լինեն, էլի թող հարևանություն չանեն, բայց ադրբեջանցին գործ չունի էս տարածքի վրա` գնդակոծելու, մարդկանց անհանգստացնելու»,- ասում է Ավալյանը:

Պատերազմի և խաղաղության մասին Տեր Աբել քահանան բացատրում է. «Երբ որ մենք վատ հարևաններ ենք ունենում, ամենածայրահեղ դեպքում կարող ենք վաճառել մեր բնակարանը և տեղափոխվել մի ուրիշ տեղ: Բայց սա այդ դեպքը չէ: Եվ այս իրողությունը, որ կողմից էլ ուզում ես նայիր, և մեր կողմից և նրանց կողմից, վերջին հաշվով` համակեցության, ներդաշնակ հարևանությամբ ապրելու որոշման որևէ մի սերունդ պետք է գա: Հնարավոր չէ առանց դրա»:

Ռուզաննա Ադամյանը պատմության մասնագետ է: Նա պատմության, ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների մասին այսպիսի տեսակետ ունի. «Իմ կարծիքով` ժողովուրդների միջև բարեկամություն չկա, ես չեմ ընդունում: Պետություններն ունեն դաշնակիցներ, ոչ դաշնակիցներ, որը միշտ էլ ժամանակավոր է, և կան հակամարտող կողմեր»:

Արտագաղթը, ինչպես նշեցին իմ զրուցակիցները, մեծ ծավալների չի հասնում, քանի որ նախորդ տասնամյակներում արդեն մեծ քանակությամբ մովսեսցիներ հեռացել են` պատերազմի, գործազրկության և այլ պատճառներով: Ըստ պաշտոնական տվյալների` Մովսեսի բնակչության թիվը 2000-ից պակաս է:

«Բնակչության 50 տոկոսից ավելին թոշակառուներ են: Չգիտեմ` վերադարձ կլինի՞, թե՞ ոչ: Ի՞նչ պայմաններ պետք է ստեղծենք, որ հեռացածները վերադառնան, միգուցե` եթե խաղաղություն հաստատվի, ռազմական ծախսերը պետությունն օգտագործի համայնքների զարգացման համար: Այսօր ժողովուրդը պահանջներ է ներկայացնում կառավարությանը` նկատի չառնելով, որ իրոք այս երկիրը պատերազմի մեջ է: Իրոք ռազմական ծախսերը շատ են: Միայն մի պարագայում է զգում, երբ որ մերոնք հակահարված են տալիս ադրբեջանցիներին, ժողովուրդը ուրախանում է: Խաղաղություն հաստատվելուց հետո որոշները կգան, մեկը իր տունը սիրելով, մեկը իր ծննդավայրը, մեկը իր հայրենիքը, մեկը իր հողը, մեկը ծնողներին նեցուկ լինելու համար»,- ասում է գյուղապետ Ավալյանը:

Մովսեսի դպրոցում ժամանակին սովորել է 1200 աշակերտ: Ուրբանիզացիայի հետևանքով այդ թիվը արդեն 80-ականներին նվազել էր: Ապա Մովսեսից սկսվեց արտագաղթ, հիմնականում 90-ականների սկզբին և կեսերին:

«Այսօր դպրոցում աշակերտների թիվը 147 է, տարեցտարի մեր դպրոցում աշակերտների թիվը պակասում է, բայց դա ոչ թե արտագաղթի արդյունք է, այլ որովհետև գյուղում երիտասարդ ընտանիքները քիչ են»,- ասում է դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը:

Դպրոցի տնօրենն ասում է, որ այսօր գյուղից հեռացողները հաստատվում են հիմնականում Հայաստանի տարբեր քաղաքներում, քանի որ մարդիկ ավելի բարեկեցիկ կյանք են փնտրում:

Տավուշի մարզը Հայաստանի հյուսիս-արևելքում է և ընդհանուր սահմաններ ունի Վրաստանի ու Ադրբեջանի հետ: Վրաստանի հետ սահմանը կարճ է, բայց դա Հայաստանի ամենից կարևոր սահմանն է, քանի որ այնտեղով է Հայաստան մտնում գազատարը, այնտեղով է մտնում և դուրս գալիս երկաթգիծը, որով իրականացվում է Հայաստանի ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը: Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ունի ավելի քան 300 կիլոմետր սահման:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը հրապարակվել է ՍիվիլՆեթի կայքում 2014թ մայիսի 19-ին