Հայերը երբեք չպետք է հույսները դնեն ռուսների կամ որևէ այլ պետության օժանդակության վրա

1620

Որքանո՞վ է իրական նոր պատերազմը. 3 փետրվարի, 2014թ

Հայերը երբեք չպետք է հույսները դնեն ռուսների կամ որևէ այլ պետության օժանդակության վրա

Հայերը և ադրբեջանցիները 20-րդ դարում միմյանց դեմ պատերազմել են երեք անգամ` 1905-1906 թթ. (հայ-թաթարական բախումներ), 1918-1920 թթ. (Հայաստանի առաջին հանրապետությունը և մուսավաթական Ադրբեջանը) և 1991-1994 թթ.: Պայմանականորեն, կարելի է ասել, որ այսօր և արդեն քսան տարի շարունակ, ընթացքի մեջ է հայ-ադրբեջանական չորրորդ պատերազմը: Հայ-ադրբեջանական չորրորդ հակամարտությունը ստացել է «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» անվանումը:

1905-1906 թթ. հայ-թաթարական (ադրբեջանական) արյունալի բախումների թատերաբեմ են դարձել Բաքուն, Շուշին, Գանձակը, Նախիջևանը, Երևանը և անգամ Թիֆլիսը: 1918-1920 թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական կռվախնձոր են եղել Արցախը, Զանգեզուր-Սյունիքը և Նախիջևանը, իսկ 1991-1994 թթ.` Արցախը:

Հայ-ադրբեջանական վերջին` երրորդ պատերազմը ավարտվեց 1994-ի մայիսյան անժամկետ հրադադարով, որը ստորագրեցին Բաքուն, Ստեփանակերտը և Երևանը: Այսօր, հրադադարի ստորագրումից գրեթե քսան տարի անց, կողմերի միջև դեռևս չի ստորագրվել խաղաղության կամ պատերազմի ավարտի մասին պայմանագիր: Հայկական կողմը բազմիցս առաջարկել է, որպեսզի հակամարտության մեջ ներքաշված կողմերը նախքան Արցախի կարգավիճակի, տարածքների, փախստականների ու տեղահանվածների, անվտանգության ու հաղորդակցությունների հարցերին անդրադառնալը ստորագրեն չհարձակման մասին պայմանագիր: Ադրբեջանը, սակայն, մերժում է:

Քանի դեռ Ադրբեջանը մերժում է այդ առաջարկը, նշանակում է, որ հակամարտության լուծման տարբերակներից մեկը տեսնում է նոր պատերազմը: Ադրբեջանը մերժում է նաև հայկական կողմի և միջազգային հանրության հորդորները` սահմանի և շփման գծի երկայնքից հետ քաշել դիպուկահարներին, որոնց գնդակները խլում են մարդկային կյանքեր:

Հունվարի 26-ին և 27-ին այցելեցի Տավուշի մարզի սահմանային Բաղանիս, Ոսկեպար, Ոսկևան, Կիրանց, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, զրուցեցի երեք գյուղապետերի ու բազմաթիվ բնակիչների հետ: Նրանց պատմելով` ադրբեջանական կողմից հրաձգությունը խաղաղ բնակչության ուղղությամբ ավելի հաճախակի է դարձել, սակայն որևէ խուճապ չկա: Այդ մարդկանց և նրանց ականջների համար կրակոցների ձայնը դարձել է սովորական երևույթ: Նրանց մտահոգում է այն, որ կրակոցների պատճառով չեն կարողանում հանգիստ ապրել, երեխաներին ուղարկել դպրոց, մշակել իրենց այգիների մի մասը և արածեցնել անասուններին:

Որքանո՞վ է իրական նոր պատերազմը: Այսօր պատերազմի հավանականությունը մեծ չէ, սակայն մյուս կողմից, Ադրբեջանը Հայաստանին ու Արցախին հանգիստ չի թողնում: Ադրբեջանը գոհ չէ Արցախի ներկա ստատուս քվոյից և սահմանների ու շփման գծի երկայանքով լարվածություն ստեղծելով՝ փորձում է անհանգստության և նյարդայնության մեջ պահել հայերին, ինչպես նաև միջազգային հանրությանը հիշեցնել, որ կա չկարգավորված հակամարտություն:

Այսօր Ադրբեջանի շահերից չի բխում նոր պատերազմը մի քանի հիմնական պատճառներով: Առաջին և ամենահիմնականը` Բաքուն չի կարող կանխատեսել Ռուսաստանի կեցվածքը, եթե հրահրի նոր պատերազմ: Մանավանդ այսօր, երբ Հայաստանը անդամակցության գործընթաց է սկսել դեպի Ռուսաստանի կողմից հովանավորվող Մաքսային միություն, Ադրբեջանը ռիսկի չի դիմի: 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմը կարևոր դաս էր ոչ միայն Վրաստանի, այլ նաև Ադրբեջանի համար: Ռուսաստանի շահերից չի բխում նոր պատերազմը, քանի որ նրա ձեռքում են Կովկասի բանալիները, մինչդեռ նոր պատերազմի դեպքում չպետք է բացառել Մոսկվայի ռազմական դիրքերի թուլացում Կովկասում:

Եթե Ադրբեջանը ներքուստ համոզված լինի, որ պատերազմ սկսելու դեպքում Ռուսաստանը չեզոք դիրք կգրավի, ապա գուցե պատերազմ սկսելու որոշում կայացնի: Հայերը երբեք չպետք է հույսները դնեն ռուսների կամ որևէ այլ պետության օժանդակության վրա: Սակայն հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, Հայաստանը մաս է կազմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ԱՊՀ-ին և Մաքսային միության և Եվրասիական միության հետ անդամակցելու գործընթաց է սկսել, դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ Ռուսաստանը հանդուրժի Ադրբեջանի ռազմական ոտնձգությունը Արցախի, առավել ևս` Հայաստանի հանդեպ:

Վերջերս Ադրբեջանը միջազգային հսկաների, առաջին հերթին` «Բրիթիշ Պետրոլեումի» հետ ստորագրել է շուրջ 30 միլիարդ դոլար արժողությամբ գազային նոր պայմանագիր, ինչը զսպիչ գործոն է նույն Ադրբեջանի համար: Խողովակաշարի կառուցումը, դրանցով էներգակիրների հոսքը խաղաղություն է պահանջում: Ադրբեջանական նավթային և գազային դոլլարները լցվում են Ալիևի և նրա դինաստիայի գրպանները, հետևաբար` իշխող վարչակարգը դժվար թե գնա այդքան մեծ ռիսկի:

Երրորդ հանգամանքը` Ադրբեջանը, չնայած վերջին տարիներին ձեռք բերած նոր սպառազինություններին, վստահ չէ, որ պատերազմի դեպքում կկարողանա ծնկի բերել Արցախը:

Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ երեք հանգամանքները, Ադրբեջանը դժվար թե առաջիկայում գնա ռազմական արկածախնդրության: Սակայն Ադրբեջանը կարող է Արցախին ու Հայաստանին անհանգստացնել այնպես, ինչպես անում է վերջին շաբաթներին` անընդհատ խախտել հրադադարը, կրակ բացել սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության վրա, սպանել հայ զինվորականների: Սա այն նվազագույնն է, որ պետք է սպասել Ադրբեջանից:

Մինչև ե՞րբ են հայ և ադրբեջանցի զինվորականները սպանվելու դիպուկահարների գնդակներից: Չնայած չկան պաշտոնական ճշգրիտ տվյալներ, սակայն փորձագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ 1994-ի մայիսյան հրադադարից ի վեր Հայաստանը և Արցախը կորցրել են ավելի քան հազար, իսկ Ադրբեջանը` ավելի քան երկու հազար զինվորական:

Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր սադրանքի դիմաց անհամաչափ ուժ է կիառելու, այսինքն` եթե ադրբեջանական կողմը սպանում է մեկ հայ զինվորականի, ապա հայկական կողմը սպանելու է երկու ադրբեջանցու: Գուցե սա Ադրբեջանի ագրեսիան զսպելու միջոցներից է, բայց լավագույն տարբերակը չէ: Հայաստանի և Արցախի համար առաջնային պետք է լինի հնարավոր նվազագույնի հասցնել կորուստները, անկախ նրանից, թե որքան կլինեն զոհերը հակառակորդի կողմից:

Եթե մենք ուզում ենք զոհեր չտալ զինվորականների և քաղաքացիական անձանց շարքերում, ապա դրանից խուսափելու միակ տարբերակը խաղաղության հաստատումն է Ադրբեջանի հետ, ինչը չի հաջողվել: Սահմանամերձ գյուղերում, ուր այցելեցի, մարդիկ, բնականաբար, խաղաղություն են ուզում: Նրանք հասկանում են, որ եթե ոչ այս տարի, տասը տարի կամ հիսուն տարի հետո, միևնույնն է, հարևանի հետ պետք է լեզու գտնել: Ոչ Ադրբեջանն է հեռանալու այս տարածաշրջանից, ոչ` Արցախը, ոչ էլ` Հայաստանը: Հետևաբար, երկարատև կտրվածքով, խաղաղությունը այլընտրանք չունի: Ամբողջ խնդիրն այն է, թե ի՞նչ գին ունի այդ խաղաղությունը և արդյո՞ք հակամարտության մեջ ներքաշված կողմերը պատրաստ են վճարել այդ գինը:

Թաթուլ Հակոբյան

Այս հրապարակումը լույս է տեսել ՍիվիլՆեթի կայքում